16+
ԿԻՆԸ

Объем: 134 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее
О книгеотзывыОглавлениеУ этой книги нет оглавленияЧитать фрагмент

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Արփի Վանյանը սիրված գրքերի հեղինակ է, որոնք բոլորը բեսթսելլերներ են Հայաստանում: Արփին զբաղվում է տրանսֆորմացիոն-քոուչինգով՝ ինչպես անհատական այնպես էլ խմբակային:

Մասնագիտությամբ լրագրող Արփին, երկար տարիներ զբաղվել է լրագրությամբ, այնուհետև որպես կինոսցենարիստ համագործակցել է Armenia TV, ATV, Kentron TV, Sharm Holding, Հ1 հեռուստաընկերությունների ու կազմակերպությունների հետ՝ հեղինակելով հանրությանը հայտնի մի քանի ռեյթինգային հաղորդումներ ու հեռուստասերիալներ։

Արփի Վանյանը «Հաջողակ կին» ՀԿ-ի նախագահն է և զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանության, նրանց անհատական աճի և այլ հարցերով։

Ամուսնացած է, ունի դուստր՝ Ժասմին Հայրապետյանը, ով Հայաստանում միակ երեխան է, որ 14 տարեկանում երեք բեսթսելլերների հեղինակ է արդեն։

«Անհնարինը՝ հնարավոր» գրքի անգլերեն տարբերակը կա նաև Ամազոնում․ https://www.amazon.com/Arpi-Vanyan/e/B07TSX7D4L%3Fref=dbs_a_mng_rwt_scns_share

ՄԱՍ 1

…Կինը նյարդային շարժումներով պտտեց դռան բանալին: Դուռը բացվեց: Ներս մտավ ու հենց միջանցքում սկսեց ազատվել հագուստից: Մի շարժումով գետնին նետեց ծաղկավոր շրջազգեստը, քայլեց դեպի բաղնիք՝ ճանապարհին ազատվելով նաև ներքնազգեստից: Միացրեց ջուրը, արձակեց ծովի ալիքներ  հիշեցնող, երկար, շեկ մազերն ու մտավ ցնցուղի տակ:

Ջուրը  փրկության պես  գրկեց նրա մարմինը: Կինն ազատություն տվեց արցունքներին, որոնք խառնվեցին ջրի շիթերին ու սկսեցին  շոյել նրա մարմինը. փորձելով հանգստացնել, փորձելով ամոքել: Կինը փակեց աչքերն ու սկսեց բարձրաձայն հեկեկալ: Մարմնի վրա  դեռ զգում էր ա՛յն տղամարդու համբույրների հետքերը՝ այրող, պարտադրող, մեռնելու աստիճան  ամոթ առաջացնող ու քաղցր… Նա մատներով ասես փորձում էր սրբել, ջնջել դրանք, պոկել իր մաշկից… Հազար անգամ ինքն իրեն խոստացել էր, որ վերջ, սա վերջին անգամն է, այլևս չի հանդիպի նրա հետ: Սակայն չի դիմացել ու նորից  է գնացել հանդիպման:

 Լարվեց. միջանցքում թողած հեռխոսն անընդհատ զանգում էր: Անջատեց ցնցուղը, փաթաթվեց   սրբիչի մեջ ու վազեց միջանցք. ամուսինն էր զանգում: Լուռ նայեց    հեռախոսին, չպատասխանեց:

Դանդաղ հագավ տան հագուստը, անփութորեն չորացրեց մազերն ու անցավ խոհանոց: Ի՞նչ պիտի ասեր. Պիտի ասեր ՝ գալիս եմ տուն: Հա՜, արի՜…կգա ու կրկին ոչինչ չի նկատի՝ ոչ իր մարմնին դաջված օտար համբույրները, ոչ ամոթից վառվող իր այտերը, ոչ  ճչացող հոգու ձայնը, ոչ քարացած արցունքները…  Միասին լուռ մի կտոր հաց կուտեն ու նորից ամեն մեկը կգնա իր անկյունը. նա՝ ծածուկ   նամակներ ուղարկելու իր սիրուհուն, ինքն էլ՝… Չէ, պետք է վերջ տալ այս պատմությանը, հենց այսօ՛ր պետք է ամեն բան պատմել ու դնել վերջակետ:

…Նա Իվն էր… Իվ… մի անգամ, երբ մորը հարցրեց, թե ինչու են իրեն Իվ կոչել, մայրն ասաց` որպեսզի անվանդ պես տարբերվող  կյանք ունենաս: Հետո էլ ավելացրեց, թե դա  մեր նախամայր Եվայի անվան կարճ ձևն է:

Իվը տարբերվող  գեղեցիկ աչքեր ուներ, տարբերվող երկար ու ալիքաձև մազեր, չտարբերվող հասակ, չտարբերվող մարմին ու չտարբերվող ճակատագիր: Կար ժամանակ, որ  երազանքները տարբերվող էին, բայց դրանք փշրվեցին ու հիմա այլևս ոչ մի երազանք, որովհետև դրանք  ցավեցնում են, շա՜տ  են ցավեցնում:

Նայեց իր շուրջը: Կրակի վրա տապակվող  կարտոֆիլը վառվում էր, անջատեց ու նորից վազեց միջանցք: Հեռախոսը շարունակում էր զանգել: Էլի ամուսինն էր: Խոժոռվեց, ինչու՞  է այսքան զանգում: Պատասխանեց: Հեռախոսից կանացի անծանոթ մի ձայն ասաց.

— Ձեր ամուսինը վթարի է ենթարկվել:

* * *

Չհասկացավ, թե ինչպես  գիշերն  իր տեղը զիջեց  արշալույսին: Ողջ գիշեր մղձավանջի մեջ էր: Ականջներում արհեստական շնչառության ապարատի ձայնն էր: Դանդաղ բացեց աչքերն ու նայեց  ամուսնուն: Նա նման էր դիակի, որին միացված էին, ով գիտի թե քանի  լարեր, փողեր, ապարատներ: Հետո ներս մտավ բժիշկը: Նա երկար ինչ-որ բան էր բացատրում: Իվն ասես չլսեր, ասես վերացած լիներ իրականությունից: Միայն հասկացավ, որ  ամուսնու հետ մեքենայում գտնվող կինը մահացել է, իսկ    ամուսինը կոմայի մեջ է:

Արցունքները ակամա  հոսում էին  աչքերից: Բժիշկը խղճահարութամբ նայեց նրան, մի քանի սփոփող բառ ասաց ու հեռացավ:

Իվը նայեց ամուսնու գրեթե անկենդան մարմնին  ու հանկարծ սկսեց ծիծաղել. անզուսպ, մարմնի ամեն մի բջիջը ցավացնող ծիծաղով: Արցունք ու անզուսպ ծիծաղ, որոնք փորձում էին դուրս հանել նրա աշխարհից ողջ ցավը, ողջ  վիրավորանքն ու  չապրած երջանկության կարոտը: Նա դուրս վազեց սենյակից, հետո միջանցքից, հետո հիվանդանոցից, հետո մայթեր, դեմքեր, ձայներ և անզգայացած ընկավ գետնին:

***

Ուժեղ և տաք լույս էր… շուրջը   մարդիկ էին, որոնք ավելի շատ հրեշտակների էին նման՝ նրանք  ինչ-որ անսովոր հերթում էին: Իվը նայում էր շուրջն ու փորձում հասկանալ, թե ուր է ընկել: Այնտեղ  շա՜տ սեր կար, այնպիսի  անսահման սեր, ինչպիսին ոչ ոք երբեք չէր զգացել: Մի պահ տեսավ ամուսնուն, փորձեց կանչել նրան, բայց ամուսինը շտապեց հերթի մեջ  գրավելու իր տեղը: Իվը զգաց, որ  ջերմությունը քչանում է, ցավը սաստկանում: Դանդաղ բացեց աչքերը: Քունքի մասում ուժեղ ցավ էր զգում: Ձեռքը տարավ գլխին: Ձեռքն արյունոտվեց: Խոնավության հոտ զգաց: Նայեց շուրջը՝  փոքրիկ  անշուք մի սենյակ էր: Ներս մտավ   մի ծերունի, ձեռքին  բաժակ՝ մեջը  կապտականաչավուն ջուր: Բաժակը լուռ մեկնեց Իվին:

Իվը վերցրեց, մի կում արեց, խոժոռեց դեմքը:

— Ես որտե՞ղ եմ:

— Այնտեղ, որտեղ պետք է լինեիր:

Իվը մի տեսակ վախ զգաց.

— Մահացե՞լ եմ:

— Ոչ, -խորհրդավոր պատասխանեց ծերունին:

— Կարո՞ղ եմ գնալ:

— Դու ազատ ես քո բոլոր որոշումներում: Ինչպես և  քիչ առաջ որոշել էիր ընկնել ու վնասել գլուխդ:

Իվը զարմացած էր: Մի կում էլ արեց  կապտականաչավուն հեղուկից ու զգաց, որ   վերքն այլևս չի ցավում:

— Ես այդպիսի որոշու՞մ եմ կայացրել:

— Մենք միշտ ենք որոշումներ  կայացնում՝ ամեն պահի, կարևորը հասկանանք դա ու նկատենք ո՛չ պատահական պատահականությունները:

Ծերունին դուրս եկավ սենյակից:

Իվը բարձրացավ տեղից, արագ դուրս եկավ  ծերունու ետևից: Այդ խոնավահոտ պատերից այն կողմ կրկին մեծ ու  վտանգավոր աշխարհն էր:

 Հեռախոսն անընդհատ զանգում էր՝ մայրն է… ինչո՞ւ է զանգում, ինչո՞ւ…. Իվը ջղաձգորեն փորձում էր հիշել: Հարվածից ուղեղն ասես մթագնել էր… ա՜խ, հա.. հիշեց… այսօր նրա տուն գնալու և տան գործերն անելու օրն է:

ՄԱՍ 2

…Գլխիկոր նստել էր  ծերացող մոր դիմաց և կուլ տալով զայրույթը, ցավն ու վիրավորանքը լսում էր նրան: Ինչ հիշում է իրեն, մայրը միշտ նախատում էր, փորձում էր  ճիշտ ուղի ցույց տալ, փորձում էր մատնանշել սխալները, փորձում էր  խորհուրդներ տալ, սովորեցնել ճիշտ ապրել: Իվն այնքա՜ն էր լսել այս ամենը, որ ընդվզելու զգացումը  քարացել էր իր ներսում: Այնպե՜ս կուզեր, որ հիմա, հենց հիմա մայրը մի հրաշքով լռեր, բարձրանար տեղից, մոտենար իրեն, գրկեր, սեղմեր   կրծքին ու ասեր. <<Ես քեզ հետ եմ, աղջիկս, ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին դու կաս, մի ընկճվիր, մի վհատվիր, ամեն ինչ լավ կլինի, դու ուժեղ ես: Ինչո՞վ օգնեմ քեզ>>:

Իվը սրբեց արցունքներն ու նայեց մոր աչքերին: Մոր աչքերը լի էին դժգոհությամբ:

Բարձրացավ տեղից ու սկսեց հապշտապ կատարել այն գործերը, որոնց համար շաբաթը երեք անգամ այցելում էր մորը՝ տունը հավաքել, ճաշ պատրաստել: Այսօր էլ Իվն ավտոմատ անում էր այդ գործերն, իսկ ականջներում, ինչպես միշտ, մոր խոսքերն էին:

— Ես այդպես էլ գիտեի, ես գիտեի, որ դու մի օր կքանդես քո ընտանիքը: Դու ես մեղավոր, որ ամուսինդ վթարի է ենթարկվել: Ես քեզ հազար անգամ ասել եմ, թե ինչպես պետք է իրեն պահի կինը, իսկ դու երբեք չես լսում  ինձ, դու հիմա էլ չես լսում ինձ: Դու անհաջողակ ես, քեզ մոտ ոչինչ չի ստացվում… Դու իմ ամենամեծ ցավն ես…

Իվը ձեռքերով փակեց ականջներն ու դուրս վազեց սենյակից: Ուժ չկար… այլևս ուժ չկար…

***

Ոտքերը մի կերպ քարշ տալով հասավ  շենքի մուտքին: Արդեն բավականին մութ էր, սկսեց բարձրանալ աստիճաններով ու կանգ առավ ՝ լացի ձայն լսելով: Ծանոթ ձայն էր: Արագացրեց քայլերը, վազելով բարձրացավ  երկու աստիճանավանդակ ու նետվեց  աստիճաններին կուչ եկած, հուսահատ արտասվող իր դստեր մոտ: Գրկեց նրան, սեղմեց իրեն: Աղջիկը հեկեկում էր՝ գրկած մոր  պարանոցը: Այս՝  դարի չափ երկար օրվա  մղձավանջում մոռացել էր երեխայի մասին: Որոշեց, որ այլևս չի հանդուրժի այդ հիմար դայակին, ով առանց զգուշացնելու երեխային  թողել էր աստիճանավանդակին ու գնացել:

— Կներես ինձ, Ավա, կներես բալես, — արցունքների միջից անընդհատ կրկնելով՝ երեխայի հետ ներս մտավ տուն:

***

Երկու ժամ անց Ավան արդեն ամուր գրկել էր մոր պարանոցն ու անուշ քնել: Իվը  դստեր  փոքրիկ ձեռքերն հեռացրեց իրենից, համբուրեց դրանք, մարեց սենյակի լույսն ու  անցավ հյուրասենյակ: Նույն պահին էլ հեռախոսի  մեսենջերին հաղորդագրություն եկավ: Նա էր՝ Բենը, իր տնօրենն ու սիրեկանը միաժամանակ:

Իվը խոժոռվեց, մի կողմ նետեց հեռախոսը: Նորից  ծնգոց ու հաղորդագրություն: Բացեց կարդաց. ՛՛Վաղը քաղաքից դուրս գնանք՝ քեզ կարոտել եմ՛՛:

Իվը զգաց, որ  ամբողջ մարմինը սկսեց վառվել: Ներսում հրաբուխ  էր՝ չասված խոսքերից, չլացած արցունքներից, չժպտացած ժպիտներից հյուսված հրաբուխ, որը եթե ժայթքելու տեղ գտներ՝ ավիրելու էր ամեն  բան իր ճամփին:

՛՛Կներես, չեմ կարող, ամուսինս է վթարի ենթարկվել ՛՛, — պատասխանեց Բենին ու անջատեց հեռախոսը:

***

Անշշուկ փակեց դուռն ու դուրս եկավ: Պետք է խանութ վազել, ընթրիքի համար  բանջարեղեն ու հաց գնել:

Գարնանային օդը  սկզբում շոյեց նրա դեմքը. Իվը  ոչինչ չզգաց: Հետո քամի  դարձավ՝  մտավ մազերի մեջ, Իվը դեմքից անփութորեն ետ տարավ մազերը: Նրա մտքերը շատ խառն էին  ներկայում գտնվելու համար: Նա, իրականում, շատ վաղուց էր, որ չէր  եղել այստեղ՝ ԱՅՍ ՊԱՀԻ մեջ: Ամբոխի միջից այդպիսի  մարդկանց շատ հեշտ է  տարբերելը: Նրանք կամ  տխուր, դժբախտ դեմք ունեն՝ դա նշանակում է, որ մտքերով անցյալում են, կամ անհանգիստ հայացք՝ դա նշանակում է, որ մտքերով ապագայում են: Ա՛յս պահի մեջ գտնվող մարդու դեմքը միշտ հանգիստ ու խաղաղ է լինում, որովհետև  ԱՅՍ ՊԱՀԻ մեջ գրեթե երբեք ոչինչ վատ չի լինում: Վատ եղել է կամ  անցյալում, կամ գուցե 1—2 րոպե առաջ, որը նույնպես անցյալ է, բայց ոչ երբեք հենց ա՛յս պահին:

Գարունը տեսավ, որ  Իվը  չի ուզում ապրել. քամու թևին բերած ծառի փոքրիկ ճյուղով  ապտակեց նրան: Իվը ցավ զգաց, սթափվեց, նայեց շուրջը:

Քիչ հեռվում ծեր  մի կին ձեռքը մեկնեց դեպի նրան: Իվի կոկորդում  լացը կանգ առավ… ա՜յս ինչ ծանոթ հայացք է, ու՞մ, ու՞մ աչքերն ուներ նա: Սիրտը սկսեց արագ բաբախել, հետո  ծանոթ բուրմունք զգաց՝ նոր թխած կարկանդակների և գոգնոցի գրպանում պահած չիր ու չամիչի բույր… հասկացավ… այս կինն իր տատիկի աչքերն ուներ: Ամբողջ մարմինը փշաքաղվեց: Մոտեցավ նրան, կարոտով ժպտաց՝ նայելով ուղիղ աչքերի խորքը և  մի քանի դրամ  դրեց կնոջ  ափի մեջ:

Սկսեց հեռանալ, բայց սիրտն անհասկանալիորեն արագ էր բաբախում: Շրջվեց, ետ նայեց. Ծեր կինը գրպանից մի քար էր հանել, և այն ափի մեջ շոյելով՝  ինչ-որ խոսքեր էր շշնջում: Իվը զարմացավ, սակայն շարունակեց ճանապարհը:

Քիչ հետո, տաք  հացով ու բանջարեղենով պայուսակները ձեռքին ետ վերադարձավ: Հեռվից արդեն նկատեց իր տատիկի աչքերով այն կնոջն, ով հին ու քրքրված մի գիրք էր ընթերցում: Մոտեցավ, պայուսակից թարմ հաց հանեց, մեկնեց նրան: Կինը լուռ վերցրեց, ժպտաց:

— Շնորհակալ եմ ճակատագրին, -ասաց նա:

Իվը սարսուռ զգաց. մուրացկանն ինչպե՞ս կարող էր ճակատագրին շնորհակալ լինել: Կինը հացից մի կտոր համտեսեց՝ երանության մեջ փակելով աչքերը: Նա մի ձեռքով բռնել էր հացը, մյուսով՝  սեղմել ափի մեջ այն քարը:

— Կներեք, սա ի՞նչ քար է, -հարցրեց Իվը, — Ես նկատեցի, որ դուք այն մասունքի պես եք պահում:

— Երախտագիտության քար:

— Դա ի՞նչ է նշանակում. այն ինչ-որ հատուկ քա՞ր է:

— Մենք ենք ցանկացած բան  հատուկ կամ հասարակ դարձնում: Ինձ համար սա քար է, որը հիշեցնում է  տիեզերքի ամենահզոր  ուժի՝ երախտագիտության մասին:

Իվի հայացքում զայրույթ հայտնվեց:

— Կներեք, բայց չեմ կարող չասել. տուն, հագուստ, տանիք չունեցող միայնակ կինը ինչի համար է երախտապարտ ճակատագրին, կասե՞ք:

— Նրա համար, որ իր կյանքում ոչինչ պատահական չի լինում և որ նա նկատում է բոլոր գարունները:

— Գարուննե՞րը:

— Այո, դու նկատե՞լ ես, որ հիմա գարուն է, -կինը ժպտացող աչքերով նայեց Իվին:

Իվը շփոթվեց:

— Ոչ, ես դրա ժամանակը չունեմ:

— Իսկ ահա ես ամեն օր հանդիպում եմ նրա հետ, վայելում նրա շունչը, ապրում նրա մեջ:

Կինը հայացքը գցեց գրքին.

— Մոպասանի պատվածքներից մեկն է այստեղ, տխուր պատմություն է, մի ծեր մարդու մասին, որը  հանկարծ  տեսավ, նկատեց գարունը: Նա հանկարծ նկատեց զբոսնող սիրահարված զույգերին, ջահել աղջկան, ծաղիկների գեղեցկությունը: Չէ, այդ ամենը նախկինում էլ էր եղել, այն ժամանակ, երբ ինքը շտապում էր աշխատանքի, կամ հոգսաշատ քայլում էր փողոցով: Բայց նա միայն հիմա էր իսկապես տեսնում գարունը՝ սիրո քնքշությունը, կյանքի ծաղկունքը, ուրիշների երջանկությունը: Նա միշտ աշխատել է, տնտեսել, հաշվարկել, վայելքը թողել հետոյին, երազանքը թողել հարմար պահի համար, ոչինչ ավելորդ իրեն թույլ չի տվել, միշտ եղել է   պատասխանատու աշխատող, զգուշավոր մարդ: Եվ գիտե՞ս ինչ  կատարվեց նա հետ:

— Ի՞նչ, -Իվի ձայնը դողաց:

— Նա պարզապես ծերացավ: Նա դարձավ ծեր մարդ… եկավ գարունը, բայց դա այլևս իր գարունը չէր: Ինքը բաց էր թողել իր գարունը:

Իվը մի պահ, ասես քարացած, կանգնել ու նայում էր իր տատիկի աչքերով կնոջը: Այդ կինը կրկնեց այն ծերունու խոսքերը՝ պատահականությունները պատահական չեն: Այդ կինն իրեն ինչ-որ բա՞ն է ուզում հասկացնել: Իրե՞ն՝ խնդիրների մեջ  խրվածին, այս կյանքից վիրավորվածին, տառապածին, չսիրվածին… Աչքերը լցվեցին արցունքներով, նա այդ պահին ողջ հոգով ատում էր այս երջանիկ մուրացկանին: Շրջվեց ու սկսես արագ հեռանալ:

— Դու մոռացել ես քո երազանքի մասին, դու դավաճանել ես քո առաքելությանը, դրա համար ես դժբախտ, -լսվեցին ծեր կնոջ խոսքերը:

Իվը կանգ առավ: Չշրջվեց. Նրան թվաց, թե ինչ –որ մեկը եռացող ջուր լցրեց իր գլխին: Ամբողջ մարմինը վառվում էր, սիրտն արագ էր զարկում, հուզմունքը խեղդում էր կոկորդը: Հավաքեց իրեն ու գրեթե վազելով հեռացավ:

***

Նա ոչ թե մտավ, այլ  ներխուժեց տուն, երեսնիվայր նետվեց մահճակալին ու սկսեց բարձրաձայն հեկեկալ: Սիրտը կրկին իր մասին զգացնել տվեց. չդադարող ծակոցներ, բայց Իվի մտքերն ուրիշ տեղ էին: Կնոջ խոսքերը դաջվել էին ուղեղում՝ դու մոռացել ես քո երազանքի մասին…  Այո, մոռացել է, մոռացել է, որովհետև երազանքները երբեք չեն իրականանում, որովհետև կյանքը դաժան է, որովհետև հանգամանքներն ուրիշ բան են ստիպում, որովհետև կան մարդիկ, ում համար պետք է հոգ տանել, որովհետև  կան  ստանդարտներ, ավանդույթներ, որոնց պետք է հետևել, որովհետև իր երազանքը կարող էր անհարմարություն պատճառել  իր համար թանկ մարդկանց, որովհետև  իրեն ասում էին, որ դրանք չեն իրականանա:

Իվն այդ պահին իրեն աշխարհի ամենադժբախտ մարդն էր զգում՝ ի՞նչ երազանքի մասին կարող էր խոսք լինել… այդպես արցունքախառն էլ քնեց… խոհանոցում  մնաց չպատրաստված ընթրիքը և դա իր կյանքում առաջին անգամն էր:

***

Մեկը քնքշորեն շոյում էր դեմքը: Իվը ջերմություն զգաց: Դանդաղ բացեց աչքերը՝ Ավան էր:

Նա տարածեց թևերը Ավան մտավ մայրիկի ծոցը: Իվը փակեց աչքերն ու հոտոտեց աղջկա մազերը: Հաճույքից մի պահ գլուխը պտտվեց:

— Ես քեզ սիրում եմ, Ավա, շատ եմ սիրում:

— Ես էլ քեզ մայրիկ: Ո՞ւր է հայրիկը:

— Հայրիկն իրեն լավ չի զգում՝ հիվանդանոցում է: Անպայման կլավանա ու կգա տուն, չտխրես, լա՞վ:

— Ինձ կտանե՞ս հայրիկի մոտ:

— Այո, բայց հետո: Իսկ հիմա ես պետք է գնամ աշխատանքի ու…

— Ես խելոք կմնամ տանը՝ չեմ ուզում տիկին Աննան ինձ տանի, ինձ դայակ պետք չի՝ ես մեծ աղջիկ եմ, շուտով դպրոց եմ գնալու:

— Չէ, Ավա, մենակ ինչպես կմնա՞ս:

— Տես, դու քո աշխատասենյակից սկայպով կմիանաս ու կհետևես ինձ: Կստացվի, որ դու տանն ես, ես էլ քո օֆիսում:

Իվը թեթևացած շունչ քաշեց, համբույրներով պատեց աղջնակին ու բարձրացավ անկողնուց:

Պետք էր շտապել:

ՄԱՍ 3

…Իվը   սուրճը դրեց Բենի աշխատասեղանին: Բենը մոտեցավ նրան, գրկեց:

— Վատ բան է կատարվել, բայց ես, ճիշտն ասած, ինչ-որ չափով ուրախ եմ: Նա հիվադանոցում է, դու էլ ազատ ես ու մեզ ոչ ոք չի խանգարի իրար վայելել:

Իվը տհաճություն զգաց:

— Պետք չէ այդպես խոսել, Բեն:

Բենը համբուրեց նրա պարանոցը:

— Լավ, եթե չես ուզում՝ չեմ խոսի: Բայց քեզ ահավոր կարոտել եմ՝ դուռը կկողպե՞ս:

Իվը նրան  թեթևակի ետ հրեց:

— Դու չե՞ս հասկանում, որ ես հիմա դրա տրամադրությունը չունեմ:

— Ոչինչ…

Բենը ամուր գրկեց կնոջը, համբուրեց շուրթերը:

Իվը տհաճություն զգաց՝ դա ևս առաջին անգամն էր: Ուժով մի կողմ հրեց նրան, պոկվեց Բենի գրկից:

— Կներես, ես պետք է գնամ, ես չեմ կարող:

— Չհասկացա, -Բենի հայացքում  զայրույթ հայտնվեց:

— Կարծում եմ ՝ դժվար չէ հասկանալը:

Իվը գնաց դեպի դուռը:

— Ես գնում եմ հիվանդանոց:

Բենը չպատասխանեց նրան:

***

Կանգնել էր ամուսնու անգիտակից մարմնի առաջ ու փորձում էր տեսնել նրա հոգին: Այն հոգին, որը վաղուց օտար էր դարձել իրեն: Բժշկին սովորականից երկար համոզեց թույլ տալ, որ ամեն օր այցելի ամուսնուն ու զրուցի հետը:

— Ես գիտեմ, որ նա ինձ լսում է, -ասաց Իվը, -իմ խոսքերը կօգնեն, որ շուտ վերադառնա կյանքին:

Բժիշկը քմծիծաղ տվեց ու ասաց՝ համեցեք:

…Իվը նստեց աթոռին, սիրտն անհանգիստ էր, նրան թվում էր թե ամուսինն  այստեղ է, իր շուրջը, իր կողքին:

— Գիտե՞ս, Անրի, երեկ ես պատրաստվում էի ասել, որ քեզ դավաճանում եմ: Հետաքրքիր բան է ճակատագիրը՝  այնպես է ամեն ինչ դասավորել, որ ես դա քեզ ասում եմ հիմա ու դու  հանգիստ լսում ես ինձ: Ես չեմ սիրում Բենին: Նա պարզապես ինձ օգնում է  զգալ, որ ես կին եմ, որ ես կամ, որ  արժանի եմ սիրո: Ուզում եմ հիշել, թե երբ ամեն ինչ սկսվեց… Դա մի քանի տարի առաջ էր, երբ Ավայի ծնվելուց հետո, երբ աղջնակից վերածվեցի հոգսաշատ կնոջ` դու դադարեցիր հիացած աչքերով նայել ինձ: Երբ  գիշերները միանգամից մեջքով շրջվում էիր ու քնում, երբ  հաճախակի էիր ինձ  հասկացնում, որ պետք է արագ նիհարել: Գրողը տանի, ես փորձում էի, բայց չէր ստացվում: Ինձ ժամանակ էր պետք, ինձ սեր էր պետք, որ կարողանայի   վերադարձնել  գրավչությունս: Դու նախ խլեցիր սերը, հետո սկսեցիր  ակնարկել, որ պետք է դառնամ  նախկինը: Չէ, այն ժամանակ Բենին չէի ճանաչում: Բայց ամեն դավաճանություն նախ ծնվում է սրտում, հետո հասունանում ուղեղում ու նոր միայն  մտնում մարմին:

Հետո դու դարձար անուշադիր, օր-օրի ավելի շատ: Հետո սկսեցիր ինձ խայթել քո խոսքերով, նայել անտարբեր, չնկատել, անգամ ձայնդ բարձրացնել ինձ վրա: Ես դադարեցի ինձ սիրված զգալ, քո կողքին ես դարձա ոչ ոք: Ես սկսեցի չսիրել ինձ, որովհետև դու  ինձ չէիր սիրում, ես դադարեցի նկատել ինձ, որովհետև դու արդեն ինձ չէիր նկատում, ես դադարեցի հիանալ ինձանով, հավատալ ինձ, կարևորել ինձ, որովհետև դու դադարել էիր հիանալ ինձանով, հավատալ ինձ, արժևորել իմ ներկայությունը…

 Ես կին եմ, Անրի ու ես  չեմ կարող առանց սեր ապրել: Դրա համար էլ իմ կյանքում  հայտնվեց Բենը: Նա նայեց այն աչքերով, որով շատ տարիներ առաջ դու էիր ինձ նայում, նա ասաց այն խոսքերը, որոնք դո՛ւ կարող էիր ասել, շոյեց այնպես, ինչպես վաղուց չէի շոյվել, համբուրեց կրքոտ ու ես… Բայց ես չէի տրվի  այս ամենին, եթե  մինչ այդ չիմանայի քո սիրային կապի մասին: Զարմացա՞ր…. Այո, ես վաղուց գիտեի: Հիմա երևի կհարցնես, թե ինչու՞ չեմ հեռացել: Չգիտեմ… քաջությունս չհերիքեց: Մտածեցի, որ չեմ կարողանա առանց քեզ ապրել, որ երեխաս թող անհայր չմեծանա, մտածեցի՝ ինչ կասեն շրջապատում, մորս մասին մտածեցի… հազար ու մի բանի մասին ու չհեռացա: Դրա համար էլ ծնվեց վրեժը, որը միախառնվեց սրտումս բույն դրած դավաճանության հետ ու ես տրվեցի Բենի ձգտումներին:

***

…Իվը շրջվեց, մի անգամ էլ նայեց հիվանդանոցի շենքին, հայացքով փնտրեց, գտավ ամուսնու սենյակի պատուհանը: Կկոցեց աչքերը, նայեց, նրան մի պահ թվաց, թե պատուհանի դիմաց կանգնած մարդ կա, վախեցած շրջեց հայացքն ու տաքսի կանգնեցրեց:

Տաքսու մեջ հաճելի երաժշտություն էր հնչում: Իվը մտքերի մեջ էր: Զգաց, որ  տաքսու վարորդը հայելու միջից համառորեն իրեն  է նայում: Ինքն էլ նայեց՝ նորից ծանոթ հայացք: Ում հայացքն է, ու՞մ… փորձեց հիշել, սակայն վարորդը մեղմ ժպտաց նրան:

— Տեսնու՛մ եմ, որ անհանգիստ եք, տիկին, ամեն ինչ լա՞վ է:

— Կարող էր ավելի լավ լինել, -մտքում դեռ փորձելով հիշել այդ հայացքը՝ պատասխանեց Իվը:

— Ճիշտ եք՝ աշխահը լի է հնարավորություններով նրանց համար, ովքեր փնտրում են այդ հնարավորությունները:

— Կներեք, Ձեր հայացքը որտեղի՞ց է ինձ ծանոթ, -շփոթված հարցրեց Իվը:

— Դուք կարծում եք պատահակա՞ն են լինում այդպիսի զգացողությունները:

— Պատահականությունները պատահակա՞ն չեն:

Տաքսու վարորդը մեղմ ժպտաց:

— Երկու օրվա ընթացքում երրորդ մարդն եք, ով ակնարկում է այդ մասին ու բոլորի հայացքներում ինձ ծանոթ բան կար:

Տաքսին կանգ առավ Իվի տան մոտ: Իվը հանկարծակիի եկավ:

— Ես չէի էլ հասցրել Ձեզ իմ  տան հասցեն ասել, ինչպե՞ս իմացաք:

— Զգացի, չէ՞ որ բոլորս նույն էներգետիկ դաշտի մեջ ենք գտնվում: Իսկ դա նշանակում է, որ կարող ենք զգալ իրար, կարդալ իրար մտքերը, եթե բաց պահենք մեր սրտերը:

— Միշտ այդպիսի ցանկություն եմ ունեցել… զգալ մարդկանց մտքերը…

Վարորդը շրջվեց, ժպտաց Իվին և նրա հետ համահունչ, նույն պահին էլ ասաց.

— Երբեք չի իրականացել:

Իվը ապշած էր: Գլխով դրական նշան արեց:

— Եթե քո ցանկությունը չի իրականանում, նշանակում է՝ նրա դիմաց դեռ վճարված չէ, -պատասխանեց՝ Իվի մանկության ընկերոջ հայացքով վարորդը:

Իվը վճարեց գումարն ու  դուրս եկավ մեքենայից:

Նա քայլում էր`  մտքում անընդհատ  կրկնելով. ՛՛Տիեզերքն ինձ նշաններ է ուղարկում, ես դա զգում եմ, բայց ես չեմ ուզում, ես չեմ ուզում բացել իմ տետրը, ես վախենում եմ ցավից… Չէ, ես այն չեմ բացելու, չէ… ով գիտի քանի տարվա փոշի է նստել վրան: Կամ գուցե կորցրել եմ, հը՞, հա երևի  պատռել, այրել, մի կողմ եմ նետել: Ոչ, չեմ բացելու՛՛…

ՄԱՍ 4

…Ոտքերի ծայրերի վրա կանգնած մաշված, ճռճռացող աթոռին՝ Իվը դժվարությամբ  պահարանի վերևից  մի հին, մոռացված արկղ  հանեց: Փչեց դրա վրայի փոշին, բացեց. Այնտեղ մի տետր կար: Ցավացնելու աստիճան  ծանոթ, հարազատ  ձեռագրով գրված տետր: Աչքերից սկսեցին արցունքներ թափվել: Վերցրեց տետրը: Նրա արանքից մի թուղթ  ընկավ գետնին: Իվը ցանկացավ  բացել տետրը, սակայն նյարդայնացած արագ փակեց այն, դրեց արկղի մեջ, ու նորից հրեց  ետ՝ դեպի հին պահարանի ամենափոշոտ անկյունը:

— Չեմ ուզում, չեմ բացելու, ես այդքան ուժ չունեմ, ես պարզապես չեմ կարող:

Գետնին ընկած թուղթը բարձրացրեց, նետեց  պահարանի կողքին դրված իր պայուսակի մեջ  ու շփոթված ժպտաց ներս մտած դստերը:

— Մայրիկ տես, իմ երազանքի տախտակն եմ նկարել:

Ավան նրան մեկնեց մի թուղթ, որի վրա  ամսագրերից ինչ-որ նկարներ էր պոկել, կպցրել:

Իվը, հանկարծակիի եկած, նրա ձեռքից  խլեց թուղթը, պատռեց, նետեց մի կողմ:

— Ինչու՞ պատռեցիր, մամա, -Ավան բարձր ճչաց ու հեկեկալով դուրս վազեց սենյակից:

— Որովհետև այդ ամենը սուտ է, սու՜տ, ես չեմ ուզում, որ դու  անցնես  իմ անցած ճանապարհներով: Լսու՞մ ես, քեզ հետ եմ, Ավա, արի այստեղ:

Ավան կողքի սենյակում բարձրաձայն հեկեկում էր: Իվը գնաց նրա սենյակ, աղջնակը մտավ մահճակալի տակ:

— Գնա այստեղից, ես չեմ ուզում քեզ տեսնել, դու պատռել ես մեծ պատուհաններով ու շատրվանով իմ գեղեցիկ տունը:

Իվը թուլացած նստեց գետնին: Անզորությունից  ձեռքերի մեջ առավ գլուխն ու աղջկա հետ՝ ձայն ձայնի տված  սկսեցին լացել:

…Երբե՜ք-երբեք չէր մտածի, որ մի օր ինքն իր դստեր՝ իր արևի, իր կյանքի միակ իմաստի հետ կվարվի այնպես, ինչպես ողջ կյանքում վարվել են իր հետ, որ մի օր ինքը նրան կասի այն խոսքերը, որոնց համար այդպես էլ չկարողացավ ներել իր մայրիկին, որ մի օր այսպես հուսահատ  կնստի նոր ստեղծվող կյանքի դիմաց  ու կամաչի ինքն իրենից, իր  չիրականացած կյանքից:

…Պատուհանից այն կողմ օրը գնում էր դեպի մայրամուտ… Պատուհանից այս կողմ երկու հարազատ սրտեր  անսահման ցավ էին ապրում: Մեկը ՝ իր   կորած կյանքի, մյուսն իր պատռված երազանքների համար:

***

Առավոտյան  դեպի աշխատավայր տանող  ճանապարհը որոշեց ոտքով գնալ: Մտքերով դստեր հետ էր: Մի անգամ, շատ տարիներ առաջ, երբ ինքը Ավայի տարիքին էր և իր հազար ու մի հարցերով, ազատատենչ իր բնավորությումբ, հավանաբար  նյարդայնացրել էր մորը, մայրը  սրտի խորքից ասաց. ՛՛Ես քեզ միայն մի բան եմ անիծում՝ թող Աստված քեզ հենց  քեզ նման մի աղջիկ տա, որ դու իմանաս, թե ինչ եմ ես հիմա զգում՛՛: Այն ժամանակ իրեն թվաց, թե դա անեծք էր, անգամ վրավորվեց, լացեց: Հիմա հասկանում է, որ դա  օրհնանք էր, իր մոր՝   գուցե միակ, օրհնանքն ուղղված իրեն: Ավան իր կտորն է, բայց ավելի  ուժեղ, ավելի համառ ու ինքն իրավունք չունի նրան կոտրելու, իրավունք չունի  նրան պարտադրելու իր  ցանկությունները, կյանքի հանդեպ իր պատկերացումները: Մեկը  հարցներ՝ ինչի  ես դու հասել այս կյանքում, որ դեռ   քեզ իրավունք ես վերապահում  մեկ ուրիշին ճանապարհ ցույց տալ: Հա, հենց այդպես՝ մեկ ուրիշի: Ինքը գիտի դա, գիտակցում է, որ երեխաները մեր սեփականությունը չեն, նրանք ընդամենը մեր միջոցով աշխարհ եկած նոր մարդիկ են, ովքեր  ծնվել են իրենց սեփական  ճանապարհն անցնելու համար: Այդ ճանապարհին եղած խոչընդոտները, դժվարությունները  նրանց համար նախատեսված փորձաքարերն են, որոնք  պետք է ուժեղացնեն, ամրացնեն ու հասունացնեն նրանց: Ինքը գիտակցում է, որ մեզ երեխա նվիրելով, Աստված համբուրում է մեր ճակատը, ասում է՝  դու արժանի ես երջանկության: Երբեք չի հասկացել այն ծնողներին, որոնք ՛՛վաղն իրենց մի բաժակ ջուր տվող՛՛  -ի համար են երեխա ունենում, որոնք իրենց տանջանքները այդ երեխայի երեսով են տալիս, որոնք պարտադրում են իրենց երեխային սեփական կամքը, կյանքի մասին սեփական տեսլականը: Իսկ ամենածիծաղելին… ամենազավեշտալին այն է, երբ ծնողները փորձում են դաստիարակել իրենց երեխային: Ախր նրան դաստիարակել պետք չէ. կաք դուք՝ ձեր սեփական օրինակով, երեխան նայում է ձեզ ու դաստիարակվում կամ չդաստիարակվում:

Մի պահ կանգ առավ. նոր ծնված մտքից սարսուռ զգաց: Ուրեմն ի՞նչ եմ ես իմ օրինակով ցույց տալիս իմ հասունացող աղջկան՝ ի՞նչ: Իվը  սարսափեց այդ մտքից: Փորձեց իրեն տեսնել դստեր աչքերով ու այդ տեսարանից կուչ եկավ: Երբևէ կողքից իրեն չէր նայել, մանավանդ այդքան հարազատ աչքերի միջից: Դստեր աչքերով նայելիս տեսավ դժբախտ մի կնոջ՝  կյանքից վիավորված, անձնազոհ, երբեք չգնահատված, երբեք խենթության աստիճանի չսիրված, առանց նպատակ, առանց երազանք…

Իվը տհաճություն զգաց, խոժոռեց դեմքն ու ներս մտավ օֆիս, որտեղ իրեն նույնպես այնքան ուրախ չէին:

***

Հրեց իր աշխատասենյակի դուռը՝ փակ էր: Զարմացավ: Մաքրուհին բացած պիտի լիներ: Փորձեց  բանալիով բացել՝ չբացվեց: Քիչ անց ներսից բացեց   Մանեն՝   իր կոլեգան:

— Պետի որոշմամբ սա արդեն իմ սենյակն է, -ասաց նա, -քեզ տեղափոխել են ընդհանուր բաժին: Այս պահից ես եմ մեր ֆիրմայի գլխավոր հաշվապահը:

Իվը հանկարծակկի էր եկել, ոչինչ չպատասխանեց, քայլերն ուղղեց դեպի Բենի սենյակ:

Բենը հեռախոսով էր խոսում: Այդպես խոսելով էլ մոտեցավ, գրկեց Իվին, ասես ոչինչ էլ չէր եղել: Հետո անջատեց հեռախոսը, կես բերան հարցրեց ամուսնուց:

— Դեռ կոմայի մեջ է, -պատասանեց Իվն ու սպասողական նայեց նրան, -դու ինձ ասելու ոչինչ չունե՞ս:

— Հա՜, -իբր նոր հիշեց Բենը, — Դե գիտես՝ Մանեն իմ գործընկերոջ քույրն է, մենք որոշեցինք, որ  ինքը պետք է լինի մեր գլխավոր հաշվապահը: Քո սենյակն էլ  անցավ իրեն, կներես, չէի կարող ընկերոջս մերժել: Դու մի որոշ ժամանակ կաշխատես  բոլորի հետ, հետո, որ տեսնեմ նա գլուխ չի հանում, իսկ ինքը հաստատ գլուխ չի հանի, նորից քեզ կվերադարձնեմ  քո պաշտոնը:

Իվն արցունքոտվեց: Վիրավորանքը  հոգուց հոսել, եկել լցվել էր կոկորդը: Երբեք իրեն այսքան դավաճանված չէր զգացել, ինչպես հիմա:

— Դու ինչպես կարո՞ղ էիր, Բեն:

— Ինչու՞ ես ողբերգություն դարձնում, ամեն ինչ նորմալ է, ժամանակավոր բան է:

— Ես չեմ կարող ցածր աշխատավարձով աշխատել՝ դու դա գիտես:

— Ես ինքս  քեզ կվճարեմ, հանգիստ եղիր, -Բենը բազմանշանակ ժպտաց Իվին:

Իվը ուզում էր ողջ ուժով ապտակել նրան, բայց շրջվեց ու հեռացավ:

Բենը նրա ետևից  ինքնագոհ ժպտաց:

***

Իվը մտավ ընդհանուր սենյակ, որտեղ  հինգ հաշվապահ էր նստած: Փորձում էր  ցույց չտալ ձեռքերի նյարդային դողը: Հայացքով փնտրեց, գտավ իր սեղանը: Կիսաժպիտով բարևեց ներկաներին: Նրանցից երկուսը, որ բավականին տարիքով էին, ամեն ինչ հասկացած՝ ափսոսանք արտահայտող հայացքով  ժպտացին: Գնաց դեպի այդ անշուք սենյակի անշուք անկյունում տեղադրված, ամենաանշուք սեղանը: Ոտքերը ծանրացել էին, չէին ցանկանում գնալ: Իվի գլխում միտք ծագեց. ամողջ մարմինս է դիմադրում այս քայլին, ինձ հուշում, որ պետք չէ դա անել… Մի կերպ հաղթահարեց այդ մի քանի քայլը, նստեց: Մեխանիկորեն բացեց սեղանի վրա դրված  թղթապանակը, սկսեց  ակնապիշ նայել  թղթերին, բայց ոչինչ չէր տեսնում: Աչքերում լճեր էին: Ամեն ինչ մշուշվել էր, սիրտը կրկին զգացնել տվեց իրեն: Միայն թե ոչ հիմա՝ կամաց շշնջաց սրտին, դիմացիր, խնդրում եմ: Աննկատ սրբեց արցունքները, դեպի իրեն քաշեց հաշվիչն ու սկսեց  կատարել, իրեն այդքա՜ն ծանոթ, բայց բաց վերքի պես ցավ պատճառող ատելի աշխատանքը:

ՄԱՍ 5

Բավականին ուշ էր, երբ դուրս եկավ օֆիսից: Գլխավոր հաշվապահ Մանեն  մի շաբաթվա աշխատանքը բերել թափել էր դիմացն ու ստիպել կատարել մեկ օրում: Այդ աղջիկն առաջին օրվանից իր հանդեպ ատելություն ուներ. բոլորն են դա նկատել, բայց թե ինչու՝ Իվն ադպես էլ չկարողացավ հասկանալ:

Ոտքերը հազիվ քարշ տալով հասավ հիվանդանոց, հետո միջանցք, հետո ամուսնու պալատը: Հենց տեսավ նրա  անկենդան մարմինը՝ ազատություն տվեց արցունքներին:

Երկու ձեռքերով ծածկել էր դեմքն ու բարձրաձայն հեկեկում էր:

— Ինչու, ինչու  չթողեցիր, որ ես  դառնամ  երջանիկ կին: Ինչո՞ւ իմ ներսում սպանեցիր երազանքներս, ինչո՞ւ կոտրեցիր հավատս ուժերիս նկատմամբ, ինչո՞՞ւ  չնկատեցիր իմ տանջանքները, իմ զոհաբերությունները: Ես միշտ աչք եմ փակել քո բոլոր թերությունների վրա, ես միշտ ինձ վրա եմ վերցրել մեր տան բոլոր հոգսերը, ես միշտ լռել եմ, ներել եմ, ու ի՞նչ եմ ստացել ի պատասխան: Քո  անտարբերությունը: Քո՝ ինձանից հեռանալը, քո՝ ինձ դավաճանելը, քո՝ ինձ դրդելը սխալ քայլերի, ինձ մենակ թողնելդ, ստիպելդ, որ ես ինձ զգամ ոչ ցանկալի, ոչ  պետքական: Հիմա ես մոլորվել եմ, ես չգիտեմ ինչ անեմ, չգիտեմ ինչպես պահեմ մեր Ավային: Առանց քեզ դժվար է… Ես միշտ քեզ սիրել եմ… Ես քեզ հիմա էլ եմ ներում, մենակ թե վերադարձիր, խնդրում եմ, մենակ թե վերադարձիր… Խոստանում եմ՝ ամեն ինչ լավ կլինի, ես ամեն-ամեն ինչ կանեմ, որպեսզի իմ կողքին դու քեզ երջանիկ զգաս: Գիտեմ, որ դու էլ ես դա ուզում, գիտեմ, որ  դու էլ ես սիրում մեզ:

Դուռը կամացուկ բացվեց, ներս մտավ մի երիտասարդ աղջիկ:

Իվը սրբեց արցունքներն ու նայեց նրան:

Աղջիկը նետվեց Իվի գիրկը:

— Դուք երևի Անրիի քույրն եք, ամուր եղեք, նա անպայման կապաքինվի:

Հետո գրպանից մի մատանի հանեց, դողդոջ ձեռքով մեկնեց Իվին:

— Նա  էր նվիրել քրոջս՝ այս դեպքից մի երկու օր առաջ: Նրանք պատրաստվում էին ամուսնանալ:

Իվին թվաց, թե հողը ոտքերի տակից պոկվեց: Գլուխը  պտտվեց, հետո առաստաղը  փուլ եկավ գլխին:

…Երբ աչքերը բացեց՝ կողքին  բուժքույրն էր, սեղանին մի քանի դատարկ  սրվակներ  ու ներարկիչ: Բուժքույրը տխուր ժպտաց Իվին: Իվը աչքերով փնտրեց այն աղջկան ու հասկացավ, որ բուժքույրը նրան տեղեկացրել էր իր՝ ով լինելու մասին:

Հեռախոսին հաղորդագրություն եկավ:

Դանդաղ բացեց. աղջիկն էր  տատիկի մոտից տեսաուղերձ ուղարկել. ՛՛Մամա ջան, ես լավ եմ, տատիկի հետ հեքիաթներ ենք կարդում, մի քիչ հետ  էլ կգնանք զբոսնելու ու  իմ ժամին կքնեմ՛՛:

— Ես գնամ, արդեն լավ եմ, -շշնջաց Իվը:

— Լավ կլինի մի քիչ էլ պառկեք:

— Չէ, գնամ:

***

Քաղաքի այդ լուսավոր պողոտան միշտ մարդաշատ էր: Այստեղ, ի տարբերություն մնացած փողոցների, բոլորը ժպիտով են քալում: Նա ասես միայն երջանիկ մարդկանց է դեպի իրեն ձգում: Միակ դժբախտ մարդն այդ փողոցում Իվն էր: Քայլում էր գլխիկոր՝ ոչ  ցուցափեղկերից  շողշողացող զարդերն էր նկատում, ոչ  օտարերկրացիների  հետաքրքրական հայացքները, ոչ սիրահարների  ժպիտները: Ցավից, ասես, կուչ էր եկել՝ դարձել մի բուռ: Ուսերն  այնպե՜ս էր կլորացրել, որ  քիչ էր մնում նմանվեր մոր արգանդում  գտնվող սաղմի: Այդպես քայլում են նրանք, ովքեր  չեն ուզում, որ իրենց նկատեն, ովքեր  ոչինչ չունեն աշխարհին ասելու: Հանկարծ  ինչ-որ երաժշտություն շոյեց ականջը: Քայլերը մի քիչ դանդաղեցրեց: Քառասունն անց, երկարավարս մի երաժիշտ նստել էր նստարաններից մեկին ու  իր կիթառի հետ դարձած մի հոգի՝ երգում էր.

՛՛Դու մի փնտրիր պատասխաններ՝

Դրանք չկան

Այլ կատարիր  որևէ քայլ ու շատ արագ:

Որ լույս բացվի մթության մեջ՝

Բավ է միայն

Մի մոմ վառել կամ մի ճրագ՝  գեթ մի ճրագ՛՛…

Իվը զգաց, որ հուզմունքը նորից կլանեց իրեն: Հանկարծակի հիշած մտքից՝ այսօրվա ընթացքում առաջին անգամ ժպտաց, մոտեցավ երգչին:

— Կներեք, ինձ գրավեց Ձեր կատարումը, բառերի հեղինակն ո՞վ է:

— Ես եմ գրել, -երաժիշտը երջանիկ ժպտաց:

— Ինչո՞ւ եք այստեղ երգում, չէ՞ որ Ձեզ ոչ ոք չի լսում:

— Լսում է Տիեզերքը, Աստված: Ես հետևում եմ իմ ճանապարհին:

— Այսի՞նքն:

— Ամեն մարդ ծնվում է ինչ-որ տաղանդով, որով պետք է կիսվի աշխարհի հետ, որով պետք է ավելի գեղեցկացնի աշխարհը, այլապես նա երբեք երջանիկ չի դառնա: Մենք պետք է հասկանանք, թե  որն է դա և որոշենք գտնել այդ տաղանդին իրագործման տեղ, և ահա այդ ժամանակ մեր կյանքում կսկեն հրաշքներ տեղի ունենալ:

— Դուք Ձեր տարիքում դեռ հավատու՞մ եք հրաշքներին: Կներեք, բայց մանկամտություն է:

— Գիտե՞ք որն է Ձեր խնդիրը, տիկին, դուք չեք հավատում, որ արժանի եք Ձեր տաղանդին: Դուք վախենում եք քայլ անել:

Իվը պայուսակից    հանեց երկու օր առաջ  իր պահարանի վերևի արկղիկից ընկած թուղթն ու մեկնեց երգչին.

— Սա Ձեզ նվեր… ես Ձեր ասած քայլը կատարեցի:

Երգիչը վերցրեց  թուղթը, երախտագիտությամբ ժպտաց նրան: Իվին այդ ժպիտը ծանոթ թվաց: Բայց սա առաջին անգամը չէր, ինքն արդեն սովորում է, որ նրանք, ովքեր իրեն  ասելիք են ունենում, միշտ ծանոթ  մի բան ունեն իրենց մեջ:

Իվը սկսեց հեռանալ: Նրա ետևից դեռ հնչում էր երգչի խռպոտ ձայնը: Իվը հաստատ համոզված էր, որ խորունկ աչքերով տղամարդն այդ տողերն իր համար է երգում:

— Պատահական չեն հանդիպումները,

Մեր ժպիտները պատահական չեն,

Խաչուղիները, մեր արցունքները

Պատահական չեն, պատահական չեն…

ՄԱՍ 6

Պատուհանից այն կողմ մութը վաղուց էր ընկել: Քաղաքի տխուր սիրտն անընդհատ ճեղքում էր   կայծակը՝ փորձելով  ցրել խավարը:

Իվը  չէր սիրում ալկոհոլ օգտագործել, բայց այսօր  նրան մոռացվել էր պետք: Բակի խանութից գնած գինու շշի կեսն արդեն դատարկ էր: Նստել էր պատուհանի դիմաց՝ գինու գավաթը ձեռքին, սլացիկ ոտքերը  բարձրացրել ՝ դրել էր պատուհանի գոգին ու նայում էր թափվող անձրևին: Երբեմն-երբեմն նրա աչքերից   արցունքներ էին թափվում ու  լցվում գավաթի մեջ:

  Հետո դանդաղ արձակեց  վերնաշապիկի կոճակներն ու մութ պատուհանի մեջ արտացոլվեց նրա մարմնի մերկությունը: Նայեց իր արտացոլանքին: Մաշկը դեռ հարթ է, կուրծքը՝ պիրկ, փորի մասում ավելորդ ճարպ էր հավաքվել՝ խոժոռեց դեմքը, հետո  շոյեց իր ազդրերը, որոնք միշտ էլ խենթացնող կլոր են եղել:

 Թեթև բացեց պատուհանը, քամին անձրևի կաթիլներ հրեց տուն, որոնք գրկեցին նրա կիսամերկ մարմինը: Իվը սարսուռ զգաց. հպումի քաղցր սարսուռ:

Դուռը ծեծեցին: Նա շարունակեց հանգիստ ըմպել գինին՝ պատուհանի մեջ  զննելով իր մարմնի գեղեցկությունը: Նորից թակոց: Այդպես՝ արձակած կոճակներով, գնաց դեպի դուռը: Քայլելիս հասկացավ, որ գինին ՛՛խփել է գլխին՛՛, գլուխը հաճելիորեն պտտվում է, մտքերը մի տեսակ ասես  պարզվել են: Նայեց ` Բենն էր ծաղիկներով:

Մեջքով հենվեց դռանը:

— Բացիր, Իվ, պիտի խոսենք, -դռան հետևից ասաց Բենը, -գիտեմ, որ շաբաթվա այս օրը աղջիկդ տանը չի լինում, մենակ ես, բացիր:

  Դանդաղ բացեց դուռը:

Բենը ներս մտավ: Նրա հայացքն անմիջապես կանգ առավ  Իվի մերկության վրա: Աչքերը շողացին, շնչառությունը ծանրացավ:

Ծաղիկները դրեց սեղանին, իր գրկի մեջ առավ Իվին:

— Քեզ կարոտել եմ, շա՜տ եմ կարոտել, շունչդ, մարմնիդ քնքշությունը, մազերիդ հոտը, Իվ…

Իվը ոչինչ չէր խոսում:

Բենը սկսեց  համբույրներ տեղալ Իվի ամբողջ մարմնին՝ կրքոտ շոյելով նրան: Իվը  փակեց աչքերը: Ցանկացավ որսալ կիսաբաց պատուհանից ներս թափանցող քամին: Զգաց… Այդ պահին պարզորոշ հասկացավ, որ քամու  շոյանքից ավելի մեծ հաճույք է ստանում, քան  Բենից: Կամաց շշնջաց նրա ականջին:

— Կներես, ես քեզ չեմ սիրում:

— Ոչինչ…, -Բենը կրքից ասես խենթացել էր:

— Դու ինձ չլսեցիր, Բեն, թող…  ես քեզ չեմ սիրում:

Իվը թեթևակի մի կողմ հրեց նրան:

Բենը սակայն ուժով Իվին քաշեց դեպի իրեն:

— Հետո կխոսենք այդ մասին, լա՞վ…

Իվը տհաճություն զգաց: Մարմնի այն տեղերը, որտեղ այդ պահին Բենի համբույրներն էին, ասես կրակների պես այրեին:

Ուժով հրեց նրան, Բենը ետ-ետ գնաց, գլխով զարկվեց պահարանին: Գլխից սկսեց արյուն հոսել: Կատաղած գոռաց:

— Ի՞նչ ես անում, հիմա՞ր ես:

— Կներես, հիմա վիրակապ կդնեմ ու գնա քո տուն: Ես քեզ չեմ սիրում, երբեք էլ չեմ սիրել. դու դա պիտի որ հասկացած լինեիր:

— Սիրել-չսիրելը՝ ո՞րն է, մենք հո 16 տարեկան չենք, մեզ լավ է իրար հետ՝ դա հերիք է:

— Ինձ լավ չէ քեզ հետ, -Իվը նայեց նրան արցունքոտ աչքերով, -Ես քեզ հետ փորձում էի փարատել հոգուս ցավը, ամուսնուս վերաբերմունքն իմ հանդեպ, վրեժս, լքված ու չսիրված լինելս, բայց հասկացա, որ դա չէ դեղամիջոցը, ես սխալվել եմ… կներես:

***

Դռան շրխկոցը ապտակի պես հնչեց: Բենն էլ գնաց: Իվը նայեց իր շուրջը. Դատարկություն էր՝ չկար ամուսինը, չկար Բենը, չկար Ավան, չկար մայրը… ո՜չ ոք նրանցից, ովքեր թեկուզ շատ անգամ ցավ էին պատճառում, ովքեր շատ անգամ չէին հասկանում նրան, բայց փոխարենը լցնում էին իր կյանքի դատարկությունը:

Սիրտը նորից զգացնել տվեց իրեն: Իվը փորձեց արհամարհել: Սակայն ծակոցը սաստկացավ: Մոտեցավ հայելուն, նայեց իրեն, տեսավ, որ շուրթերը դալկացել են: Հասկացավ, որ շուտով կուշաթափվի: Վերցրեց հեռախոսը, հասցրեց հավաքել 1—03 և ուշաթափ ընկավ գետնին:

***

…Աչքերը բացեց ծանոթ ապարատի ծանոթ ձայնի ներքո: Հիվանդասենյակում մահացու լռություն էր: Ամբողջ մարմինն ասես նվվում էր: Պտտեց հայացքն ու հանդիպեց կողքի մահճակալին պառկած կնոջ հայացքին:

Անծանոթ կինը ժպտաց.

— Բարի վերադարձ, -ասաց նա, — Ինձ էլ են մի քանի անգամ ետ ուղարկել. սկզբից չէի հասկանում, թե ինչու են դա անում: Ախր ամեն վերադարձ պետք է պատճառ ունենա: Հաճախ եմ ինքս ինձ հարցրել. եթե վերադառնում եմ, որպեսզի մնամ այս անկողնուն գամված՝ էլ վերադառնալուս իմաստը ո՞րն է: Բայց հիմա հասկացել եմ: Այսօր առավոտյան եմ հասկացել՝ հերթական վերադարձից հետո:

Իվը տխուր ժպտաց:

— Եվ ի՞նչ եք հասկացել:

— Որ ինձ վերադարձնում են՝ խենթություններս իրագործելու, երազանքներիցս գոնե մի քանիսին կյանք տալու համար:

Իվը թույլ ծիծաղեց:

— Լավ գաղափար է, բայց…

— Գիտե՞ք, այդ միտքն ինձ ոգեշնչեց, ներսումս արյունս սկսեց եռալ:

— Եթե այստեղ եք պառկած՝ ուրեմն դուք էլ սրտի խնդիր ունեք. եռացող արյունը սրտին վնա՞ս չէ-Իվը փորձեց կատակել:

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.