Ridero

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔ

Վեպ — ռեքվիեմ


автор книги

ISBN 978-5-4490-6191-1

О книге

«ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԸ» իրական պատմություն է, սիրավեպ մի զույգի, որ պատահաբար հանդիպել էր այս մեծ աշխարհի հարյուրավոր ճանապարհների խաչմերուկներից մեկում: Առանց հասկանալու, որ իրենց անցյալ ամբողջ կյանքը եղել է այդ հանդիպման նախապատրաստումը և, ավաղ, առանց գիտենալու նաև, թե ինչ է սպասում իրենց` հարյուրավոր ճանապարհների խաչմերուկում տեղի ունեցած այդ պատահական հանդիպումից հետո:

Об авторе

Լեվոն Ադյան

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆԸ ծնվել է Լեռնային Ղարաբաղում, շուրջ 25 տարի աշխատել է Ադրբեջանի գրողների միությունում: Հեղինակ է ավելի քան երեսուն արձակ գրքերի: Գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով: Բաքվի հայոց եղեռնից հետո տարագրվել է Ռուսաստան, ապրել Լենինգրադում, Պյատիգորսկում, Սոչիում, այժմ բնակվում է Սանկտ-Պետերբուրգում:

Տատյանա Առուշանյան. Եկատերինբուրգ

Կարդալով Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպը, ինձ համակեց խորին մի զգացմունք, որն անհնարին է բառերով արտահայտել. ես ցավ ու հպարտություն զգացի իմ ժողովրդի հանդեպ: Վեպի յուրաքանչյուր նախադասության ետևում մի փոքր պատմություն է պարփակված, իրավավամբ, այնտեղ ոչինչ չկա հնարովի: Այս գիրքը հայ ժողովրդի փոքր հանրագիտարան կարելի է համարել: Դո՞ւր է եկել ինձ վեպը: Ես պարզապես հիացած եմ: Շատ կուզենայի, որ իմ զավակները հնարավորություն ունենային կարդալու այն: Շնորհակալություն հեղինակին այդ բարձրարժեք ստեղծագործության համար:

0 ответов
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ ՀՀԳԱԱ Ակադեմիկոս. Երևան

ՀԵՌԱՑՈՂ ԵԶԵՐՔԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ Յուրաքանչյուր գիրք ընթերցելու իր կոդն ունի և սյուժեն կազմավորող նախադասությունը: Այս իմաստով ինքնին տեսական հարց է սյուժեի և ֆաբուլայի անհամաչափության լուծմունքը գեղարվեստական միասնության տեսակետից: Եվ այսպես, նախքան պատմությունը կհյուսեր «սիրո և ողջակիզման սգերգի հիմնը», կատարվել էին իրադարձություններ, պատճառի ու հետևանքի հանգույցում բացահայտելով կայսերապետության նենգամիտ քաղաքականության և թուրք-ազերական ազգայնամոլի վանդալային բնազդը: Այս խորհուրդն է հուշում Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպի վերջաբանը: Իսկ երբ արդեն խորտակվել էին բոլոր պատրանքները ու այլևս անվերադարձ էին հեռացող եզերքները, տանջահար Լևոնը հուշերի անուրջում հետևանքի իր մտորումները հանձնում է Միրալի Մաուլլիմին, բանականությամբ բացահայտելու ճշմարտության բարոյականը: «Հեռացող եզերք» վեպը «իրական պատմություն» է և պատմվում է առաջին դեմքով: Բայց այստեղ անհրաժեշտ է մի որոշ վերապահություն, որն ուրույն երանգ է տալիս պատումի վիպայնությանը: Հեղինակը ոչ թե պատմում է սյուժեն, այլ իրադարձություններն ուղղորդում է իր ներկայությամբ, այսինքն ինքն է կարգավորում դեպքերի ընթացքը: Պիտի ասեմ, որ «Հեռացող եզերքը» ժամանակակից վեպ է սինկրետիկ կառուցվածքով, ուր պատումի էպիկական ձևույթը համատեղվում է քնարական ու իմաստասիրական ստորոգումներով: Բնաբանի արժեք ունի Վահրամ Աթանեսյանի խորիմաստ բնութագրումը՝ գրքի նախկին հրատարակության առաջաբանում. «Եվ ժամանակն ասաց՝ միշտ քեզ հետ եմ»: Այստեղ է ամբողջ վեպը, ուր մեծատառ ժամանակը խորհրդանշում է պատմափիլիսոփայական մի ամբողջ դարաշրջան: Եվ որպես դարաշրջանի խորհրդանիշ Աթանեսյանը տարբերակում է «հայկական Բաքու» և «հայկական Բաքվի ժամանակ» հասկացությունը, որպես հայոց պատմության մասունք՝ տնտեսական, քաղաքաշինական, մշակութային ստեղծումներով, քաղաքակրթական արժեքներ, որոնք, ավա՜ղ, փոշիացան թուրք-ադրբեջանական ժանտախտի արհավիրքներում: Ինչ վերաբերում է տարակուսանք հարուցող որոշ հերոսների ընտրությանը (Միրալի Մուալլիմ, Սիավաշ, Ռենա և այլն), ապա դրանք անձնավորված խորհրդանիշեր են, որոշ իմաստով օտարված ազգային հատկանիշից: Նկատում եմ, որ վեպի բովանդակությունը ընկալվում է միագծորեն, կապված սումգայիթյան իրադարձությունների հետ: Իհարկե սյուժեի առանցքում այդ իրադարձություններն են և սակայն վեպում առկա են մարդկային կեցության ներանձնական արժեքներ, որոնք իմաստ են տալիս ամեն մի գոյության՝ ընտանեկան իդիլլիկ ներդաշնակություն (հոր կերպարը), ծովափնյա մենության հաճույք (Լեո-Ռենա), շռայլ հյուրասիրություն բնության գրկում (Ռոբերտի կերպարը), կենցաղավարական արժեքներ, որոնց փոշիացումը իրենց հերթին ընդգծում են ժամանակի ողբերգությունը: Թվում է ամեն ինչ ասվեց վեպի մասին՝ թե ժանրային բնույթի, թե կառուցվածքի և թե գաղափարի վերաբերյալ: Եվ սակայն առավելապես գծագրվեց հետևանքը, առկախ թողնելով պատճառի հարցականը՝ ինչու՞ և ինչպե՞ս: Միանգամայն տրամաբանական է վերլուծության սկզբունք ընդունել փիլիսոփայի ասույթը. «Չկա հետևանք առանց պատճառի, պատճառը պատճառ է հետևանքի մեջ» (Հեգել): Վերհուշերի թարմությամբ են հնչում հեղինակի նկատումները Խորհրդային Միության ազգային քաղաքականության ստվերները Ստալին-Բերիա բռնապետության խարդավանքներում, ինչպես նաև հայ ծախու գրչակների ապազգային վարքագծի և մատնողական արարքների մասին, պատճառ դառնալով գրական ազնիվ մտավորականության օտարմանն ու հալածանքին: Եվ այսպես, որտեղ վերջանում է ժամանակը, սկիզբ է առնում Լեոյի և Ռենայի սիրավեպը, հազվագյուտ մի էջ նշանավորելով հայ սիրապատում սյուժեների գեղարվեստական հայտնություններում: Չգիտես ինչն է այստեղ հմայիչ ու անզուգական՝ Ռենայի անձեռակերտ արտաքի՞նը, թե՞ սիրո մրմունջներով ներսույզ զգացմունքի կուսական անարատությունը: Միայն պատկերացումի մեջ կարող է սերը լինել այդքան դյութական, շոշափելի իրական և միաժամանակ անրջային: Այստեղ է Լևոն Ադյանի գրական անուրանալի տաղանդի բարձրագույն թռիչքը: Կարող է թվալ, թե ես բառեր չեմ գտնում չափազանցելու սիրո պատկերացումը վեպում, սակայն անկեղծ ասած, դժվարանում եմ ներզգայել Ռենայի աղջկական հմայքի գրավչությունը: Հիրավի, համեմատելին Ռոմեոյի և Ջուլիետի սերն է, որքան առասպելական, նույնքան և ողբերգական: Հենց սիրո այդ ողբերգության մեջ է ժամանակի ողբերգությունը: Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ ՀՀԳԱԱ Ակադեմիկոս. Երևան

0 ответов
ԷԴՎԱՐԴ ՊՈՂՈՍՅԱՆ (Սանկտ-Պետերբուրգ)

Ես շատ լավ եմ գիտակցում, որ Լևոն Ադյանը, ապրելով ու ստեղծագործելով Բաքվում, «չէր կարող» վայելել այն մեծ պատիվն ու հարգանքը, որին իրավամբ արժանի է և որը չաշակում էին Հայաստանաբնակ շատ ու շատ գրողներ, որոնց անունները տարիների ընթացքում մոռացվել են: Ադյանի ստեղծած աշխարհը դա մեր հոգու աշխարհն է ու ինքն էլ՝ այդ աշխարհի անբաժանելի մասնիկը։ Նա չգիտի վիրավորվել և կարծես չի էլ վերապրում այն խորունկ ցավը, որ, մեղմ ասած, գնահատված չէ ըստ արժանվույն: Մի՞թե այնքա՜ն շատ ունենք նման արձակագիրներ, որ, մեղմ ասած… մեզ թույլ ենք տալիս …չճանաչել ու չմեծարել նման գրողին: Մենք ապրելու իրավուն չունենք… եթե չենք գնահատում: Անհատի ավանդը ազգային է դառնում միայն այն ժամանակ, երբ այդ ազգը գնահատում է իր իսկ զավակին: Եվ ոչ մի ազգ, չի եղել ու չի լինի քաղաքակիրթ, քանի դեռ չի ցանկանում գնահատել սովորել՝ իր իսկ զավակներին, իր իսկ մեծարողներին, իրեն անմահացողներին… Լևոն Ադյանը մերն է իր… ամեն ինչով: Ղարաբաղը մերն է,և,չլինելով անգամ այնտեղ, կարող ենք այն ճանաչել լայնքով, երկանքով ու խորությամբ՝ կարդալով Ադյանի սքանչելի պատմվածքներն ու վիպակներն ու «Հեռացող եզերք» մեծարժեք վեպը… Ադյանի լեզուն հստակ է, ապրածը՝ հոգեհարազատ, գնահատածը՝շիտակ: Նրա հերոսները ապրում են մեզ հետ, սիրում են կյանքն ու իրենց լեռնաշխարհը: Հասարակ են ու միևնույն ժամանակ իմաստուն, բարդ են և միևնույն ժամանակ հասկանալի ու մատչելի: Ես միտումնավոր չեմ ուզում նշել որևէ ստեղծագործություն և կամ առանձնացնել դրանցից մեկը կամ մի քանիսը՝ երկար խոսելով այդ մասին։ Նրա բոլոր ստեղծագործություններն են ուշագրավ՝ մեկը մյուսից լավ։ Մնում է զարմանալով ու զայրանալով հուսալ, որ …խելքի կգանք ու կգնահատենք մեր մեծերին: Որքան շուտ, այնքան լավ՝ մեզ համար:

0 ответов
Սոկրատ ԽԱՆՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արձակագիր Լևոն Ադյանի «Հեռացող եզերք» վեպը և» ակնկալիք է, և» անակնկալ: Ակնկալիք է, քանզի 1964-ին, երբ Լևոնը դեռևս պատանի էր, ընթերցողի սեղանին էր դրել «Հեռու լեռներում» վիպակը և ազդարարել իր խոստումնալից մուտքը գրականություն` տաղանդի աստվածանվեր ծարավով: Եվ նա իր այդ ծարավը հագեցրել է մեկը մյուսին հաջորդող «Կյանքի ճանապարհին», «Իմ երկրի մարդիկ», «Կորսված բարդիներ», «Այն հեռավոր ամռանը», «Տունը գյուղի ծայրին», «Ձորում աղմկում է գետը», «Աշնանային ցրտեր», «Մոռացված երգ», «Դարձ ի շրջանս յուր» և այլ ժողովածուներով, որոնց թիվն անցնում է երեք տասնյակից: Իսկ եթե այդ ամենին գումարենք նախկին ԽՍՀՄ ժողովուրդների գրականություններից կատարած բարձրորակ թարգմանությունները, ամբողջության մեջ կերևա նրա գրական վիթխարի վաստակը, որն արժանի է ամենայն ուշադրության ու բարձր գնահատականի: Լևոնի այս վեպը, որ գեղարվեստական վավերագրության խոսուն օրինակ է, ժամանակի և տարածության ընդգրկումով դարակազմիկ է, ժամանակագրություն` քսաներորդ դարի քաղաքական-հասարակական, ազգային-մշակութային իրադարձությունների ներառմամբ, որի համապատկերին հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների նկարագրությունն է` ի վնաս հայ ազգաբնակչության: Վեպի բոլոր հերոսները` դրական թե բացասական, իրական անձնավորություններ են: Մտացածին կերպարներ չկան: Նրանում ներկայացված են հայ և ադրբեջանցի գրողներ, հեռուստալրագրողներ, հաղորդավարներ, Մեծ Հայրենականի մասնակիցներ, մշակութային նույն օջախներում աշխատող տարբեր ազգերի ներկայացուցիչներ և այլն: Լևոնը դիմել է կոմպոզիցիոն տարբեր ձևերի, որոնք նպաստել են պատումի որոշակի կոնֆլիկտի պահպանմանը, որ անհրաժեշտ է գեղարվեստական երկի ցանկալի մակարդակն ապահովելու համար: Կերպարների ապրումները, հոգեկան վիճակները նկարագրված են հմտորեն, համոզիչ: Սումգայիթում և Բաքվում 1988—1990 թվականներին տեղի ունեցած ողբերգական դեպքերի, ազերի-թուրքերի վայրենությունների, Ադրբեջանի ղեկավարների կողմից հայերի դեմ կազմակերպած ցեղասպանության, սովետական բանակի հրամանատարների անտարբերության, հայ ազգաբնակչության բնակարանների կողոպտման ու նրանց տերերին տանջամահ անելու պատկերները ներկայացված են խոր ցավի զգացումով: «Հեռացող եզերք» գիրքը Բաքվում ու Սումգայիթում խմորված դաժան իրականության ճշմարտապատում մի պատկեր է: Այն բազմաշերտ մի ժամանակագրություն է, միասնության և զգոնության կոչ, հայրենի հողին նվիրվելու, լավագույն բարիքներ արարելու, հպարտ և անվտանգ ապրելու դաս: Սոկրատ ԽԱՆՅԱՆ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփանակերտ

0 ответов
ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ. Ստեփանակերտ, դոցենտ

Արցախածին Լևոն Ադյանի հասուն ստեղծագործական կյանքն անցել է Բաքվում, ուր Ճանաչված և վաստակաշատ մտավորականը՝ որպես գրական մշակ, պատասխանատու շատ պաշտոններում է աշխատել: Արցախյան շարժման արդյունքում իր ժողովրդի անբաժանելի մասնիկը հանդիսացող գրող-հրապարակախոսին էր վիճակված էր այդուհետ քայլել կյանքի բեկբեկված ճանապարհներով, բայց չկորցնել հոգու արիությունը, հավատարիմ մնալ Աստծուց իրեն շնորհված գրողի կոչմանը: Պայմանականորեն կիսվեց Ադյանի ստեղծագործական ուղին: 80-90-ական թվականները ճամփաբաժան եղան նրա թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում: Ստեղծագործական կյանքի առաջին հատվածում նրա ժողովածուներն են՝ քնարականությամբ շաղախված պատմվածքներով ու վիպակներով, հերոսների երազուն հովերով, հայրենի եզերքի ծաղկափթիթ հովիտների շարժուն նկարագրություններով, մարդկային հոգսերի անցողիկության և մնայուն արժեքների փառաբանման փիլիսոփայությամբ: Երկրորդ հատվածում, ավա՜ղ, ջարդուփշուր արված հավատի, ի կատար չածված երազանքների արյունոտ փշրանքներն են, ինչը գեղարվեստորեն ի մի են բերված 1990 թվականին գրված ու 25 տարի ուշացումով ընթերցողին հասած «Հեռացող եզերք» վեպում: Գրողն իր հանրագիտական իմացություններով ետ ու առաջ է գնում պատմության քառուղիներով և փաստերով իմաստավորում գլխավոր ասելիքը՝ այն, որ կովկասյան թաթարների (հիմա՝ ադրբեջանցի) հայակործան քաղաքականությունը նոր երևույթ չէ, շարունակությունն է Թուրքիայի անփոփոխ ձեռագրի, Մեծ Թուրանի գաղափարի իրականացման մերօրյա արտահայտություն: ««Հեռացող եզերքը» առաջին մեծածավալ գեղարվեստական երկն է, որտեղ մանրամասն նկարագրություններով վեր են հանվում հայության անլուր տառապանքներն այդ դժնդակ օրերին: Վեպով գրականացվում է ազգային ողբերգության մի չլուսաբանված էջ: Այն աննախադեպ է իր պահանջվածության մեջ, իր ճանաչողական նշանակությամբ ու գեղարվեստական արժանիքներով: Գրողի պատումն իր ինքնատիպությամբ առիքնող է: Սերը՝ հանձին Լեոյի և Ռենայի սիրավեպի, աստվածացվում է: Այն չի կարող տեղավորվել ազգային սահմանափակումների մեջ: Մարդկայինը բարձրացվում է՝ որպես ժամանակի սահմաններում չտեղավորվող երևույթ: «Հեռացող եզերքը» պատմական տևական մի ժամանակահատվածի վավերագրությունն է, ուր ներառված են 20-րդ դարի սկզբից մինչև դարավերջի իրադարձությունները, 80-ականների վերջին բռնկված Արցախյան շարժումն իր պահանջատիրությամբ, ինչի արդյունքում ադրբեջանահայությունը հայտնվում է անմարդկային ահավոր մի գեհենում, ու նրա խոշտանգված վերջին ծվենները սփռվում են աշխարհով մեկ՝ օտարված հայրենի եզերքից, որ մի ժամանակ նրանց ծննդավայրն ու հայրենի բնօրրանն էր: Լևոն Ադյանն իր խաթարված կյանքի ու նրանց մասին է պատմում «Հեռացող եզերքում»: ԺԱՆՆԱ ԲԵԳԼԱՐՅԱՆ. Ստեփանակերտ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

0 ответов
Միքայել ՀԱՋՅԱՆ

Լևոն Ադյանի,,Հեռացող եզերք,, վեպի հիմնական առանցքը հայ երիտասարդի և ադրբեջանցի աղջկա սիրո պատմությունն է՝ 80-ական թվականների վերջերին ու իննսուն թվականի սկզբին Ադրբեջանում նոր թափ առած հակահայ քաղաքականության մթնոլորտում։ Հայ ազգաբնակչության զանգվածային ջարդերի ու բռնատեղահանումների ընթացքում, որոնց վերջին ակորդը Բաքվի հայերի 1990թ. հունվարյան կոտորածն էր, գլխավոր հերոսը, ծեծուջարդի ենթարկված, պատահաբար փրկվում է մահից, իսկ նրա սիրեցյալը, գազազած ամբոխից գիտակցաբար թաքցնելով իր ադրբեջանուհի լինելը և, փաստորեն ներկայանալով որպես հայուհի, խոշտանգվում ու չարչարանաց կիսում է հարյուրավոր ու հազարավոր հայերի զարհուրելի ճակատագիրը փառաբանական Բաքու քաղաքում։ Վեպում նկարագրվող թե դարասկզբի և թե մանավանդ դարավերջի իրադարձությունները, որոնք ծավալվում են սյուժետային առանցքի շուրջ, իրենց ընդհանրության մեջ նախապատրաստում ու կազմում են այն ատաղձը, որի վրա հյուսված սիրահար զույգի երջանկության պատրանքներն ի սկզբանե իսկ դատապարտված էին կործանման։ Վեպում մանրամասն, դրվագ առ դրվագ նկարագրվում են Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերը, որոնք հանդիսացան Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ պետականորեն իրագործված Ցեղասպանության ակնհայտ արտահայտությունը և որոնք առ այսօր չեն ստացել իրենց իրավական ու քաղաքական գնահատականը միջազգային հանրության կողմից։ Ավելին, աշխարհը, որի աչքի առաջ 20-րդ դարավերջին արդեն մեկ այլ աշխարհագրական հարթության վրա, կրկնվեց Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց Մեծ Եղեռնը, այսօր արդեն մոռացության է մատնել Ադրբեջանական ԽՍՀ տարածքի խաղաղ հայ բնակչության՝ ծերունիների, կանանց ու երեխաների զանգվածային սպանության, կտտանքի, բռնաբարության, ողջակիզման, անգամ բացահայտ մարդակերության, միով բանիվ՝ գազանային վայրագությամբ իրագործված բռնատեղահանման ու սպանդի իրողությունը։ Լևոն Ադյանի,,Հեռացող եզերք,, վեպն իր թեմատիկ ընդգրկմամբ, պատմական իրողությունների և իրադարձությունների արտացոլման խորությամբ, ճշմարտացիությամբ ու հավաստիությամբ, պատմա-քաղաքական և իրավաքաղաքական ընդհանրացումներով, գեղարվեստական արժանիքներով ու նշանակությամբ իրադարձությունների ծավալային ու խորքային ընդգրկմամբ հայ իրականության մեջ միակ լիարժեք արձակ ստեղծագործությունն է այս առումով։ Այդ ստեղծագործության հրատարակությունը այլ լեզուներով խիստ անհրաժեշտություն է աշխարհի հանրության համար։ Միքայել ՀԱՋՅԱՆ (ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայության ղեկավար)

0 ответов
Վահրամ Աթանեսյան (Ստեփանակերտ)

Լեւոն Ադյանի վեպը գեղարվեստական ժամանակագրություն է: Հեղինակը իրադարձությունների եւ ականատեսն է, եւ` կենտրոնական դեմքը: Դա Բաքվի հայության ողբերգության գեղարվեստական պատկերն է` համեմված այդ քաղաքի անցյալի մասին մտորումներով, որ արթնացնում են ցավոտ զգացողություններ եւ հարցեր, թե ինչպես եղավ, որ Անդրկովկասի հայության կենտրոններից մեկը խորհրդային ժամանակներում զրկվեց իր էթնիկ-մշակութային բազմազանությունից, վերածվեց թուրք-ադրբեջանական ազգայնականության <միջնաբերդի>: Հավատարիմ մնալով քնարական պատումի` իր նախընտրած գեղարվեստական հյուսվածքին, Լեւոն Ադյանն այդ դաժան իրականություն է մուծել ռոմանտիկ սիրո պատկերներ, պարզ թրթիռներ: Նա հասցրել է <վավերագրել> անցյալ դարավերջի հայ Բաքուն: Իրական այդ քաղաքը մեզ օտար, թշնամի է: Բայց այն, ինչ Ադյանի գրչով փրկվել է նրա նույնիսկ արդեն աղավաղված կերպարից, դառնում է հայ գրականության փաստ: Հայկական Բաքվի ԺԱՄԱՆԱԿՆ, այսպիսով, բաքվահայության ջարդերով եւ բռնատեղահանությամբ չի ավարտվում, այլ դառնում է գեղավեստական ժամանակ: Եւ ուրեմն` միշտ մնում մերը: Քանի որ հայրենիքը երբեք չի կորսվում, եթե անգամ մեկ հուշագրողից է վավերագրվում: Լեւոն Ադյանն ստեղծել է հայ Բաքվի բարդ, բազմաշերտ, լույս ու ստվերով փոխլրացվող համապատկերը: Այդ գիրքն, ինչպես գրողի ժամանակը, մեզ ասում է. <Ես միշտ քեզ հետ եմ>: Հայ Բաքուն, ահա, Լեւոն Ադյանով գալիս եւ միշտ մնալու է հայ իրականության հետ: Վահրամ Աթանեսյան (Ստեփանակերտ)

0 ответов
Կոմիտաս Դանիելյան, Արձակագիր

Մի շնչով (մեկ օրում) կարդացի Լեւոն Ադյանի «Հեռացող եզերք» գիրքը։ Անչափ ուրախ եմ, որ երկար տարիներ անց հնարավորություն ընձեռնվեց առնչվելու նրա գրչին, որն էն գլխից է հոգեհարազատ ինձ։ Ես ցայսօր հիշում եմ նրա վիպակի Թաջիրային (եթե չեմ սխալվում, այսպես էր հերոսուհու անունը), ում հմայիչ քույրն է ասես Ռենան, կամ գուցե դուստրը… Ես, կարելի է ասել, հանգամանքների պարտադրմամբ, երդվյալ թուրքատյաց եմ դարձել, սակայն հարազատորեն ընդունեցի այդ ոչ հայուհուն («Ցավեդ տանեմ») ։ Նույն՝ ինձ համար միանգամայն վանող թեմայով մերոնցից մեկն էլ գիրք է հրատարակել, բայց չկարողացա կարդալ։ «Հեռացող եզերքը» կարողացա, այն էլ մեծ հաճույքով, որովհետև Ադյանի մոտ ամեն ինչ անկեղծ է, ճշմարտացի։ Ոչ մի սարքովի, շինծու մանրուք։ Միով բանիվ՝ սիրո հուզիչ պատմությունը և քաղաքականությունը, նաև պատմությունը՝ իր անձանձիր շարադրանքով, սերտորեն միահյուսվելով, «Հեռացող եզերքը» դարձրել են սպասված և հույժ անհրաժեշտ երկ, իրոք որ՝ «որպես հիմն ու սգերգ՝ սիրո և ողջակիզման»։ Այն, միաժամանակ, մի զրնգուն ապտակ է «եղբայրական» հանրապետության իշխանավորների և մտավորականության բութ մռութին, որոնք իրենց ցեղակիցների ոչ թե մեղքն են, այլ դժբախտությունը։ Կոմիտաս Դանիելյան, Արձակագիր, Ստեփանակերտի պետական դրամատիկ թատրոնի տնօրեն

0 ответов
Կարեն Առաքելյան, Ստավրոպոլ

Մեծ բավականությամբ կարդացի «Հեռացող եզերք» վեպը: Հոգեհարազատ շատ բան կար: Որպես գեղարվեստական ձևի մեջ դրված փաստավավերագրական և ճանաչողական արձակի նմուշ, մեծապես գնահատում եմ այն ստեղծելու գործում ներդրված ջանքերը: Հատկապես, գրքում նշված շատ մարդկանց անձամբ ճանաչել եմ: Գիտեմ, որ նման գործերը հեշտությամբ չեն գրվում: Նույնիսկ ապշեցուցիչ է, որ Հայաստանի նախորդ և այսօրվա նախագահները (Ռոբերտ Քչարյանը և Սերժ Սարգսյանը, ծագումով ղարաբաղցիներ լինելով հանդերձ), անմասն են մնացել վեպը հրատարակելու գործում: Հարգելի բարեկամներ, խորհուրդ կտայի նաև կարդալ Լևոն Ադյանի «Մանրաքանդակները»: Իր ձևի մեջ, դրանցից յուրաքանձյուրը իսկական պոեզիա է՝ սքանչելի ու հոգեպարար: Համոզված եմ, որ դրանք Ձեզ մեծ բավականություն կպատճառեն:

0 ответов
Կոլյա Տեր Հովհաննիսյան (Թեհրան)

Կարդացի Ադեանի վեպը: Տակնուվրա եղա… Իրոք զարմանում եմ, թե ինչու այս վեպը ՀԳՄ-ն չի հրատարակել… Դա նաև պիտի թարգմանվի անգլերեն, ֆրանսերեն, նաև այլ լեզուներով, որպեսզի աշխարհը վերջապես հասկանա, ովքեր են այդ շները… Չէ, շունը լավ է՝ ճիվաղները, հրեշները… Սա այն դեպքը չի, որ խոսվի գրքի գրական արժեքի, ոճի, տեսակի կամ հավանակն քննադատելի կողմերի մասին: Ըստ իս, Ադյանը հաջողել է գեղարվեստական — պատկերավոր եղանակով ստեղծել մի փաստագրական — վավերագրական աշխատություն, որի նմանը քիչ կա նույնիսկ միջազգային գրականության մեջ: Կոլյա Տեր Հովհաննիսյան (Թեհրան, Իրան)

0 ответов

Благодарности

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ «Հեռացող եզերքը» արդարև իրական պատմություն է: Եվ այն, որ ամբողջ պատումը տրված է առաջին դեմքով, պատահական չէ. իմ խաթարված կյանքի պատմությունն է դա, իմ թշվառ զրուցակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, որովհետև նրանց ընդհատված երազանքների ու անլուր տառապանքների մասին ու նրանց անունից է խոսում հեղինակը: Վերապատմելով դրվագներ Լեոնիդ Հուրունցի՝ անզուգական այդ մեծ մարդու ու նվիրյալ հայրենասերի մասին, ես ուզում էի մի անգամ ևս հավաստել, թե ինչից ժայթքեց Ղարաբաղի ցասումն ընդդեմ ադրբեջանական հայատյաց սանձարձակության: Նա ասում էր, որ այն ամենը, ինչի մասին բորբոքված պատմում է, գրած ունի վաղուց, սակայն տպագրել չի հաջողվում և հույս էլ չկա, թե երբևէ կտպագրվի: Հետագայում նա կարողացա՞վ, արդյոք, հրատարակել այդ պատմությունները՝ չգիտեմ: Եթե ոչ, ապա իմ բերած դրվագները թող համարվեն որպես հարգանքի ու սիրո տուրք՝ անմոռանալի Հուրունցի անվանն ու անմեռ հիշատակին: Ես իմ խորին երախտիքն եմ բերում քսաներկուամյա Մարինա Հովհաննիսյանին, որ Ստավրոպոլի Բուդյոնովսկ քաղաքում, ընկճված ու տրտմագին վերապրում էր Սումգայիթում իր գլխով անցածը. թե ինչպես իր ծննդյան օրը վերածվեց զարհուրելի մղձավանջի՝ մոր, կրտսեր քույրերի ու իր անասնական բռնաբարության, խոշտանգված հոր աչքի առաջ: Շնորհակալ եմ և Էմմա Սարգսյանին, որ վշտահար տեսքով անդադար պատմում ու պատմում էր ամուսնու ողբերգական սպանության մասին, լալիս ու շարունակ նույնն էր կրկնում, որ ամուսնու մահից հետո իր ապրելն իզուր է այս աշխարհում: Իմ երախտապարտությունը նաև իմ բարեկամ Բարմեն Բեդյանին՝ Սումգայիթի քաղկոմի շենքում այն օրերին արած իր պատմության համար: Ծեծ ու ջարդից այլանդակված, դեմքին լայնակի սև այտուցներ՝ նա արտասվախառն ձայնով պատմում էր՝ շինարարի իր կոշտուկավոր ձեռքերը ցուցադրելով, որ տասնյակ բնակելի շենքեր է կառուցել Սումգայիթում, և թե ինչպես էին միլիցիայի աշխատակիցները բռնել նրան ու հանձնել մարդասպան ամբոխին: Հեղինակը շատ-շատերին է շնորհապարտ այս գրքի համար, այդ թվում և Վիլյամ Ռուսյանին՝ Բաքվի Լենինի պողոտայի 32-րդ շենքից: Նա ասում էր՝ նրանք, ովքեր չկարողացան դուրս պրծնել գազազած ոհմակի ճանկերից, ոչինչ չեն պատմի այլևս, իսկ նրանք, որոնց հաջողվեց կենդանի մնալ, մի բան կարող են ասել միայն՝ որ այդ գեհենից փրկվել են հրաշքով: Ու ես հորդորում էի նրան գրի առնել, անպայման գրի առնել այդ ամենը: Նա ևս՝ Բաքվի զանգվածային սպանդից մազապուրծ՝ ականատեսի իր հավաստի պատմությամբ՝ կապված հունվարի տասներեքին սկսված հայոց կոտորածի հետ, օգնեց վերականգնելու Բաքվի ահավոր եղեռնի իրապատում պատկերը: Հավերժ հիշատակ անանուն նահատակներին: Հավերժ փառք տառապյալ ողջերին:

Рассказать друзьям

Ваши друзья поделятся этой книгой в соцсетях,
потому что им не трудно и вам приятно