12+
ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ

Бесплатный фрагмент - ԵՐԲ ԴՈՒ ՉԵՍ ԼԻՆԻ

ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ

Введите сумму не менее null ₽, если хотите поддержать автора, или скачайте книгу бесплатно.Подробнее

Объем: 120 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Ե Ր Բ   Ե Ս   Չ Ե Մ   Լ Ի Ն Ի


Նվիրում եմ քեզ


1.


Երբ ես չեմ լինի` արեգակն այնտեղ, սարերի վրա, մի վերջին անգամ մեղմ կհուրհրա` մինչև սև ամպը վարագույրի պես կիջնի` ծածկելու երեսը նրա:

Անտառի խորքից դալուկ, բեկբեկուն կկանչի կկուն` թալկացող սրտի տրոփին հանգույն, գեղ-գեղ կըերգի դեղձանիկն այնտեղ, և սաղարթախիտ ծառերն վերևի՝ բարձր երկնքում դինջ օրորվելով, ինձ գնաս բարով կասեն երևի:

Մամռոտ քարերով Ղըրմա աղբյուրը վճիտ ղողանջով մանկութ օրերիս ասքը կհյուսի և հեռու՜-հեռու՜, հեռու հուշերում իմ նետած քարից թևը արնաներկ հավքը կճչա մի վերջին անգամ ու նրան ոչ ոք դառը կսկիծով չի հիշի արդեն ինձանից հետո:

Երբ ես չեմ լինի` ոչինչ չի փոխվի, արևը կելնի ու մայր կմտնի, անտառից եկող հավքի դայլայլն ու լորի սաղմոսը` հանդարտ ալիքվող դեղձան արտերում, նույնը կլինի, հեռու քաղաքում, անմոռաց սիրո մրմունջը հոգում` կորստի ցավից մեկը կարկամած կարտասվի թաքուն…

Երբ ես չեմ լինի` ոչ ոք ինձ համար արցունք չի հեղի Նրանից բացի…


2.


Ե Ր Բ Դ ՈՒ Չ Ե Ս Լ Ի Ն Ի


ՆՐԱ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՆՁ՝

ՀՂՎԱԾ ԱՐՑՈՒՆՔԻ ՄԻՋԻՑ


Երբ դու չլինես` իրավ, չի փոխվի, ոչինչ չի փոխվի այս մեծ աշխարհում: Արևը կցոլա ինչպես որ առաջ, նույնը կլինի գեղեցկատեսիլ այգը երևի, և վերջալույսի հուրը կշողա մուգ հորիզոնում…

Երբ դու չլինես, գետակը ձորում մունջ կխոխոջա՝ շոյելով գետի քարերը ողորկ, կեռնեխը այնտեղ՝ ձորի պռնկի թավուտ անտառում կըերգի տրտում: Ծաղիկներն էլի առաջվա նման փթթուն դաշտերում կբուրեն դյութիչ, լորը կկանչի հասած արտերում, թիթեռնիկները՝ ոսկյա թևերով, կճախրեն թեթև՝ հուշիկ նստելով նուրբ ծաղիկներին…

Միայն ինձ համար, ախ, լոկ ինձ համար աշխարհը մեկեն լուռ կհամրանա, աչքերս՝ աղի արցունքներով լի, սիրտս՝ մորմոքուն, որբացած հոգիս կողբա թաքուն…

Եվ ձեռքերը իմ՝ անզգա, անկամ, կկարկառվեն վեր.

,, Օ ՜, Տեր իմ, Տեր իմ, անսա անձկալի ձայնն իմ աղոթքի, թույլ տուր այն կյանքից՝ ճերմակ ամպերից ու հեռու- հեռու երկնքից անդին, տիեզերական անհունից անծիր, վերադառնալու երկիրն այս լուսե, թույլ տուր քաղցրահունչ ձայնը Իր լսեմ, թույլ տուր, որ տեսնեմ լույսը Իր հոգու, տոչոր շուրթերով հպվեմ այդ լույսին:

Ողորմա ինձ, Տե ՜ր, համակիր եղիր իմ խորունկ ցավին, ես հազար անգամ մեռնում-հառնում եմ կարոտից նրա, թույլ տուր, որ զգամ կյանքի շունչն Իր մեջ, թույլ տուր դառնալու երկիրն այս կրկին՝ որ ծնվենք մեկտեղ, միևնույն ատեն, որ աշխարհ չգա, ինչպես այս կյանքում՝ երեսուն տարի ինձանից առաջ: Օգնիր մեզ, Տեր իմ, վերստին գտնելու մեկս մյուսին, որ չբաժանվեն հոգիները մեր, ու սերը մեր սուրբ, սրտերն անապակ՝ անջատված անգութ փորձություններում, դառնան միաձույլ, մի սիրտ ու հոգի,,:


…Եվ եղավ այնպես… որ գարնան մի օր, վաղ լուսաբացի արեգակնային վճիտ շողերում, մի պահ ինձ թվաց Իր հոգու լույսը տեսա ես հանկարծ. ծաղկանց բուրմունքում ես պարզ լսեցի հրայրք շուրթերի շշունջը մեղմիվ, շնչառությունը զգացի ասես թարմ զեփյուռի մեջ…,,Նորից ինձ հետ է, ինձ հետ է կրկին,, — մրմնջացի ես խորը վշտաբեկ, դառը ժպտալով արցունքի միջից…


ԳՅՈւՂԱԿԱՆ ԲՆԱՆԿԱՐ


Արևը հանգչում է սարերի վրա, և հրաբոսոր հորիզոնն այնտեղ վառվում է ասես բազում գույներով՝ երկինք ու երկիր կապելով իրար…


Օրը հանգչում է՝ տառապանքներից, տվայտանքներից, ասված ու չասված ունայն խոսքերից լրիվ հոգնաբեկ…


Եվ հետզհետե ձորերը լռին խորասուզվում են իրիկնային լուրթ աղջամուղջի մեջ. գետակը լռում, հավքերը լռում, մոտիկ արտերում արտույտներն արդեն էլ չեն արտորում… Ձայները կամաց մարում են դրսում, և հետզհետե իջնում է մութը՝ իր սև շղարշով ներընդգրկելով ամեն մի շշուկ, ամեն մի շարժում, լոկ ծղրիդներն են երգում անձանձիր…


Սարերի վրա, բարձր երկնքի անծիր կապույտում, աստղերի բույլը՝ երկնքից հեռու, և միլիոն պարսեկ իրարից հեռու, իր անհատնում լույսերն է հղում հեռու երկրին… Աստղացող լույսը ՝ խավարում նիրհող դաշտին, գետակին, հավքին ու մարդուն, և հեռվից հեռու համր թարթումով կարծես ասելով յուրաքանչյուրին. դու մի վհատվիր, խավարից հետո գալիս է լույսը, իսկ հույսը մեռնում է ամենավերջում, շուտով, շատ շուտով կբացվի նոր օր՝ արևը, լույսը և հույսը իր հետ:


Ե Ր Բ ՈՐ Հ Ա Ն Դ Ի Պ Ե Ն Ք…


Երբ որ հանդիպենք, ու ես քեզ հեռու, հեռու իմ երազ, իմ սրտի փափագ ու հանապազորդ իմ կուռք ու մուրազ, տեսնեմ իրապես…


Երբ մենք հանդիպենք (օ, Տե՜ր իմ Աստված, ինձ պետք չէ ոչինչ՝ միայն քեզ տեսնեմ, միայն թե տեսնեմ տեսքդ գեղանի, դեմքդ՝ լուսեղեն ու հուզաթաթավ), ու երբ որ տեսնեմ աչքերդ ծավի ու սիրտն իմ թալկանա կարոտի ցավից, ու արարչական նրբին կորությամբ գծված շուրթերիդ բոսոր ես մեղմ շշնջամ մարող շշուկով՝ ի՜նչ հաճելի ես դու իմ աչքերին ու հանց բալասան՝ տառապյալ սրտիս…


Ու երբ բերկրանքից, որ մենակ ենք մենք արար աշխարհում, և ոչ ոք, ոչ ոք չի նախանձի մեզ՝ մեղմ գորովելու մեկս մյուսին, ու ինձ՝ շոյելու մանրալիք իջնող մազերդ ոսկյա, այն ժամ կըմբռնենք… որ այլ էր մինչ այդ ու այլ կլինի դրանից

հետո։


Երբ երկարատև հույսը կփոխվի լուսաջինջ լույսի, և ծիածանը, անձրևից հետո, կամար կկապի լաջվարդ երկնքում, ու նոր մենք կըզգանք սիրո հրայրքն ու թովչանքը վսեմ՝ մե՜ծ երջանկության, ու հոգիներում մեր, չքնա՜ղ իմ էակ, գարուն կծագի՝ լուսաճաճանչված արեգակնային զվարթ շողերով։

Երբ մենք հանդիպենք։

Եթե՜ հանդիպենք…


ՀԵՌՈՒ ԼԵՌՆԵՐՈՒՄ


Իմ հեռու, հեռավոր հիշողության մեջ զնգում է առուն, մեղմիվ խոխոջում՝ ողջունելով ինձ, թիթեռնիկներին, հավքերին պես- պես և ծաղիկներին՝ սյուքից օրորվող…


Ես՝ փոքրիկ տղա, ձեռքիս պարսատիկ, անհոգ ու ազատ, ընկերներիս հետ թրվռում էի ուրախ, երջանիկ. իմն էր աշխարհը՝ թիթեռնիկները, հավքերը պես-պես և ծաղիկները՝ սյուքից օրորվող…


Դու իմ մանկության սիրելի առու, որ զրնգալով, խնդուն խայտալով վազում էիր ցած ՝ քեզ հետ տանելով երազներն իմ ջինջ, ու՞ր ես դու հիմա, որտե՞ղ է մարել ձայնդ երգեցիկ…


Հեռու- հեռավոր հուշերի խորքից ետ եկ, իմ առու, անանմոռանալի սիրելի ընկեր, ետ բեր օրերն իմ անհոգ ու ազատ ուրախ մանկության, ետ բեր օրերն իմ, իմ ընկերներին, թող կյանքը լցվի նրանց ձայներով, ու ես վերստին դառնամ չար տղա՝ ձեռքիս պարսատիկ, անհոգ, երջանիկ՝ մեր հեռու՜, հեռւ՜, հեռու լեռներում…

ԱՆՑԱՎ


Անցա՜վ, անցա՜վ, կյանքն իմ ացավ՝ ինչպես երազ, ինչպես մուրազ, ինչպես մի հուշ անվերադարձ, ու ես ոչինչ չհասկացա, ասես կողքից եկավ անցավ։


Տրտմած է հոգիս հիմա, որ կյանքը իմ եղավ ունայն, սուտ ու կեղծին հավատընծա՝ ապրեցի ես հեզ ու խաբված։ Մեռնելու չափ տրտմած է, ախ, սիրտը իմ. ի՜նչ շահեցի աշխարհ գալով՝ ոչի՜նչ — ոչինչ, միայն ցավեր, միայն դավեր, խինդը սակավ, շառն՝ անսպառ։


Գթա ինձ, Տեր, գթա ինձ, Տեր, ու ողորմիր, կյանքն իմ անցավ ինչպես երազ, ինչպես կարճ օր, ու ես, իրոք, չհասկացա, ա՜խ, ես ոչինչ չհասկացա՝ ինչպես եկավ, ինչպես անցավ։


Գթա, Տեր իմ, քանզի բազում արհավիրքներ կրեցի ես ամբողջ կյանքում։ Ամբողջ կյանքում, ախ, զուր հույսեր, իզուր հույսեր, մորմոք ու ցավ, կյանքն իմ, իրավ, այդպես անցավ, չեղավ մի օր՝ լիներ անցավ։


ԵՐԱԶ


Լինե՛ր, լինե՛ր, այնպե՛ս լիներ, տարիներն իմ հետ գնային միանգամից։ Միանգամից ես լինեի իմ հեռավոր երազներում՝ մեր տան դռան, հենց նոր ելած ոսկեշղարշ արևի մեջ, մեր հնամյա թթենու տակ։


Հայրս լիներ, մայրս լիներ, քույր ու եղբայր՝ բոլորը ողջ, հարազատներն իմ մեկեն գային, հավաքվեին կարոտաբաղձ ու լիներ տոն՝ ինչպես հեռու այն հին կյանքում՝ նրանց տեսքով՝ հավերժ անջինջ, նրանց ձենով՝ հավետ անմեռ, որ հնչում է տարիներ վեր՝ իմ ականջում, իմ հոգու մեջ ու իմ սրտում։


Լինե՛ր, լինե՛ր, այնպ՛ս լիներ՝ նորեն մեկտեղ, ախ, լինեինք, ես՝ երջանիկ, ես բարեբախտ, ցավ ու դավին դեռ անընտել մի պատանի՝ հրդեհի մեծ ցոլքի նման հրաբոսոր արևի ջերմ շողերի մեջ, թռչունների հայալեզու երգի ներքո, հեռո՛ւ — հեռո՛ւ, մեր հնամյա թթենու տակ։


ՊԱՏՐԱՆՔ


Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մրուրի մեջ դու մոռացված իմ հեռավոր, կախարդական դրախտ երկիր, Կըղնախաչ…


Կըղնախաչում՝ շնկշնկան հով, զիլզիլան զով, սարից իջնող, ձորից ելնող բացատներում ծաղկած հրաշք ու ծաղկած ծով՝ իր գույներով հազարագույն… Կըղնախաչում ՝ արտույտի երգ ու գեղգեղանք, խոտի շրշյուն, սիրո շշունջ՝ արտերի մեջ սիրաշշուկ, հավքի դայլայլ, անուշ դայլայլ, քաղցր դայլայլ ու կկվի կանչ ՝քաղցրալուր ու թախծագորով…


Քարեն կըլխան՝ աղեղնաձև ու բարձրաբերձ վեհ բարձունքից՝ մղեղի մեջ երերացող հին շինամաչ… Դաշտում կապած ձիու խրխինջ, գառան մայուն ու ձագ տված մեղվի գվվոց, աքլորի կանչ, աղջկական արծաթահունչ զնգուն ծիծաղ կակաչազարդ արտի միջից, ախորժալուր զանգի ղողանջ ու շնահաչ գյուղամիջից՝ մեկ կատաղի, մեկ բեկբեկուն…


Թեթև անձրև, մանր անձրև՝ հանդ ու սարեր ոսկեշղարշ աղջամուղջում, միգամած… Արեգակի ջինջ շողերում ՝ տաքուկ անձրև, ու սարից- սար կամար կապած կընընչկարմյուր ծիածան… Ու այդ պահին, հովի թևին, օ՜վ, իմ աստված, մորս ձայնը, մեռած մորս անուշ ձայնը, կանչում է ինձ՝ արի, որդիս, արի տուն, հեռուներից վերադարձիր ու տեր կանգնիր գերեզմանին իմ անտեր…


…Հե՜յ, Կըղնախաչ, իմ Կըղնախաչ, հիշողության մշուշի մեջ դու կորսված իմ մանկության չքնաղ երկիր, Կըղնախաչ…


ՎԵՐՀՈւՇ


Կըղնախաչ սարի ուսերին թառած աստղերի խաղը, նրանց շողշողուն լուռ մնջախաղը, վաղ լուսաբացի մեղմ շամանդաղը, մեր գյուղի շուրջը՝ դաշտերի եզրին նստած թարմ շաղը, արտերն ալիքվող՝ վաղորդյան սյուքից, վարդերը բուրյան, ձորերում հնչող հավքի դայլայլը, նրա կանչն անձկալի, նրա մեղեդին ու սիրախաղը այսօր վերստին իմ միտը ընկան…


Չքնաղ երկիրն իմ, իմ Ղարաբաղը, լեռներից անդին՝ էն հեռո՜ւ-հեռու արևի խաղը, ցոլքը արևի՝ բարձրաբոց խարույկ, գետի խոխոջն ու ցայգալույսի մեջ տների վրա՝ էն շողը շենշող, արտույտի անուշ արտորումն արտում, խրխինջը ձիու, ամառվա տապում՝ մեղվի գվվոցն ու սոխակի տաղը՝ հոգիս այրելով մի ուրիշ աշխարհ այսօր ինձ տարան…


Գյուղն իմ հայրենի, տունն իմ հայրական, մեր ավեր բաղը, կալերն ամայի, անտերուչ, լքյալ մորս շիրիմը՝ իմ սրտի դաղը, մարդկանց ձայները՝ թաղից այն թաղը, մեր աղջիկների զնգուն ծիծաղը՝ աղբյուրի մոտից, մանկութ օրերի մեր անհոգ խաղը՝ դավին անսովոր, ցավին անընտել, այսօր վերստին իմ միտը ընկան…


ԲԱՔՈւ


Прощай Баку! Тебя я не увижу,


Теперь в душе печаль, теперь в душе испуг…


С. Есенин


Մնաս բարով Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջայի՜ն, շքեղաշուք տեսքը քո, արդյոք, կտեսնե՞նք էլի… Երկնայի՛ն դու դրախտ, Բաքու՜, Բաքու՜, վշտալից որդիներդ տարաբախտ, հեռանում են քեզանից։


Հեռանում ենք մենք տրտում՝ մեռածներին մեր թողած, նրանց ոգին մեր հոգում հավիտյանս անթեղած։ Լացակումած հեռանում, հեռանում ենք քաղաքից, թուրքի ոհմակն է ոռնում լաստանավի քամակից։


Բաքու՜, Բաքու՜, հեքիաթայի՜ն, անրջակա՜ն, դու մեզ անհա՜ս, դու մեզ համար անմատչելի, այսուհետև սոսկ հուշերում, լոկ հուշերում կարող ենք գալ մենք քեզ այցի, Բաքու՜, Բաքու՜, սիրու՜ն քաղաք, սիրո՜ քաղաք՝ կախարդակա՜ն, երազայի՜ն, անզուգակա՜ն։


Օրորվում է ծովը լուռ, հրաժեշտի ծփանքով, խոր վշտի մեջ մենք անլուր ետ ենք շրջվում արցունքով։ Ետ ենք շրջվում՝ քեզ, Բաքու, մի անգամ էլ նայելու, չէ՞ որ գիտենք՝ տեսքը քո, ավա՜ղ, էլ չենք տեսնելու…


1990թ. հունվար


ԵՍ ԵՎ Ն Ա


Փողոցով անցնում էր զառամյալ մի մարդ: Հազիվ էր շարժվում՝ ոտքը դանդաղուն, ծանր փոխելով: Մի պահ մտախոհ նայեցի հեռվից ու սարսափ պատեց ինձ միանգամից… Ես մտածեցի. չէ՞ որ կգա և գարունն իմ վերջին և այնտեղ, ուր որ հուրհրատում էր կրակը վառման իմ ջահելության՝ մոխիր կլինի լոկ, ախ, մոխիր միայն…


Տարիներ անցան, ժամանակ անցավ, ես, աստվածածին իր գեղեկցությամբ ու աշխարհի ողջ բարությունն իր մեջ ամփոփած, որդի կորցրի, մեն մի օրվա մեջ լրիվ ճերմակած՝ չհասկացա էլ, թե ոնց ծերացա… Լուռ քայլում էի ծերունական իմ գայթուն քայլերով, զգացի մեկի հայացքը վրաս ու ետ շրջվեցի. ջահել մի տղա՝ սիրուն պատանյակ, մտախոհ կանգնած, նայում էր հեռվից…


ՄԱՅՐ ԻՄ


Մա՜յր իմ, մայր իմ սիրասուն, սրտիս կոտրած հենասյուն, խոտ ու ծաղկի մեջ կորած՝ վրադ անգամ քար չկա։ Գուցե հառնե՜լ ես նորից, նորից ելել ես հողից՝ որպես մի խոտ, մի ծաղիկ, որպես կակաչ հրավառ՝ տեսքով կարմիր, սիրտը սև, օրորվում ես քամու հետ, լաց ես լինում ինձ համար։


Մա՜յր իմ, մայր իմ աննման, դու ամբարված բարություն, չկա արար աշխարհում ուրիշ ոչ ոք քեզ նման։ Մա՜յր իմ, մայր իմ դու անգին, դու մեծագու՜յն սրբություն, քո կարոտից գիշեր — զօր մղկտում է իմ հոգին։


Ների՜ր, ներիր բոլորին. զավակներիդ, թոռներիդ, աստվածածին քո հոգով, քո մեծ սրտով տառապյալ, բոլորին էլ դու ներիր. չկար մեկը մեզանից՝ բռներ ձեռքդ սրբասուրբ, մի կում ջուր տար, մի քիչ հույս, մոտդ նստեր մինչև լույս, մի խոսք ասեր սրտահույզ, մենակության մեջ լքյալ (գուցե ծարավ ու սովյալ), կյանքդ տրտում բոլորեց՝ աչքդ ճամփին բոլորիս։


Ի թողություն մեղա՜ց. մեղքի տակից ո՜նց դուրս գանք, չկա մեզ ապաշխարանք. մեղսակից ենք հար — հավետ, քանի ապրում ենք ու կանք:


ՊԱՏՎԻՐԱՆ


Ես մեռել էի: Ինձ թաղել էին, կամ այրել էին. դա չէ կարևոր- ես հառնել էի: Ես հառնել էի ուրիշ աշխարհում. ընկերները իմ չկային արդեն, ովքեր էլ կային՝ ծերացել էին. ինձ մտաբերել չկարողացան:


Մայրս… մայրս անպայման ինձ կճանաչեր, արցունքն աչքերին կրծքին կսեղմեր, բայց… մայրս չկար: Նա հող էր դարձել, և որպես ծաղիկ, որպես մի կակաչ՝ ինքը ալ կարմիր, սակայն, սիրտը սև, լուռ օրորվում էր մեղմիվ հովի հետ. նա լաց էր լինում իր որդու համար:


Ես հառնել էի, բայց մեկը չկար ինձ դիմավորեր… Ու նորից մեռա, որ դառնամ կակաչ, կամ մի այլ ծաղիկ՝ ամեն լուսայգի ողջունեմ մարդոց յուրաքանչյուրին, ասեմ, որ ես էլ այնպիսին էի, ինչպես դու հիմա, դու էլ կդառնաս ճիշտը այնպիսին, ինչպես ես հիմա. սերն է ի սկզբանե, սերն՝ հարափոփոխ, սերն՝ հրաթրթիռ ու լուսափթիթ, դրանից վսեմ լուսեղեն հեքիաթ աշխարհում չկա, սիրիր, քանի կաս, սիրիր մշտատև, քանի ապրում ես այս արևի տակ, կյանք չկա առանց ըղձալի սիրո հրավառության. սա է պատգամը ունա՜յն, ախ, ունայն, այս ունա՜ յն կյանքի…


ԱՅՍ ԳԻՇԵՐ


Սիրո խոսքեր մի» ասա այս գիշեր։


Եկ այս գիշեր չխոսենք, սիրո մասին չխոսենք։ Չխնկարկենք խոսքեր սին, ես կլռեմ, չեմ խոսի, ու դու ևս մի խոսիր՝ սիրո մասին այս գիշեր։


Աստվածային դու պարգև, վսեմաշուք ինձ շնորհ՝ թավշե ձայնով հոգեթով, ժպիտն ալվան շուրթերիդ, քո նայվածքով շեղակի, քո քայլվածքով հմայուն, քո պահվածքով եզակի, քո կազմվածքով նրբագեղ, պարանոցով մարմարյա՝ նեֆերտիտյան համարյա — խելքահան ես արել ինձ։


Ասա, ինչպես, ախ, ինչպես ես խենթորեն չսիրեմ աչքերը քո սևորակ, շուրթերը քո մեղրահյուս, մատները քո նրբատաշ, հասակը քո նրբատեսք՝ բարակիրան, սլացիկ՝ ինչպես բարդի մի մատղաշ։ Ախր, ինչպես, ախ, ինչպես չկորցնեմ ինքս ինձ՝ տարված քեզնով, քո սիրով…


Սիրո խոսքեր մի ասա, խոսքերը կայրվեն կրակում, մի ասաոչինչ այս գիշեր… Այս գիշեր խճողիր մազերս, թող մատներդ սահեն իմ դեմքով, ձեռքերդ թող գրկեն ինձ ողջ գիշեր: Այս գիշեր համբուրիր ինձ սիրաբաղձ, գուրգուրիր դու ինձայս գիշեր քո կրքով։ Այս գիշեր մինչև լույս ինձ պահիր գրկիդ մեջ, գրկիդ մեջ` այդքան ջե՛րմ, քաղցրանուշ:


ԷԼԵԳԻԱ


Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տե՜ղ չունեմ, ոչինչ չունեմ՝ ոչ ներկայում, ոչ գալիքում. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։


Ամեն ինչի հուշը անցած՝ լուսափթիթ վառ մանկության, պատանության արևը ջինջ ու հրավառ, հուշն իմ սիրո՝ հին օրերի շղարշի մեջ՝ անմեկնելի, անմատչելի, ձգում է ինձ, կանչում է ինձ հեռուներից անարձագանք։


Նա վերստին հառնում է իմ հուշերի մեջ, սերն իմ անմար, լույսի նման փայլ է տալիս տարիների հեռու հեռվում՝ հրացայտ սև ու ծիծաղկուն իր աչքերով ու իր տեսքով լուսաժպիտ՝ կախարդելով հոգեհմա։ Այդ հուշերում երկուսով ենք, դրախտի պես մի տնակում՝ այգու ծայրին, ուր զրնգուն գալարվում է գետը ձորում, շուրջը՝ անտառ հնամենի, առվի խոխոջ, վարդի բուրմունք, արտույտի երգ՝ այգուց անդին, ձույլ հասկերով մեղմ ալիքվող արտերի մեջ, կարկաչ ծիծաղ, գիրգ շուրթերի կրքոտ հպում… Ո՜վ, իմ Աստված, եղե՞ լ է դա, թե երա՞ զ է, մտապատրա՞ նք՝ ծնված այրող իմ կարոտից։


Ես ապրում եմ անցյալի մեջ… Ներկա կյանքում ես տեղ չունեմ. լոկ վաղեմի հուշն է պահում ինձ այս կյանքում։


ԱՆՐՋԱՆՔ


Լիալուսնի կաթնալույսում սարից իջնող մտամոլոր ու քարքարոտ մի նեղ ճամփա, մի սայլ՝ բեռնված զմրուխտ խոտով՝ երնջակի, յուղածաղկի, ուրցի հոտով, ծաղկաբուրմունք խոտին պառկած փոքրիկ տղա, որի հոգին պարուրվել է երազական քաղցր թմրով։


Ոլոր — մոլոր մի նեղ ճամփա, հոր ոտնաձայն՝ քիչ առջևում, շուրջը անդորր ու մարմանդ հով, այս ու այնտեղ ցրքուն հանդեր ու անտառներ՝ հնադարյան, լիալուսին՝ սարի ուսին, չարագուշակ բվի կռինչ, առվի շշունջ, անծայրածիր, լուսաշողշող երկինքն ի վար կաթող աստղեր, ծղրիդի երգ՝ աստղահնչուն գիշերվա մեջ, ու երազներ, նիրվանային երանելի ջինջ երազներ՝ իր ջինջ հոգում։


Ոլոր — մոլոր, մտամոլոր ու քարքարոտ ճամփի վրա ծույլ նազանքով օրորում է սայլը նրան… Անրջային թմբիրը հին պարուրել է, ախ, իմ հոգին ու չգիտեմ, ախ, չգիտեմ, մեռնում եմ ես, թե երազում…


ՉԳԻՏԵՄ, ՉԳԻՏԵՄ…

Կռիվ ու վեճ է իմ մեջ. շարունակ, անդադար, անընդմեջ, իսկ ես՝ արարած մի խեղճ, չգիտեմ ում լսեմ և ում հավատամ- չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ՝ որին կանգնեմ պաշտպան, որին գնամ ընդդեմ…


Բանականությունն իմ հանդիմանում է. մոռացիր դու նրան, որ ամեն ինչ անցած է արդեն, որ էլ վերադարձ չկա, ուրիշի կին է նա, քեզ համար՝ չկա, հասկացիր, չկա ու չի լինելու, իսկ սիրտն իմ՝ նա կա, քո մեջ է նա միշտ, անցյալն է քո նա, անցյալը՝ նրա սիրով անշեջ, ապրում է քո մեջ ու կապրի ընդմիշտ, քանի դու կաս, շնչում, ապրում ես այս բորբ արևի տակ…


Մոռացիր, մոռացիր, մոռացիր դու նրան: Ի՜նչ հեշտ է ասել՝ մոռացիր, մոռացիր ամեն ինչ. աչքերի փայլը, հայացքը նրա, ձայնն ու ժպիտը, շունչը նրա ջերմ, հառաչանքը թույլ, քնքշանքը նրա, գիրգ շրթունքների հպումը այրող, մատների դողը իմ մերակներին, նրա մոլուցքը՝ քնքուշ, անհագուրդ ու սիրահարույց…


Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ, բանականությանը ես իմ անզիջում և իմ հեգ սրտին, ի՞նչ ասեմ ես, ի՞նչ, ես՝ խեղճ արարած, անպաշտպան գերի՝ գիշեր ու զօր նրանց վեճին ունկնդիր…


ԿԱՐՈՏ


Հանդիպումը նախանշան երևի` սահմանված էր վերևից, որ ես քեզ հետ, ու դու ինձ հետ` պիտի անցներ դրախտային մեր ուղին։


Որ կյանքը իմ ես քեզ տայի անմնացորդ, որ ապրեիր միայն ինձնով, որ շնչեի միայն քեզնով, որ նայեի աչքերիդ մեջ ծիծաղավառ, որ հալվեի քո հայացքից հոգեհմա, ձայնդ անուշ միշտ լսեի հանց մեղեդի, քո շուրթերի բույրն ըմպելով` խենթանայի, քեզ նայելով` նախանձեի… նախանձեի ես իմ բախտին։


Սակայն չեղավ, ավաղ, չեղավ, այդպես չեղավ, անեղծ սիրով մենք անբաժան` մենք միասին երբեք չեղանք, կյանքը` դաժան, մեզ իրարից արեց բաժան ու մեզ նետեց տարբեր ափեր, տարբեր ափեր մենք նույն գետի` անցանք ճամփան մեր անխոտոր` երազելով մեկս — մեկին, հեռվից — հեռու լուռ տենչալով մենք իրարու։


Ինչ է մնում ինձ անելու` ոչինչ — ոչինչ: Կորցնելով, ախ, ես նրան, էլ կորցնելու ոչինչ չունեմ։ Մի հույս է լոկ ինձ փայփայում, որ երբևէ կհանդիպենք… եթե ոչ այս, այլ` մեկ ուրիշ, մեկ այլ կյանքում` ոսկեշղարշ արևից վեր, լույս երկնքում…


ՀՐԱԺԵՇՏ


Մի հիշիր դու, ասում են ինձ, գեղատեսիլ վայրերը քո վառ մանկության. ոչ վայրերն են, ասում են ինձ, առաջվա պես գեղատեսիլ և ոչ էլ դու` այն պատանին։


Քո վաղանցուկ կյանքից ոչինչ մի հիշիր դու, ասում են ինձ, ինչ թողել ես այնտեղ վաղուց, միևնույնն է, էլ չես գտնի, հայրենական սար ու ձորեր, հանդեր ու ուրթ` մշուշի մեջ, աղբյուրների խոխոջը մեղմ ու երգեցիկ, հովը գարնան ու նրբագեղ գեղեցկուհուն քո վարդաշուրթ, մի հիշիր դու, ասում են ինձ, մնաս բարով, ասա, արդեն դու ամենքին, ծառ ու ծաղկին, երգող հավքին, լորի կանչին` կակաչազարդ արտից անծիր, ուղիդ անցիր ճամփորդի պես` առանց լացի, ու դիմացի՜ր, ու դիմացի՜ր` որ գեղաչյա ու վարդաշուրթ գեղեցկուհուդ, քեզնից հետո, մեկ ուրիշն է տիրանալու։


Դառն ու անգութ, սին ու նանիր այս աշխարհի կարգն է այդպես, ասում են ինձ, գնա՜ս բարով, քո արևը` մնացողաց, որ շողշողա նրանց վերև` քանի դեռ կան սիրո, լույսի, հույսի ներքո, ու չի եկել ժամը նրանց հրաժեշտի…


ՊԱՏԱՆԵԿԱՆ


Այսքան սիրու՜ն, սքանչելի, գայթակղիչ ու կախարդիչ, չքնաղագեղ ու լուսազարդ, վեհասքա՜նչ ու գեղանի՝ չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…

Հանց երազի կապույտ թռչուն՝ քո ծիծաղով կարկաչահունչ, այսքա՛ն սիրուն, վեհատեսիլ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ կանգնած ես դու միշտ իմ ճամփին։

Այն օրվանից, ինչ քեզ տեսա և այն պահից, երբ սիգանքով նայեցիր ինձ՝ հրացոլ խաժ քո աչքերով, սիրտս դողաց միանգամից, միանգամից կյանքս փոխվեց։

Քաղցրահունչ անուշ ձայնով ու կազմվածքով գեղեցկուհու, քո մատներով՝ հանց սրբատաշ, պարանոցով՝ այնքան ողորկ՝ հանց մարմարյա, քո քայլվածքով՝ սիգաճեմ ու հեզաճկուն, գիրգ շուրթերի արփիաշող ժպիտներով՝ չնաշխարհիկ, ու դնչիկով՝ հրապուրիչ ու էրոտիկ — խելահան ես արել դու ինձ։

Դու իմ կյանքն ես՝ Սուլամիթն իմ, Կիթերուհին, մեր սարերի թեթևասույր եղնիկը իմ, ասա դու ինձ, ի՛նչ անեմ ես, որ հասկանաս դու իմ հոգին։ Հո չե՞ս ուզում՝ սիրուց գերված, ես խենթանամ և ամենուր և ամեն օր, գիշեր ու զօր, նաև պատեհ ու անպատեհ, արցունքն աչքիս անունդ տամ, ճամփադ պահեմ։

Ո՜վ իմ Աստված, այսքան սիրու՜ն, վեհատեսի՜լ, անմատչելի ու նրբիրան ինչպես բարդի՝ սքանչե՜լի, լուսաճաճա՜նչ ու կախարդի՜չ, չքնաղագե՜ղ, չնաշխարհի՜կ, վեհասքանչ ու լուսագե՜ղ՝ չէ, չեմ տեսել ես՝ և ոչ մեկին ու ոչ մի տեղ…


ԳԹԱ ԻՆՁ, ՏԵՐ


Այս էլ քանի՜, քա՜նի անգամ երազներում տեսնում եմ ես գեղեցկատեսք իմ լույս որդուն… Ասես խռով ամեն ինչից ու ամենքից ՝ բարեկամից, չարեկամից, լույս աշխարհից ու աշխարհի նենգ ու դավից, բազմատանջ ու նահատակի իր սուրբ տեսքով Քրիստոսի՝ որդիս հանկարծ հառնում է ինձ մշուշներից, հեռվից — հեռու լռին ու հեգ նայում է ինձ անմեղսունակ թույլ ժպիտով…


Ես հուսահատ ու շընչահատ, հույլ ու անկամ, ամեն անգամ աղերսելով, մըղկըտալով ետ եմ կանչում, իսկ նա ասես չի լսում ինձ, չի ճանաչում, հեռանում է՝ հետ նայելով, ու վերստին միաձուլվում լազուր երկնի լուսաշղարշ մշուշներին… Ողբ ու կական Ռամայի մեջ, Ռաքելը իր որդկանց վրա լաց էր լինում, չէր կարենում մըխիթարվել, որովհետև… չըկա՛ն նրանք։


Տե՜ր իմ, Աստված, եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ասա, ինչո՞ւ չես կամենում այս աշխարհից վերացընել վիշտ ու մորմոք։ Եթե դու կաս, իրավ դու կաս ու զորեղ ես, ամենազոր, հըզորազոր, ինչո՞ւ, ասա, չես արել դա մինչև հիմա ու չես անում նաև հիմա… Գոնե գըթա՜, գըթա ինձ, Տեր, մեղմի՜ր ցավը իմ անանցիկ. զրկիր մտքից, հուշ ու սրտից, գուցե թե իմ սիրտ կեղեքող ու հոգետանջ այս կրակին ես դիմանալ կարողանամ…


ՌԵՔՎԻԵՄ


Արևը լուսաջինջ երկնքից իջնում է դեպի մայրամուտ, հրացոլք խարույկը նրա վառվում է լեռների վրա։ Կորցնելու ցավը անաղոք այրում է իմ վշտոտ հոգին, քանզի չապրած օրերիս ամեն թարթ հուշում է, որ ուշ է. քո առջև զվարթուն գարուններ, իմ առջև՝ անթափանց մշուշ է. ողջ կյանքս կանգնած քո ճամփին, գտել եմ, բայց արդեն ուշ է։


Շիկնահար այտերով գեղուհիս, դեմքը քո դարձրու իմ ցավին, տես, արևս գնում է մարելու, ուր որ է կիջնի երեկոն. չարի կամոք էր՝ վերևից, կամ բախտի քմայքով երևի, որ չգտա ես քեզ ցերեկով։


Թարմ վարդի դեռատի իմ կոկոն, ժպտա ինձ սիրառատ աչքերով, մեղրացող շուրթերով ժպտա ինձ, որպեսզի փառք տամ Աստըծուն, որ պահն այս տրվեց հանց պարգև՝ սիրո վայելքը զգալու:


ՂԱՐԱԲԱՂ


Մռավա սարի թուխ ամպերով, Քիրսա սարով՝ միշտ ձյունածածկ, մատուռներով՝ հին դարերից, մեր խաչերով, խենթ ու խելառ մեր Թարթառով ու Խաչենով՝ մեզ հետ ես դու՝ ուր էլ լինենք, ուր էլ գնանք, հեռու թե մոտ՝ ուր էլ մնանք, մեզ հետ ես դու, մշտաբողբոջ մեր այգեստան, մեր բուրաստան, հավերժի հետ ընկերակից մեր լեռնաստան։


Ջրերդ զով ու քչքչան հովդ անուշ ու շնկշնկան, արոտներդ ալպիական՝ լորի կանչով կախարդական, անտառներդ հեքիաթային՝ կկվի ձենով ու կուսական, խոնջ հանդերդ, սար ու ձորդ աստվածային՝ չքնաղագեղ ու դյութական։ Արար աշխարհ գնա ման եկ՝ Աստված վկա, ուրիշ նման դրախտ չկա։


Ո՞վ չգիտի, որ դու մերն ես, դու մի արև՝ մեր բոլորիս գլխավերև՝ մինչև մահ ու մահից հետո: Բիրթ կապանքից դու ազատված՝ ընդմիշտ մերն ես, մենք կմեռնենք՝ չենք տա բայց քեզ, մենք մի գետ ենք, դու մեր հունն ես, դու մեր հույսն ես, արյան կանչն ու աչքի լույսն ես, դու համակ կյանք՝ մեր հավատն ու սրտի սյունն ես, մենք սերմացու մի ժողովուրդ՝ դու մեր բունն ես, մեր քաջ նախնյաց սուրբ անունով լուսավորված հավերժական դու մեր տունն ես։


ՕՐՈՐ, ՕՐՈՐ…


Օրո՜ր, օրո՜ր, իմ օրերին օրո՜ր, իմ օրերին բոլոր՝ օրո՜ր, օրո՜ր… Քու՜ն մտիր, սիրտ իմ, քու՜ն մտիր, կոտրա՜ծ թևերով թռչնակ իմ, քու՜ն մտիր խաղաղ, մեր սին հույսերին օրոր, անուրջներին օրոր, օրո՜ր, օրո՜ր։


Հեռու՜ է երկիրն իմ՝ շքեղաշուք դրախտ, ու սիրտն իմ տենչաբաղձ՝ ճամփին է մշտատև, սակայն չի՜ հասնում, չի՜ հասնում նա տեղ, քանզի հուսաբեկ եմ, ավա՜ղ, ու թևահատ։


Իմ ոտնահետքերին կարոտ արահետնե՜ր կան այնտեղ՝ թավ խոտերում կորած, զեփյուռականչ ծաղիկներն այնտեղ, հավքի երգով տարված, օրորվում են մեղմիվ, շնկշնկում է սարերն ի վար դալարամեջք քամին, մանկութ աղբյուրներն այնտեղ կարկաչում, կանչում են անձկագին, մթնաշաղն է նստում արծաթաշաղ մշուշում, առաջին սերն է կանչում իմ և նրբանուրբ անունը իր շղարշվում է շնչիս ու այրում է հոգիս, ու ես այնպե՜ս եմ ուզում սիրել նրան նորեն, վերստին շշնջալ սիրաշշուկ խոսքեր, սիրո նազուն խոսքեր՝ ծնված միայն սիրո համար։


Օրո՜ր, օրո՜ր, իմ հուսախաբ սրտին օրոր, երազներին իմ օրոր, երնեկ արևն էլ իմ մարեր այնտեղ՝ հեռո՜ւ, հեռու՜, հեռու՜ սեգ լեռներում իմ հեռու, ուր գերեզմանն է իմ մոր՝ լքյալ ու անտերունչ, և գերեզմանին նրա սուրբ՝ շունչն է թևածում Աստծո։


Օրո՜ր, օրո՜ր, լույս ընկերներին իմ օրօր և բարեկամներին իմ բոլոր՝ անծիր համացանցի։ Ողորմած է Աստված ու ողորմենք մենք էլ չար սրտերին մեղսոտ՝ և նենգ, և դաժան, անկարեկիր, անգութ, որ հագուրդ չունեն բնավ՝ մի թիզ հողից բացի։


Օրո՜ր, օրո՜ր, օրերին իմ անցած, որ երազի չափ կարչ՝ հեռացող զնգոցո՜վ եկան ու անցան, ու էլ չե՜ն դառնալու, էլ չե՜ն դառնալու ետ… Օրո՜ր, օրո՜ր, կսկիծներին իմ օրոր, իմ ցավերին օրոր ու օրերին գալիք՝ որ կբացվեն հետո, բայց ո՜չ մեզ համար…


ԱՐՑԱԽ


Հայաստանը մաքուր ոսկուց մի մատանի՝ ակն ես նրա շողշողենի հանց ադամանդ։ Աստվածանիստ դրախտ ես դու երկնային, քո կարոտից հեռուներում՝ ներսից այրվող դեզի նման այրվում ենք մենք լուռ ու մարմանդ։


Ինչքան էլ որ հեռու լինենք մենք քեզանից, մեր օրրան, ուր էլ լինենք հարափոփոխ մեր այս կյանքում, կապրես մեր մեջ դու հանապազ, միշտ անպակաս դու մեզանից՝ մեր հուշերում, մեր սրտերում ու մեր հոգում։


Հայրենի հող, անուշաբույր դու մեր ոստան, մեր այգեստան՝ հար ըղձալի, փոքր ես դու, բայց մոր փոքրին ով է նայում. քարտեզին, տես, չկաս անգամ, չես երևում, որ համբուրենք, բույրդ զգանք, համդ զգանք, հեռվից-հեռու մեր կարոտը գոնե առնենք։


Ախր, մենք ո՜նց, ոնց մոռանանք ապառաժոտ լեռները մեր, սարը Մռավ՝ երկնի մովում, աղբյուրների ջուրը վճիտ, ականակիտ, ո՜նց մոռանանք, լորի կանչը՝ ծաղկափթիթ մեր հանդերում, ասա դու մեզ, ո՜նց մոռանանք, էդ կարոտին ո՜նց դիմանանք։


Երնեկ կրկին մենք տուն դառնանք հեռուներից ու էլ չապրենք օտար հողում մենք անտեղի, մեր հավքերի քաղցրալեզու երգը լսենք մեր ձորերում, վերադառնանք նորից մեր տուն, վերադառնանք, մեր տուն դառնանք ու վերստին տեր կանգնենք մենք մեր ծնողաց գերեզմանին, մեր տուն-տեղին…


ՄԱՅՐԱՄՈՒՏ


Մութը անցավ, լույսը բացվեց, արևն ահա դուրս է եկել, ցո՜լք է տալիս, շափաղում։ Լեռներից վեր, ոսկեվորված արևից բորբ՝ ճերմակ մի ամպ լող է տալիս լուրթ երկնքում՝ դանդաղասա՜հ ու հուշիկ։


Օրը բացվեց լուսապայծա՜ռ, գնաց դեպի մայրամուտ, ճերմակաթև ամպը մեկեն գունափոխվեց, սևացավ։ Մարդու բախտը հանց ճերմակ ամպ, կյանքը նրա՝ օրվա ճամփա՝ լուսաբացին արևացող, իրիկնադեմ մեկ էլ տեսար սևացավ։


Ո՜վ արարիչ, դու արարիչ ամեն ինչի, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ասա, մեզ տվեցիր այսքան կարճ կյանք, որհանապազ մնանք կարոտ ամեն ինչի… Ինչո՞ւ, ինչո՞ւ տվածը քո, որպես պարգև շռայլորեն՝ լուսաթրթիռ ջահելություն, գեղեցկություն լուսափթիթ, աչքերի լույս, հավատ ու հույս, սեր ու խնդում, հետզհետե ետ ես առնում անգթորեն՝ մեզ թողնելով դավն ընկերոջ, որին սատար էինք կանգնել դժվար օրին, չար նախանձից բարեկամի՝ լուռ այրվելիս, ցա՜վը սիրո արփիաշող, որ ուրացած երդումներն իր սին ու պատիր, գնաց նվաստ թշնամու հետ։


Օրը անցավ, մայրամուտի արևը մեր՝ հորիզոնի ցոլքերի մեջ հըրդեհվելով ոսկեձույլ ու հարահավերժ անրջանքով, դանդաղորեն անց է կենում լեռան ետև. մնացողաց՝ մնա՜ք բարով, գնացողաց՝ լույս ու արև…


ՄԻԱՅՆ ԹԵ ԴՈՒ ՄԻ ՎՀԱՏՎԻՐ


Իմ հուշերում՝ մշուշներից ձյուն է տեղում, նոճիների ծովափնյա զբոսայգու մութ ծառուղում փաթի՜լ- փաթի՜լ ձյուն է տեղում, աստղաթև ու մեղմօրոր ձյուն է մաղում գեղատեսիլ իմ գեղուհու սաթ մազերին, թարթիչներին, վարդայտերին, կիսաթափանց մեղմ թարմությամբ՝ բոսորահուր շուրթիկներին…


Նեոնային լույսերի մեջ՝ թեթև — թեթև ձյուն է մաղում, ձյան լայնշի փաթիլները՝ հարյուր հազար, միլիոնավոր ճերմակաթև թիթեռնիկներ, օդում ճախրում, գալարվում են, ալարելով՝ իջնում են ցած դանդաղորեն։


Իմ սևաչյա գեղեցկուհին՝ հուզաթաթավ ու դեռատի մատղաշ բարդի, իմ գրկի մեջ՝ հեշտանքավառ ու խաղացկուն, գլուխը իր թեթևակի ետ է գցել ու քըմահաճ, հանց աղջնակ, հըրճըվալից ծիծաղում է՝ լեզվի ծայրով ժիր որսալով ձյան ճերմակ փաթիլներն այդ… Նրա տեսքից՝ լուսաճաճանչ ու լուսագեղ, ոսկեհնչյուն ստապատիր իր խոսքերից՝ խայտանքի ու լացի միջից. «Ես դա կանեմ, կանեմ ես դա, դու կտեսնես, ես կգնամ ու էլ չեմ գա, թե որ այդպես դու ուզենաս», սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ, ինքնամոռաց մրմնջում եմ. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ»:


…Հետո եղավ, այնպես եղավ, երկինքը լուրթ պատեց սևով, մարդը կրկին դառավ գազան ու ամեն տեղ ու ամենուր՝ ավար, ավեր, փողոցներում ու տներում՝ մորթված հայեր, խոշտանգված ու սվինահար անմեղ հայեր, աշխարհի կույր աչքի դիմաց՝ խարույկներում վառվող հայեր, մարդը, իրավ, դառավ գազան ու սովահար այդ գազանից մենք հալածված ինչպես մի հոտ՝ թողած տուն-տեղ, ունեցվածք ու գերեզմաններ, սոսկ հրաշքով փրկված ահեղ այդ գեհենից՝ գլխակորույս ու վշտաբեկ, ցրվեցինք մենք աշխարհով մեկ՝ հարահավերժ կորցնելով մեկս մեկին։


Իմ հուշերի մշուշներում ձյուն է մաղում նոճիների զբոսայգում… Փետրաթեթև, մեղմ ու նազուն ձյուն է մաղում մեր մազերին, մեր քունքերին, իմ գեղուհին հառնում է ինձ այդ հեռաբաղձ մշուշներից ՝ առաջվա պես լուսաժպիտ ու լուսագեղ։ Նրա տեսքից հոգեզմայլ սիրտն իմ խայտում, խլրտում է, հոգիս ցնծում, թփրտում է, ու ես անկամ մրմնջում եմ արտասվալից. «Ցա՜վդ տանեմ, ցա՜վդ տանեմ, մի վհատվիր ու մի կորցրու հույսդ վերջին, ես կգտնե՜մ, քեզ կգտնե՜մ, միայն թե դու մի վհատվիր, ցա՜վդ տանեմ»…


ՎԱՂԸ ԱՐԴԵՆ ՈՒՇ ԿԼԻՆԻ


Մի մոլորվիր քո սիրուհու անցյալի մեջ և մի խանդիր։ Աստված նրան՝ կրքահարու՜յց հուր աչքերով ու հրաներկ բո՜րբ շուրթերով, ըստեղցել է զուտ բերկրանքի, սիրո համար։


Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.

Введите сумму не менее null ₽, если хотите поддержать автора, или скачайте книгу бесплатно.Подробнее