ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
Գյուղն անմիջապես երևաց, հենց «Գազիկը», ողջ արագությամբ, ուժգին հռնդյունով հաղթահարելով վերելքը, թռավ բարձր ու զառիվայր բլուրը, որը, ծածկված էր սակավաթիվ ծառերով ու թպուտներով: Այս ու այնտեղ, դեմուդեմ երկու սարալանջերն ի վար, միմյանցից փոքր-ինչ հեռավորության վրա, իջնում էին միահարկ ու երկհարկանի թիթեղածածկ տների անկանոն շարքերը՝ տնամերձ մրգատու այգիներով ու բանջարանոցներով: Հեռվից այնպես էր թվում` ասես գյուղում ոչ մի փողոց չկա: Դա որոշ չափով անսովոր էր. լեռնային փոքրիկ ու միայնակ գյուղ, որն ասես աշխարհի ծայրին լինի, թեև չէր անցել և կես ժամ, ինչ դուրս էին եկել շրջկենտրոնից: Ելենան այնուամենայնիվ հետո հասցրեց նկատել լայն փողոցը, ճաշարանը, փոստը, դեղին մեծ ավտոբուսը` կանգնած ակումբի և խանութի հարևանությամբ…
Եվ այնուհանդերձ, չնայած շրջկենտրոնին այդքան մոտ գտնվելուն, գյուղը թվում էր մռայլադեմ, մի տեսակ անհյուրնկալ, փոքր-ինչ անիրական…
«Ահա այստեղ պիտի ապրեմ ողջ կյանքս…», — տխրամած մտածեց նա: Ելենան մտովի հիշեց ամենը, ինչը կապված էր Արսենի հետ. ինչպես նա զինվորական համազգեստով եկավ իրենց տուն իր եղբոր` Դմիտրիի հետ: Ելենան այն ժամանակ սովորում էր իններորդ դասարանում: Գերված նրա մատղաշ գեղեցկությամբ՝ Արսենն, անկարող աչքը կտրել նրանից, անթարթափ նայում էր նրա գեղանի տեսքին, կայծկլտուն աքերին, հյութալից շուրթերին, և Ելենան չգիտեր ինչ աներ՝ մնա՞ր նրա մոտ այդպես կանգնած՝ շուրթերն իրար սեղմած, թե՞ բացեր շուրթերը հմայիչ ժպիտով… Հիշեց նրա նամակները բանակից, այնուհետև՝ ինստիտուտից, սիրո խոստովանությունը՝ այգու խնձորենու տակ, առաջին համբույրները՝ ձորամերձ կեչու պուրակում, ուր ոլորապտույտ հոսում էր գետը՝ միառմի փայլկտալով սաղարթախիտ ծառերի արանքներով ներթափանցող արևից, իսկ հետո` նամակները Ղարաբաղից: Հիշեց նրա վերջին այցելությունը շուրջ երեք շաբաթ առաջ և այն ջերմ երեկոն, երբ միասին գնացին կինո: Ելենան նայում էր էկրանին, բայց ոչինչ չէր տեսնում, որովհետև Արսենից դեպի իրեն էին տարածվում ինչ-որ «շատ ուժեղ հոսանքներ». նա շշնջաց Արսենին այդ մասին, իսկ նա նույնիսկ չժպտաց, և Ելենան դրանից մեկ ուզում էր արտասվել, մեկ՝ ծիծաղել, ու զգում էր նաև, որ այդ պահից կրծքում ինչ-որ բան ասես ծակծկում էր` առաջացնելով ցանկալի, նախկինում երբևէ չզգացված քաղցր զգացում: Նա անսպասելիորեն վախեցավ, գրեթե ուշակորույս լինելու աստիճանի` մտածելով այն մասին, որ շուտով Արսենը կմեկնի, և ինքն այլևս երբեք չի տեսնի նրան:
— Դու շո՞ւտ ես գնալու, — շշուկով հարցրեց Ելենան` թեթևակի դիպչելով նրա ձեռքին:
— Մենք միասին ենք գնալու: — Արսենն այնպես պատասխանեց, ասես ամեն ինչ վաղուց որոշված էր:
Դա ամուսնության յուրատեսակ առաջարկ էր Արսենի կողմից: Հետո նա բռնեց Արսենի ձեռքը և այլևս բաց չթողեց մինչև սեանսի ավարտը, զգալով` ինչպես է հանդիսասրահը՝ էկրանի, հանդիսատեսների, դռների վրա կապույտ լամպերի, մարդկանց գլխավերևում լույսի շողշողուն ճառագայթների հետ, դանդաղորեն պտտվում անընդհատ… Այն ժամանակ Արսենն ասաց. «Ա՜յ կտեսնես, ինչ չքնաղ դրախտ է մեր Ղարաբաղը…»: Եվ ահա նա այստեղ է, որտեղ ծնվել է Արսենը, սովորել է դպրոցում և այստեղից գնացել բանակ…
Լավ տրամադրությունը, կապված երկաթուղային կայարանում Արսենի բարեկամների՝ քրոջ ամուսնու՝ Մուշեղի ու քրոջ որդու՝ տասը-տասնմեկ տարեկան Գրիշիկի հետ, որը մեկ-մեկ նայում էր իրեն, ամոթխած ժպտում, հանկարծ փչացավ: Անակնկալ սուր կարոտը սեղմեց Ելենայի սիրտը, կարոտը՝ անծիր դաշտերի արևավառ լայնարձակության նկատմամբ, որոնք անընդգրկելիորեն տարածվում են անմիջապես մարզային իրենց փոքրիկ քաղաքի եզրից: Եվ նա միայն հիմա, հենց այս րոպեին հասկացավ, թե որքան թանկ էր իր համար այդ փոքրիկ Վոլխով քաղաքը, որտեղ նա ապրել էր իր բոլոր տասնինը տարիները, ավարտել դպրոցը, այնուհետև` մանկավարժական տեխնիկումը, և որը նույնիսկ Ռուսաստանի քարտեզի վրա չես գտնի: Իրենց հարմարավետ տունը հիշեց՝ պարտեզի հետ, և՛ կոպտատաշ դազգահը, որի վրա Դմիտրին միշտ ինչ-որ բան էր նորոգում, և՛ կիսով չափ չորացած խնձորենին հիշեց՝ բակի կենտրոնում, միանգամից կարոտեց հորը՝ բարձրահասակ ու բարի, մորը՝ խիստ և զիջող, որն իրեն կյանքում մի կոպիտ բառ անգամ ասած չկա:
Ելենան աչքի ծայրով նայեց իրեն խորթ ու օտար այդ Մուշեղին, ապա շուռ եկավ Արսենի կողմը: Արսենը ժպտաց և հայացքով հարցրեց. «Ի՞նչ է…»:
— Ոչինչ, ես հենց այնպես…
Դա հանկարծադեպ նրան պատած անհասկանալի վախն էր՝ անհայտության հանդեպ, որը վայրագ մոլուցքով անսպսելիորեն պարուրել էր իրեն:
Ատված իմ, մի՞թե նա ենթագիտակցաբար զգում էր, թե ինչ է սպասվում իրեն առջևում:
— Ի՞նչ է պատահել, Ելենա, ինչո՞ւ եք տխրել, — հարցրեց Մուշեղը:
— Չէ, ինչ եք ասում… — Ելենան փորձեց ժպտալ, բայց ժպիտը ստիպողաբար էր, նա զգաց դա և շուռ եկավ:
Մուշեղն ըմբռնումով ուսերը թոթվեց և չավելացրեց ոչինչ:
Գյուղ մտան թեթևակի նվազեցնելով մեքենայի արագությունը, ասես նրա համար, որպեսզի Ելենան հասցնի վերագտնել իրեն: Ներսից գյուղը լրիվ ուրիշ կերպ թվաց՝ գյուղական թեպետ նեղ, սակայն հարմարավետ փողոցներով, քարե բարետես դիմացկուն տներով, ընդարձակ բանջարանոցներով՝ շրջապատված մոշի ու վայրի մամուխի թանձր թփերի անթափանց պատնեշով: Թթենիների լայնատարած սաղարթախիտ ճյուղերն ուղղակի քսվում
Էին պատշգամբների ապակիներին: Գյուղի հաճելի տեսարանը որոշ չափով հանգստացրեց Ելենային:
— Իսկ ձեր գյուղը իրոք գեղեցիկ է՝ շրջապատված երկնքին մոտ սարերով ու խոր ու ձորերով, անթիվ, անհամար փոքրիկ դաշտերով, սփռված այս ու այնտեղ: Հեռվից այն թվում էր փոքր-ինչ մռայլ:
— Հեռվից ամեն ինչ այլ կերպ է երևում, Լենա, — արձագանքեց Արսենը, կռահելով, թե ինչի մասին է նա մտածում: — Դե՛, ահա և հասանք:
Մեքենան կանգ առավ փայտե բարձր ցանկապատի առաջ: Այն միանգամից կրնկի վրա բացվեց, այնտեղից առաջինը դուրս ցատկեց շուրջ հինգ տարեկան մի աղջիկ` երկար, ակնհայտորեն ոչ իր համար կարված զգեստով և ընթացքից նետվեց Մուշեղի գիրկը:
— Իմ փոքրն է, — ներկայացրեց Մուշեղը` աղջկան մոտեցնելով Ելենային, — անունն Անահիտ է, ծանոթացեք:
Սակայն ծանոթանալ այդպես էլ չհաջողվեց: Ցանկապատի մյուս կողմից հայտնվեցին ևս երեք կին և ալեհեր ու բարձրահասակ, շուրջ յոթանասունհինգամյա մի տղամարդ` ավելի երիտասարդ, տարիքին անհամապատասխան դեմքով: Նրան Ելենան անմիջապես ճանաչեց պիջակի դատարկ ձախ թևքից: Արսենը պատմել էր. դա նրա հայրն էր, որը ձեռքը, մինչև ուսը, կորցրել էր կոլխոզի սղոցարանում: Այժմ նա կանգնել էր, ամաչկոտ շփելով սափրված այտը, չիմանալով ինչ անել:
— Դու երևի ճանաչեցիր հայրիկին, — հարցրեց Արսենը:
— Ճանաչեցի: — Ելենան մոտեցավ Արսենի հորը և ասաց դողացող ձայնով, — բարև ձեզ, հայրիկ:
Ելենան գիտեր, որ նրան այդպես են անվանում թոռները:
Արսենի հայրը առողջ ձեռքով անվարժ գրկեց Ելենայի գլուխը և, բառ անգամ չարտաբերելով, համբուրեց մազերը՝ ճակատից քիչ վերև:
— Իսկ սա իմ Մարիամ մայրիկն է: — Արսենը ցույց տվեց բարձրահասակ, նիհար ու ալեհեր կնոջը` հյուծված դեմքով, որի խստությունը թեթևակի թուլացնում էր զսպված ժպիտը:
Մարիամը նույնպես համբուրեց հարսին, ապա ասաց հայերեն` դիմելով ոչ թե Ելենային, այլ կողքին կանգնած կանանց.
— Նրա հետ չգիտես էլ ինչպես խոսես…
Կանայք չպատասխանեցին, բայց Արսենը, թեթևակի շարժելով հոնքերը, արտաբերեց.
— Մայրիկ, ուրիշ բան չունեի՞ր ասելու: Պետք լինի, նա մեր լեզուն էլ կսովորի: — Եվ ավելացրեց ռուսերեն: — Իսկ սա իմ մորաքույր Անուշն է` մորս հարազատ քույրը, մեզ հետ է ապրոմ: Իսկ ահա և իմ քույր Արփիկը:
— Դուք Գրիշիկի մայրի՞կն եք: Հրաշալի տղա է, մենք արդեն մտերմացել ենք, — ասաց Ելենան՝ աչքի ծայրով հասցնելով նկատել, թե ինչպես Արսենի խոսքերից հետո, որոնց իմաստը նա չհասկացավ, ինչպես որ չհասկացավ նաև, թե ինչ ասաց մայրը, որի երեսից ժպիտն ակնթարթորեն անհետացավ:
— Հա, նա այդպիսին է… — փոքր-ինչ զսպված աշխուժությամբ ասաց Արփիկը և լռեց, չգտնելով հարմար բառ, իսկ հետո, ասես ցանկանալով լիցքաթափել լարված մթնոլորտը, որի ներքո տեղի էր ունենում ծանոթացումը, գրկեց Ելենայի ուսերը և ասաց.
— Ի՞նչ ենք այստեղ կանգնել: Իսկ տունն ինչի՞ համար է: Գնանք:
Ի զարմանք և ուրախություն Ելենայի, Արփիկը վարժ խոսում էր ռուսերեն` բառերն արտասանելով մաքուր, թեպետ ինքնատիպ առոգանությամբ:
Բոլորը, ասես ուրախանալով ծանոթացման արարողության ավարտի համար, հապճեպ մտան բակ, բարձրացան առաջին հարկի լայնատարած ծածկապատշգամբը: Ապա Մուշեղն ու Արսենը գնացին մեքենայի կողմը` ճամպրուկների հետևից: Իսկ երբ վերադարձան, նկատեցին, որ ծածկապատշգամբում տիրում է եթե ոչ լարվածություն, ապա հավանաբար որոշ կաշկանդվածություն: Կանայք դոփում էին տեղում` չիմանալով ինչի մասին խոսել: Ըստ երևույթին, դա հանդիպման առաջին րոպեների անկորոշ շփոթությունն էր:
— Ի՞նչ եք այստեղ կանգնել, — հարցրեց Մուշեղը, — մե՞զ եք սպասում: Եկեք, տուն մտնենք: Ելենա, ուզո՞ւմ եք դիտել այգին:
— Շատ եմ ուզում, — Ելենան ուրախացավ թեթև զբոսանքի հնարավորության համար, բայց երևի ավելի շատ նրա համար, որ հնարավորություն կունենա թոթափել իրեն ընկճող անվստահությունը:
— Արսե՛ն, գործի անցիր, — ասաց Մուշեղը, — ցույց տուր քո տիրույթները:
Արսենը նույնպես ուրախ էր զբոսանքի համար:
— Գնա՛նք: Գրիշի՛կ, արի մեզ հետ…
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Տունը բավական մեծ էր, քարե, երկհարկանի, երկու լայնատարած ծածկապատշգամբներով` մեկն առաջին հարկում, որտեղ կար երկու սենյակ` բոլոր օժանդակ հարմարություններով, մյուսը` փայտաշեն, որը գոտևորում էր ողջ երկրորդ հարկը երեք կողմերից` ճակատից ու կողքերից: Այնտեղ նույնպես երկու սենյակ կար, որոնցում, Ելենան արդեն գիտեր, պետք է ապրեին իրենք` ինքը և Արսենը: Այգին բավական ընդարձակ էր, թեև առաջին հայացքից նեղ էր թվում, քանի որ խիտ պատված էր մրգատու ծառերով ու վազերով, որոնց վրա աճում էին դեռևս կանաչ հատիկներով խոշոր ողկույզներ:
Ելենան կանգ առավ թփերից մեկի մոտ, երկու ձեռքերով զգուշորեն բռնեց ողկույզը, ասես վերջինս պատրաստված էր նրբագույն հախճապակուց, մատներով շոշափեց խոշոր հատիկների սառը կարծրությունը:
— Երևի ծիծաղելի է, բայց ես երբեք չեմ տեսել, թե ինչպես է աճում խաղողը, — խոստովանեց նա:
— Ինչպե՞ս չես տեսել, — զարմացավ Գրիշիկը կոտրատված ռուսերենով: –Սավսեմ-սավսե՞մ: Բոլորովի՞ն չես տեսել:
— Բոլորովին, Գրիշիկ: Իսկ խաղող շատ կլինի՞ այս թփի վրա:
— Շատ, Լենա, — պատասխանեց Արսենը: — Լավ, գնանք առաջ, թե չէ հիմա կկանչեն տուն:
— Արսեն, դու նրան ցույց տուր կոլտնտեսության խաղողի այգիները, — խորհուրդ տվեց մոտեցող Մուշեղը, — այդ ժամանակ նա կզգա, թե ինչ է դա, գոնե պատկերացում կկազմի:
— Անպայման ցույց կտամ:
— Իսկ ե՞րբ, — Ելենայի աչքերը վառվեցին հետաքրքրասիրությունից :
— Երբ ասես:
— Վա՛ղը:
— Վաղը, ուրեմն` վաղը:
Այգու մեծ մասը վարունգի, լոլիկի, տաքդեղի, կանաչու, սոխի մարգեր էին: Իսկ լայն տերևներով դեռահաս դդումները գետնի վրայով տարածվել, բարձրացել, կախվել էին ցանկապատի ողջ երկարությամբ:
— Իսկ սա գիտեմ, դդում է, — ուրախացավ Ելենան: — Իմ Օլյա տատիկի բանջարանոցում շատ դդումներ էին աճում:
— Դուք տատի՞կ էլ ունեք, — հարցրեց Մուշեղը:
— Ունեի, — ասաց Ելենան, — յոթանասունվեց տարեկանում մահացավ: Նա իսկական ճակատամարտիկ էր: Պատերազմի ժամանակ ընդհատակում էր աշխատել կուսակցական մարզկոմի առաջադրանքով, հետո, երբ ֆաշիստները սկսեցին նրան կասկածել, պարտիզաններին միացավ: Բացի դրանից, Օլյա տատիկը շրջափակման տարիներին իր տան նկուղում գերմանացիներից մերոնքական մի զինվոր է թաքցրել…
— Կարծեմ վրացի է եղել, — ավելացրեց Արսենը, որն այդ մասին Ելենայի եղբորից էր լսել:
— Այո, վրացի էր, նա գերի էր ընկել մյուս ռազմիկների հետ միասին: Գերմանացիները նրանց քշել են Պչևա գյուղ, Վոլխովի ափին, ուր առաջ ապրում էր Օլյա տատիկը: Դա մեր քաղաքից հեռու չէ: Այնտեղ էլ բոլորին գնդակահարել են: Բայց մեկը պատահաբար ողջ է մնացել: Ահա, նրան էլ բերել են Օլյա տատիկի մոտ: Ամբողջ երեք ամիս նրան խնամել է, ֆաշիստների ուղիղ քթի տակ, իսկ հետո, երբ նրանք սկսել են ինչ-որ բաներ կռահել, Օլյա տատիկը նրա հետ միասին հեռացել է անտառ, պարտիզանների մոտ:
— Դու, կարծեմ, ունես, չէ՞, տատիկիդ երիտասարդ տարիների լուսանկարը, — ասաց Արսենը:- Դու նրան շատ ես նման:
— Օլյա տատիկի պատճենն եմ: Ես այդ լուսանկարը թռցրել եմ նրանից, իսկ հետո ցույց եմ տվել մայրիկին: Կարծելով թե իմ նկարն է, զարմացած հարցրել է, թե որտեղի՞ց է քեզ նախապատերազմական այդ շրջազգեստը… Օ՛յ, իսկ սա՞ ինչ է: — Ելենան մոտեցավ թելերի պես ոլորուն ցողուններով ու կպչուն տերևներով լոբու մարգերին: -Նման բույս տեսած չկամ:
— Դա լոբի է, — բացատրեց Գրիշիկը: — Դու լոբի կուշա՞լ, կերե՞լ ես:
— Լոբի՞, — Ելենան նայեց ու տերևների միջև նկատեց կանաչ պատիճներ: — Մեզ մոտ բուլղարական լոբի էին վաճառում բանկաներով, ինձ դուր չեկավ: Բայց թարմ վիճակում երևի համեղ կլինի, թարմը չեմ կերել:
— Այսօր կփորձես, հետո կխոսենք, — խոստացավ Արսենը:
— Իսկ այնտեղ ի՞նչ է, մարա՞գ:
— Գուշակեցիր, — գլխով արեց Արսենը, — այնտեղ իմ մոտոցիկլետն է կանգնած, ժամանակ չկա նորոգելու:
Անսպասելիորեն մարագի կողմից լսվեց հուժկու, կատաղի հաչոց: Ելենան շուռ եկավ ձայնի կողմը, տեսավ վիթխարի գամփռը՝ մարագի ստվերում տիրաբար նստած:
— Ախ, ի՜նչ լավն է: Իսկ ինչո՞ւ եք կապել: Մի՞թե մեղք չէ, ու այն էլ շղթայված:
— Նրա բույնը դարպասի մոտ է, — պարզաբանեց Արսենը: — Իսկապես, Մուշեղ, ինչո՞ւ է նա այստեղ:
— Մտածեցինք, որ առաջին իսկ օրը Ելենան կվախենա: Հայրիկը հեռու տարավ:
Գորշ գայլախեղդ գամփռը նստել էր ստվերում` ցից ականջներով մեծ, գրեթե քառակուսի գլուխը դրած խոշոր թաթերի վրա, զգաստ նայում էր օձի սառն ու չար աչքերով: Նրա ծոծրակի մորթին թվաց կատաղորեն ցցված էր:
— Իսկ կարելի՞ է մոտենալ նրան:
— Ոչ մի դեպքում, — ասաց Արսենը:- Նա ոչ ոքի չի ենթարկվում, բացի հայրիկից: Կհոշոտի մի րոպեում:
— Իսկապե՞ս: — Ելենան խնդուն բերկրանքով նայեց Արսենին: — Գրիշկա, սպասիր, ես հիմա, — ու քայլեց շան կողմը:
— Տե՛ս, շղթան երկար է, շատ մի մոտենա, — տագնապած նախազգուշացրեց Արսենը` պատրաստվելով ժամանակին բռնել նրան, եթե հանկարծ չափից ավելի մոտենա շանը:
Բայց նա դա չհասցրեց անել, քանզի Ելենան հանկարծ անվախորեն քայլեց գամփռի կողմը:
— Բարև, սիրելիդ իմ, — ասաց նա գամփռին և ծնկի իջավ նրա դիմաց:- Ես չգիտեմ, թե ինչպես են քեզ կոչում: Բայց ի՜նչ համակրելի, գեղեցիկ ու սիրալիր ես, միայն թե զուր ես քեզ չափազանց խստաբարո տեսք տալիս: Դու ամենևին խիստ չես: Դու խիստ չես, չէ՞:
Գամփռն, ասես, հմայված նրա փաղաքուշ ձայնով, դանդաղորեն վեր կացավ և խաղացնելով թավամազ պոչը, դնչիկով ձգվեց դեպի Ելենայի ձեռքը: Նրա մեջքի ցցված մորթին մեղմացավ ու նստեց: Ելենան շոյեց նրա խոշոր բաշը, քնքշալից թփթփացրեց հզոր մեջքին:
Արսենը, նրա հետ Մուշեղն ու առավելևս Գրիշիկը, ակնհայտորեն շփոթված, միմյանց հետ հայացքներ էին փոխանակում:
— Այո՜, դու զարմանալի գեղեցիկ ու բարի ես, — շարունակեց Ելենան, և նրա ձայնը տատանվեց, — բոլորը զուր են կարծում, թե դու չար ես: Դու բոլորովին էլ չար չես: — Նա շուռ եկավ տղամարդկանց կողմը: — Իսկ դուք ասում էիք, թե կհոշոտի մի րոպեում: … Նա ընդամենը ձևացնում է, թե ինքը գել խեղդող կատաղի գամփռ է:
— Սա ի՜նչ բան է, — զարմանքով ու միաժամանակ հիացմունքի համախառն զգացումով արտաբերեց Արսենը: — Նա ախր ոչ մեկին մոտ չի թողնում…
— Այստեղ չար ոգու մատը խառն է, — ծիծաղեց Մուշեղը:
— Երևի հենց ինքը՝ Ելենան էլ չար ոգին է, — կատակեց Արսենը:
— Ճշմարիտ է, — բերկրալի հաստատեց Ելենան, — չգիտեի՞ր: Ուրեմն իմացիր՝ բոլոր կատուներն ու շները անխտիր սիրում են ինձ:
— Ա՛յ դրան կարելի է հավատալ, — ասաց Մուշեղը` նույնպես զարմացած տեսածից:- Ձեր աչքերը մերից չեն, մոշահահավի ձվի գույնի են, շա՜տ կապույտ:
— Կատվի աչքեր են, — ժպտադեմ ճշգրտեց Ելենան:
Գրիշիկը քաշեց հոր թևից.
— Պապ, իսկ ի՞նչ է նշանակում չար ոգի:
Մուշեղը ռուսերենից թարգմանեց հայերեն: Տղան գլուխը տարուբերեց` չհամաձայնելով:
— Կենդանիները՝ և շուն, և կատու, բարի երեխաներին նույնպես սիրում են, — ասաց տղան: — Ասա՛ իրեն:
— Նա գիտի, Գրիշկա, — հոր փոխարեն պատասխանեց Արսենը: — Նա ինքն էլ անսահման բարի է, մենք պարզապես կատակում ենք: Իսկ քեզ նա իսկապե՞ս դուր է գալիս:
— Վա՛, ո՞նց կարող է դուր չգալ: Շատ լավն է: Նա բոլորից լա՛վն է:
— Դա իրեն չասես, մեկ էլ տեսար՝երես առավ… — ծիծաղեց Արսենը` շոյված իր ընտրյալի մասին այդպիսի պարզասիրտ գնահատականից:
— Արսեն, ուզո՞ւմ ես շոյել շանը, — գորովալից հարցրեց Ելենան` ոչինչ չհասկանալով նրանց հայերեն խոսակցությունից:
— Ոչ մի դեպքում, ինձ ուժով էլ չես ստիպի մոտենալ դրան, — ժպտաց Արսենը: -Ի դեպ, հերիք է ձեռ տաս, դա լավ վերջաբան չի ունենա: Արի այստեղ:
Ելենան ոտքի կանգնեց.
— Դե, առայժմ, — ասաց նա գամփռին, որն ակնդետ իրեն էր նայում: -Իմ ահեղ ամուսինը կանչում է ինձ: Բայց դու մի տրտմիր, ես քեզ շուտ-շուտ կայցելեմ: Եվ առհասարակ, ես ու դու լավ ընկերներ կդառնանք:
Երբ նա հեռացավ, շունը տխուր վնգստաց, շարժվեց նրա հետևից, բայց երկաթե շղթան կասեցրեց նրա ընթացքը:
Արսենի քույրը` Արփիկը, պատշգամբից նայում էր: Նա, լուսամուտի փեղկը բացելով, ձայնեց.
— Մուշե՛ղ, հայրիկը կանչում է քեզ:
— Գալիս եմ: Գրիշիկ, գնացինք:
Նրանց գնալուց հետո Արսենը հանկարծակի զգաց, որ Ելենայի նախկին կայտառությունը չկա այլևս. նա դարձյալ մտամփոփ տեսք ուներ: Երևի նորից մտովի վերադարձել էր ծնողների հետ հանդիպման առաջին րոպեների կաշկանդվածությանը, որն ասես մոռացվել էր մի պահ: Ինքը՝ Արսենը ևս, մտահոգված էր, նա հասկանում էր, որ հանդիպումը բոլորովին էլ այնպես չընթացավ, ինչպես կցանկանար: Եվ ամբողջ ժամանակ սպասում էր, որ Ելենան կհարցնի, թե այն ժամանակ փողոցում ի՞նչ ասաց մայրը և ինքն ի՞նչ պատասխան տվեց նրան, որից հետո բոլորը հանկարծ սկսեցին ժպտալ: Նա վախենում էր այդ հարցերից, լարված սպասում էր դրանց ու չգիտեր ինչ պատասխանել… Ասե՞լ ճիշտը, կամ խաբե՞լ, կատակի՞ տալ, թե՞ հոնքերը կիտած մռայլադեմ ասել, որ պարտադիր չէ, որ նա ամբողջն իմանա… Նրանք կանգնել էին տան հետևում, ճյուղատարած վիթխարի ընկուզենու տակ, որի պաղպաջուն սաղարթների արանքից կախվել էին կանաչավուն տռուզ պտուղները: Ելենան մատների ծայրերով շոշափում էր դրանք` զգալով դրանց անհարթ կարծրությունը:
— Իսկ սրանք նռնենիներ են, — ցանկապատի երկայնքով, ուղղակի ցանկապատին կպած ցածր ծառերը ցուց տալով բացատրեց Արսենը: Նա ուզում էր պատմել այն մասին, թե ինչ գեղեցիկ է ծաղկում նռնենին, բայց մտքափոխվեց: Հոգնեցուցիչ էր երկար ժամանակ շինծու պահվածքով մնալը: Ելենան, սակայն, ինքը հարցրեց.
— Ճի՞շտ է, որ նռնենին գեղեցիկ է ծաղկում:
— Այո, շատ:
Ելենան վայրկենական, բայց քննախույզ նայեց Արսենին.
— Դու երևի հոգնել ես: Գնանք տուն:
Արսենը ապշեց նրա կանխազգացումից.
— Դու ուզում ես, որ տո՞ւն գնանք:
— Օ՛, Տե՜ր իմ… — ծիծաղեց Ելենան: — Դու ինչի՞ մասին ես մտածում:
— Ե՞ս…
— Ինձ նձ թվում է, քեզ ինչ-որ բան անհանգստացնում է: Ինչ — որ բա՞ն է պատահել… Բայց չէ՞ որ ամեն ինչ կարգին է:
— Իհարկե, ամեն ինչ կարգին է: Այլ կերպ չի էլ կարող լինել:
— Դե՛, գնա՞նք…
— Գնանք:
— Սպասիր, ես հիմա մի քանի վարունգ քաղեմ, սիրում եմ անմիջապես մարգից քաղել:
Նա թեքվեց, մտավ վարունգի մարգերը, կռանալով ու տակնուվրա անելով լայն տերևները, որոնք ծածկում էին մարգերը, քաղեց հինգ խոշոր վարունգ և կրծքին սեղմած վերադարձավ Արսենի մոտ.
— Տանն ինձ վրա չե՞ն բարկանա:
— Կբարկանան, — լրջադեմ արձագանքեց Արսենը:
— Ինչի՞ համար:
— Նրա համար, որ քիչ ես քաղել, մեկ էլ՝ նրա համար, որ վարունգ ընտրել չգիտես:
— Ինչպե՞ս թե չգիտեմ, — տագնապեց Ելենան, — նայիր ի՜նչ խոշոր են, հյութառատ:
— Այո՜, հյութառատ, որովհետև մեջը ամբողջը ջուր է ու սերմ: Դրանք սերմացու վարունգներ են, այսինքն, սերմի համար են և ոչ ուտելու: Դու ընդհանրապես ոչ մի բան ընտրել չես կարողանում:
— Ե՞ս… ընտրել չե՞մ կարողանում: Հապա կրկնի՛ր: Իսկ քեզ ինչպե՞ս եմ ընտրել, եթե ընտրել չեմ կարողանում:
— Այդ ես եմ քեզ ընտրել և ոչ թե դու՝ ինձ:- Արսենը գորովալից խանդաղատանքով գիրկն առավ Ելենային: — Դու հրաշք ես, Լենուլիկ: Դու իմ կապուտաչվի հրաշքն ես ողջ երկրագնդում:
Ելենան գորովագութ հայացքով նայեց Արսենին, արտաբերեց սիրավառ ժպիտով.
— Դե՛, գնացի՞նք:
— Գնացի՛նք, — գլխով արեց Արսենը, զգալով, թե անանդորր ալիքն ինչպես է դանդաղորեն լքում իրեն:
«Դե ախր ի՞նչ է եղել որ, — մտորում էր նա, — մեծ կին է, ասել է այն, ինչ իրականում զգացել է: Չէ՞ որ նա էլ է յուրովի իրավացի է: Զարմանալի է, Լենան դա ինձնից շուտ է հասկացել…»:
Արդեն տան մոտ Ելենան նորից կանգ առավ.
— Օ՜յ, այս ի՜նչ հրաշք է: Այս ինչ սիրուն դնչիկ ունի Սա ձե՞ր հորթն է:
— Բա էլ ո՞ւմն է քո կարծիքով:
Ելենան վարունգները տվեց Արսենին, արագավազ գնաց ճակատին ճերմակ աստղով վեցամսական հորթի մոտ, ծնկի իջավ, գրկեց քնքոտ հորթի պարանոցը:
— Հորթուկ իմ, փոքրիկ իմ, այս ի՜նչ մեծ ու տխուր աչուկներ ունես: Քեզ նեղացրե՜լ են, կապել են սյունին, իսկ դու ուզում ես ցատկոտել, վազվզել բակով մեկ, այո՞:
Ելենան մեղմորեն քորում էր հորթուկի հարթ ճակատը, շոյում ականջները: Հորթը ճկեց պարանոցը և իր խոնավ, կոշտ լեզվի ծայրով դիպավ նրա ձեռքին: Ելենան ափը պարզեց, հորթը սկսեց ագահորեն լիզել, հաճույքից նույնիսկ կկոցեց աչքերը:
— Արսեն, նրանից նոր կթած կաթի հոտ է գալիս:
— Դե լավ, Լենա, դու դեռ կհասցնես նրա հետ խաղալ: Վերցրու վարունգներդ, գնանք:
Նրանք միասին տուն մտան: Բավական լայն սենյակի տարբեր անկյուններում նստել էին տնեցիները՝ աթոռներին, թախտին, բարձր թիկնակով հնավանդ բազմոցին: Դժվար էր միանգամից հասկանալ, զրուցո՞ւմ էին նրանք մինչ այդ, թե՞ լուռ էին: Բայց բոլորի տեսքն այնպիսին էր, ասես հիվանդանոցում ծանր հիվանդ մերձավոր ունեին, նոր լուր էին սպասում նրանից:
Ելենան միանգամից մոտեցավ Արսենի մորը, ցույց տվեց վարունգները.
— Մայրիկ, նայեք, ես վա՞տ վարունգներ եմ քաղել: Արսենն ասում է, թե ես վարունգ ընտրել չգիտեմ:
Մայրը, բնականաբար, ոչ մի բառ չհասկանալով, օգնության ակնկալիքով շփոթված շուռ եկավ աղջկա կողմը: Արփիկը ծիծաղելով թարգմանեց Ելենայի բառերը: Մոր դեմքը վայրկենապես ծաղկեց լայն ժպիտով: Ներքուստ հորդացող քնքշանքի ազդեցությամբ նա գրկեց Ելենայի ուսերը և ձգեց դեպի իրեն:
— Արսենը չգիտի, բալա ջան: Ի՞նչ է նա հասկանում նման բաներից: Սրանք բանջարանոցի ամենալավ վարունգներն են:
Արփիկը մոր խոսքերը թարգմանեց Ելենային:
Դիտելով տեսարանը` Արսենն իրեն զգաց ամենաերջանկն արար աշխարհում:
— Մամ, դու էլ բան գտար ասելու՝ չգիտի: Ի՞նչը՝ չգիտեմ, — փթփնթաց նա ստահոդ բարկությամբ:
— Իսկ ես գիտեմ, թե հայերեն ինչ է նշանակում` չգիտեմ: Նմանապես՝ չգիտե: Գիտեմ, չէ՞, — Արսենին դիմելով, հաղորդեց Ելենան՝ համընդհանուր ծիծաղի ալիքի ներքո: — Արսենն ինձ արդեն հայերեն է սովորեցնում:
Արսենն աչքի պոչով դիտում էր, թե ինչպես է ջերմ ու հաճելի ժպիտը վստահորեն ողողում ինչպես քրոջ, այնպես էլ հոր, մոր, Մուշեղի և նույնիսկ երեխաների դեմքերը:
Ելենայի հայտնությունն այս սենյակում, որը մարդկանց բազմությունից թվում էր նեղ ու մթին, ասես միանգամից լուսավորեց բոլորի դեմքերն ու սենյակի յուրաքանչյուր անկյունը: Եվ միևնույն ժամանակ Արսենն իրեն շփոթված զգաց: Ելենան այնպես պարզ ու բնական արտասանեց՝ «մայրիկ», ասես նա էր իրեն ծնել, և այնքան անկաշկանդորեն խոսեց այդ չարաբաստիկ վարունգների մասին, որ բոլորին ստիպեց ծիծաղել, թեև Արսենը կարող էր երդվել, որ րոպե առաջ իրենք ծիծաղելու տրամադրություն չունեին բնավ: Դժվար չէր կռահել, որ Ելենան որոշ չափով խաղում էր, կոկետություն էր անում (առանց դրա հավանաբար չէր էլ կարող լինել), բայց դա անում էր այնպես, որ մյուսներին ևս ներքաշում էր խաղի մեջ՝ ստիպելով պատճենել իրեն… Դա, իրավ, շփոթեցնում էր Արսենին, և պետք է խոստովանել, որ կյանքում առաջին անգամ նա հասկացավ, որ կարող ես ինքդ քեզ հիմարացված զգալ` ուրախանությամբ համակվելով դրանից… «Ահա թե ինչն է հետաքրքիր, — մտորում էր Արսենը, — մի՞թե Ելենան, խաղի մեջ մտնելով, կարողացավ տարիքն առած ու այս մեծ աշխարհի չարն ու բարին ճաշակած մարդկանց մի կիսավայրկյանում շեղել բուն նյութից: Չէ՞ որ նրանցից ոչ մեկը լուրջ չընդունեց այն, որ նա այնքան հասարակ կերպով, առանց ձևականության, սկեսրոջն միանգամից անվանեց „մայրիկ“, քանի որ գիտեին, որ նա պարզապես վարվեց ավանդական կանոններին համաձայն, հավասարապես ինչպես որ գիտեին, որ վարունգներն իրականում բանջարանոցի ամենալավ վարունգները չէին: Նմանապես Ելենայի հայտնությունը սենյակում… այն որ նա այնպես անպաճույճ մոտեցավ մորը և նեղացկոտ տեսքով հաղորդեց այն մասին, որ Արսենը ծաղրել է նույն այդ վարունգները ընտրելու իր ունակությունը: Ուրեմն ինչո՞ւմ է խնդիրը», — տարակուսում էր նա: Իսկ խնդիրը նրանում էր, որ Ելենայի խաղը ոչ մեկին էլ չէր խաբել: Պարզապես, ինչպես բոլոր խելացի ու բարի մարդիկ, նրանք զգացին, որ Ելենան գիտակցաբար, քանի որ ուրիշ ճանապարհ չկար, բաց, առանց թաքնվելու, վստահեց ինչ-որ վեցերորդ զգայարանով իրեն բացահայտված` այդ մարդկանց բարությանը, գրեթե վստահ (հակառակ դեպքում նման ռիսկի չէր դիմի, թեկուզև դատարկ ու թեթևամիտ թվալու երկյուղից), որ իրեն ոչ միայն ճիշտ կհասկանան, այլև կընդունեն իր խաղը: Եվ նա չէր սխալվել:
Սակայն, նույն պահին խաղն ավարտվեց՝ խաղի հետագա անհարկիության պատճառով:
— Եթե նա չի վախեցել իմ որդու համար հասնել այսքան հեռուներ, նշանակում է` մոր հալալ կաթ կերած արժանավոր հարս է լինելու, — ասաց մայրը, ասես տալով այն ամենի գնահատականը, ինչ եղել էր վերջին ժամի ընթացքում:
Եվ անմիջապես ամեն բան ընկավ իր տեղը. տղամարդիկ ու կանայք թեթևացած շունչ քաշեցին, ուսերը շտկեցին, ասես այդ ուսերից գցելով լարվածության ծանր բեռը, որը կրում էին մինչ հիմա: Վեր կացան` հյուրեր ընդունելու հոգսերով զբաղվելու: Լավ էր, օրն էլ կիրակի էր, սովորաբար կիրակի օրերին հարևանները վաղ էին վերադառնում դաշտերից, և նրանք, որոնց ճանապարհն անցնում էր տան մոտով, անշտապ թեքվում էին կռնատ Միսաքի բակը, որպեսզի շնորհավորեն որդու գալուստը, տեսնեն սիրուն հարսին (նրա մասին լուրը ինչ-որ անհասկանալի կերպով անմիջապես տարածվել էր ողջ գյուղով): Ոմանք բերկրանքով ժպտում էին` տեսնելով կապուտաչյա գեղեցկուհի ռուս հարսին, մյուսները դժգոհ սեղմում էին շրթունքները, հիշելով Քյութունց Իվանի ռուս հարսին: Ինչքան էլ մարդ չուզենա հիշել, միևնույնն է, հիշվում է: Այդ հարսը Իվանի ավագ որդու՝ Շահնազարի կինն էր, բանակից էր հետը բերել: Նույնպես շատ հեռվից էր, Ուրալի այն կողմերից, անունը` Նատաշա: Իվանն ուրախությունից մեծ հարսանիք էր արել, այնքան ճոխ, որ գյուղացիները մինչ օրս հիշում էին, թեև այդ օրվանից անցել էր գրեթե տաս տարի: Հաշտ ու համերաշխ ապրեցին շուրջ կես տարի, բայց հարսը նիհարում էր օր-օրի: Մտածում էին նույնիսկ, թե կարողա ինչ-որ թաքուն հիվանդություն ունի: Իսկ վեց ամիս անց, բոլորի համար անսպասելի, նույնիսկ Իվանի և նրա կնոջ` Բաջի մորաքրոջ համար անսպասելի, Նատաշան հավաքեց իրերն ու հայդա՝ գնաց գյուղից: Շահնազարը տարավ նրան մինչև շրջկենտրոն, ճանապարհ դրեց: Հետո գյուղում հարցնում էին Շահնազարին..
— Վերջ ի վերջո, ի՞նչ էր եղել, ինչո՞ւ գնաց:
Շահնազարը թոթվում էր ուսերը, պատասխանում տխուր քմծիծաղով.
— Ասում էր, չեմ հարմարվում գյուղական կյանքին…
— Ինչի՞ն չէր հարմարվում, դու գոնե հարցրե՞լ ես:
— Հարցրել եմ, բա ինչպե՞ս չեմ հարցրել:
— Ե՞վ հետո…
— Չեմ հարմարվում, ասում է: Իսկ թե ինչին չէր հարմարվում, ինքն էլ չգիտեր: Ամեն ինչին էլ չէր հարմարվում: Ե՛վ այստեղի մարդիկ, ասում էր, այնպիսին չեն, և՛ ծով չկա, և՛ հացն այն չէ, ասում էր, և՛ ջուրն այն չէ:
— Իսկ ինչպիսի՞ն են այստեղի մարդիկ: Կարծես թե սովորական են. մի գլուխ, երկու ականջ… և այդպես մնացած բոլոր բաները:
— Վայրենի եք, ասում էր, քարի դարում եք ապրում, քաղաքակրթություն չկա, մի շաբաթվա թխած ծաղկած հաց եք ուտում:
— Մի շաբաթվա՞: Էդ մեկը ճիշտ է նկատել: Ասեիր հարևան գյուղում փուռ են սարքում, շուտով հացը մենքենաներով բերելու են խանութ: Թե՞ ասել ես՝ դա էլ չի օգնել:
— Ասել եմ… բայց անօգութ: Ինչ ուզում ես ասա՝ դուր չի գալիս ու՝ վերջ:
— Ստացվում է, որ վիճել եք:
— Վիճել ենք, բա ո՜նց: Կամաց վիճել ենք՝ ուրիշ լսող չլինի:
— Մեր գյուղի անվան համար լավ չի, որ շրջկենտրոնում վիճեք, կռվեք, ու մարդիկ լսեն: Դա մեզ սազական չի:
Այս ու այն կողմից գլխով արեցին՝ ի նշան համաձայնության:
— Նա մեզ սովորեցնում էր իր պես ապրել, — շարունակեց Շահնազարը:- Մեր ավանդույթները, հազար տարվա մեր սովորույթներն իր սրտովը չէին…
Համագյուղացիները լռին ծոծրակներն էին քորում. դարեր շարունակ այստեղ ապրել են, ցորեն են ցանել, անասուն են պահել, ժայռերն են ճեղքել, որ ջուր գտնեն, ծմակները կտրել, դաշտեր են բացել, այգիներ տնկել, իրենց քրտինքով քարից հաց են քամել… Կարծում էին, թե այդպես պետք է ապրել, իրենց երեխաներին էլ այդպես էին սովորեցրել, իսկ դուրս է գալիս, որ սխալ են եղել, էնպես չեն ապրել, ինչպես հարկն է՝ առանց քաղաքակրթության, առանց տաք բաղնիքի ու տաք ջրի, կանոնավոր էլեկտրականության ու լվացքի մեքենայի` ահա ինչում է դժբախտությունը:
Այդ Նատաշային էին հիշում հիմա՝ կռնատ Միսաքի բակում, թթենու տակ դրված երկար սեղանի շուրջը նստած՝ կոնֆետով թեյ խմելիս: Իհարկե, բարձրաձայն չէին խոսում, որպեսզի տանտերերին չվիրավորեն, բայց մտքներով հենց դա էր անցնում:
Մի երկուսը անվրդով հակադարձեցին նրան մեկ ուրիշ ռուս հարսի, Վաղուհաս գյուղից, անունը Դուսյա, որը հրամանատարության կարգադրությամբ կռվում արկի բեկորից կուրացած զինվորին ուղեկցել էր հայրենի գյուղ ու տեսնելով նրա ընտանիքի անմխիթար վիճակը, ընդմիշտ մնացել էր այնտեղ, Շահնազարի դուրս ընկած կնկա նման չի թողել, փախել:
Կանայք թեյ էին մատուցում, ընդունելով համագյուղացիների շնորհավորանքները, միաժամանակ նրանց տալիս էին թղթի կտոր, որի վրա հոր թելադրանքով Արփիկը գրել էր հարսանիքի հրավերքի տեքստը: Հրավերքի թուղթը վերցնում էին, առանց կարդալու խցկում գրպանները և հարցնում.
— Ե՞րբ է:
— Չորեքշաբթի:
— Չորեքշաբթի կարելի է, — ասում էին ու անցնում թեյ խմելու:
Խմում էին շատ, ամեն մեկը երեք-չորս բաժակ, մինչև վերնաշապիկը կրծքի մասում և թևատակերում քրտնում էր սևանալու աստիճանի. դրանից հետո բաժակը շուռ էին տալիս բերանքսիվայր, ինչը նշանակում էր, որ վերջ, արդեն հագեցանք: Այնուհետև դնում էին գլխարկներն ու հեռանում:
Ելենան ևս մի քանի անգամ ցանկացավ թեյ մատուցել, բայց կանայք չթողեցին.
— Դեռ կհասցնես, ավելի լավ է` հանգստացիր ճանապարհից, գնա վերև ու քնիր:
Ելենան չընդդիմացավ, բայց հանգստանալու գնալուց հրաժարվեց, ներքուստ կռահելով, որ թեև նրանք անկեղծորեն են խորհուրդ տալիս (նա իսկապես շատ հոգնած տեսք ուներ), բայց և այնպես, եթե թողնի հյուրերին ու բարձրանա քնելու, դա կարող է բոլորի վրա տհաճ տպավորություն թողնել: Եթե նրան հարցնեին, թե ինչու է այդպես մտածում, նա, հավանաբար, չէր կարողանա որևէ խելամիտ պատասխան գտնել. նրա վեցերորդ զգայարանն այսօր, թեև որոշ ծանրաբեռնությամբ, բայց անթերի էր աշխատում:
Ուշ երեկոյան Ելենան և Արսենը՝ գրեթե մոր ստիպողական հորդորով, ի վերջո բարձրացան երկրորդ հարկ: Հազիվ հասցնելով պառկել, Ելենան վայրկենապես քնով անցավ, հասցնելով միայն մրմնջալ. «Աստվա՜ծ իմ, որքան եմ հոգնել…»:
Առավոտյան, դեռևս քնատ՝ նա ձայներ լսեց: Բացեց աչքերը, ակամա ձգվեց դեպի Արսենը, բայց նա չկար: Ականջ դրեց. ձայները բակից էին լսվում: Եվ ինչ-որ տագնապ կար ասես դրանցում, հատկապես Գրիշկայի բարձր հնչող տղայական ձայնում:
Ելենան արագ հագնվեց, դուրս եկավ ծածկապատշգամբ, վերևից նայեց բակին ու տեսավ միայն Արսենին, որն անշտապ սանդուղքով բարձրանում էր: Նա ոնց-որ վհատ տեսք ուներ:
— Արդեն վե՞ր ես կացել, — ներս մտնելով հարցրեց նա` ստիպելով իրեն ժպտալ: — Կքնեիր, վաղ է դեռ, վեցն անց կես հազիվ լինի: — Նա համբուրեց Ելենայի այտը, սակայն համբույրը մի տեսակ արհեստական ստացվեց: — Գնա քնիր, Լեն:
— Քունս առել եմ արդեն, — ասաց Ելենան` զննողաբար նայելով նրան: — Ինչ-որ բա՞ն է պատահել:
Արսենը կեղծ անտարբերությամբ ուսերը թոթվեց.
— Դատարկ բան է: Գիշերը հորթն է պարանների մեջ խճճվել: :
— Ինչպե՞ս թե՝ խճճվե՞լ: Եվ հետո՞: Փրկեցի՞ք:
— Չէ, փրկել չհաջողվեց, մորթել ենք:
— Օ՜յ… ի՜նչ ես ասում, — Ելենայի աչքերն ակամա լցվեցին արցունքներով:
— Մի մտածիր, Լեն, միևնույն է, հարսանիքին պատրաստվում էինք մորթել: Մի օր առաջ, մի օր հետո՝ ի՜նչ տարբերություն… Դու, ինչ է, լալի՞ս ես: Կծաղրեն, եթե իմանան: Մի լա:
— Նա այնքան գեղեցիկն էր, այնքան քնքշանք կար հայացքում… — Ելենան փղձկաց, շուռ եկավ և սենյակ գնաց:
Արսենը գնաց Ելենայի ետևից և նրա ուսը շոյելով ասաց.
— Դե՛ լավ, հիմարություն է դա, Լեն, հորթը հորթ է, քո արցունքը չարժե, — նա մատով կպավ Վանկա Վստակային: Խաղալիքը դրված էր պատուհանագոգին, դիպչելուց՝ այն շուռ եկավ, տարուբերվեց ու նորից նախկին դիրքն ընդունեց: — Տեսնո՞ւմ ես, նույնիսկ Վանկա Վստանկան է քեզ վրա ծիծաղում:
Ելենան կողքանց նայեց խաղալիքի վառվռուն տեսքին և ժպտաց արցունքաթաց աչքերով:
— Ես տեսա, դա քեզ վրա էլ էր ազդել: Ես տեսա, երբ դու բարձրանում էիր վեր ու ընկճված էիր, — ասաց Ելենան` դիմացի հայելու մեջ նկատելով, թե ինչպես Արսենի հոնքերը աննկատելիորեն խոժորվեցին:
— Երևակայող ես դու, Լեն, — ասաց նա քրթմնջալով: — Լսիր, կուզե՞ս քեզ ցույց տամ մեր գյուղը: Ես սովխոզի տնօրենի մոտ պետք է գնամ` հաշվետվություն ներկայացնելու: Ուզո՞ւմ ես:
— Ուզում եմ:
Նրանք իջան բակ: Ելենան շրջանցեց սանդուղքը:
— Այդ ո՞ւր:
— Գնամ բարևեմ, — ասաց Ելենան` առանց շրջվելու:
Այդ պահին տնից դուրս նետվեց Գրիշիկը և վազեց նրա կողմը, ասես վաղուց էր դարանակալել նրան:
— Գրիշենկա, բարև, հարազատս, երեկվանից իրար չենք տեսել, — Ելենան ձեռքով շոյեց նրա գանգուր մազերը:
Գրիշիկը հոժարակամ ու սիրով սեղմվեց նրան ու քայլեց կողքով:
— Այսօրվանից մենք կսկսենք իրար սովորեցնել` դու ինձ հայերեն, ես քեզ ռուսերեն, համաձա՞յն ես:
— Հա՛, — ուրախ գլխով արեց Գրիշիկը:
Մուշեղն ու Արսենի հայրը տան հետևում, մեծ թթենու տակ, մաշկում էին ծառի ստորին ճյուղից գլխիվայր կախված հորթը:
— Բարի լույս, — ողջունեց Ելենան:
Տղամարդիկ, շուռ գալով նրա կողմը, ժպտացին:
— Բարի լույս, Ելենա, — ասաց Մուշեղը: — Ինչո՞ւ եք վաղ վեր կացել:
— Ես հրաշալի քնել եմ, — ասաց նա, վշտահար օրորեց գլուխը:- Մեղք: Ինչպե՞ս դա պատահեց: Պարանը երևի կարճ է եղել, հա՞:
Պտտվել է ծառի շուրջը, խճճվել, — պարզաբանեց Մուշեղը:
Արսենը հայերեն հայտնեց հորը, որ Ելենան լաց է եղել: Հայրը խնդաց, նայեց Ելենային, ինչ-որ բան ասաց, որն անհասկանալի էր Ելենային:
— Հայրիկն ասում է, որ մարդիկ հենց նրա համար են անասուն պահում, որ անհրաժեշտության դեպքում մորթեն, — թարգմանեց Արսենը, — եթե ամեն հորթի համար լաց լինես, արցունքներդ չեն բավականացնի:
Արսենի հայրը ի բնե շատ ամոթխած էր, նա քիչումիչ ռուսերեն գիտեր, բայց ոչ այնքան, որ զրույցի բռնվեր, այդ պատճառով էլ նախընտրում էր կա՛մ լռել, կա՛մ խոսել հայերեն:
— Ո՛չ, հայրիկ, եթե ես երեկ նրան չտեսնեի, երևի այդքան մեղքս չէր գա, — պատասխանեց Ելենան: — Երեկ ես մոտեցա, շոյեցի, և նա իմ ափը լիզում էր: Նրա հայացքը մոռանալ չեմ կարողանում: Ես նույնիսկ հիմա ասես իմ ձեռքին զգում եմ լեզվի խոնավ հպումը…
Այդ պահին նրանց մոտեցավ Արսենի մորաքույր Անուշը՝ բարձրահասակ, նիհար, փորը մեջքին կպած, սեղմված բարակ շրթունքներով, մի դույլ ջուրը, որ նա բերել էր, դրեց Միսաքի առջև, նույնիսկ չնայեյելով անգամ Ելենայի կողմը: Ելենան նկատեց դա, բայց, այնուամենայնիվ, հարկ համարեց ողջունել.
— Բարի լո՛ւյս, Անուշ մորաքույր:
Անուշն ինչ-որ բան մռթմռթաց քթի տակ, առանց շուրթերըն հեռացնելու իրարից, և շուռ գալով՝ ուզում էր հեռանալ, բայց մի քանի քայլ գցելուց՝ հետ շրջվեց, հայերեն ասաց.
— Գրիշիկ, գործ չունես այդտեղ, գնա տուն:
— Է՜, ինչո՞ւ, — ընդդիմացավ տղան, — չեմ ուզում տուն գնալ:
Մուշեղը դժգոհ նայեց Անուշին:
— Նա մեզ օգնում է… տանն ի՞նչ պիտի անի: Գրիշիկ, հայրիկից վերցրու բաժակը և ջուր լցրու ձեռքերիս:
Ելենան տարակուսանքով նայում էր մերթ Մուշեղին, մերթ բարկացած հեռացող մորաքրոջը, մերթ Արսենին: Արսենն այնպիսի տեսք էր ընդունել, ասես ոչինչ էլ չէր եղել, բայցև միաժամանակ ձգտելով չնայել Ելենային: Հետո վճռականորեն ասաց.
— Դե՛ լավ, գնա՛նք, Ելենա: Գնա նախաճաշիր, որ դուրս գանք:
— Առայժմ չեմ ուզում:
— Դե՛ ուրեմն գնացինք:
— Այդ ո՞ւր եք պատրաստվում գնալ, — հարցրեց հայրը:
— Ուզում եմ Ելենային գյուղը ցույց տալ, ինձ էլ հարկավոր է տնօրենի մոտ մտնել: Դե՛, գնացի՞նք:
Ելենան շրջվեց Արսենի կողմը, նայեց նրան փոքր-ինչ ավելի երկար, քան պետք էր, ապա ասաց.
— Գնանք, միայն զգեստափոխվեմ:
Վերադառնալով սենյակ, Ելենան մի պահ կանգնեց լուսամուտի առաջ, մտածկոտ նայեց շուրջը: Դեռ երեկվանից ծանոթ անորոշ անհանգստությունը նորից սկսեց պարուրել նրա սիրտը…
ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ
Նույն այրված ծառայողական «Գազիկը», որի ղեկին այս անգամ Մուշեղը չէր, այլ Արսենը, դանդաղորեն դուրս եկավ բակից: Ելենան նստել էր ամուսնու կողքին և դուրս էր նայում պատուհանից:
— Դու ինչ-որ տե՞ղ ես շտապում, — հարցրեց նա:
— Այնքան էլ չէ: Դու ուզո՞ւմ էիր տեսնել գյուղը:
— Չէ՞ որ հետաքրքիր է…
— Դե ուրեմն դանդաղ կգնանք:
Նա ղեկը թեքեց աջ, ավտոմեքենան դուրս բերեց մի լայն, բայց ամբողջովին անհարթ, դար ու փոսերով ծածկված փողոց:
— Ահա սա մեր, այսպես ասած, կենտրոնական փողոցն է:
— Սա՞: Իսկ ինչպե՞ս է կոչվում:
— Ոչ մի կերպ էլ չի կոչվում: Ուղղակի փողոց է: Դե հո չե՞ս կոչի՝ Նևսկի պրոսպեկտ:
Արևը նոր էր իջել՝ համարյա չորս կողմից գյուղը շրջափակող բարձր սարերից հրակարմիր լույսով ոսկեզօծելով տներն ու հեռավոր Մռավա սարի ձյունապատ լանջերը: Արևի շեղահար տաք ճառագայթները խփում էին ուղիղ մեքենայի դիմապակուն: «Կենտրոնական փողոցի» երկու կողմերում մեկումեջ հառնում էին քարե միահարկ կամ երկհարկ տներ և գետնատարած, դարասկզբին կառուցված երկու խրճիթ`վարսավիրանոցն ու խանութի հին շենքը՝ կիսախավար ու ցածրիկ լուսամուտներով: Հարևաններից մեկի տան ետևում թոնիր էր վառվում: Այն ասես փոքրիկ հրաբուխ էր` իր խառնարանով, որը կես մետր սյունաձև բարձրանում էր գետնի երեսին:
— Սպասիր, սա ի՞նչ է, — հարցրեց Ելենան:
— Թոնիր է:
— Ի՞նչ բան է թոնիրը:
— Նրա մեջ հաց են թխում:
— Ինչպե՞ս, այդ փոսո՞ւմ:
— Դրա մեջ, ինչպես տեսնում ես, կրակ է վառում, ու երբ կարծր աղյուսի պատերը շիկանում են, դրանց վրա ծեփում են պատրաստի խմորը: Դու ախր երեկ կերել ես այդ հացից:
— Իսկ ես կարծում էի, թե թխում են վառարաններում, ինչպես ռուսական գյուղերում: Իսկ կարելի՞ է նայել: Ինձ անպայման ցույց կտաս, հա՞: — Բայց նրա ուշադրությունը մեկ ուրիշ բան գրավեց: — Օ՜յ, Արսեն, նայի՛ր, ի՜նչ սիրուն ավանակ է: Տեսած չկամ երբեք: Ի՜նչ համակրելին է:
Հարևան Տիգրանի գոմի մրոտված դռան մոտ սպիտակ փորով մի գորշ ավանակ էր կանգնած և պոչի փնջով անլսելի խփում էր աջ ու ձախ: Այն կապված էր կողքի շուռ եկած, առանց անիվների սայլին: Այդտեղից քսան-քսանհինգ քայլ հեռու բարձունքում երևում էր տեղական սպիտակ անկյունաքարով կառուցվող մշակույթի տունը` ճարտարապետական փոքր-ինչ պճնված զարդաքանդակներով ու դռների և լուսամուտների կոնաձև շարվածքով: Եվ ամենատարօրինակն այն էր, որ այդ անշուք խրճիթների, թոնրի, սայլի ու ավանակի կողքին դա ոչ թե օտարածին էր թվում, այլ ներդաշնակ ու համահունչ: Ուր էլ նայում էր Ելենան, ամենուր տեսնում էր ազգային հնի ու արդիականի հիասքանչ խառնուրդը: Ահա արդիականությունը, մտածեց Ելենան, առաջ է ընթանում նեղ նրբանցքներով, շաչելով թրթուրներով, հզոր բուլդոզերի տեսքով, որը շրջադարձին քիչ էր մնում տակովն աներ կարմրակապտավուն գեղազարդ տարազով պառավ մի կնոջ, որը, բարեբախտաբար, ժամանակին մի կողմ քաշվեց:
— Մայկո տատիկ, ո՞ւր ես մտնում անիվների տակ: Դեռ հարյուր տարի կա քո առջև:
Բուլդոզերի վարորդը, արևահարությունից սևացած մի տղա, ծղոտե գլխարկով ու կանաչ անթև բաճկոնով, ձեռքով ողջունեց Արսենին:
Պառավը մի ձեռքը դրել էր կոնքին, մյուսով պահում էր ուսին դրված փայտե խոնչան, որի մեջ երկու կույտով շարված էին հենց նոր թխած կլոր հացերը, որոնց բուրավետ հոտը Ելենան առավ նույնիսկ հեռավորությունից: Արսենն արգելակեց մեքենան:
— Վո՜ւյ, Արսեն, դո՞ւ ես, -ետ շրջվելով ասաց պառավը:- Հյուրեր ունեմ, քեզ մատաղ,
շտապում եմ, — զնգացնելով կարմիր գլխանոցի տակից ճակատի վրա իջնող արծաթե մետաղադրամները` նա կիպ մոտեցավ մեքենայի դռանը, — բարև, բալա ջան, –ողջունեց նա Ելենային, -էսա՞ նշանածդ, ախր, ասում են, որ սիրունա, ճիշտ են ասում, շատ սիրունա, — ավելացրեց նա, զմայլանքով նայելով Ելենային: -Աստված պահի երկուսիդ էլ, ջան ասեք, ջան լսեք, ծլեք, ծաղկեք, զորանաք… — Ապա մի փոքր անպատշաճ առաջ մեկնեց ուսը՝ խոնչայի հետ միասին, — վերցրու երկու հատ, որդիս, դեռ տաք են, պանրով կուտեք:
— Շնորհակալություն, Մայկո տատիկ, մեկն էլ բավարար է, — ասաց Արսենը` մի հաց վերցնելով:
Բայց պառավը համառեց, և Արսենը ստիպված եղավ երկրորդն էլ վերցնել:
— Շնորհակալություն, տատիկ, — ասաց Ելենան` մատներն այրող բուրավետ հացից կտրելով մի մեծ կտոր: — Բուրմունքից շշմել կարելի է, այս ի՜նչ անուշ է բուրում:
Երբ փոքր-ինչ շարժվեցին, նա հարցրեց.
— Նա ի՞նչ էր ասում:
— Գովում էր քեզ:
Ելենան գորովալից նայեց Արսենին, ժպտաց իր առինքնող ժպիտով: Հետո հարցրեց.
— Դու վճարեցի՞ր նրան:
— Ինչի՞ համար, — ծիծաղեց Արսենը:
— Ինչպե՞ս թե` ինչի համար: Հացի համար:
— Ի՜նչ ես ասում, Լենա: Հո չե՞ս ուզում նրան վիրավորել:
— Ինչո՞ւ վիրավորել: Նա մի՞թե հաց չէր վաճառում:
— Դե՛ չէ, — պատասխանեց Արսենը, հազիվ զսպելով իրեն, որ նորից չծիծաղի:
— Իսկ ինչո՞ւ էր նա տաշտը շալակած ման գալիս փողոցում:
Արսենն այս անգամ խանդաղատանքով նայեց Ելենային, պատրաստ անհագուրդ համբուրելու նրան՝ դյուրահավատ անաղարտության համար:
— Պարզապես նրանք թոնիր չունեն, — բացատրեց Արսենը, — տարել, հարևանուհու թոնրում է հացը թխել: Եվ ընդհանրապես, Լենուլ, հիշիր, եթե որևէ կնոջ հանդիպես, և նա քեզ թաժա հաց առաջարկի, չփորձես մերժել, դրանով վիրավորոծ կլինես դու նրան:
— Ա՜յ քեզ հրաշք, — հիացավ Լենան: — Ի՜նչ հոյակապ սովորություն է: Մեր կողմերում նման բան չկա: — Նա կծեց բուրումնավետ թարմ հացը և բավականությունից աչքերը կկոցած արտաբերեց. — ը՜մ-մ-մ…
Մագիլների պես սուր ֆշերով մոշի ու մամխի մացառներից գոյացած պատնեշը տնամերձ բանջարանոցների համար որպես բնական ցանկապատ էր ծառայում: Անանցանելի այդ ցանկապատներից այն կողմ պտղատու ծառեր էին` թթենիներ, ընկուզենիներ, նռնենիներ և, իհարկե, խաղողի վազեր:
— Որքան շա՜տ են այստեղ վազերը, — բացականչեց Ելենան:
— Այո՛, գրեթե ամեն բակում, — գլխով արեց Արսենը, — նախկինում այստեղ ամեն տուն մինչև ութ հարյուր լիտր գինի էր ստանում:
— Ինչպե՞ս: Եվ ամբողջը խմո՞ւմ էին: — Ելենայի աչքերը նույնիսկ կլորացան զարմանքից:
Արսենը կողքանց նայեց նրան, ծիծաղելով ասաց.
— Մի՛ վախեցիր, Լենա, հարբեցողներ մեզ մոտ չկան: Նույնիսկ խմած մարդ հազվագյուտ թե տեսնես:
«Գազիկը» կանգնեց երկհարկանի մի մեծ շենքի մոտ, որը նույնպես կառուցված էր նույն սպիտակ անկյունաքարով:
Մուտքի դիմաց նիկելների շողշողուն փայլով ավազագույն նոր «Վոլգա» էր կանգնած, իսկ փոքր-ինչ հեռու, ծառին կապված էր թամբած մի ձի, որը ծուլորեն թափահարում էր պոչը` քշելով իրեն կեղեքող բոռերին: Երկու տղամարդ, կանգնած ուղևորախցիկավոր մոտոցիկլետի երկու կողմում, զրուցում էին ինչ-որ բանի մասին:
— Գնանք, — ասաց Արսենը` դուրս գալով մեքենայից:
— Ավելի լա՞վ չէ ես քեզ այստեղ, մեքենայում սպասեմ, — վարանքով հարցրեց Ելենան` թեթևակի հայացք նետելով տղամարդկանց կողմը:
— Այս գյուղում ես ապրելու, ուրեմն արժե ծանոթանալ մարդկանց հետ:
Ելենան չուզենալով դուրս եկավ մեքենայից:
Տղամարդկանցից մեկը գլխով բարևեց Արսենին, գնահատող հայացքով մի ակնթարթ զննելով Ելենային, ինչ-որ տեղ շտապեց: Մյուսը՝ լայնաթիկունք ու բարձրահասակ, գրեթե Արսենի բարձրության, դյուցազնի կազմվածքով, ծալած թևքերով զինվորական մարզազգեստով, ուղղվեց դեպի իրենց:
— Բարի գալուստ, — մոտենալով՝ ժպտաշուրթ սեղմեց Արսենի ձեռքը: — Ինչպե՞ս անցավ ուղևորությունդ… Տեսնում եմ, որ զուր չէր, — գլխով արեց Ելենայի կողմը:
— Ծանոթացի՛ր, Լենա, Ռուբեն Գրիգորյանն է, մեր առաջավոր բրիգադիրն է:
Ռուբենը անվճռական նայեց Ելենային, նույն անվռականությամբ էլ թեթևակի սեղմեց իրեն մեկնած նրա փխրուն ձեռքը:
— Ինչպե՞ս են գործերը, — հարցրեց Արսենը:
— Կարծես թե ամեն ինչ նորմալ է: Դեռ չե՞ս եղել բրիգադում:
— Ոչ, բայց ուզում եմ: Իսկ ինչպե՞ս է իմ նորատունկը Խոր ձորում:
— Լավ է, — ժպտաց Ռուբենը, — վազը փարթամ աճում է: Թեթև ձեռք ունես, Արսեն, լավ բերք կլինի Խոր ձորում:
— Դե՛, դա դեռ շուտ չի լինի: Տնօրենը տեղո՞ւմ է:
— Կես ժամ առաջ գնաց:
— Ո՞ւր: Նրա «Վոլգան» այստեղ է:
— «Ուազիկով» գնաց:
— Ուրեմն մոտակայքում է: Լավ, մենք գնանք:
— Քեզ որտե՞ղ սպասենք, — հարցրեց Ռուբենը:
— Հիմա գնում եմ Խոր ձոր, իսկ այնտեղից կշրջեմ բրիգադները: Երկրորդում էլ կհանդիպենք:
Ռուբենը գլխով արեց և հաղթանդամ ուսերը շարժելով մոտեցավ իր մոտոցիկլետին:
— Գնանք, Լենա, — ասաց Արսենը` բռնելով նրա ձեռքը:
— Երկա՞ր ենք գնալու, — հարցրեց նա` նստելով ամուսնու կողքին:
— Մի տասը րոպե:
Այդ տասը րոպեների ընթացքում մեքենան քարքարոտ ճանապարհով շարունակ ընթանում էր դեպի վեր, և այդ ճանապարհը ժապավենի նման ձգվում էր բլրալանջով: Շրջադարձերից մեկում Ելենան շրջվեց ետ ու տեսավ գյուղը: Բարձունքից գյուղը խաղալիք էր թվում, իսկ տներն ասես միմյանց կպած, թեպետ Ելենան արդեն գիտեր, որ այդպես չէ. դրանք բավականին հեռու էին մեկը մյուսից:
— Ա՜յ թե ճանապարհ է հա, — դժգոհեց Ելենան: -Գլուխս սկսեց պտտվել:
— Վարժվիր, Ելենա, և որքան շուտ, այնքան լավ:
Ճանապարհի աջ կողմում, բլրի գագաթին, կոթող երևաց:
— Իսկ ի՞նչ է այնտեղ, եղբայրական գերեզմա՞ն է, — հարցրեց Ելենան:
— Հուշարձան է՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհված մեր համագյուղացիների հիշատակին:
Արսենը մեքենան վարեց դեպի գորշ գրանիտե բարձր կոթողը: Նրա ստորոտի երկու կողմերում դրված էին քարե երկու մեծ գավաթներ, որոնց մեջ անթառամ փնջերով ծաղկել էին վարդերը:
Նրանք դուրս եկան մեքենայից, մոտեցան կոթողին: Ելենան ցանկացավ կարդալ գրությունը, բայց դա հայերեն էր:
— Ի՞նչ է այստեղ գրված: Թարգմանի՛ր, խնդրում եմ:
— Ինչպես ընդունված է՝ հուշարձան պատերազմի տարիներին հայրենիքի ազատության և անկախության համար զոհված մարտիկների հավերժական հիշատակին… Հասկանո՞ւմ ես, մեր այս գյուղից ռազմաճակատ է մեկնել երկու հարյուր վաթսուներեք մարդ, այդ թվում` չորս աղջիկ: Վերադարձել են ընդամենը քառասուներկուսը: Չորս աղջիկները նույնպես զոհվել են: Ահա այսպիսի բաներ, Լեն…
— Ի՜նչ սարսափելի է, — ցածրաձայն արտաբերեց Ելենան, — նման փոքրիկ գյուղից…
— Պատկերացնու՞մ ես, մի ընտանիքից ճակատ են մեկնել յոթ եղբայր, որոնցից վեցը չեն վերադարձել, մյուս ընտանիքից զոհվել է հինգ մարդ, երրորդից` չորսը, և այդպես շարունակ:
Ելենան ընկճված հայացքով նայում էր կոթողին: Արսենը չէր շտապեցնում նրան:
— Ոչ, դա անհնարին է պատկերացնել, ես դա չեմ կարողացնում ըմբռնել՝ռազմաճակատից հազարավոր կիլոմետրեր հեռու և այդքան զոհեր…
— Պատերազմն ամենուր էր, Լենա, խորհրդային ամբողջ երկրով մեկ:
— Աստվա՜ծ իմ, մի՞թե դա կարող է կրկնվել: Մարդիկ կարծես խենթացել են: Թերթը ձեռքդ ես վերցնում, իսկ դրանից ատոմային պատերազմի հոտ է գալիս, նույնիսկ սարսափելի է… Ի՞նչ ես կարծում, պատերազմ կլինի՞:
— Զարմանալի բան. վերջերս, երբ այստեղ էի, այսինքն մինչև քո մոտ՝ Վոլխով գալը, մի սարսափելի երազ տեսա. իբր այ այնտեղից, Մռավ սարի կողմից, հանկարծ կործանիչներ են հայտնվում, ոչ թե մեկը կամ երկուսը, այլ շատ, շա՜տ-շատ: Նրանց թևերը փայլում, պսպղում էին արևի ճառագայթներից, այնուհետև սկսում են ռումբեր նետել, այրվում են տներ, ցորենի արտեր, շուրջը ամեն ինչ այրվում է. ճիչ ու լաց է, խառնաշփոթ, և, պատկերացնո՞ւմ ես, ռմբակոծում են մերոնք, խորհրդային ռմբակոծիչներն են ռմբակոծում, մերոնք` մեր իսկ քաղաքացիներին, սարսափելի էր… Ահա թե ինչ մղձավանջային երազ էի տեսել: Պատերազմի համար էլ, կարծում եմ, մարդկության խելքը կբավականացնի երևի, որ չսկսվի նոր արհավիրք: Ամեն դեպքում, պետք է ջանք թափել, որ չլինի:
— Օլյա տատիկը ինձ շատ է պատմել պատերազմի, օկուպացիայի, իր ընդհատակյա գործնեության, ֆաշիստների կազմակերպած գնդակահարությունների մասին: Եվ գիտե՞ս, հաճախ էր հիշում այն փրկված վրացուն: «Որտե՞ղ է տեսնես նա հիմա, ո՞ղջ է, թե՞ ոչ»: Ասես հարազատ որդին լիներ: Ահա, նայում եմ հիմա այս հուշարձանին, հիշում Օլյա տատիկի պատմությունները, և այնքան մանր, այնքան ծիծաղելի են թվում մեր ամենօրյա վազվզուքները, վեճերը ինչ-որ լաթի, կոտրված բաժակի, ավելորդ ռուբլու համար… Մի՞թե այդքան մարդկանց կորուստը քիչ է, որպեսզի նրանք, ովքեր ողջ են մնացել, դառնան ավելի բարի ու մաքուր…
Արսենը շփոթված թոթվեց ուսերը:
— Չգիտեմ, Լենա, դա շատ բարդ հարց է, որպեսզի դրան անմիջապես պատասխանես… Դե ի՞նչ, գնա՞նք առաջ:
Ելենան անձայն շուռ եկավ և շարժվեց դեպի մեքենան:
Արսենը մեքենան կանգնեցրեց ճանապարհի եզրին: Առջևում կանգնած էր առանց ծածկի նոր «Ուազիկը»: Սովխոզի դիրեկտորը չէր սիրում ծածկով երթևեկել, նրան անտանելի էր արևի տակ տաքացած բրեզենտի հոտը:
— Լենա, դուրս կգա՞ս, թե ուզում ես նստել մեքենայի մեջ:
— Ի՜նչ ես ասում, — Ելենան հապճեպ դուրս եկավ: — Ա՜խ, ի՜նչ օդ է: Անանուխի բույր եմ զգում: — Նա բռնեց Արսենի ձեռքը: — Դե՛, ցույց տուր վազերդ:
Առաջին րոպեին Ելենան հիասթափված էր: Նրա առաջ տարածվել էր ընդարձկ դաշտ, որը մի եզրով բարձրանում էր բավական թեք սարալանջով դեպի վեր և կորչում լեռան ետևում, իսկ մյուս եզրով իջնում էր ներքև, դեպի լեռան ստորոտը, խառնվելով նոսր անտառին: Դաշտը վարած էր, կտրտված ուղիղ, ասես գծով դասավորված մատղաշ տնկիների շարքերով: Տնկիների վրա երևում էին առաջին տերևիկները, որոնք հազիվ էին ծլել, գունատ կանաչավուն էին, մանրիկ ու նուրբ փնջերով:
— Ահա իմ փոքրիկները, — ասաց Արսենը` ձեռքերն այնպես բացելով, ասես պատրաստվում էր գրկել միանգամից բոլոր «փոքրիկներին»: — Ի՞նչ կասես, Լենա, լավն են, չէ՞: Քեզ դո՞ւր են գալիս:
— Իսկ ի՞նչ է սա:
— Իմ նոր այգին: Աշնանն ենք տնկել: Հրաշալի է, չէ՞:
— Այստեղ խաղո՞ղ է աճելու:
— Երեք տարի անց առաջին բերքը կունենանք: Հրաշք խաղող կլինի: Եվ ամենահետաքրքիրն այն է, Լենա, որ այստեղ միայն աբորիգեն տեսակի խաղող է լինելու:
— Ի՞նչ: Իսկ ի՞նչ է նշանակում աբորիգեն:
— Այսինքն` տեղական: Բայց անտեսված, վաղուց մորացված խաղողի տեսակ:
— Ինչո՞ւ անտեսված: Լավը չէի՞ն:
— Լավն էին, այն էլ շատ. Պարզապես հումույթի միավորի դիմաց ստացված ելքն անբավարար էր:
Ելենան հուսահատության մեջ էր:
— Աստվա՜ծ իմ, ի՞նչ է նշանակում «հումույթ», ինչ է նշանակում «ելք»:
Արսենը շփոթված նայեց նրան, ապա գլխի ընկնելով, թե ինչում է բանը, ծիծաղեց.
— Դու, ի՞նչ է, հենց առաջին օրն ուզում ես ամեն ինչ իմանա՞լ:
— Դե՛, գոնե մի քիչ… Դու այնքան տարված ես խոսում այդ անհասկանալի փայտիկների մասին, որ նախանձելի է դառնում…
— Դրանք փայտիկներ չեն, այլ տնկիներ… Եվ ի՞նչ ես ուզում իմանալ:
— Դե ահա, թեկուզ… ինչո՞ւ ես տնկել դու այդ, դե՛, տեղական, ինչպե՞ս ասացիր, աբր… գենը: Ինչո՞ւ ես տնկել դու դրանք, եթե նրանց… նորից մոռացա… հա՛, ստացված ելքը անբավարար է: Իսկ ո՞ւր է այդ ելքը, չգիտեմ: Նայում եմ ահա տնկիներին, բոլորը կարծես թե ամբողջական են, ոչ մի ելք էլ չեմ տեսնում…
Այդ ամենը Ելենան ասաց այնպիսի մաքրամաքուր պարզասրտությամբ ու այնպիսի անկեղծ սրտնեղությամբ՝ ահա, ինքն այդքա՜ն պարզունակ բաներ չգիտի, որ Արսենի ներսից բարձրացող ծիծաղը միանգամից հանգավ կես ճանապարհին:
— Լեն, մի օր ես ամբողջը մանրամասնորեն կբացատրեմ, դու միայն մի շտապիր: Իսկ հիմա արի քեզ ծանոթացնեմ մեր սովխոզի դիրեկտոր Գաբրիել Բալայանի հետ, ահա նա գալիս է մեր կողմը:
Արսենը գլխի թեթև շարժումով ցույց տվեց քաթանե կոստյումով ծանրամարմին տղամարդու կողմը, որը լանջն ի վար իջնում էր տնկիների շարքերի արանքով:
— Նա ավելի շատ նման է գրականության ուսուցչի, — շշնջաց Ելենան` փորձելով թաքնվել ամուսնում հետևում:
Բայց Արսենը ծիծաղելով նրան հրեց առաջ:
Դիրեկտորը մոտեցավ, բարևեց Արսենին, ապա հարցական նայեց Ելենային:
— Դուք…
Ելենան շփոթված նայեց Արսենին: Վերջինս ժպտաց և ներկայացրեց.
— Ծանոթացեք, Գաբրիել Հարությունովիչ, իմ կինն է, Ելենան:
Սովխոզի դիրեկտորը ծիծաղեց.
— Գրողը տանի, լրիվ գլխիցս թռել էր: Ինձ ասացին, որ դու արձակուրդից վերադարձել ես ոչ մենակ: Դե՛, շնորհավորում եմ: — Եվ անսպասելիորեն նա խոսեց ռուսերեն, սակայն ընդգծված առոգանությամբկ: — Բարև Ձեզ, շատ ուրախ եմ: Հուսով եմ, որ մեզ մոտ ձեզ համար էլ կգտնվի համապատասխան աշխատանք: Բայց հիմա դեռ վաղ է այդ մասին խոսելը, առայժմ հարմարվեք…
Տնօրենը մտահոգ նայեց ժամացույցին:
— Լսիր, Արսեն, ինձ կանչել են շրջկենտրոն, այնպես որ զրուցել չի հաջողվի, շտապ պետք է գնամ: Երեկոյան, եթե կարողանամ շուտ պոկվել, կհանդիպենք:
Նա շրջվեց Ելենայի կողմը.
— Դե՛, ինչպե՞ս են մեր վայրերը, դո՞ւր են գալիս:
Ելենան պատասխանեց, որ աննման են, կյանքում երբեք այսպիսի գեղեցկություն չի տեսել:
— Ա՛յ, կապրեք մեզ մոտ և էլի ուրիշ բաներ կտեսնեք: — Եվ դարձավ Արսենին: — Դու նրան հաճախակի տար վերևի սարերը, թող վարժվի տեղանքին:
— Ուր նայում ես՝ սարեր են, ուրիշ սարե՞ր էլ կան, — զարմացած հարցրեց Ելենան` երկու տղամարդկանց ծիծաղը շարժելով:
— Այստեղից այն չէ, — ասաց դիրեկտորը, ձեռքով ցույց տալով մանուշակագույն ծխով պատված սարերը, որոնք շրջապատել էին գյուղը, հեռվից հիշեցնելով վայրկենապես քարացած օվկիանոսային ալիքներ: — Դուք պետք է գնաք, ա՜յ, այնտեղ ու կտեսնեք, թե ինչ չնաշխարհիկ տեսարան է բացվում այնտեղից, բառերով հնարավոր չէ նկարագրել, աչքով պիտի տեսնել: — Նա նորից նայեց իր ժամացույցին և ասաց արդեն գործնական տոնով, — դե՛ ինչ, Արսեն, անցա ես հիմա շարքերի միջով… Քեզ չե՞ն ասել, որ ես այստեղ հաճախ եմ սկսել այցելել: :
— Ես դեռ ոչ մեկին չեմ տեսել: Ո՞նց է մեր մատղաշը:
Բալայանը քիչ մտածեց, ապա ծիծաղելով ասաց.
— Մի տարի առաջ խոստացել էի, երբ անցնեմ թոշակի, քեզ երաշխավորել իմ տեը: Հիշո՞ւմ ես:
— Ե՞վ…
Տնօրենը պատասխանեց` չգիտես ինչու նայելով Ելենային.
— Այսպես ուրեմն, Ելենա, ասացեք ձեր ամուսնուն, այսինքն՝ մեր գլխավոր գյուղատնտեսին, որ նրան իմ պաշտոնին չեմ երախշավորելու:
— Ինչո՞ւ, — նվաղուն ձայնով հարցրեց Ելենան, բայց նայելով Արսենին, զարմացավ. նա անխռով ժպտում էր, ասես դիրեկտորական սարսափելի հաղորդումը իրեն չէր վերաբերում:
— Մեղք է գործում, Ելենա, մեծ մեղք, — շարունակեց դիրեկտորը, կատակով թափահարելով ցուցամատը: — Ի դեպ, Արսեն, ինչպե՞ս է ընթանում դիսերտացիադ
— Ոչ մի կերպ, մնացել եմ մի տեղում, գործն առաջ չի գնում: Ժամանակ էլ չկա դրանով զբաղվելու:
— Ոչ ոք քեզ չի դրդում, չի խանգարում: Ելենա, զբաղվեք այդ հարցով:
— Իհարկե… — շփոթահար մրմնջաց Ելենան, չնայած գաղափար անգամ չուներ որևէ դիսերտացիայի մասին:
Եվ ընդհանրապես, ողջ այս խոսակցութունը նրա համար մութ ու անհասանելի էր: Բայց մի բան նա այնուամենայնիվ հիշեց. դիրեկտորը թոշակի է գնում, բայց չգիտես ինչու, հրաժարվում է Արսենին երաշխավորել իր տեղը, թեև թվում է, ոչ չար մտադրությամբ… Բայց ինչ մեղքի մասին էր խոսքը:
Տնօրենը սկսեց հրաժեշտ տալ նրանց: Արսենն ու Ելենան հասան մինչև նրա մեքենան: Երբ «Ուազիկը» ծածկվեց առաջին շրջադարձի հետևում, Արսենը բռնեց կնոջ ձեռքը:
— Դե, ի՞նչ կասես մեր դիրեկտորի մասին: Գործնական մարդ է, չէ՞:
— Իմ կարծիքով, նա մի քիչ կաղում է, — նկատեց Ելենան, — նա ինչ է, եղել է ռազմաճակատո՞ւմ:
— Ոչ, իհարկե, նա չէ՞ որ երիտասարդ է ռազմաճակատի համար… Նա ուրիշ ռազմաճակատում է եղել:
— Որո՞ւմ, — զարմացավ Ելենան:
Արսենն անսպասելիորեն ժպտաց:
— Դա պատահել է բանակային շտապ զորակոչի ժամանակ: Բեռնատարի թափքում եղել են արկերով արկղեր: Վարորդը կտրուկ արգելակել է, որպեսզի խուսափի ինչ-որ փոսից, արկղերից մեկը ընկել է Բալայանի ոտքին ու վնասել սրունքոսկրը: Դրանով էլ ավարտվել են մեր տնօրենի բանակային սխրանքները: Ի դեպ, այդ ժամանակ նա դեռ պատանյակ էր, հազիվ դպրոցն ավարտած: Այդ օրվանից չի տանում, երբ հարցնում են նրան այդ մասին: Նա նույնիսկ բժշկական հանձնաժողովի չի գնացել, թեև կարող էր հաշմանդամի վկայական ու ռազմական թոշակ ստանալ. նրա մի ոտքը մի քանի սանտիմետրով կարճ է մյուսից:
— Նա է՞լ է տեղացի, ուզում եմ ասել ի՞նքն էլ է այս նույն գյուղից:
— Հա, իսկ ինչ է, նմա՞ն չէ:
— Նա լավ ռուսերեն է խոսում, գրեթե առանց առոգանության:
Արսենը բացատրեց, որ Գաբրիել Բալայանը առաջին խոպանականներից է, կոմերիտական ուղեգրով երկար տարիներ աշխատել է Կուստանայի մարզում: Այնտեղ անասնապահության մեծ փորձ է ձեռք բերել, հետո նրան նորից ձգել է հայրենի երկրամասը: Վերադարձել է Տոնաշեն, մի քանի տարի կառավարել ֆերման: Կոլխոզն այն ժամանակ լիակատար քայքայված վիճակում էր: Հետպատերազմյան չորս նախագահներն ամեն ջանք գործադրել էին, որ իրենց տնտեսությունը հասցնեին աղքատության շեմին: Իսկ Գաբրիել Բալայանի օրոք ֆերման սկսեց ծաղկում ապրել, ամրապնդվեց աշխատանքային կարգապահությունը, մեծացավ անասունների գլխաքանակը, ավելացավ կովկիթը: Վերջին երկու նախագահներին նա ֆերմային մոտ չէր թողնում և ամեն ինչ անում էր իր ձևով: Իսկ նրանց էլ դա էր պետք, որպեսզի. շրջանի կամ մարզի յուրաքանչյուր ժողովում ելույթ ունենան, հպարտորեն հայտարարեն, թե տեսեք, մեր ֆերման օրինակելի է: Ու մեդալներ ստանան: Որովհետև շատ դեպքում մեդալը լավ աշխատողին չեն տալիս, այլ լավ խոսողին: Ի վերջո Գաբրիել Բալայանին ընտրեցին նախագահ: Իսկ մեկ տարի անց, երբ կոլտնտեսությունը վերածվեց սովխոզի, նա դարձավ դիրեկտոր:
— Նա, իհարկե, գործնական մարդ է, կիրթ, բանիմաց, սակայն խաղողագործությունը նրա համար բարդ մաթեմատիկա է, այնինչ խաղողը — դա մեր տնտեսության գլխավոր ճյուղն է: Դե, այս ամենը քեզ երևի անհետաքրքիր է, Լենա, — սթափվեց Արսենը:
— Ինչո՞ւ է անհետաքրքիր, — անվարան արձագանքեց Ելենան: — Ինձ հետաքրքիր է ամեն բան, ինչը կապված է քեզ հետ: Չնայած, ես էլ ձեր գործերից այնքան չեմ հասկանում… Իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում քեզ:
— Ինչի՞ մասին ես խոսքը:
— Դե նա, չգիտես ինչու, չի ուզում իր տեղը քեզ երաշխավորել, — ժպտալով սկսեց Ելենան, բայց անմիջապես էլ ընդհատեց: — Ինչո՞ւ ես ծիծաղում:
— Լենուլիկ, նա չի պատրաստվում թոշակի անցնել, իսկ ես չեմ ուզում զբաղեցնել նրա տեղը: Պարզապես նա գլուխն է մտցրել, թե ես սարսափելի խելացի գիտնական եմ և մեղք է ինձ պահել որպես գյուղատնտես:
— Ստացվում է, որ քեզ սիրո՞ւմ է:
— Վստահում է, — ճշգրտեց Արսենը:
Եվ լռեց: Նա պարզապես չէր պատկերացնում, թե էլի ինչ կարելի էր ավելացնել այդ տարողունակ բառին: Եվ իսկապես… Ելենան էլի ինչ-որ պարզաբանումներ էր սպասում Արսենից, բայց վերջինս լուռ էր, և Ելենան հիասթափված հոգոց հանեց, սկսեց նայել հովտին:
Այնինչ Արսենը ասաց այն ամենակարևորը, որը վճռական նշանակություն ուներ նրա և սովխոզի տնօրենի փոխհարաբերություններում:
ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ
Լենինգրադի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո Արսենը վերադարձավ հայրենիք: Նրան աշխատանքի ուղարկեցին լեռնային կոլտնտեսություններից մեկը, բայց այնտեղ մնաց ընդամենը մի տարի, չկարողացավ աշխատել տեղի նախագահի հետ` մի մարդու, որը հազվագյուտ անհամարձակ էր, ինչի հետևանքով էլ` ձեռներեցությունից զուրկ, ոչ մի նորարարություն իր տնտեսության մեջ չհանդուրժող: Նրա կյանքի գիծն ուղիղ էր, նույնքան պարզ ու անխստապահանջ. սովից չենք մեռնում, պլանը կատարում ենք, և, փառք Աստծու, կարիք չկա նորարութուների համար զոռով փորձանքի մեջ ընկնել:
Այդ գիծը ոչ մի կերպ հարմար չէր Արսենին, ավելին, խանգարում էր նրա աշխատանքին, քանի որ նախագահը, բացի վերադաս ղեկավարությունից ոչ մեկին չվստահելով, անվերջ խցկվում էր Արսենի գործերի մեջ, երբեմն ներկայացնելով անհեթեթ պահանջներ, և Արսենը բնականաբար հրաժարվում էր դրանք կատարել, ամեն բան անում էր այնպես, ինչպես ինքն էր գտնում հարմար: Իրեն անզոր զգալով նորավարտ գյուղատնտեսի կողքին, որն ավելի շատ հենվում էր առաջաղեմ գիտության վրա՝ նեղը գցելով նախագահին, և նա, գուցեև չկամենալով, բայց ստիպված էր լինում դիմել անօրինական հնարքների. մեկ վախեցնում էր կոլխոզականներին նրանով, որ նոր գյուղատնտեսը շուտով կթողնի իրենց «առանց հացի պատառի», մեկ նրա դեմ էր տրամադրում բրիգադիրներին, և նրանք, պատահում էր, հրաժարվում էին կատարել գյուղատնտեսի հրահանգները: Ոչ մի բացատրություն, պայման, պատրվակ չէր օգնում: Եվ ահա մի անգամ, երբ նախագահը մոլեգնելով սկսեց հայհոյել նրան ամենավերջին բառերով, ինչում անգերազանցելի վարպետ էր, Արսենը չդիմացավ և այնպիսի շառաչուն ապտակ հասցրեց նրան, որ նախագահին ցնցելով հազիվ ուշքի բերեցին:
Ավարտվեց նրանով, որ գյուղատնտեսի մասին նախագահը բողոքեց վերադասին: Թեժ խոսակցություն տեղի ունեցավ՝ և ոչ Արսենի օգտին: Դա ինքնին հասկանալի էր, Արսենը մենակ էր, իսկ հակառակորդը`թվով մի քանի հոգի. նախագահից բացի կային ևս չորս բրիգադիր` «անմարդկային ծեծի» ականատեսները:
Արսենը տեղափոխվեց հայրենի Տոնաշեն և մի քանի ամիս աշխատեց մեկ տրակտորի, մեկ կոմբայնի, մեկ հնձիչ մեքենայի վրա, մինչև որ վերջապես սովխոզի տնօրեն Գաբրիել Բալայանը, ինչպես հետագայում պարզվեց, առաջին իսկ օրվանից հետևելով նրա աշխատանքին, նշանակեց նրան գյուղատնտես, ընդ որում`գլխավոր, վստահելով իր տնտեսության գլխավոր ճյուղը` խաղողագործությունը:
Տնօրենի զգացողությունը չխաբեց. Արսենը հենց այն մարդն էր, որը պետք էր նրան՝ ձեռներեց և իր գործում համառ, կիրթ և մտածող գիտնական-տնտեսվար:
Մինչև Արսենի հայտնվելը, խաղողն այստեղ աճեցնում էին ցցային համակարգով, որը մնացել էր տոնաշենցիների նախնիներից. վազի կողքին փայտից ցից էին խփում և որթերը ամրացնում նրա վրա: Նոր գյուղատնտեսի առաջարկով անցան առավել ժամանակակից միջոցի` ցանկաշարայինի: Ճշտվեց նաև հարկաշարերի քանակը` առավել համապատասխան տեղական պայմաններին, շարքերի միջև եղած հեռավորությունը, թփի վրա շիվերի առավելագույն քանակը և էլի շատ հարցեր, առանց որոնց հնարավոր չէ արտադրական մասշտաբներով իրականացնել խաղողի մշակությունը: Եվ արդեն մեկ տարի անց, ինչ Արսենը եկել էր, եղած այգիների բերքատվությունը մեկ երրորդով ավելացավ: Բալայանը գոհունակությամբ շփում էր ձեռքերը. բերքատվության նման աճ նա չէր էլ կարող հուսալ առաջիկա տասը տարում:
Մի անգամ երեկոյան Արսենը եկավ սովխոզի տնօրենի աշխատասենյակ՝ երկրորդ հարկում, և ընթացքից, առանց այլևայլությունների, հայտարարեց.
— Ինձ պետք է, որ վաղը առավոտյան իմ ենթակայության տալ լինի երկու հարյուր մարդ, — ապա քիչ հապաղելով ավելացրեց, — ցանկալի է` ավելի շատ:
Տնօրենն այդ ժամանակ ինչ-որ բան էր գրում: Նա անշտապ կողքի դրեց գրիչը, նայեց Արսենին: Ղազախստանյան խոպանի դաժան դպրոցն անցած Բալայանն իհարկե հասկանում էր, որ դա չափազանց է, նույնիսկ` անհնարին: Բայց Արսենին էլ գիտեր բավական լավ. նա դատարկ տեղը շեփորահարողը չէր: Եվ հանգիստ հարցրեց.
— Երկու հարյուր մա՞րդ ասացիր:
— Երկու հարյուր: Եթե կարելի է` ավելի շատ: Հակառակ դեպքում, այս տարի մենք ոչ մի գրամ խաղող չենք ստանա, — նույնքան վստահ ասաց Արսենը:
Նման դեպք էլի էր եղել մի քանի տարի առաջ, երբ Տոնաշենը դեռ կոլխոզ էր: Այն ժամանակ օդաչուների մեղքով, որոնք ժամանակին չէին եկել սրսկման, սարսափելի հիվանդությունից ոչնչացավ խաղողի ողջ բերքը: Դրանից հետո, որպեսզի օդաչուներից կախման մեջ չլինի, կոլտնտեսությունը գնեց չորս տրակտորային սրսկիչ:
Այդ տարի տեղի ունեցավ նույնը: Հիվանդությունը ընդգրկեց մի քանի հեկտար այգի: Մեկ-երկու օր անց ինչ-որ բան անելն արդեն ուշ կլիներ. այդ հիվանդությունը տարածվում էր ժանտախտի արագությամբ:
Առավոտյան Արսենի ենթակայության տակ երկու հարյուր քսան մարդ կար` գրեթե բոլոր աշխատունակ գյուղացիները: Անմիջապես սրսկումը սկսել չէր կարելի, դրանից որևէ օգուտ չէր լինի, և դրա համար այսքան մարդ պետք էլ չէր: Անհրաժեշտ էր նախ ավարտել հողային աշխատանքները, որոնք սովորական պայմաններում շարունակվում էին երեք շաբաթ: Պահանջված երկու հարյուր և ավելի աշխատողները պետք էին նրա համար, որ արագացնեին գործողությունները և ողջ աշխատանքն ավարտեին մեկ-երկու օրվա ընթացքում: Ինչն էլ արվեց տեղը-տեղին: Այնուհետև խաղողի շարքերի արանքով բաց թողեցին սրսկիչները, և բերքը փրկվեց:
Եվ այդ ժամանակ դիրեկտորը, վերջնականապես համոզվելով իր գյուղատնտեսի հուսալիությանը, ամբողջապես վստահեց նրան, չխառնվելով նրա գործերի մեջ, հանգիստ խղճով անցավ իր տնտեսության մյուս ճյուղերի աշխատանքներին: Վստահեց այնքան, որ անցյալ աշնանը, երբ Արսենն ասաց, որ ուզում է տնկել ևս քսան հեկտար խաղողի նոր այգիներ, մտադրությամբ՝ վերածնել սեղանի խաղողի աբորիգեն տեսակները, որոնք ժամանակին աճեցնում էին այս կողմերում, իսկ հիմա մոռացված են իրենց փոքր ելքի պատճառով: Դիրեկտորը ո՛չ փորձեց վիճել նրա հետ, ո՛չ էլ հակառակը՝ համոզել, միայն հարցրեց` մտովի տալով իր համաձայնությունը.
— Իսկ ինչի՞դ է պետք: Հենց այնպես՝ հետաքրքրությա՞ն համար: Թե՞ հեղինակության` իբր, տեսեք, մենք վերածնեցինք այն, ինչ մոռացմած ու արհամարված էր: Ավելի լավ չէ՞` վերցնենք արդեն փորձարկված տեսակները:
Արսենը մի կարճ պահ մտորեց:
— Հեռանկարն է մղում դրան, — հաստատակամ ասաց նա:
Դիրեկտորը ուշադիր նայեց նրան և խոստովանեց.
— Չհասկացա: Ի՞նչ նկատի ունես:
— Ըստ ձեզ՝ ես դա անում եմ հանուն հետաքրքրությա՞ն:
— Նեղացա՞ր, ինչ է:
— Բանը նեղանալը չէ: Պարզապես հետաքրքրության համար չարժե գնալ շատ կամ քիչ նշանակալի ծախսերի: Ես էլ եմ հասկանում` տնտեսագիտությունը տնտեսում է, և նրա օրենքների հետ պետք է հաշվի նստել:
— Գործնական միտք է, — Բալայանը քմծիծաղ տվեց: — Տեսնում եմ, որ հենց այնպես չես այս խոսակցությունը բացել: Եվ հավանաբար ինչ-որ բան մտածել ես: Հապա՛, ներկայացրո՛ւ քո պատճառաբանությունները:
Արսենը սկսեց նրանից, որ՝ ժամանակի ընթացքում, հնարավոր է, որ ո՛չ վաղը, և ո՛չ էլ վաղը չէ մյուս օրը… Բայց տնօրենը անհամբերությամբ կտրեց. «Մի՛ ձգիր»:
— Պետությանը ձեռնտու է խաղողի արտադրությունը կենտրոնացնել մասնագիտացված խոշոր տնտեսությունների ձեռքում, ինչպիսին է, օրինակ, Սամվել Մամունցի տնտեսությունը: Ամեն դեպքում, դա առավել շահավետ է, քան արտադրությունը ցրել բազմաթիվ մանր տնտեսությունների վրա: Եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա Տոնաշենի սակավազոր սովխոզը, բնականաբար, ստիպված կլինի աճեցնել սեղանի խաղող: Իսկ այդ նպատակով առավել հարմար են տեղական տեսակները: Ես զրուցել եմ մեր ծերունիների հետ, — շարունակեց Արսենը, — ովքեր դեռ հիշում են խաղողի այդ հին տեսակները: Բոլորն էլ հիացմունքով են արձագանքել դրանց մասին: Նույնիսկ եթե մի կողմ թողնենք ծերունական «Իսկ մեր ժամանակ…» և այլ արտահայտությունները, էլի ինչ-որ բան տակը կմնա: Դա իսկապես հրաշալի խաղող է, այդ մասին հիշատակվում են նաև խաղողագործությանը նվիրված ձեռնարկներում: Ի դեպ, ժամանակին դրանից պատրաստում էին հրաշալի գինի՝ տնական օգտագործման համար: Բայց այդ խաղողը մենք պետք է դեռ հասցնենք անհրաժեշտ աստիճանի, իսկ դրա համար շատ ժամանակ և մեծ աշխատանք է պետք: Այնպես որ, մենք այժմվանից պիտի պատրաստվենք նման շրջադարձի, որպեսզի հետագայում ձեռնունայն չմնանք:
— Դու դա՞ նկատի ունեիր` խոսելով հեռանկարի մասին, — հարցրեց Բալայանը:
— Չէր խանգարի մտածել այդ մասին:
Տնօրենը մտահոգ քորեց կզակը:
— Համա թե խնդիր առաջ քաշեցիր… Բայց չէ՞ որ դու այլ պատճառաբանություններ ունես, ամբողջը ներկայացրու: Ես ամեն ինչ պետք է գիտենամ:
— Լավ, — ժպտաց Արսենը, — երկրորդ պատճառաբանություն էլ կա հին սորտերի օգտին: Համեմատած որոշ արտասահմանյան երկրների հետ, դուք դա առանց ինձ էլ գիտեք…
— Մի՛ խորամանկիր, ես ոչինչ չգիտեմ, — ընդհատեց տնօրենը, — մի՛ մոռացիր, որ ես անասնաբուժականն եմ ավարտել և ոչ թե խաղողագործ եմ: Այնպես որ, ասելիքդ ասա և ոչ թե հաճոյախոսիր: Այսպես թե այնպես, ես մտովի արդեն համաձայն եմ քեզ հետ: Եվ այսպես, համեմատած ինչ-որ բանի հետ, այնտեղ… Հե՞տ ենք մնում, ինչ է:
— Այո՛, բնակչության շնչին բաժին հասնող խաղողի արտադրությամբ:
— Դե լավ, ենթադրենք:
— Այսպես ուրեմն, վաղ թե ուշ կհասունանա խաղողի արտադրության կտրուկ բարձրացման հարցը: Եվ, իհարկե, տեսականու լայնացումը: Ճի՞շտ է: Նշանակում է, նման շրջադարձի նույնպես պետք է պատրաստվել այսօրվանից:
— Եվ հետո՞:
— Հետո արդեն որակի հարցն է:
— Այո, թերևս, — արտաբերեց տնօրենը՝ մատերով խառնելով ալեհեր մազերը: — Մենք հիմա քանակի վրա ենք խաղում… Քո կարծիքով, այդ հին սորտերը կարո՞ղ են լավ որակ տալ:
— Ֆրանսիացիները տալիս են: Մենք ոչնչով չենք զիջում: Սակայն պետք է աշխատել:
— Դե՛, ֆրանսիացիներն ուրիշ… Իսկ որտեղի՞ց այդքան տնկի ձեռք կբերես:
— Այդ սորտերը կան մեզ մոտ` Տոնաշենում: Մի շարք բակերում, ես տեսել եմ, պահպանվել են առանձին թփեր: Կան նաև Ներքին Հոռաթաղում, Մոխրաթաղում, Կարմիրավանում: Աշնանը կանցնեմ բոլոր այդ տեղերով և կընտրեմ: Չեն մերժի, եթե դուք միջամտեք:
— Լավ, թող այդպես լինի: Խոստանում եմ:
Դրանով խոսակցությունն ավարտվեց: Տնօրենը թույլ տվեց խաղողի նոր այգիների աճեցումը` դրանց համար տեղ հատկացնելով Խոր ձորի տեղամասում: Հրաժեշտ տալով, Բալայանը, լուրջ թե կատակով (նրա լուրջն ու կատակը դժվար է հասկանալ), ասաց.
— Երբ թոշակի անցնեմ, իմ տեղը քեզ եմ երաշխավորելու: Ե՛վ խիղճս հանգիստ կլինի, և՛ թոշակս՝ օգտակար:
— Լո՞ւրջ եք ասում, — զարմացավ Արսենը:
— Դու կարողանում ես խնդիրներ ստեղծել քեզ համար, որպեսզի զբաղվես դրանք լուծելով…
ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նրանք սկսեցին բարձրանալ սարալանջն ի վեր: Արսենը ուշադրությամբ նայում էր տնկիները, մերթ երբեմն բարկացած բարձրացնելով գետնին ընկած չորացած պատվաստաշիվերը, մերթ մատներով հպվելով շիվերի վրա աճած գանգուր տերևներին: Այդ րոպեներին նա նման էր մանկապարտեզի դաստիարակչուհու, որը ջանասիրությամբ ուղղում է իր սաների զգեստները:
Ելենան չնկատեց էլ, թե ինչպես հասան բլրի գագաթը:
— Հոգնե՞լ ես, — հարցրեց Արսենը:
— Մի քիչ:
— Դա անսովորությունից է, դու դեռ չես ընտելացել մեր խորդուբորդ տեղանքին:
Նա հանեց պիջակը և փռեց գետնին:
— Մի քիչ նստիր, — ասաց, — տես ի՜նչ գեղեցիկ է շուրջը:
Այստեղից, բարձունքից իսկապես հոյակապ համայնապատկեր էր բացվում: Հստակ երևում էր Թարթառ գետի կամակոր ոլորաններով կտրտված հովիտը, ուր հորդահոս գետի երկու կողմերում, սփռվել էին գետամերձ գյուղերի բանջարանոցները, դրանց հետևում` մեկը մյուսին փոխարինող սարեր էին, որոնք կորչում էին հեռուների գորշակապույտ մշուշում: Սարալանջերին ու հարթավայրային մասում հացահատիկի, եգիպտացորենի, կարտոֆիլի դաշտեր էին ու ցանքեր, բանջարանոցներ… Անտառներ էին երևում նաև, որոնք Մռավա սարի ստորոտում անսպասելիորեն միահավասար ավարտվում էին, իսկ հետո սկսվում էին ալպիական հանդերը, որտեղ ասես անթիվ, անհահաշիվ ճերմակ քարեր, սփռվասծ էին ոչխարի հոտերը:
— Նույնիսկ աչքերս շաղվեցին, այնքան գույներ կան… — փոքր-ինչ հիացած՝ խոսեց Ելենան: — Այժմ հասկանում եմ, թե ինչու քեզ համար դժվար էր գոնե մի ամիս մնալ մեզ մոտ…
— Այստեղ իմ արմատներն են, Լենա, իմ հողն է սա, ես այս հողի տերն եմ ու անխոնջ մշակը, — լայն ժպիտով ասաց Արսենը, ապա ավելացրեց, — ձեզ մոտ խաղող չի աճում:
— Դու էլ նստիր: Ուզում եմ նստես մոտս:
— Բացարձակապես չեմ պատկերացնում, — ասաց Արսենը` նստելով նրա կողքին, — չեմ պատկերացնում, ինչ կանեի, եթե իմ ձեռքից սա խլեին… — հայացքով ընդարձակ դաշտը ցույց տալով ասաց նա:- Երևի կյանքը անիմաստ կթվար… Վերամբարձ է հնչում, բայց… Մի խոսքով, ես այդպես եմ մտածում:
— Իսկ ինձ սիրո՞ւմ ես, — միանգամից անսպասելի հարցրեց Ելենան ուրախ չարաճճիությամբ ձեռքերով գրկեց նրա պարանոցը: — Փորձի՛ր, ասա՛, որ ինձ քիչ ես սիրում:
— Իսկ ի՞նչ կանես:
Նա հանկարծ շուրթերով հպվեց Արսենի պարանոցին.
— Աստվա՜ծ իմ, ես, հավանորեն, խելքս կթռցնեմ, կամ ինքս ինձ կսպանեմ, եթե դու ինձ քիչ սիրես…
— Քեզ ինչ-որ բա՞ն է անհանգստացնում, Լենա:
— Ոչ, — պատասխանեց Ելենան, մտախոհ նայելով հովտին, որը մինչև եզրերը ողողված էր արևով: — Միայն թե դու միշտ լինես իմ կողքին… Այդ ժամանակ ես ոչնչից չեմ վախենա…
Արսենը չպատասխանեց, նա մտածեց այն մասին, որ Ելենան ոչինչ չի մոռացել, հիշում է ամեն մի մանրուք, չնայած ամեն ջանք թափում է, որ մոռանա: Նստելով ևս մի քանի րոպե, Արսենը ոտքի կանգնեց.
— Գնա՞նք:
— Ո՞ւր:
— Խաղողագործների դաշտային կացարան:
— Իսկ դա որտե՞ղ է:
— Ահա այնտեղ, գետից այս կողմ:
Միմյանց ձեռք բռնած՝ նրանք սկսեցին իջնել դեպի մեքենան… Հետո ընթացան դանդաղ, Արսենը ժամանակ առ ժամանակ կանգնեցնում էր մեքենան, միասին դուրս էին գալիս ու քայլում խաղողի թփերի կողքով: Թփերը ձիգ ամրացված էին մետաղալարերի վրա, որոնք ձգվում էին երեք հարկով: Հզոր ու գալարուն բները ասես ծովային հաստ ճոպաններ լինեին՝ ծանրաբեռնված սև և սպիտակ խաղողի հասունացող խոշոր ողկույզներով, թեթևակի ծածկված լայնատարած տերևներով և որոնք հազիվ սկսել էին գունավորվել բնական հրաշեկ լուսանցիկ դեղնությամբ, թեպետ մինչև աշուն դեռ մեկ ամիս կար: Ամեն ինչ արված էր ինչպես հարկն է, մնացածը արևը պիտի աներ:
— Ինչպիսի գեղեցկությո՜ւն, — Ելենան անսքող զմայլանքով վազվզում էր մի թփից մյուսը, անհամբերությամբ հպվելով ծանր ողկույզներին, մատների ծայրով զգալով տարօրինակ սառնությունը հատապտղի, որոնց միջով թափանցում էին առավոտյան արևի պայծառ շողերը:
Արսենը մտազբաղ նայում էր նրան, հստակ զգալով, թե ինչն է այդ պահին մտերմացնում իրեն ու Ելենային: Դա գրեթե առեղծվածային խանդավառությունն էր կենարար բնության հանդեպ, ունակ արարելու նման կատարելություն: Դա Արսենի սեփական զգացողությունն էր, նրա խոնարհում-երկրպագությունը աստվածության առջև, որի անունն էր Բնություն: Սակայն ինչ-որ տեղ նաև վտանգավոր խոնարհում էր: Դա և Ելենայի պարգևն էր` ամենօրյա կենցաղային մանրուքներից, ինչպես մոխրի մեջ անթեղված շիկացած ածուխը` վերածնված իր կուսական անաղարտությամբ:
— Ճիշտն ասած, ես չգիտեմ առավել հոյակապ որևէ այլ բան, — ոգեշունչ բերկրանքով ասաց Արսենը:
Նա, իհարկե, ճիշտ էր: Անտարբերությամբ նայել խաղողի վազերին՝ անհնար էր: Նրանց մեջ զգացվում էր բացարձակապես առանձնահատուկ, ինքնատիպ գեղեցկություն, որը բառերով դժվար էր արտահայտել: Կանաչ շարքերի խիստ ճշտորոշությունը հիշեցնում էր ռազմագնդերի կարգապահական շարքերը, որոնք պապանձվել են հանդիսավոր շքերթից վայրկյաններ առաջ:
— Այս թփերը նույնպե՞ս դու ես աճեցրել, — հարցրեց Ելենան, երբ Արսենը հավասարվեց նրան:
— Չէ, Լենա, դրանք կային: Ես միայն այստեղ ինչ-որ բան կարգի եմ բերել: Դե լավ, գնանք առաջ:
Մի քանի րոպե անց Արսենը մեքենան կանգնեցրեց վիթխարի չինարու ստվերում: Այստեղ փոքրիկ ավազան կար, որի մեջ երեք մատնաչափ խողովակից լայն ու շողշողուն շիթով ջուր էր թափվում: Արսենը դուրս եկավ մեքենայից:
— Ահա և հասանք: Ուզո՞ւմ ես լվացվել: Ջուրն այստեղ սառն է, արտեզյան ջրհորից է բխում:
Ելենան կռացավ և, ջուր վերցնելով, ցողեց իր դեմքին, հետո ծիծաղելով ետ նայեց Արսենին, որն իր հերթին զմայլանքով զննում էր դեռատի կնոջը, որովհետև անհնարին էր չնայել. Ելենան այդ պահին անսահման դյութիչ ու ցանկալի էր արբունքի հասած իր նորափթիթ գեղեցկությամբ:
Երկնաքեր չինարուց մի տաս քայլ այն կողմ լայն ծածկով ինչ-որ շինություն էր կանգնած՝ կոպտատաշ քարից սարքած: Ելենան Արսենի հետևից մոտեցավ շինությանը, նույն ձևի՝ Արսենը առջևից, ինքը նրա հետևից, ներս մտավ, ուշադիր նայելով շուրջը. ներսում համարյա չհղկված փայտե մեծ ու լայն սեղան էր տեղադրված՝ երկու կողմերում նստարաններ, իսկ շինության կենտրոնում` երկաթյա վառարան, որի վրա հսկայական կաթսայի փականի տակից մեղմորեն գոլորշի էր բարձրանում: Արսենը բացատրեց, որ ընդմիջմանը մարդիկ այստեղ հանգստանում են կեսօրվա տապին կամ անձրևի ժամանակ, երբ դաշտ դուրս գալու հնարավորություն չի լինում:
Ելենան նայեց պատերից կախված զգեստներին, փոքրիկ կապոցներին, գլխաշորերին, դրամապանակներին: Եվ, չգիտես ինչու, արտաբերեց շշուկով.
— Այս ի՜նչ համեղ է բուրում:
— Ես քեզ սովամահ եմ արել, հա՞, Լեն:
— Իսկ հայերեն ինչպե՞ս կլինի` «սոված»:
Արսենը չհասցրեց պատասխանել, ծածկի տակ մտավ մոտ երեսունհինգ տարեկան մի գեր կին` վարդագույն երեսով, ինչպես լինում է բաղնիքից հետո:
— Վո՜ւյ, հյուրե՜ր ունեմ, ես էլ բանից անտեղյակ:
— Ա՜, Եվգինե… Եկա տեսնեմ, թե դու ինչով ես մարդկանց կերակրում: Լենա, ծանոթացիր, սա Եվգինեն է, աշխարհի ամենակենսուրախ աղջիկը: Նմանը չկա: Ման էլ գաս՝ չես գտնի:
Թեև Եվգինեն չհասկացավ, թե ինչ ասաց Արսենը, բայց կռահեց, որ ինչ-որ կատակ էր: Արսենը իր հասցեին առանց կատակի չէր կարողանում արտահայտվել: Ծիծաղելով, նա գոգնոցով սրբեց թմբլիկ ձեռքերը և անսպասելիորեն գրկելով Ելենայի ուսերը՝ սրտանց համբուրեց նրա երկու այտերը:
— Ի՜նչ գեղեցկուհի է, ո՜նց որ կուկլա: Ապրի՛ մեր Արսենը, ի՜նչ լավն է գտել, պերվի սորտի աղջիկ է, — և հենց ինքն էլ, գլուխը հետ տանելով, քրքջաց իր աղավաղված ռուսերենի վրա:
Ելենան ի պատասխան ժպտաց նրան:
Արսենը ցույց տվեց կաթսան և հարցրեց հայերեն.
— Եվ ի՞նչ է դրա մեջ:
— Ոչխարի մսով ապուր: Գուցե կուտե՞ք, քանի աղջիկները դաշտում են: Թե չէ նրանց ներկայությամբ կարող է ամաչի:
— Վատ չէր լինի: Արդեն պատրա՞ստ է: Լենա, գուցե այստե՞ղ նախաճաշես: Չնայած ոչխարի մսով ապուրը նախաճաշի համար մի քիչ ծանր է:
— Իսկ դո՞ւ: Մենակ չեմ ուտի:
— Ինքն էլ… դո՛ւ էլ կեր, — ուրախ ասաց Եվգինեն: — Օչեն կուսնի: Սալաթն էլ այնտեղ է… — նա կմկմաց, ռուսերեն այդ բառը գտնելու համար ու ցույց տվեց նստարանի կողմը, որտեղ գտնվում էր կանաչեղենը, — ինչպե՞ս կլինի ռուսերեն:
— Սկամեյկա, — հուշեց Ելենան:
— Հա՛, սկամեյկայի վրա է:
Մեկ րոպեից սեղանի վրա հայտնվեցին երկու մեծ աման` լցված ախորժաբույր ապուրով, որի երեսից գոլորշի էր բարձրանում, հաց և թարմ կանաչի նույնպես դրվեցին սեղանին:
— Կո՛ւշի, պաժալստա: — Եվգինեն շրջվեց Արսենի կողմը: — Դե, ես գնամ, որ նա չամաչի: Ոչ մեկին ներս չեմ թողնի, այնպես որ հանգիստ կերեք:
Դուրս գալուց առաջ նա մեկ անգամ ևս քաջալերանքով ժպտաց Ելենային.
— Խարաշո կուշի, կուկլա՛ ջան: Ստուգելու եմ:
— Ի՞նչ ասաց, — հետաքրքրվեց Ելենան:
— Ասում է, ստուգելու է` լրի՞վ ես կերել, թե՞ չէ:
Կուշտ ուտելուց հետո նրանք դուրս եկան ծածկի տակից: Եվգինեն քիչ հեռվում ինչ-որ բան էր լվանում:
— Եվգինե, շատ ապրես, համեղ էիր պատրաստել, — ասաց Արսենը:
— Անուշ եղավ, — ասաց Եվգինեն և շրջվեց Ելենայի կողմը, — ջանա, տը տո՞ժի կուշատ:
Ելենան հասկացավ նրան, գոհունակ ժպտիտով ասաց.
— Այո, իհարկե: Ճիշտ որ, շատ համեղ է: Շնորհակալություն, — Ելենան շրջվեց Արսենի կողմը, — կարելի՞ է, մի քիչ նստեմ այստեղ քարի վրա:
— Ինչո՞ւ քարի վրա, — վրդովվեց Եվգինեն, — դէվուշկա պլոխո սիդետ նա կամեն, — Արսեն, ասա իրեն, որ չի կարելի նստել քարին, ես հիմա աթոռ կբերեմ: — Եվ նա ինչ-որ տեղից մի աթոռակ բերեց: — Ահա, սա լավ է: Քարը սառն է:
Ելենան նորից ժպտաց նրան` մտովի շնորհակալություն հայտնելով Եվգինեին հոգատարության և ջերմ վերաբերմունքի համար:
Արսենը նայեց ժամացույցին:
— Դե լավ, Լենա, դու զրուցիր Եվգինեի հետ, իսկ ես շրջեմ խաղողի այգիներում, մարդկանց հանդիպեմ: Թե՞ ուզում ես ինձ հետ:
— Հոգնել եմ, ավելի լավ է, նստեմ այստեղ:
Մեկ ժամից վերադառնալով` Արսենը նրան գտավ նույն տեղում, իսկ նրա շուրջը հավաքվել էին կանայք: Նրանք աղմկալի և ուրախ ծիծաղում էին ինչ-որ բանի վրա, և բոլորից բարձր ծիծաղում էր Ելենան:
— Այդ ինչի՞ց եք այդքան խնդուն, — հարցրեց նա` ներքուստ ուրախանալով և միևնույն ժամանակ զարմանալով այն բանի վրա, որ Ելենան այդքան հեշտությամբ է մտերմացել իրեն անծանոթ մարդկանց հետ:
Երևում է, այստեղ նա արդեն յուրային է:
— Նրանք ինձ սովորեցնում են հայերեն խոսել, — բերկրանքով հաղորդեց Ելենան: — Ես արդեն բավականին բառեր գիտեմ: Ասե՞մ: Ահա, հաց, ջուր, իսկ էլի` ես սերում էմ քէ՛զ: Ճի՞շտ է: — Նա զվարճալի ջանասիրությամբ արտասանում էր հայերեն յուրաքանչյուր հնչյունը: — Մարդը մարդ է, բայց նաև` ամուսին: Ստացվում է, որ մարդը միաժամանակ և՛ մարդ է, և՛ ամուսին: Բայց այդ ինչպե՞ս կլինի:
Կանայք համերաշխ քրքջացին:
— Այսպես որ գնա, շուտով դու ինձնից ավելի լավ կխոսես, — ժպտալով ասաց Արսենը և ուղղվեց դեպի մեքենան: — Գնացի՞նք, Լենա:
Բոլորը խմբովի շարժվեցին մեքենայի կողմը: Միացնելով շարժիչը, Արսենը շրջվեց նրանց կողմը.
— Ճաշից հետո կգնաք Բարակ ջուր և կմաքրեք շարքերի արանքները: Ինչ-որ մեկը հավաքել, կիտել է չոր մնացուկներն ու տերևները, սակայն թողել է տեղում: Վարդուհի՛, քեզ եմ հարցնելու:
— Լսում եմ, նաչալնիկ, — կանանցից մեկը կատակով պատվի առավ: — Նախշուն մորաքույրն է արել: Ինքն էլ կմաքրի: Կստիպենք:
— Աղջիկներ, իսկ ինչպե՞ս կլինի հայերեն «նաչալնիկ»:
— Պետ, — խմբովի պատասխանեցին կանայք:
— Պետ: Ի՜նչ ծիծաղելի բառ է: Ես ձեր «պետին» տանում եմ ինձ հետ: Դե, առայժմ, աղջիկներ:
— Ի՜նչ սիրունիկնա, — ասաց կանանցից մեկը: — Իսկ աչքերը ոնց որ կապուտակ երկինք… Մազերն էլ ոսկու գույն ունեն, ավելի ճիշտ՝ հասած արտի հասկերի գույնի են, էնքան լավիկնա, որ ուզում ես նայես ու նայես…
— Էլի կգաս, կուկլա ջան, — բացականչեց Եվգինեն մեքենայի հետևից:
Ելենան հաստատողականորեն գլխով արեց:
Երբ մի փոքր ընթացան, Արսենը հարցրեց.
— Դե, ինչպիսի՞ն են մեր կանայք:
— Չտեսնված: Սրտագին են, պարզ ու անկեղծ: Ընդհանրապես, բոլորն էլ լավն էին: Հատկապես դուր եկավ Եվգինեն:
— Եվգինեն ուրախ բնավուրությու ունի, բայց, հարկ եղած դեպքում, խոսքի տակ չի մնա
— Իմ կարծիքով, նա շատ բարի է:
— Ուրիշի ցավին վրա հասնող է: Ճշմարիտն ասած, նրա մասին գյուղում ոչ այնքան հաճելի լուրեր են պտտվում, բայց ես այդ հիմար դատափետությունները ուշադրության չեմ արժանացնում:
— Այդ ի՞նչ տհաճ լուրեր են:
Արսենը ղեկը պտտեց ձախ, մեքենան հեռավոր գյուղեր տանող լայն խճուղուց թեքելով դեպի գյուղամիջյան ճանապարհը:
— Դե երեք անգամ ամուսնացած է եղել, — քմծիծաղ տվեց նա: — Ճիշտ է, մեկը զոհվել էր ավտովթարից, մյուս երկուսին էլ ինքն է վռնդել:
— Մեզ մոտ վեց անգամ էլ են ամուսնանում, և ոչի՛նչ:
— Դա ձեզ մոտ: Այստեղ օրենքներն այլ են:
Խաղողի տնկադաշտերը մնացին հետևում, այժմ ճանապարհի երկու կողմերում ձգվում էին կարտոֆիլի, ցորենի և եգիպտացորենի անվեջանալի դաշտեր՝ այս ու այնտեղ կանգնած մենավոր ծառերով: Ձախ կողմում ցորենը հնձած էր, աջում` դեռ ձեռք չտված, թեթև հովից հասկերը տարուբերվում էին, գլուխները հակած՝ ալիքվելով հեռանում քամու ուղղությամբ:
Արսենը մեքենան հանեց ճանապարհի եզրը, դուրս եկավ, մոտեցավ ցորենի արտին և, մատներով դիպչելով սառն ու լեցուն հասկերին, բավարարված գլխով արեց:
— Լավ հաց ենք ունենալու այս տարի, բերքն առատ է:
Ելենան չգիտես ինչու չարձագանքեց: Արսենը զարմացած նայեց ետ:
— Ի՞նչ եղավ, Լենա: Գուցե հոգնե՞լ ես, — հարցրեց նա, հետ վերադարձավ մեքենայի մոտ և նստելով ղեկին, «Գազիկը» դուրս բերեց ճանապարհի մեջտեղը: -– Ինչո՞ւ ես լռում, — կրկին անգամ հարցրեց նա:
Ելենան դեմքով շրջվեց նրա կողմը.
— Իսկ քո կարծիքով… ինչո՞ւ է նա վռնդել նրանց:
— Ո՞վ և ո՞ւմ է վռնդել:
— Եվգինեն…
— Աստվա՜ծ իմ, — ժպտաց Արսենը: — Դու դեռ այդ մասի՞ն ես մտածում: Դե… որովհետև անպետք լակոտներ էին: Անխղճորեն խաբում էին` օգտվելով նրա դյուրահավատությունից: Ինչպե՞ս չվռնդես դրանց նմաններին: Ո՜վ էլ լիներ՝ կվռնդեր:
Ելենայի դեմքը միանգամից լուսավորվեց.
— Ճի՞շտ:
Արսենը շեղ նայեց նրան, նեքուստ հրճվելով նրա անբասիր մաքրությամբ:
— Խոստավանի՛ր, Լեն, դու կարծում ես, ես կարող եմ ակա՞նջ դնել բամբասանքներին: Դու այդպե՞ս ես կարծում:
Ելենան կարմրեց արտասվելու աստիճանի:
— Դե՛ վերջ տուր, — ասաց նա ու ձեռքը գցելով ղեկին: — Ահա թե հիմա ինչ կանեմ:
— Դե՛, դե՛, — քրքջաց Արսենը, հեռացնելով նրա ձեռքը, — թե չէ հիմա կհայտնվենք անդնդախոր ձորում:
Ելենան սեղմվեց նրան և այդպես, երանությամբ աչքերը փակ, հասան մինչև տուն:
ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ
«Ի՛մ թանկագիններ, սիրելի՛ մայրիկ, հայրիկ և Դիմա:
Ամբողջ մի ամիս է, ինչ ձեզ չեմ տեսել: Նույնիսկ հիմա գրում եմ, հիշելով ձեզ, իսկ ինքս ուզում եմ աղիողորմ լաց լինել: Բայց սա այնպես, լիրիկական զեղումներ են, ժամանակի հետ երևի կանցնի: Արսենն ասում է, որ շատերի հետ է այսպես լինում, հետո անցնում է: Ասենք, ինքս էլ գիտեմ, որ կանցնի: Բայց իմ մեջ այդ զգացումը դեռևս չի անցել ու երևի դեռ շուտ չի անցնի: Ամեն ինչ այստեղ անսովոր է, որովհետև արդեն հասկանում եմ, որ ընկել եմ ուրիշ աշխարհ, բացարձակապես այլ աշխարհ:
Ամեն ինչ այնպես չէ, ինչին ես հարմարվել եմ մանկությունից: Նույնիսկ երկինքն այնպիսին չէ, ինչպես մեզ մոտ է: Այստեղ, գյուղը չորս կողմից շրջափակող բարձր սարերով կտրտված երկինքը շատ ցածր է, իսկ երեկոյան այնքան աստղեր կան, որ նայելիս գլուխս պտտվում է, և ամեն ինչ այնքան մոտ է, որ թվում է` բարձրանամ որևէ բլուր, ձեռքով կդիպչեմ դրանց: Եվ օդն էլ այնքա՜ն մաքուր է և նույնպես այնքան արտասովոր. ուշադրությամբ լսելիս՝ զգում ես, որ օդը ցածրաձայն զնգում է, ինչպես հախճապակե բաժակը, որի եզրերին կպչում ես մատով, միայն թե՝ ավելի նուրբ ու ջինջ: Ողջ շաբաթ չէի կարողանում հարմարվել այդ զնգոցին, ինձ շարունակ թվում էր` մեկը անզգուշորեն սրբում է հախճապակե բաժակները: Իսկ հիմա, ոչինչ, սովորել եմ:
Այ, լեռներն ուրիշ… Դրանց դեռ չեմ հարմարվել: Ճիշտ է, այդ լեռները յուրատեսակ գեղեցիկ են, նույնիսկ, ես կասեի, չափազանց գեղեցիկ, բայց, միևնույն է, պիտի խոստովանեմ, որ քարեղեն այդ հսկա ժայռաբեկորները, այդ նախաստեղծ քաոսը, մռայլ ու խոժոռադեմ այդ լեռնակուտակումները՝ ահարկու տեսքով, ինձ մի քիչ վախեցնում են: Ամբողջ ժամանակ թվում է, թե դրանք ուր որ է փուլ կգան և կճզմեն ինչ կա ցածում: Այդ մասին, իհարկե, բարձրաձայն չեմ արտահատվում, կծիծաղեն վրաս, ես ինքս իմ մեջ եմ դա մտածում:
Արսենը և նրա քրոջ ամուսինը` Մուշեղը, արդեն երկու անգամ ինձ տարել են հեռու-հեռու՝ այսինքն, Թարթառի հովիտ, որպեսզի ես կարողանամ հիանալ ոչ միայն կանաչապատ բարձրաբերձ սարերով ու լեռներով, այլև տեսնեմ Դադիվանքի եկեղեցական հրաշք համալիրը՝ Թարթառ գետի ձախ ափին: Ընդհանրապես, ասեմ ձեզ, այդ Թարթառի հովիտով, այն կարելի է անվանել նաև ձոր, ուրեմն, ահա, այդ ձորով դեպի վեր, գետի հոսանքի հակառակ ուղղությամբ մինչև Հայաստանի սահմանը, սփռված են տասնյակ ու տասնյակ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, հայ ժողովրդի այլևայլ պատմամշակութային հուշարձաններ, որովհետև այս տարածքաշրջանը ամբողջովին հայկական տարածք է եղել նախկինում: Դադիվանքը, որը կառուցվել է իններորդ դարում, ներկայումս կարգին վնասված է, գմբեթը ավերված, բայց միևնույն է, հայկական ճարտարապետության վեհագույն հուշարձաններից է: Երբ այնտեղ էինք, մի թուրք ոչխար էր պահում համալիրի ներսում: Արսենը շատ էր բարկացել, թուրքին իր ոչխարների հետ միասին քշեց այդտեղից… Այս էլ ասեմ, որ հիմա տղամարդիկ ուզում են ինձ տանել Գանձասարի վանքը` կառուցված տասներկուերորդ դարում, դա արդեն Կարկառ գետի ափին է, բայց նորից` Ղարաբաղում: Նա կանգնած է, ասում են, բարձր բլրի վրա` հպարտորեն հառնելով հայկական պատմական Վանք գյուղական բնակավայրի վրա:
Արսենը խոստացել է, որ հանգստյան օրերին ինձ կտանի Ամարաս վանքը, որը կառուցվել է էլ ավելի վաղ` չորրորդ դարի սկզբին: Պատկերացնո՞ւմ եք: Այսպես, ուրեմն, պարզվում է, որ հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը այդ վանքում բացել է առաջին հայկական դպրոցը: Արսենը համարում է, որ Մաշտոցը տառեր չի ստեղծել, այլ վերականգնել է դրանք, որի համար երկար տարիներ դեգերել է այն ժամանակվա տարբեր քաղաքներով ու երկրներով, այցելել գրադարաններ, որպեսզի հայտնաբերի դրանցում պահպանված հայոց տառերը: Առաջին դարում քրիստոնեության տարածման հետ հայոց գիրը ոչնչացվել է, իսկ Մեսրոպ Մաշտոցը որոշել է ամբողջը վերականգնել: 301 թվականին հայերը քրիստոնեությունն ընդունել են պետական մակարդակով, սակայն իրականում նրանք դա ընդունել էին դեռ Քրիստոսի կենդանության օրոք, հայոց Աբգար թագավորի ժամանակներում: Ինձ անչափ հաճելի է, որ Արսենը հրաշալի գիտի իր ժողովրդի պատմությունը: Եվ շատ ափսոս է, որ ծայրից ծայր մեր ողջ երկրով մեկ դպրոցներում սովորեցնում են հիմնականում Ռուսաստանի պատմությունը, իսկ մեր մյուս ժողովուրդների պատմությունը` մակերեսորեն: Մի խոսքով, իմ թանկագիններ, ես ապրում եմ լավ և անչափ հետաքրքիր:
Երբ մենք առաջին անգամ գնացինք Թարթառի ձորը, մի տեղ, ներքևում, խոր կիրճ էր, և կիրճի անդունդում շառաչում, աղմկում էր փոթորկահույզ Թարթառ գետը, ես վախից բացի ուրիշ ոչինչ չէի զգում, որովհետև ճանապարհն անցնում էր անդունդի եզրով. ես ամբողջ ժամանակ վախենում էի, որ կգահավիժենք ցած: Բայց հետո, երբ եղանք Արծվի բույն կիրճում, ուր ճանապարհը ապառաժների վրայով գլխիվայր իջնում էր կիրճը, ես նոր հասկացա, որ աշխարհում դրանից ավելի սարսափելի տեղ չկա, և որ մինչ այդ իմ տեսած կիրճը՝ Թառթառի ձորում, դրա համեմատ՝ ոնց որ մանկական ատրակցիոն, կրկեսային համար: Մեզ մոտ անվերջանալի հարթություններ են, անծայրածիր դաշտեր ու մերկ թափաստաններ, այստեղ, ասես, ըմբոստացած բողոք՝ համատարած լեռներ են, կանաչապատ սարեր ու բլուրներ
Պատկերացնում եմ, թե մայրիկը հիմա ինչպես է բարկանում, կարդալով այս նամակը. իբր մենք այստեղ անհանգստությունից մեր տեղը չենք գտնում, իսկ նա պատմում է ինչ-որ հիմար Արծվի բույն կիրճի մասին… Սիրելի՛, սիրելի՛, ի՛մ հարազատ սիրելի մայրիկ, ասեմ անմիջապես, որ հանգստացնեմ քեզ. այնքա՜ն, այնքա՜ն լավ է այստեղ, նույնիսկ չես պատկերացնի, թե ի՜նչ երջանիկ եմ: Մայրիկ, դու կին ես և լավ ես հասկանում, թե ինչքան քիչ բան է պետք կնոջը՝ երջանկության համար` սիրել և փոխադարձաբար լինել սիրված: Արսենը պաշտում, աստվածացնում է ինձ, իսկ ես, մեղքս ինչ թաքցնեմ… ես նրան նույնպես… Եվ սկեսրայրս նույնպես հրաշալի մարդ է, այնպես հանդարտ, հանգիստ և, պատկերացնո՞ւմ ես, մամ, ռուսերեն ամաչում է խոսել, թեև խոսել կարող է: Սկեսուրս և նրա քույրը ևս շատ լավն են…
Արսենը ճիշտ էր, երբ ասում էր, որ Լեռնային Ղարաբաղը չքնաղ դրախտ է: Այդպես էլ կա… Եվ հետո, ես այստեղ հանդիպել եմ հրաշալի մարդկանց: Գիտե՞ք, իմ կարծիքով, այս գյուղում կանայք ճակատ համբուրել շատ են սիրում: Ում հետ էլ Արսենն ինձ ծանոթացնում է, բոլորը անխտիր համբուրում են ճակատս: Դա շատ զվարճալի է: Առաջին օրը ինձ համբուրեց գյուղի կեսը, իսկ հարսանիքի օրը` մյուս կեսը, այսինքն, նրանք, ովքեր չէին հասցրել միչ այդ: Հիմա էլ ծիծաղում եմ այդ ամենը հիշելիս… Մի բան էլ, նկատել եմ. որևէ տեղ գնալիս՝ ուրախության գնալիս լինեն, թե տխրության, ամուսինն առջևից է գնում, կինը, մի տաս-տասնհինգ քայլ հեռավորության վրա, նրա հետևից: Ծիծաղելի է, չէ՞: Հարսանիքը շաբաթ օրն էր, գյուղական ակումբի շենքում, ինձ պսակադրության զգեստ հագցրին` հարսնաքողով, շատ ժողովուրդ կար, մեր տնից մինչև ակումբ որսորդական հրացաններից շարունակ կրակում էին: Ուրեմն, նավթի մեջ թաթխած լաթերը փաթաթում են երկար ձողերի ծայրերին, վառում, ահա բոցավառ այդ ձողերը գլխավերևները բռնած՝ հարսանքավորները երգելով մեր տնից գնացինք միչև ակումբ և ամբողջ ճանապարհին այս ու այն կողմից ջահելները ուրախ կրակում էին վառվող ձողերի վրա, կայծեր էին թափթփվում բարձրից՝ ոնց որ իսկական հրավառություն: Չտեսնված հետաքրքիր էր: Այ, թե կարողանայիք պատկերացնել այդ պահը, մի րոպե երևակայեք՝ վերևում, համարյա սարերին կպած կապույտ երկինք, և այդ երկնքի և սարերի միացման տեղում հարյուրավուր աստղեր են շողում: Աստղեր, ու դանդաղասահ լուսին՝ բարձր սարերի վրա: Ափսոս, ձեզանից ոչ ոք չկար մոտս, դրա համար մի երկու անգամ լաց եղա… Հետո կերուխում էր՝ կենացներով, կատակներով ու ծիծաղով, Գրիշկան իմ աջ կողմն էր նստած՝ որպես հարսնեղբայր, շարունակ նայում էր ինձ, երջանկաբար ժպտում, իսկ Արսենը ձախ կողմում էր, նա ամեն ինչ թարգմանում էր, և ես ինձ անսահման երջանիկ էի զգում ու այն աստիճան երջանիկ, որ նույնիսկ մի տեսակ չէի կարողանում ընկալել՝ ես՝ ե՞ս եմ, ի՞մ հարսանիքն է սա, միայն թե, տես, չծիծաղեք վրես: Հետո պարեր եղան, տղաներն ու աղջիները, վառած մեղրամոմերը ձեռներին բռնած, հայկական հինավուրց «Քոչարի» պարեցին՝ սրինգի ախորժալուր նվագի տակ: Արսենը բացատրեց, որ մոմերի այդ թրթռուն լեզվակները սիրահար զույգերի ու նորապսակների սրտահույզ վերաբերմունքն են խորհրդանշում՝ մեկը մյուսի հանդեպ: Պարից հետո Արսենի հայրը, ծերունական դողդոջ քայլերով մոտեցավ, փչելով հանգցրեց մոմերը, իսկ դա, իր հերթին, հովանավորում ու օրհնություն է խորհրդանշում… Բայց, ա՛յ, ոչ մի նվեր չկար: Պարզվում է, այստեղ այդպիսի ավանդություն կա՝ նվերի փոխարեն փող են տալիս: Առաջ, ասում են, նման բան չկար, իսկ հիմա կա` փող են տալիս: Հետո ասացին, որ դա արվում է անհրաժեշտությունից, քանի որ նվերի համար պետք է գնալ մարզկենտրոն` Ստեփանակերտ, իսկ այնտեղ ընտրությունը մեծ չէ, ուրեմն Բաքու պիտի գնալ կամ Երևան… Նման ուղևորության հնարավորություն ու ժամանակ որտեղի՞ց, երբ գյուղի ողջ չափահաս բնակչությունը աշխատում է դաշտերում ու ֆերմաներում:
Այստեղ գալուց հետո մյուս օրը Արսենն ինձ տարավ խաղողի իր այգիները: Չեք պատկերացնի, թե դա ի՜նչ հրաշք է, ի՜նչ գեղեցկություն: Դժբախտաբար, չեմ կարող ձեզ դրանք նկարագրել, դրանք՝ խաղողի այդ այգիները, պետք է սեփական աչքերով տեսնել… Ես հիմա եմ հասկանում Արսենին, երբ ասում է, որ չգիտի ավելի գեղեցիկ բան, քան խաղողի վազն է: Դա իսկապես բացառիկ տեսարան է:
Ասեմ նաև, որ Արսենը զարմանալի անձնավորություն է: Վերջերս սովխոզի տնօրենիից իմացա, որ նա աշխատում է դիսերտացիայի վրա: Եվ այն նույնիսկ մի հսկայական վերնագիր ունի. «Լեռնային Ղարաբաղի բարձրալեռնային շրջանների պայմաններում խաղողի վազի լավագույն ծանրաբեռնվածությունը»: Դուք մի բան հասկացա՞ք: Իհարկե, ոչ: Ես էլ: Երբ այդ մասին նրան ասացի, նա ժպտաց ու ասաց. «Երբ որ պատրաստ լինի, այն ժամանակ էլ կխոսենք»: Եվ ընդհանրապես նա շատ չի խոսում, լռակյաց բնավորություն ունի, բայց ես ամբողջ ժամանակ նրա մեջ ինչ-որ նոր բաներ եմ գտնում և միշտ լավը: Եվ հայտնեմ ձեզ որպես գաղտնիք, որ թաքուն հիանում եմ նրանով:
Դե, իսկ ես առայժմ ոչ մի տեղ չեմ աշխատում: Արսենի ծնողները հանրային դաշտերում աշխատել չեն թողնում, ֆիզիկական ծանր աշխատանքով զբաղվել քեզ պետք չէ, ասում են, դրա կարիքն չկա: Իսկ սովխոզի գրասենյակում բոլոր հաստիքները զբաղեցված են, դե ես այնտեղ չեմ էլ կարող աշխատել, քանի որ բոլոր գործերը տարվում են հայերեն: Բայց մի անգամ տնօրենն ասաց ինձ, որ առաջիկայում կազատվի մանկապարտեզի վարիչի տեղը (այստեղ փոքրիկ մանկապարտեզ կա՝ երեսուն երեխայի համար), ներկա վարիչը պետք է դեկրետային արձակուրդի գնա: Հավանական է, որ ես կփոխարինեմ նրան: Տեսնենք: Իսկ առայժմ անգործությամբ եմ զբաղվում: Բայց իրականում շատ եմ ուզում աշխատել: Գոնե դպրոցում տեղ լիներ, չէ՞ որ մանկավարժականն եմ ավարտել: Այնտեղ ևս, ասում են, մի դրույքի վրա երկու-երեք մարդ է աշխատում, այդպես է, գյուղում դժվար է աշխատանք գտնել: Բայցևայնպես, նույնիսկ տան մեջ ինձ թույլ չեն տալիս որևէ բան անել, ամբողջ ժամանակ ասում են` կհասցնես: Անգամ անհարմար եմ զգում: Իսկ իրենք, ինչպես և բոլորն այստեղ, սարսափելի շատ են աշխատում՝ լույսը բացվելուց միչև որ մութն իջնում է: Արսենի հայրը սովխոզի պահեստների պահակն է, դա այնքան էլ հեռիւ չէ, համարյա գյուղի կենտրոնական մասում: Մայրն ու մորաքույրը ֆերմայում կթվորուհիներ են: Առավոտ ծեգին գնում են, վերադառնում ուշ երեկոյան, երբ արդեն մթնած է լինում:
Լինում է նաև այնպես, որ գիշերն էլ են մնում, երբ պատահում է ինչ-որ արտակարգ իրավիճակ, դե, ասենք, այնտեղ կով է հիվանդացել կամ հորթեր են ծնվել… Իսկ, ահա, սովորական օրերին շուտ են վերադառնում, հենց որ կիթն ավարտվում է: Մայրիկ, հանկարծ չմտածես, թե սոված եմ մնում, ոչ, ոնց որ այդտեղ՝ մեր տանն էր, ամենահամեղ կտորն ինձ են տալիս, և, աստված չանի, հանկարծ իմանան, որ ժամանակին չեմ սնվել:
Այսպես ուրեմն, ես մինչ այդ էլ, իհարկե, գիտեի, որ գյուղում շատ են աշխատում, և մարդկանց աշխատանքն էլ շատ ծանր է: Բայց ես դա իմացել եմ միայն գրքերից, ֆիլմերից, բայց երբ քո աչքերով ես տեսնում, թե ինչպիսի տանջանքով են օրվա հացը վաստակում, ակամայից ուզում ես նրանց առջև գլուխ խոնարհել…
Սիրելի մայրիկ, ահա, ինչպես որ պատվիրլ էիր, երկար ու մանրամասն նամակ գրեցի: Այժմ քեզնից եմ նմանաձև նամակ սպասում: Գրիր ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունենում մեր Վոլխովում: Խոստովանում եմ, մայրիկ, արդեն սկսել եմ կարոտել և ձեզ, և մեր տունը, և մեր սիրուն քաղաքը՝ արևոտ ֆողոցներով: Հիմա՞ էլ են կիրակի իրիկունները ակումբի առաջ, հրապարակում, պարում՝ մագնիտոֆոնի զիլ երաժշտության տակ…»:
Ելենան մտասույզ ընթերցեց նամակը, հայացքը մի պահ հապաղեց «Վոլխով» բառի վրա: Հիշեց հայրենի քաղաքը, այնքան մաքուր, հարմարավետ: Տեսավ իրենց բակը, շրջափակված փայտե ցանկապատով, խնձորենու տակի դազգահը, որի վրա եղբայրը` Դմիտրին, միշտ ինչ-որ բան էր սարքում, պատկերացրեց, թե ինչպես է մայրը, ժպտալով ու լաց լինելով, բարձրաձայն կարդում նամակը…
Բայց շուտով նրա մտքերը այլ ուղղությամբ ընթացան: Նա նորից հիշեց այն հրաշալի երեկոն, երբ Արսենը եկավ իրենց տուն, և իրենք կինո գնացին…
Ավտոմեքենայի աղմուկը Ելենային կտրեց մտքերի աշխարհից: Նա մոտեցավ պատուհանին և տեսավ, թե ինչպես Մուշեղի դեղնականաչավուն «Ժիգուլին» դանդաղորեն մտավ բակ:
Ելենան մտածեց, որ այսօրվա մասին նույնպես պետք է գրել և մտովի վերաշարադրեց նամակը. «Իսկ մեր տանն այսօր տոնական ճաշկերույթ է, իմ սկեսրայրի ծննդյան օրն է, լրանում է նրա ծննդյան յոթանասունինն տարին: Խորոված ենք անելու: Օ՛յ, զարմանալի է, ինչպես են բոլորն այստեղ սիրում խորոված: Դե, ես ինքս էլ շատ եմ սիրում, հատկապես, երբ կրակի վրա թշշում, կաթկթում է խորովածը, և դրա չտեսնված բուրմունքը տարածվում է շուրջը… Հենց տանը հյուրեր են հայտնվում, իսկույն խոճկոր են մորթում… Արսենի քույրն է եկել՝ իր ամուսնու և երկու երեխաների հետ: Նրանց երեխաներից ավագը՝ Գրիշկան՝ սև աչքերով, հրաշալի տղա է, դյուրացգաց ու այնպես բարի… Արսենի քույրը ապրում է մեզնից ոչ հեռու, և Գրիշիկը հաճախ է գալիս ինձ մոտ, և մենք միմյանց սովորեցնում ենք՝ ես նրան ռուսերեն, նա ինձ` հայերեն…»: Ելենան քմծիծաղ տվեց իր վերջին տողերի վրա, մտովի հավելեց արդեն ժպտալով. «Ներեցեք, սիրելիներս, ես պետք է գնամ հյուրերին դիմավորելու, թե չէ կարող են նեղանալ, այստեղ շատ խիստ է ընտանեկան վարվելակարգը. որքան էլ զբաղված լինես, պարտավոր ես դուրս գալ և դիմավորել հյուրերին: Այնպես որ, համբուրում եմ բոլորիդ և ցտեսություն…»:
Ելենան որոշեց, որ այսօրվա արարողության մասին կգրի հետո և արագ դուրս եկավ բակ: Յուրաքանչյուրի համար գործ գտնվեց: Կանայք սեղան գցեցին անմիջապես ծածկապատշգամբում (սենյակում տոթ էր). Ելենան ու Արփիկը բանջարեղեն կտրտեցին, աղցաններ պատրաստեցին: Գրիշկան, ոչ մի քայլ չհեռանալով Ելենայից, ջանում էր ինչ-որ բանով նրան օգնել, բայց միայն խանգարում էր: Ելենան ծիծաղելով ամբողջ ժամանակ մի կողմ էր հրում նրան:
— Գրիշկա, մի խանգարիր:
— Ես խանգարո՞ւմ եմ:
— Խանգարում ես:
— Ես ընդհակառա՜կը…
— Ահա հե՛նց այդ ընդհակառակն էլ խանգարում է:
Արսենը նոր էր վերադարձել աշխատանքից, քաղցած էր, արագ վերցնելով կացինը, նա կաղնու՝ նման բաների համար դրվաց լայն կոճղի վրա սկսեց կտրտել միսը: Մուշեղը բանջարանոցի հեռավոր անկյունում, բուսականությունից ազատ հատվածում, որը եզրապատված էր քարերով, արդեն կրակ էր վառել:
Շուտով միսը, բաստուրմա դրած աղի, սոխի, տաքդեղի ու քացախի համեմունքով, շարվեցին շամփուրներին, նկուղից բերված գինու շշերն ու յոթանասուն աստիճանի թթի օղին դրվեցին սեղանին:
— Մուշե՛ղ, — ձայնեց Արսենը, — դե՛, ինչ եղավ քո կրակը, սովից մեռանք: Բերե՞մ շամփուրները:
— Կրակը համարյա պատրաստ է, — արձագանքեց Մուշեղը, — միայն թե, վախենամ, ստիպված լինենք ածուխները տեղափոխել ծածկի տակ:
— Ինչո՞ւ:
— Ուր որ է՝ անձրև կսկսի: Եվ այն էլ հորղ:
Բոլորն ակամա նայեցին դեպի արևմուտք. գյուղի վրա փայլում էր մայրամուտի հրակարմիր արևը:
— Դու էլ հո չասացի՜ր, — ծիծաղեց Արսենը:
— Գնա ինքդ նայիր:
Արսենը հատեց բակը և նայեց Մռավ սարի կողմը: Նրա դեմքը մթնեց:
— Սա անձրև չէ, — չգիտես ինչու ռուսերեն ասաց նա:
— Իսկ ինչ է, եթե անձրև չէ- արագ մոտենալով, անհանգիստ հարցրեց Ելենան՝ անմիջապես որսալով ամուսնու տրամադրության փոփոխությունը:
— Կարկուտ է, Լենա, — պատասխանեց Արսենը անսովոր խռպոտ ձայնով` ցույց տալով խիտ կապտաճերմակ շերտը, որը ծածկել էր սարը: — Տասը րոպեից այստեղ կլինի: Երևում է, անուրախ օր ենք ունենալու…
Ելենան ակամա վախով սեղմվեց նրան, դեռ չհասկանալով, թե ինչ է տեղի ունենալու, բայց ընդհանուր տագնապն արդեն փոխանցվել էր նրան:
— Գուցե հեռվի՞ց անցնի, — ենթադրեց Մուշեղը:
Արսենը գլուխը տարուբերեց.
— Չէ՛, ուղիղ մեր կողմն է քշում սրիկան:
Երկինքը համառորեն պատվում էր մոխրագույն մուգ ամպերով: Կարճատև քամի փչեց, ծառերի կատարները սկսեցին օրօրվել, և գնալով՝ առավել ուժգին, անգամ բարձր ընկուզենիներն էին ճռնչյունով խոնարհվում համարյա մինչև գետին ու հուժկու քամուց բարձրանում վեր: Եվս մեկ-երկու րոպե՝ մրրկային քամին սպառնում էր ավերել, քշել տանել ամեն ինչ, միանգամից ճայթեց կայծակը՝ զիգզաձև պատռտելով երկինքը, որին վայրկյան անց ճարճատելով հաջորդեց ահեղադղորդ որոտը, այնուհետև շարունակ շանթ ու որոտ էր, երկինքը դղրդյում էր՝ մեկ կուրացուցիչ լուսավորվում էր անընդմեջ կայծակներից, մեկ պատվում էր անթափանց խավարով, հետո բակում ընկան առաջին կարկտահատիկները՝ խոշոր ու կարծր: Խորովածի համար պատրաստված կրակը թշշում էր կարկտահարվածներից, մոխրաթաթախ գոլորշու հետ կայծեր էին թռչում այս ու այն կողմ: Բակի մեծ թթենուց պոկված տերևների հետ համախառն՝ հասած ու խակ թութը տարափի պես թափվում էր քարի պնդության տոփանված գետնին:
Ելենան առաջին անգամ էր նման սարսափազդու աղետ տեսնում, վախվորած մեկ երկնքին էր նայում, մեկ Արսենին, մեկ՝ մյուսներին: Գրիշիկը, մոտ վազելով, բռնեց ձեռքը և քաշեց.
— Գնա՛նք:
— Ո՞ւր, Գրիշենկա, — ապշած անիրական թվացող արհավիրքից, վարանքով արտաբերեց Ելենան:
— Գնանք, այստեղ չի կարելի կանգնել, — ռուսերեն բառերը դժվարությամբ հեգելով` ասաց Գրիշիկը:
— Վազիր ծածկի տակ, Լենա, այստեղ վտանգավոր է, –նույնն ասաց նաև Արսենը:
— Իսկ դո՞ւ: Առաց քեզ չեմ գնա:
— Ես էլ եմ գալիս… Գնացինք, Մուշեղ:
Իսկ հետո աներևակայելի բան սկսվեց: Դղրդում, թմբկահարվում էր թիթեղածածկ տանիքը, թթենու ճյուղը պոկվեց ու վայր ընկավ: Ասես հրամանով՝ բոլորը մտահոգ նայեցին խաղողի մի քանի տասնյակ վազերին, որոնք զբաղեցնում էին բանջարանոցի մեծ մասը: Նայեցին ու մնացին սարսափած. կարկուտը մոլեգնած խփում էր վազերին, ծվատում տերևները, ջարդում ճյուղերը, պոկում խոշոր, նոր-նոր հասունացող հատիկներով երկարավուն ողկույզները: Եվ քիչ անց այնտեղ, ուր գտնվում էին փարթամ կանաչով պատված վազերը, այժմ դուրս էին ցցվել դրանց ոլորված, գետնին փռված բները, որոնք ասես երկյուղած կարկտի և հողմի կատաղի պոռթկումներից, կուչ էին եկել բետոնե ծռմռված հենարաններին տակ:
Ամբողջ բակը, բանջարանոցն ու այգին, նմանապես և բակից դուրս ելնող ճանապարհը, ծածկված էին կարկտի հաստ շերտով, այս ու այնտեղ առվակներ էին գայացել, որ բակում միախառնվելով, գլորվելով մտան բանջարանոց ու չանցած մի քանի վայրկյան՝ դեղնագույն ղղումներն արդեն լողում էին սրարշավ պղտոր ջրերում:
Կանայք, որ սկզբում կանգնել էին նույն տեղում և մունջ դիտում էին բնության այդ աներևակալի ցասումը, սկսեցին բարձրաձայն ախուվիշը, բայց տղամարդիկ սաստեցին նրանց, և նրանք միանգամից լռեցին: Միայն Ելենան էր, որ մնացել էր ակնկոր կանգնած, մերթ- մերթ հուսահատ ակնածելով շուրջը, չհասկանալով, թե ինչ է տեղի ունենում: Նա նայեց Արսենին, որը, հայացքը երկնքին, խռպոտ ձայնով ինչ-որ բառեր էր արտասանում:
— Ինչո՞ւ են լռում: Ինչո՞ւ են նրանք լռում — , — ի վերջո ռուսերեն ասաց նա: :
— Ո՞վ է լռում, — հարցրեց Ելենան: — Ինչի՞ մասին ես խոսում, Արսեն:
— Ինչո՞ւ նրանք չեն կրակում:
— Ո՞վ: Ո՞վ պետք է կրակի, Արսեն և ինչո՞ւ պիտի կրակի, սիրելիս, ի՞նչ պատահեց քեզ: Հանգստացիր:
Ելենան կառչեց ամուսնու ձեռքից` վախեցած ու չհասկանալով, թե ով ում վրա պիտի կրակեր և ինչու:
— Դե՛, զենիթահարները:
— Ի՞նչ զենիթահարներ, ինչի՞ մասին ես խոսում:
Մուշեղը մոտեցավ նրան:
— Ահա այնտեղ, կավճային բլրից այն կողմ, տեղադրված են հակակարկտային կայանները: Բայց դրանք չգիտես ինչու չեն կրակում:
— Խմել ու հարբած մրափել են երևի… — արտաբերեց Մուշեղը: — Դե լավ, ես գնացի:
Ելենան կրկին կառչեց ամուսնուց.
— Ո՞ւր:
— Գրասենյակ: Այնտեղ բոլորն արդեն հավաքվել են երևի:
— Մի բան ուտեիր, ախր սոված ես, — հուշեց Արփիկը:
— Ոչինչ էլ չի լինի, — ձեռքը թափ տվեց Արսենը, և խորովածը քամհարելու նրբատախտակի կտորով գլուխը ծածկելով, վազեց մեքենայի կողմը, ընթացքից բացականչելով, — առանց ինձ նստեք, ես հետո կգամ:
Նա արագորեն գործի գցեց մեքենան և դուրս եկավ բակից: Գլխավերևում կարկուտը, թերևս արդեն նվազած՝ աղմուկով թմբկահարում էր բրեզենտե ծածկը, կարկտահատիկները, փշրվելով մեքենայի անիվների տակ, ո ասես պարսատիկից նետված կլոր ու ողորկ քարեր, փշուր-փշուր թռչում էին չորս կողմ:
Արսենը վշտաբեկ նայում էր ետ մնացող տներին, տնամերձ այգիներին ու բանջարանոցներին, տարակուսած զարմանալով, որ անիծյալ կարկուտն այդքան կարճ ժամանակում հասցրեց ավերել ամեն ինչ: Նա խորունկ ցավով հիշեց քիչ առաջ իրենց բանջարանոցում խաղողի ծվատված վազերը և ակամա կծկվեց, մտածելով այն մասին, որ, եթե նույնը տեղի ունեցած լինի սովխոզի խաղողի այգիներում, ապա… Սարսափելի էր անգամ երևակայել, թե ինչ կլինի այդ դեպքում:
Կարկուտը, դատելով ակնհայտ նշաններից, խփել էր հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք ձգվող շերտով, ջարդելով իր ճանապարհին ամեն բան՝ բանջարանոցներ, այգիներ, կոտրելով կղմինդրները և ջարդելով տանիքների թիթեղն ու փշրելով պատուհանների ապակիները: «Եթե ավելի լայն լիներ հարվածի ի շերտը, — մտածում էր Արսենը, — ապա դա լրիվ տնաքանդություն կլիներ այս ամբողջ ենթաշրջանի համար»:
Սովխոզի տնօրենության բակում՝ արդեն հատուկենտ, ընկնում էին վերջին կարկտահատիկները, երբ նա մեքենան կանգնեցրեց երկհարկանի շենքի մուտքի մոտ և, աստիճաններն ի վեր համարյա վազելով, բարձրացավ երկրորդ հարկ: Գաբրիել Բալայանի աշխատասենյակում շատ մարդ էր հավաքվել` գլխավոր ինժեները, ավագ տնտեսագետը, կուսկազմակերպիչը, գյուղխորհրդի նախագահը, բրիգադիրները, մեխանիզատորները, ֆերմաների վարիչները…
Արսենը ընթացքից գլխով բարևեց նրանց, նստեց, և, աթոռը մոտ քաշելով տնօրենին, հարցրեց միանգամից.
— Ինչո՞ւ նրանք չեն կրակել: Դուք զանգե՞լ եք:
— Զանգել եմ, զանգել եմ, — կնճռոտված պատասխանեց Բալայանը: — Հնարավոր չի եղել կրակել:
— Ինչո՞ւ: Ի՞նչ է նշանակում հնարավոր չի եղել:
— Այդ ժամանակ գյուղ վրայով ուղևորատար ինչ-որ օդանավ է եղել անցնելիս, — տնօրենի փոխարեն պատասխանեց ինչպես միշտ անխռով Ռուբեն Գրիգորյանը:
— Ի՞նչ օդանավ:
— Մոսկվա-Թեհրան:
— Բայց այստեղով օդուղի չի անցնում, որտեղի՞ց է լույս ընկել օդանավը:
— Չգիտեմ, ինձ այդպես ասացին… — իր հերթին լրացրեց տնօրենը, վեր կենալով աթոռից:
— Որքա՞ն ժամանակ է այդ օդանավը թռել մեր գլխավերևով: Գրողը տանի, այղ օդանավը հո շրջաննե՞ր չէր անում:
Բալայանը դառնորեն քմծիծաղեց.
— Իսկ որքա՞ն ժամանակ է քո կարծիքով ընթացել կարկուտը: Ասա նրան, Ռուբեն:
— Մոտ ութ րոպե: Ես պատահաբար իմացա. ժամացույցս կանգ էր առել, անցա հյուրասենյակ, որ նայեմ պատի ժամացույցին… յոթից քսան էր պակաս: Ուզում էի իմ ժամացույցը լարել, բայց հենց այդ պահին տանիքին հարվածեցին առաջին կարկտահատիկները, և ես մոռացա ժամացույցի մասին: Իսկ երբ կարկուտը դադարեց, կրկին վերադարձա հյուրասենյակ: Յոթից տասներկուս էր պակաս:
— Ընդամենը ութ րոպե՞, — Արսենը շփոթված տարուբերեց գլուխը: — Ես անցա փողոցներով: Ասես բանջարանոցների վրայով ուղեգլաններ անցած լինեին: Դե՛, ինչ արած… Ի՞նչ պետք է անենք, Գաբրիել Հարությունովիչ:
— Ճիշտն ասած, չգիտեմ: Քեզ էի սպասում, — շփոթված արձագանքեց դիրեկտորը: — Ասա, ի՞նչ ես դու առաջարկում:
— Բաժանվել խմբերի և անցնել դաշտերով ու խաղողի այգիներով, պարզել, ինչն է ոչնչացել, ինչն է մնացել, ինչն է հնարավոր վերականգնել: Եթե վնասը շատ մեծ է, պետք է մտածել ոչ թե այս տարվա բերքի մասին, այլ ապագայի: Ես ու Ռուբենը կշրջենք բրիգադներով:
— Ես գալիս եմ ձեզ հետ, — ասաց Բալայանը, ակնհայտորեն առույգացած գյուղատնտեսի գործարար տոնից, որն անմիջապես համակեց իրեն:
ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ
Միսաքը կանանց կարգադրեց հավաքել սեղանը. ուտելու ախորժակ չկար այլևս:
— Հայրիկ, — ախր ուզում էինք մեծ շուքով նշել ծնունդդ, — վարանքով արտաբերեց Արփիկը:
— Կարկուտն արդեն նշեց, — կատակեց հայրը, հետո ավելացրեց հուսալի ժպիտով, — ոչինչ, եկող տարի կնշենք: Միսը հարկավոր է դնել սառնարան:
— Սառնարանը չի աշխատում, — պատասխանեց Մարիամը, — լույս չկա:
— Ինչպե՞ս թե չկա: Ինչո՞ւ:
— Լույսը կա, — խառնվեց Մուշեղը, ցույց տալով տանիքից կախված էլեկտրական լարի ծայրը, –պարզապես մի քանի տեղից կարկուտը կտրել է էլեկտրալարը:
— Ի՞նչ անենք: Միսը կփչանա…
— Չի փչանա, — ասաց Մուշեղը, — հիմա սառնարան կպատրաստենք: Գրի՛շա, բահը բեր:
Գրիշիկը մարագից բերեց բահը: Մուշեղը բակի մի անկյունում, թթենու տակ բահով փոս փորեց, կարկուտը իմի հավաքեց, լցրեց փոսի մեջ:
— Ահա ձեզ սառնարան, — ասաց նա ինքնագոհ տոնով,: Միսը տվեք այստեղ, միայն թե փաթաթեք ցելոֆանի մեջ:
Կանայք լուռ սկսեցին հավաքել սեղանը: Մի պահ անվճռականության մեջ հայտնվելով՝ Ելենան նույնպես երկարեց ձեռքը և վերցրեց մի քանի ափսե: Նույն պահին նրան թվաց, թե Անուշ մորաքույրը ինչ-որ անախորժ բաներ է ասում՝ չար հայացքներ նետելով իր կողմը: Նա չէր հասկանում ծեր կնոջ արտասանած բառերը, այդ պատճառով էլ նայում էր նրան մանկական հետաքրքրասիրությամբ ու մի տեսակ պղտոր, կիսաառեղծվածային վախի խառնուրդով: Նույն պահին Արսենի մայրը, բարկացած սեղանին նետելով ձեռքի պատառաքաղները, բղավեց քրոջ վրա.
— Անո՛ւշ, սուս արա՛, լսո՞ւմ ես, սուս արա:
— Հա՛, հա՛, — բացականչեց Անուշը անսպասելի կատաղությամբ, բռնկվելով պաժավական դողդոջուն ճղճղոցով, շարունակելով թափահարել չոր ձեռքերը: — Հազար երանի՝ դա ոտք չդներ էս տունը, եկավ թե չէ՝ դժբաւտություններն էլ հետը:
— Մորաքույր, ի՞նչ ես ասում: Ամոթ է, մեծ կնիկ ես:
— Մեծ կնիկը ձա՞յն չունի, իրավո՞ւնք չունի էս տանը:
— Ասացին՝ սուս արա, — Արփիկը նետվեց Անուշի կողմը, բայց նրան կանխեց Միսաքը:
Պիջակի դատարկ թևքը թափահարելով` նա ջղայն մոտ գնաց Անուշին:
— Քեզ ասում են՝ համը մի հանիր, լուն էլ ուղտ մի դարձրու: Մի բան հաստատ իմացիր, նոր գլխիդ զոռ տուր ու կախարդություններ մի արա:
— Վերևից տեսնում են, թե կախարդն ով է, — չէր հանգստանում Անուշը:- Կախարդը հրես, մոտդ կանգնած է:
— Ձենդ կտրիր, — Միսաքը բարկությունից կարմրատակած վրա գնաց Անուշին:- Լալկվիր, ф:, Մուշեղն արագ կանգնեցրեց նրան:
— Ի՞նչ ես անում, հայրիկ, բա դա սազո՞ւմ է մեր ընտանիքին…
— Չե՞ս լսում ինչեր է հորինում իր դատարկ գլխով: Կարկուտն, ասում է, հարսի մեքով էր, ոտը խերով չի, ասում է, դուրս արեք գնա:
— Ինքն ասաց՝ քամին տարավ, արժե՞ ուշք դարձնել դրան, — փորձեց հանգստացնել Մուշեղը և դառնալով Անուշին, ավելացրեց ինչքան կարելի է հանդարտ տոնով.
— Իսկ դու էլ, մորաքույր Անուշ, խոսքերդ չափավորիր, ամոթ է: Կարկուտ է, բնության դեմ ո՞վ ինչ կարա անել: Մեծ ղժբախտություն է պատահել մարդկանց, ողջ տնտեսությանը, ոչ ոք մեղավոր չէ դրանում:
Ելենան գունատված, տարակուսանքով շուրջն էր նայում, ոչինչ չհասկանալով:
— Քե՞զ էլ է արդեն գլխատարել, — այնուամենայնիվ նետեց անզիջում Անուշը:
Կատաղությունից լարվեց Միսաքի այտամկանը, սակայն նա այս անգամ գերադասեց լռել, գտնելով, որ անհասկացողի ձեռքին հասկացողը միշտ էլ տանջվել է: Իսկ Մուշեղը նախատինքհով չափեց նրան, նույնպես առանց որևէ խոսք ասելու:
— Գնանք, Լենա, — Գրիշիկը բռնեց Ելենայի ձեռքը և քաշեց մի կողմ: — Դե, գնանք: Գնանք տուն:
Ելենան տեղից չէր շարժվում:
— Բայց ի՞նչ է եղել, Գրիշիկ, գոնե դու բացատրիր:
— Գնանք, — հաստատակամ կրկնում էր տղան, — գնանք, տուն գնանք:
— Հա՛, Լենա, ճիշտ է ասում Գրիշիկը, գնա վերև, — ասաց Արփիկը, — այս անտեր կարկուտից բոլորը խելքները կորցրել են:
— Ես կգնամ, Արփիկ, հենց հիմա կգնամ, եթե այդպես եք ասում: Բայց գոնե բացատրեք, թե ի՞նչ է եղել, ես ախր ոչինչ չեմ հասկանում:
Մուշեղը մոտեցավ նրանց, բռնեց Ելենայի թևը, ուղեկցեց վեր: Մյուս կողքից, ասես պահպանելով նրան հնարավոր անսպասելիություններից, քայլում էր Գրիշիկը, ամբողջ ժամանակ մարտական հետ նայելով ու տրտնջալով մորաքույր Անուշի հասցեին:
— ինքը գիժա… Սումասեչի ժենչինա…
— Եվ ինչի՞ մասին էր նա բղավում, — հարցրեց Ելենան, երբ բարձրացան վերև: — Ես նկատեցի, որ նա ինձ վրա չար հայացքներ էր նետում: Նա ինչ-որ բանի համար բարկացա՞ծ է ինձ վրա: Ինչի՞ համար էր բարկացած, ես վատ ոչինչ չեմ արել: Ասեք, խնդրում եմ, մի թաքցրեք:
— Հա՛, Ելենա՛, ճիշտ է, ձե՛զ վրա էր բարկացած… — ասաց Մուշեղը` շփոթված հեռացնելով հայացքը: — Դուք ոչինչ էլ չեք արել պախարակելի… Այնպես որ մի լսեք նրան, նախապաշարումներով պառավ կնիկ է, ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում… Ասում է, որ դուք, իբր, ծանր ոտք ունեք, դրա համար էլ կարկուտ եկավ, ավերեց ամեն ինչ: Ուշադրություն մի՛ դարձրեք:
— Ե՞ս: Ե՞ս եմ մեղավոր կարկտի համար, — Ելենան զարմանքից լայն բացված կապուտակ աչքերը հառել էր Մուշեղին:-Մեղավոր եմ, որ կարկո՞ւտ եկավ…
— Հիմարություն է այդ բոլորը, — մեղապարտ տոնով, ասես արդարանում էր, ասաց Մուշեղը: Ասում եմ, չէ՝ ուշադրություն մի՛ դարձրեք, պառավ կնիկ է:
— Անա սումասեչի ժենշչինա, — բարկացած բացականչեց Գրիշիկը` բռունցքներով մաքրելով աչքերի արտասուքը:
Ելենան միայն հիմա հասկացավ, որ այդ կինն իր մասին էր շարունակ խոսում ու անբարյացկամ, չար հայացքներ նետում, նույնիսկ անիծում էր երևի:
Արսենը տուն վերադարձավ գիշերվա ժամը մեկին: Մտավ բակ, սովորության համաձայն նայեց վերին պատուհաններին. լույս չէր վառվում: Սառնությամբ ծակծկեց վատ կանխազգացումը. Ելենան երբեք չէր պառկում` առանց իրեն սպասելու:
Ներքևում, ծածկի տակ, թախտի վրա նստած էր հայրը և ծխում էր:
— Ինչի՞ չես քնում, հայրիկ:
— Քունս չի տանում:
— Մուշեղը երեխաների հետ գնացե՞լ է:
— Գնացել է: Ապրի, լույսերը սարքեց, գնացին, լարերն էին կտրվել: Դե, ի՞նչ եղան խաղողի այգիները: Դրանցից ինչ-որ բան մնացե՞լ է:
Նա տեղաշարժվեց, տեղ տալով որդուն: Արսենը նստեց, նույնպես հանեց ծխախոտը և սկսեց ձեռքի մեջ տրորել:
— Հա, ամբողջը մնացել է, ոչնչի չի դիպել: Անցել է գյուղի կողքով, խփել է միայն բանջարանոցներին, ու այն էլ լա՜վ է խփել:
— Դե բանջարանոցները՝ հեչ: Չնայած էդ էլ մեծ վնաս է, կարևորը, որ սովխոզի խաղողի այգիները փրկվել են:
— Մի թեթև Կաղնու թավուտում է եզրերից դիպել: Բայց դա ոչինչ՝ մանրուք է: — Նա կռացավ հոր կողմը՝ ծխախոտը կպցնելու, բայց անսպասելի ետ քաշեց. տան կողմից սրտի կաթիլների հոտ եկավ: — Ո՞վ է վատացել: Հո մայրի՞կը չէ:
Միսաքը հոգնաբեկ թափ տվեց միակ ձեռքը.
— Անուշն է… մի քիչ վատացել…
— Ի՞նչ է եղել, — հոր ձայնի տոնը անհանգստացրեց նրան: — Խոսիր, հայրիկ, ի՞նչ է պատահել:
Միսաքը հազաց բռի մեջ:
— Ինչպես ասեմ… Պառավը կարծես լրիվ խելքը թռցրել է…
— Իսկ ավելի կոնկրե՞տ: Դե մի ձգիր, պատմիր, ախր ոնց էլ լինի, իմանալու եմ, ավելի լավ է` դու ասա:
Ծերունին վերստին հազաց և, չնայած անհաճո զգացումով, բայց ամբողջովին պատմեց տեղի ունեցածը:
— Այդպե՜ս, — արտաբերեց Արսենը, լսելով հոր պատմությունը: — Ահա՜ թե ուր ենք հասել…
— Դե դու շատ ծանր մի տար: Չար ու նենգ մարդը կարող է ընտանիքի խաղաղությունն ու անդորրը վերածել թշնամության և խռովության… Ինքդ գիտես, կինը կին է, լեզուն երկար է, խելքը` կարճ… Դե որտեղի՞ց գտնի խելք: Ահա թե ինչ է եղել, որդիս:
Որոշ ժամանակ նրանք լուռ ծխում էին, մթության մեջ երբեմն առկածում էին նրանց ծխախոտի կրակները:
— Կուզեի իմանալ, — մտասույզ արտաբերեց Արսենը, — իսկ մի քանի տարի առաջ ո՞վ էր մեղավոր, երբ ուժեղ կարկուտ եղավ, մի քանի անգամ ուժեղ, քան այսօվանն էր: Հիշո՞ւմ ես, ընդամենը մի քանի րոպեում մոլեգնած եկավ, լեռնալանջերի ողջ խաղողը արմատներով պոկած տարավ, լցրեց գետը, գետն էլ վարարել, ափերից ելած դղրդում էր ձորում, ներքին թաղում, հիշո՞ւմ ես, երկու գոմշակով քշեց, խեղճ տերերը գետի ափով վազում էին գլուխները կորցրած… Հանձնաժողով եկավ մարզից, արձանագրություն կազմեցին, այդ այգիները դուրս գրեցին բալանսից..
Ծերունին ընկճված հոգոց քաշեց:
— Հիշում եմ, իհարկե, դե էդպիսի բանը մոռանա՞լ կլինի…
Արսենը ոտքի կանգնեց:
— Դե լավ է, որ հիշում ես: Իսկ ո՞ւր է մայրիկը:
— Քնած են երևի: Քույրդ սրտի դեղ տվեց…
— Պարզ է… Ամբողջ օրը թափառել եմ խաղողի այգիներում, հոգնած եմ… Հայրիկ, -ահվրդով արտաբերեց Արսենը, — դու ասա մեր այդ մորաքրոջը ու թող մայրիկն էլ իմանա, որ եթե մի անգամ էլ, ընդամենը մի անգամ էլ դա կրկնվի, ես կվերցնեմ Ելենային ու կհեռանամ այստեղից, և մեր ոտքն այլևս չի լինի այս տանը: Այդպես էլ ասա:
Հայրը դանդաղորեն բարձրացնց գլուխը, տրտմագին նայեց որդուն:
Փայտե աստիճաններով բարձրանալիս, Արսենը զգաց, թե ինչպես է դողում ողջ մարմինը, իսկ հուզմունքը խեղդում էր ասես: Նա անաղմուկ, որպեսզի չարթնացնի Ելենային, բացեց դուռը և, լույսը չվառելով, սկսեց հանվել:
— Վառիր լույսը, ես քնած չեմ, — արձագանքեց Ելենան:
— Պետք չէ, արդեն քնելու ժամանակն է:
Նա պառկեց կնոջ կողքին, սովորականի պես ափով քնքշորեն շոշափեց նրա դեմքը: Ելենան հասկացավ: Ժպտաց մթության մեջ:
— Ես լաց չեմ եղել:
— Ապրես:
— Քեզ հայրի՞կը պատմեց:
— Հա՛:
— Ինչո՞ւ: Դե՛, պառավ կին է, չարժե ամեն մի անմեղ հիմարության ուշադրություն դարձնել:
— Դա անմեղ հիմարություն չէ, և դա կարող է կրկնվել, եթե դեմը չառնես:
— Դու երևի շատ ես հոգնել, հարազատս, — Ելենան բարալիկ իրանով ձգվեց, համբուրեց ամուսնու այտը: — Տեսնում եմ, շատ ես հոգնել, հանգստանալ է պետք:
— Այո, շատ ծանր օր էր: Հավանաբար, քեզ համար էլ դժվար օր էր, ամեն ինչ անսովոր է: Քնիր, դու էլ ես, անշուշտ, հոգնել:
Ելենան անաղմուկ ծիծաղեց.
— Ես չեմ հոգնել, — ասաց նա:- Ես դիմացկուն եմ:
Սակայն աչքերն արդեն փակվում էին:
ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ
Ջուրն աղմկալի գլգլոցով հոսում էր պղնձե մեծ կժի մեջ: Որքան կուժը լցվում, այնքան աղմուկը մարում էր, ի վերջո վերածվում խուլ կարկաչյունի: Ելենան մեքենայաբար պարզեց ձեռքը, որպեսզի փակի ջրի ծորակը, բայց հիշեց, որ ոչ մի ծորակ էլ չկա: Աղբյուրի ակունքը չէր երևում, ջուրը քարե բարձր, ողորկ սալերի արանքից ելնող դեղնագույն խողովակներից էր հոսում. բյուրեղյա մաքրության շիթերը թափվում էին կաղնեփայտե հսկայական երկար նովի մեջ, որն ասես մակույկ լիներ: Նովի եզրերից ջուրը հովից թեթև ալիքվելով թափվում էր ներքև, քարերն ի վար խոխոջյունով վազելով, իջնուն ցած՝ խառնվելու ձորակով վազող գետակին, որը գյուղը բաժանում է երկու հավասար թաղերի: Երեկոյան, վերադառնալով արոտավայրերից, այստեղ ջուր խմելու էր գալիս գյուղի նախիրը:
Տասը քայլ այն կողմ երկու կին, շրջազգեստները վեր քշտած, արևոտ գետում տնագործ գունագեղ գորգեր էին լվանում՝ ճչան ձայներով ինչ-որ բանի մասին աշխույժ զրուցելով բրիգադիր Ռուբեն Գրիգորյանի հետ:
Քիչ առաջ, մոտոցիկլետը նստած նեղլիկ ճանապարհով իջնելին, նա տեսավ Ելենային, հին ծանոթի նման հեռվից ողջունեց ձեռքով: Ելենային դուր էր գալիս այդ սակավախոս դյուցազնը: Հատկապես, երբ խոսելիս հանկարծ ժպտում է և նրա դեմքը միանգամից պարուրում է առինքնող լույսով: Նա դեռևս երիտասարդ էր, երևի երեսուն տարեկան էլ չկար, չնայած վաղ ճերմակությունն արդեն դիպել էր նրա կարճ կտրած մազերին: Ասում էին, թե գյուղի բոլոր աղջիկները սիրահարված են նրան: Մի անգամ Արսենը Ռուբենի մասին ասաց. «Իսկական տղամարդ է, այն հազվագյուտ տղաներից, որին անվերապահորեն կարելի է վստահել»:
Ելենային դուր էր գալիս նաև այն, որ Ռուբենն իրեն պահում էր ինչպիսին որ կար՝, ամեն ինչ անում էր առանց շտապելու, մոտոցիկլետը քշում էր հանդարտ, առանց ձևականությունների կարծես թե խնայելով իր երկաթե ձին, ասես դա ոչ թե մեքենա էր, այլ կենդանի արարած: Առհասարակ, Ելենան վաղուց էր նկատել, որ գյուղում մոտոցիկլետ շատ կար և բոլորն էլ ուղևորախցիկով: «Դա մեր` գյուղացիներիս արյան մեջ է», — մի անգամ երեկոյան բացատրեց Արսենը` ջուրը մածնի հետ խառնելով ու հացը կտրտելով դրա մեջ, նա դա կոչում էր բրղուճ և ուտում էր մեծ ախորժակով:
Ելենան արդեն գիտեր, որ հայերեն դա կոչվում է «մածուն», և որ ճապոնական հնչողությամբ այդ «մածունը» շատ համեղ է, ավաղ, իրենց մոտ, Վոլխովում, նման բան չկա ու այնտեղ պատկերացում էլ չունեն, որ դրանից հեղուկ են սարքում՝ թան, որը գերազանց հագեցնում է ծարավը: «Առաջ մեզ մոտ եղել են ձիեր և էշեր, — մոտոցիկլետների մասին իր միտքը այն ժամանակ շարունակեց Արսենը, — հիմա դրանց փոխարինում են ուղևորախցիկով մոտոցիկլետները, որոնք շատ օգտակար են տնտեսության մեջ: Բայց մարդկանց վերաբերմունքը դրանց նկատմամբ մնացել է նույնը` ինչ որ եղել է կենդանիների` իրենց նախկին օգնականների հասնդեպ»:
Ելենան ինքն էլ մեկ անգամ չէր, որ տեսել էր, թե ինչպես է սլանում մոտոցիկլետը խոտոր տեղանքով` բեռնված թարմ հնձած խոտի վիթխարի դեզով: Մոտոցիկլետը նույնիսկ չի երևում, խոտն ասես ինքն իրեն սլանում է, ոստոստում աղուրների վրա`անսքող ժպիտ պարգևելով անցորդներին:
Ելենան ջրի տակից վերցրեց կուժը, այն միչև վերջ լցված էր, վախենալով, որ իր վրա ջուր կթափվի, նա մի երկու անգամ փորձեց կուժը դնել ուսին, ինչպես սովորաբար գյուղում են անում, սակայն դա նրան չհաջողվեց, ստիպված կժի ունկը բռնած, ասես ոչ թե կուժ՝ դույլ է տանում, քայլեց տոփանված ճանապարհով: Երկդույլանի ծանր կուժն այդպես տանել ոչ միայն բացարձակապես հարմար չէր, այլև առհասարակ անհնարին էր տանել: Դանդաղ քայլելով առաջ, նա դուրս եկավ ճանապարհ, կանգ առավ ճանապարհի եզրին ցցված մի մեծ մամռակալած գլաքարի մոտ: Շուրջը նայելով և համոզվելով, որ ոչ ոք իրեն չի տեսնում, մի կերպ բարձրացրեց կուժը, դրեց գլաքարի վրա, ապա, ձեռքով կուժը պահելով, որպեսզի չընկնի, մեջքով շրջվեց դեպի քարը, կժի ունկից բռնած՝ զգուշորեն կուժը դրեց ձախ ուսին, ծոծրակին մի քիչ պաղ ջուր թափելով: Եվ ճանապարհն ընկած գնաց դեպի տուն: Ծանր բեռը սաստիկ ցավեցնում էր ուսը, բայց նա մտածում էր, որ դա անսովորությունից է, կընտելանա: Պետք է միայն ուսը բարձր պահել, որպեսզի ծանրությունը համահավասար բաշխվի ուսի և պարանոցի վրա, այդ դեպքում գուցե ավելի հեշտ կլինի տանել:
Մոտավոր հաշվարկով մինչև տուն մնացել էր երեք հարյուր քայլ կամ մի քիչ ավելի, բայց այդ մասին մտածել չարժեր, որովհետև հենց մտածում ես, իսկույն հոգնում ես, և կուժը թվում է կրկնակի ծանր, իսկ այն ցած դնել և հանգստանալ նույնպես անկարելի էր` հետո չէր կարող բարձրացնել. այդպիսի բարձր քար այլևս չկար մինչև տուն հասնելը: Անցյալ օրը, այլևս չդիմանալով, կուժը ցած դրեց, իսկ բարձրացնել չկարողացավ, դրա համար էլ փորձեց մի կերպ դնել ինչ-որ մեկի հյուսածո ցանկապատի վրա, բայց ցանկապատը փուլ եկավ և այն էլ այնպիսի ճայթյունով, որ Ելենան վախեցավ` հանկարծ տանտերերը դուրս չթափվեն ու անպատվեն… Բարեբախտաբար ոչ ոք դուրս չեկավ և ինքը մի կերպ հասավ տուն: :
Դժվարությունը նաև նրանում էր, որ ճանապարհն ամբողջ ժամանակ ընթանում էր լեռան լանջով դեպի վեր: «Ես, ինչ է, տեղացիներից թո՞ւյլ եմ», — ինքհն իրեն ասաց Ելենան: Եվ այդ միտքն ասես նրան ուժ տվեց: «Ահա էլի հիսուն քայլ անցա: Միայն թե պետք չէ մտածել մնացածի մասին: Ավելի լավ է` ուրիշ բանի մասին: Մայրիկի մասին: Ահա, եթե նա հիմա տեսներ ինձ այս ծանր կուժն ուսիս: Նրա հիստերիկան կբարձրանար. «Աղջիկս, տառապյալս, անասելի չարչարյալս, մի՞թե նման կյանքի համար եմ քեզ պատրաստել»: Ելենան ակամա ժպտաց, հստակ պատկերացնելով, թե ինչպես է մայրը վշտից այլայլված ճչում. «Ավելի լավ էր Վիկտոր Սաֆրոնովի հետ…»: Ելենան հազիվ զսպեց ծիծաղը: Հիշեց, թե ինչպես մի անգամ երեկոյան ակումբի պարի հրապարակում Արսենը սոսկալի խանդից սկսեց սեղմել նրա կարմիր «ջազային» փողկապի հանգույցը… Վիտյայի աչքերը սարսափից քիչ էր մնում դուրս գային ակնախոռոչներից… Հեռավոր թվացող այդ հիշողությունից Ելենային սիրտը փոքր-ինչ տխրությումբ պարուրվեց… Այդպես է, երբ ներքուստ ուրախ չես, մտածեց նա, տագնապալի մտքեր են սողոսկում սիրտդ: Աղետալի կարկուտի հաջորդ օրը Ելենան այնուամենայնիվ հարցրեց Արսենին, թե ինքն ի՞նչ էր արել Անուշ մորաքրոջը, և նա ինչո՞ւ, ինչի՞ համար այղպես չարացած էր իր դեմ, չէ՞ որ պատահական չէր նրա ատելության բռնկումը: Հիշեցրեց և այն մասին, թե ինչպես իրենց ժամանելու հաջորդ առավոտյան, երբ հորթը պարանների մեջ խճճվել էր և ստիպված էին մորթել, մորաքույրը չուզեց նույնիսկ իր ողջույնին պատասխանել, իսկ երբ տեսավ, որ Գրիշկան կանգնած է իր կողքին, բարկացած նրան կանչեց տուն:
— Երևի նրա համար, որ դու կաս:
— Ինչպես:
— Ուշադրություն մի դարձրու, — սրտնեղած պատասխանեց Արսենը:- Թող իր համար մռթմռթա: Կարևորը, որ մայրիկն ու հայրիկը քեզ հետ լավ լինեն:
Արսենի խոսքը հնչեց ոչ այնքան վստահորեն: Արսենը գիտեր, որ մայրը, չնայած փափուկ բնավորությանը, գտնվում է իր քրոջ ազդեցության տակ…
Ելենան սակայն չհամառեց: Իսկ մի քանի օր անց, երբ Գրիշկան, սովորության համաձայն, դպրոցից հետո վազեց նրա մոտ ռուսերեն պարապելու, Ելենան լսեց, թե ինչպես Անուշ մորաքույրը, հայերեն, իհարկե, արտաբերեց բառեր, որոնցից յուրաքանչյուրը առանձին-առանձին արդեն ծանոթ էր նրան, սակայն ամբողջական իմաստը հասկանալ չկարողացավ: Ու երբ երեկոյան Արսենը վերադարձավ աշխատանքից, Ելենան ձևական անհոգությամբ ասաց.
— Գիտես, վերջերս մի արտահայտություն լսեցի, մտովի փոխադրեցի ռուսերեն և ինչ-որ շատ ծիծաղելի բան ստացվեց:
— Ի՞նչ արտահայտություն է:
— Ուտել մեկ գլուխ…
Արսենը թեթևակի խոժոռվեց:
— Իսկ ո՞վ է դա ասել:
— Այսօր մի պառավ եկավ մայրիկի մոտ, մի բաժակ ձեթ խնդրեց, հետո ինչ-որ բանի մասին խոսում էին, և պառավն արեց այդ արտահայտությունը. իմ կարծիքով, նա գանգատվում էր ինչ-որ մեկից` սովխոզի տնօրենից, թե բրիգադիրից: Եվ ի՞ն է նշանակում այդ արտահայտությունը: Դա երևի ինչ-որ այլաբանություն է, հա՞:
— Ուտել մեկի գլուխը նշանակում է` դժբախտություն բերել, չարիքի պատճառ դառնալ, — և շրջվելով Ելենայի կողմը ավելացրեց անսպասելի, — այդ պառավի ու իմ մորաքրոջ միջև նմանություն չկա՞ր:
— Չկար: -Ելենան ժպտաց, ջերմորեն սեղմվեց ամուսնուն, չնայաց այդ խոսքերից հետո նա երկար ժամանակ քնել չկարողացավ. իրարամերժ մտքերը նրան հանգիստ չէին տալիս:
…Ամեն քայլի հետ առաջ ընթանալը դառնում էր ավելի ու ավելի դժվար, կուժը կարծես կրկնակի ծանրացել էր, իսկ անցել էր ընդամենը հարյուր քայլ: Պետք էր սպասել Գրիշկային և միասին գնալ ջրի: Վերջին օրերին նա այդպես էլ անում էր. դասերից հետո վերցնում էին կուժը և գնում աղբյուրը՝ ջրի: Գրիշկայի հետ ճանապարհը կարճ էր թվում և հետաքրքիր: Ցույց տալով ծառը, նա ասում էր՝ «Սա ծառ է», Ելենան ընդդիմանում էր. «Ցա՞ր, դա ռուսերենում թագավոր է նշանակում»: Գրիշիկը ծիծաղում էր, բացատրում, որ հայերենում թագավորին կոչում են արքա: «Արկա՞», — հարցնում էր Ելենան, զարմացած կանգ առնելով: «Ոչ, — առարկում էր Գրիշիկը, արկան կամարն է, օրինակ կամուրջի կամար»: «Կամարը մեր լեզվում մոծակն է», ասում էր Ելենան, երկուսով հրճվանքով ծիծաղում էին: Զրուցում էին, հաճախակի կանգնում հանգստանալու, տղան ամեն անգամ օգնում էր նրան կուժը բարձրացնել ուսին կամ ինքն էր տանում: Իսկ այսօր նա որոշեց միայնակ գնալ, ինչպես անում են գյուղի բոլոր կանայք: «Չէ, այսպես ես ուժից կընկնեմ, պետք է մի քիչ հանգստանալ: Իսկ այդ ծանրությունը բարձրացնել… չէ, առանց կողմնակի օգնության, դա անհնարին է… դե՛, կսպասեմ, մինչև մեկնումեկը երևա, կխնդրեմ, որ օգնեն…»:
Նա կանգ առավ, բեռն ցած իջեցրեց և անմիջապես այնպիսի թեթևություն զգաց ողջ մարմնում, որ թվում էր` թևերդ թափահարես, կթռչես: «Ինչ ծանր է այստեղի կանանց համար, — մտածեց նա, աչքերով դես ու դեն փնտրելով, թե որտեղ նստի: — Հայրս ճիշտ էր, երբ ասում էր, որ հեշտ չէ ապրել լեռնային պայմաններում… «Պետք է ինչ-որ կերպ Արսենին համոզել` հյուր գնալ նրանց…»:
Ներքևից մոտոցիկլետի հռնդյուն լսվեց: Ելենան շուռ եկավ և տեսավ Ռուբեն Գրիգորյանին: Հավասարվելով նրան` նա կանգնեցրեց մոտոցիկլետը և զսպված ժպիտով ասաց.
— Ծա՞նր է:
— Մի քիչ, — արձագանքեց Ելենան:
— Անսովորությունից է: Հետո սովորական կդառնա, չեք էլ նկատի ծանրությունը:
Նա դանդաղ իջավ նստատեղից, լուռ վերցրեց կուժը և դրեց ուղևորախցիկի մեջ:
— Ի՞նչ եք անում, — զարմացավ Ելենան:
— Նստեք, — նա ձեռքով հարվածեց իր հետևի երկրորդ նստատեղին:
Ելենան սարսափեց.
— Ի՜նչ եք ասում, ոչ մի դեպքում չեմ նստի: Դեռ չեմ տեսել, որ մոտոցիկլետով ջուր կրեն, ձեր կանայք ինձ կծաղրեն:
— Իսկ ինչի՞ համար է մոտոցիկլետը: Ով ունի, նա ամեն ինչ էլ կրում է, ջուր` նույնպես: Նստեք, — կրկնեց նա` նստելով իր տեղը: — Արսենն էլ մոտոցիկլետ ունի: Ինչո՞ւ է անգործ թողել:
— Նորոգել է պետք:
— Նստեք, միևնույն է, ճանապարհիս վրա է, գրասենյակ եմ գնում:
Ելենան նստեց, ամուր բռնելով սայլակի բռնակից, որպեսզի չընկնի, բայց հայացքը չկտրելով կժից: «Աստված իմ, ինչ լավ ստացվեց, — մտածեց նա, — մինչև տուն կմեռնեի այդ ծանրության տակ: Արսենին կխնդրեմ ինձ մոտոցիկլետ վարել սովորեցնի: Մի երկու կնոջ այստեղ, գյուղում տեսել եմ մոտոցիկլետով: Բայց չի սովորեցնի, կասի մեկ էլ տեսար՝ մի անդունդից ընկար ձորը…»:
— Դե, անցա՞վ հոգնութունը, — հարցրեց Ռուբենը դեմքով շրջվելով հետ:
— Անցնում է, շնորհակալություն, — պատասխանեց Ելենան, — միայն թե, ինձ վրա հետո կծիծաղեն, կասեն, որ ես անբանի մեկն եմ:
— Անհոգ մնացեք, չեն ծիծաղի:
Երկար խոսել չհաջողվեց, մոտոցիկլետը կտրուկ շրջվեց ճանապարհից և մտավ բակ: Ելենան արագ ցատկեց նստատեղից, ձգեց ընթանալիս բարձրացած, առանց դրա էլ կարճ` տեղական չափանիշներով, մինչև ծնկները հասնող շրջազգեստը, վերցրեց կուժը և դրեց գետնին:
— Շնորհակալ եմ, գուցե տո՞ւն մտնեք, մի բաժակ թեյ կխմեք:
— Ես տնօրենի մոտ եմ շտապում, սպասում է, առավոտյան ենք պայմանավորվել:
Տնից դուրս եկավ Միսաքը, կանգնեց ծածկապատշգամբում, դատարկ թևքը մտցնելով գրպանի մեջ, հարցրեց:
— Ռուբե՞ն: Խեր լինի:
— Հարսիդ եմ բերել: Գնում էի ճանապարհով, տեսնեմ Սեյրանանց տան մոտ կանգնած է, կողքին էլ` ջրով լիքը ծանր կուժը: Մտածեցի, որ հոգնել է երևի, կանգնել է շունչ առնի, իսկ կուժը անսովորությունից չի կարողանում բարձրացնել: Ասում եմ, արի տանեմ, հրաժարվում է: Ինձ վրա, ասում է, ձեր կանայք կծիծաղեն: Հազիվ եմ համոզել:
— Աստված պահի քեզ, — օրհնեց Միսաքը: — Քանի անգամ եմ ասել, որ ջրի չգնա, էդ քո գործը չի, ասել եմ, չէ ու չէ, չի լսում: Բա էլ ինչի՞ համար եմ, ասում է, եթե ոչինչ չեմ անելու:
— Դա արդեն լավ է, նշանակում է` հալալ կաթնակեր է, — ասաց Ռուբենը, անցողակի նայելով Ելենայի կողմը, որն այդ ժամանակ ջրով լի կուժը դնում էր խոհանոցում: — Մարդու մեջ թե որ շնորհք եղավ՝ ամեն ինչից կերևա, Միսաք դայի: Խոսելուց, վարքից, մարդկանց հանդեպ ունեցած նրա վերաբերմունքից:
— Հա, էդպես էլ կա, — սիրով հաստատեց ծերուկը: — Հենց առաջին խոսքից, պահվածքից մարդու սիրտ է մտնում… — Նա հանկարծ ասես ուշքի եկավ, հուզված ասաց. — Վահ, էս ինչի՞ ենք դռանը կանգնել: Մեզ տուն չունե՞նք, ինչ է:
— Չէ, Միսաք դայի, գրասենյակ պիտի հասնեմ: Գործեր կան: Մյուս անգամ կմտնեմ, կնստենք, կզրուցենք:
Նա շրջեց մոտոցիկլետը և հեռացավ՝ փոշու ամպ բարձրացնելով ճանապարհին: Միսաքը ուզում էր տուն մտնել, մեկ էլ անսպասելի կանացի ճղճղան ձայներ լսելով, շրջվեց, քայլերն ուղղեց դեպի խոհանոց: Ելենան կանգնել էր խոհանոցի դռան մոտ և համարյա իրեն կորցրած փորձում էր ինչ-որ բան բացատրել սկեսրոջը, բայց վերջինս, երևում է, լսել չէր ուզում, ավելի շուտ այն պատճառով, որ չէր հասկանում նրան: Ելենան շուռ եկավ ներս մտած սկեսրայրի կողմը.
— Հայրիկ, գոնե դուք բացատրեք, ի՞նչ վատ բան կա, որ Ռուբենն ինձ տուն բերեց: Մայրիկը չգիտես ինչու բարկանում է, — ասաց նա, փորձելով ժպիտով մեղմացնել իր բառերը: — Ազնիվ խոսք, ախր զարմանալի է նման բաներից նեղանալը:
Միսաքը քմծիծաղեց, ձեռքը նրա ուսին կպցնելով ասաց ցածրաձայն.
— Դու գնա: Բարձրացիր վերև, ես կհասկացնեմ իրեն:
Ելենան տարակուսանքով տարուբերեց գլուխը և բարձրացավ վեր: Միսաքը մոտեցավ կնոջը, որը լոբի էր մաքրում ճաշի համար:
— Լսի՛ր, ի՞նչ հիմարություն ես դուրս տալիս: Իսկապես, ի՞նչ սարսափելի բան կա դրա մեջ, որ Ռուբենը նրան բերել է տուն: Դու ի՞նչ է, Ռուբենին առաջին օրն ես ճանացում: Բոլորի կողմից հարգված մարդ է, երեք երեխայի հայր: Եվ մեր որդու ընկերն է:
— Ռուբենին գիտենք, — բարկացած մեջ ընկավ Անուշըը, — իսկ ա՛յ իրեն չգիտենք: Չգիտե՜նք…
— Քո կրկռոցը տուն կքանդի, — բարկացած վրա բերեց Միսաքը, բայց նա դրան ուշադրություն չդարձրեց:
— Երկու ամիս է, ինչ եկել է, — շարունակեց Անուշը, — բայց արդեն կապը կտրած, ոտքերը մինչև ծնկները բաց, թրև է գալիս ողջ գյուղով մեկ:
— Ճիշտ է ասում, — լրացրեց Մարիամը:
— Լսի՛ր, հերիք է քրոջդ դուդուկի տակ պարես, ի՞նչ է պատահել, ի՞նչ ես իզուր տեղը հնարում: Ինձ Ռուբենն ասաց, որ հազիվ է համոզել նրան՝ նստել իր մոտոցիկլետը:
— Ես իզուր տեղը չեմ հնարում, այլ ասում եմ այն, ինչ քույրս տեսավ ու ինձ էլ ցույց տվեց, մենք մեր աչքով տեսանք, ա՛յ, այս պատուհանից, — Մարիամը ցույց տվեց պատուհանը, որը բացվում էր բակի կողմը: — Կարող է և ոչինչ էլ չի պատահել, բայց եթե էսօր չասես, էգուց սաղ շենը քեզ մատով ցույց կտա ու ծափ կտա: Ես տղա չեմ մեծացրել, որ հետո նրա մաքուր անունը ցեխի մեջ կոխեն… Մի դրան նայիր, հասցրել է գանգատվել, որ լարի իրար ղեմ, հլա սպասիր, ես քեզ գանգատվել ցույց կտամ…
— Վերջ տուր, նա չի գանգատվել, դու էլ տեսար, որ ինքս եկա՝ ձեր ձայները լսելով:
Բայց Մարիամին կանգնեցնել չէր լինում:
— Մենք էլ ենք հարս եղել, մենք էլ ենք օտար տուն եկել: Քո հանգուցյալ ծնողները… Թե՞ մոռացել ես… Ստիպում էին իրենց ոտքները լվանալ, ջուրն էլ խմել: Կհամարձակվեի՞ մի բառ ասել, կամգանգատվել որևէ մեկին: Տաշտից մի պատառ հաց վերցնելն անգամ, առանց մեծերի թույլտվության, չէի համարձակվում, ուր մնաց թե գանգատվեի:
— Լսի՛ր, հասկացիր վերջապես, ամեն ինչ փոխվել է, հիմա ժամանակներն ուրիշ են: Է՜, ինչ ասեմ է, — Միսաքը ձեռքը թափ տվեց: — տակդ են տվել՝ անգիր արած ասում ես:
— Ո՞վ է տակս տվել: էդ ո՞ւմ մասին ես ասում,՝ քվո՞րս:
— Քվորդ, բա էլ ո՞ւմ:
— Հա՜, տեսնում եմ, նա վաղուց արդեն բոլորիդ աչքի փուշն է: Իսկ այն օրից, ինչ եկավ… — Նա ժամանակին ընդհատեց ինքն իրեն, գիտակցելով, որ ավելորդ մի բան պիտի ասի, խոսքը փոխելով, ասաց.– Ձեզ իրավունք տան՝ մի օրվա մեջ քվորս դուրս կանեք տնից, գցեք փողոցները՝ մուրալու…
…Ելենան հուզված դեսուդեն էր անում իր սենյակում՝ չրթացնելով մատնահոդերը, և ակամա ականջ էր դնում ներքևից լսվող ձայներին: Նա չէր հասկանում, թե ինչ էր եղել իրականում, միայն կռահում էր, որ խոսքը գնում է այն մասին, թե ինչու է նա նստել բրիգադիր Ռուբենի մոտոցիկլետը:
Ելենան կրկին ականջ դրեց: Բառերը հասկանալ չկարողացավ, բայց այն բանից, թե ինչպիսի ահագնացող կատաղությամբ էին հնչում ձայները, գլխի ընկավ, որ իսկական վեճ է ծավալվել ներքևում: Նա արդեն փոշմանել էր, որ անկախ իրենից սկեսրայրին այդ խոսակցության մեջ էր քաշել: Նա վախենում էր արդեն ոչ թե այսօրվա, այլ վաղվա, վաղը չէ մյուս օրվա ու դրանց հաջորդող բոլոր օրերի համար: Նա չէր պատկերացնում, արդյո՞ք այդպես էր առաջանում հավերժական պատերազմը հարսի ու սկեսուրի միջև, բայց գիտեր, որ դրան վերջ չկա և սարսափում էր, որ իր հետ էլ նույնը տեղի կունենա. որ հենց այս պահից ի վեր տան մեջ այլևս խաղաղություն չի լինելու: Եվ որպեսզի դա տեղի չունենար, նա պատրաստ էր վերադառնալ և ներողություն խնդրել սկեսուրից, թեև պատկերացում էլ չուներ, թե որ մեղքի համար… Արդեն դուրս էր եկել պատշգամբ, արդեն մոտեցել էր սանդուղքին, բայց հանկարծ կանգ առավ, վախենալով, որ իր ազնիվ մղումով, ինքն էլ դա չգիտակցելով, կարող է կրակի վրա յուղ լցնել, իսկ դա հետո արդեն հանգցնել չէր լինի: Բայց ներողություն խնդրել, այնուամենայնիվ, պետք էր, և հենց այսօր, մինչև Արսենը կգար աշխատանքից, այլապես հետո ուշ կլիներ. մայրը կամ մորաքույրը կարող էին ավելորդ բաներ ասսել, Արսենն էլ կբորբոքվեր ու բոլորովին գործը կփչացներ:
Արսենի գալուց երկու ժամ առաջ Ելենան որոշեց, որ տանն ամեն ինչ արդեն հանդարտվել է և կարելի է զրուցել սկեսուրի հետ այն հույսով, որ հաշտության իր քայլը հասկանալի և ընդունելի կլինի: Համարձակության համար նա մատով հպվեց Վանկա Վստանկայի հետ, որը խաղաղ կանգնել էր պատուհանագոգին: Վանկա Վստանկան ճոճվեց, կողքի շուռ եկավ, նորից ճոճվեց, ապա սկսեց տարուբերվել տեղում, ասես զգալով իր կայունությունը և վերջապես անշարժացավ` խորամանկ ժպիտը երեսին:
Ելենան իջավ ներքև: Սկեսուրը խոհանոցում չէր: Նա սենյակ գնաց, բայց այնտեղ էլ չկար: Ելենան դուրս եկավ բակ, պտտվեց տան շուրջը, և տեսավ երեքին` սկեսրայրին, սկեսուրին և Անուշ մորաքրոջը: Խոտերի վրա մեկնած էր տնագործ գորգ, ճիշտ այնպիսին, ինչպիսին առավոտյան կանայք լվանում էին գետակում: Նրանք նստել էին գորգի վրա, իսկ առջևում խոշոր կանաչ տաքդեղի բլուր էր բարձրացել:
Առավոտյան, երբ սկեսրայրը բերեց մի ամբողջ պարկ, Ելենան նույնիսկ զարմացավ, որ այդպիսի տաքդեղ կա: Այժմ կանայք ջոկում էին. ամենախոշորները աղ կդնեն՝ ձմեռվա համար, մնացածը կկախեն չորացնելու:
Քույրերը կիսաձայն ինչ-որ բան էին զրուցում: Բայց հենց տեսան Ելենային, զգաստացան ու անմիջապես լռեցին, ընդ որում, չընդհատելով աշխատանքը և մի տեսակ անհմտորեն անմեղ տեսք ընդունելով, իբր չեն նկատել իրեն: Երևում է, նրանք այնքան էլ անհանգստացած չէին, որ դա ճշմարտանման կթվա, քանի որ չնկատել Ելենային հնարավոր չէր. նա ընդամենը տասը քայլ էր հեռու:
Ելենան մոտեցավ և փորձելով ձայնից վտարել նյարդային դողը, ասաց.
— Մայրիկ… մայրիկ, ես ուզում եմ ասել, որ դուք ճիշտ էիք: Ես… ես, իհարկե, չպետք է նստեի մոտոցիկլետը… Եվ այլևս երբեք դա չեմ անի: Պարզապես, անսովորությունից, ինձ համար շատ դժվար էր ծանր կուժը միայնակ տանելը և դրա համար էլ… ահա… այնպես որ, ներեցեք ինձ, դա այլևս չի կրկնվի:
Ելենան ստիպեց իրեն ժպտալ, թեև աչքերում հայտնվել էին ստորացման և ցավի արցունքներ, որովհետև մինչ նա խոսում էր, քույրերից ոչ մեկը գլուխը չբարձրացրեց և չնայեց նրան, միայն սկեսրայրն էր, դա Ելենան մաշկով զգաց, որ կանգնել էր նրա հետևում և մռայլ, մեղադրող հայացքով նայում էր երկուսին: Միայն նրա ներկայությունն էր, որ Ելենային ուժ պարգևեց դիմանալ այդ ստորացնող փորձությանը և շարունակել խոսքը.
— Ես նույնիսկ ուզում էի խնդրել Արսենին, որ ինձ մոտոցիկլետ վարել սովորեցնի, բայց հիմա… հիմա ես դա չեմ անի…
Նա լռեց, սպասեց պատասխանի: Պատասխան չեղավ, միայն Անուշ մորաքույրը ցուցադրաբար շրջվեց, սեղմելով սմքած շուրթերը: Ելենան շփոթված, զգալով, թե ինչպես են ոտքերը տակը թուլանում, շուռ եկավ սկեսրայրի կողմը, բայց վերջինս միայն առողջ ձեռքով անորոշ շոշափում էր պիջակի դատարկ թևքը և նայում քենուն:
— Ինչո՞ւ եք լռում, — չդիմացավ Ելենան: — Հայրիկ, գոնե դուք թարգմանեք…
— Առանց թարգմանելու էլ հասկանում է, — ասաց Միսաքը, չգիտես ինչու համառորեն նայելով ոչ թե կնոջը, այլ քենուն:
— Գոնե մի բառ կարո՞ղ եք ասել, — դողացող ձայնով արտաբերեց Ելենան, — մայրի՜կ…
— Հաջա՜ն, — անսպասելի քնքշանքով հանկարծ արձագանքեց սկեսուրը, իսկ երբ վերջապես բարձրացրեց գլուխը, նրա աչքերում արցունքներ երևացին:
Ելենան ցնցված էր:
— Օ՜յ, մայրի՜կ… շնորհակա՜լ եմ… — միայն այդքանը կարողացավ շշնջալ նա, ապա հանկարծ արտասվեց ու բարձրացավ վեր:
Նա չլսեց, թե ինչպես Անուշ մորաքույրը, նայելով հետևից, քմծիծաղով ասաց.
— Հըմ, աղվես է՜, իսկական խորամանկ աղվես…
— Դու էլ քիչ տակս տուր, — քրոջ վրա զայրացած ասաց Մարիամը:- Վերջ տուր, բավական է:
— Ես իմ արդար կարծիքն եմ հայտնում, — դիրքերը չէր զիջում Անուշը:
Միսաքը սաստեց նրան.
— Մի շփոթիր, Անուշ, լսո՞ւմ ես, մի շփոթիր, սա քեզ համար Թամարը չի, որ դատաստան սարքես ու անմեղ աղջկան գցես ժայռից… Իմացիր, թե երբ պետք է բերանդ բացես ու երբ պետք է կողպեքը դնես վրեն՝ փակես: Վերևը Աստված կա, գոնե այս անգամ վախեցիր նրանից:
Իսկ Անուշն ասես չէր լսում նրան:
— Ինչի՞ ձուն կորցրած հավի պես վազեց տուն, — ճղճղան ձենը գլուխը գցած ասաց նա, նոսրացած մազերով գլուխը տմբտմբացնելով:- Ինչպե՜ս չէ, շուտով ամուսինը գործից պիտի տուն գա, պետք է, չէ,՞ իրեն ցույց տա նրա առաջ: Դեռ գլխի չի, որ ամուսինը լսողության ու տեսողության պակասություն ունի, ամեն ինչ չի լսում ու ամեն ինչ չի տեսնում: Ոչի՛նչ, ժամանակը կգա, դա էլ կհասկանա, շատ բան կհասկանա, բայց ուշ կլինի, տան մեջ ամեն ինչ ձեռքը կհավաքի, ու մենք էլ իր առջև կլինենք ձայնազուրկ քոծ: Միսաք տղա, էս խոսքերս լավ հիշիր:
— Թյո՛ւ, — բարկացած թքեց Միսաքը և շրջվելով, դուրս եկավ բակից` ինչ-որ անհասկանալի բառեր քրթմնջալով քթի տակ: Նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե այս անգամ ինչ օձ էր կծել Անուշին: Միայն աղոտ պատկերացնում էր, թե ինչից դա կարող էր լինել…
ԳԼՈՒԽ ԻՆԵՐՈՐԴ
Անուշն ապրում էր այդ տանը երեսուն տարուց քիչ պակաս: Մարիամի հետ նրանք հարազատ էին միայն հոր կողմից: Նա ծնվել էր հոր առաջին ամուսնությունից, Մարիամը` երկրորդից, մոտ տաս տարի հետո: Հիմա Անուշը յոթանասունն անց էր, բայց շարունակում էր աշխատել ֆերմայում: Մի ժամանակ նա իր սեփական տունն ուներ, այդ տան տերը Արշակ Սեյրանյանն էր, ով ետպատերազմյան առաջին նախագահն էր այս գյուղում: Կար և որդին` Գարեգինը: Բանակում նա ծառայում էր տանկային զորամասում, և երբ հիսունվեց թվականի օգոստոսին սկսվեցին Հունգարիայի իրադարձությունները, նրա տանկը հրկիզեցին առաջին իսկ օրերին, իսկ նա ողջ-ողջ այրվեց` չհասցնելով դուրս գալ վառվող մեքենայից: Նրա մահվան մանրամասները Անուշն իմացել էր հետագայում` նամակ ստանալով անձնակազմի միակ փրկված անդամից: Որդու կորստից հետո ուղեղի կաթվածից մահացել էր ամուսինը` հենց դաշտում, խոտհունձի ժամանակ, թեպետ մինչ այդ ոչ մի անգամ հիվանդ չէր եղել: Անուշը նրան հուղարկավորել էր այնպես, ինչպես կարգն է: Նշել էր յոթը, ապա քառասունքը, իսկ երեկոյան, երբ համագյուղացիները քառասունքից հետո ցրվել էին տները, նա լվացել էր ողջ ամանեղենը, լողացել, հագել մաքուր շորեր, գնացել գոմ, կովը դուրս բերել բակ, պարանը, կապել առաստաղի գերաններից մեկին ու պատրաստվել կախվել: Պատահականությունն էր նրան փրկել. հյուրերից մեկը վերադարձել էր իր մոռացված գլխարկի հետևից: Նա էր Անուշի լացի ձայնը լսել, աղմուկ, աղաղակ բարձրացրել: Վախից կիսացնորված Անուշի պարանոցից հանել են պարանը, մի հովեկի օգնությամբ, որը, ինչպես հետո պարզվեց, բժիշկ է եղել, ուշքի են բերել: Այնուհետև ընտրել էին գյուղի նախագահ:
Անուշը նախագահել էր կես տարի, հետո նա հասկացել էր, որ դա իր գործը չէ: Եզներով վարում ու հերկում էին, եզներով կալսում ու աղում, իսկ այդ եզները պահող չկար, կանայք էին, երեխաներ ու ծերեր, իսկ տղաները, քիչ մեծանալով, համեղ պատառի հետևից փախչում էին քաղաք կամ մեկնում խոպան: Հենց այդ ժամանակ էլ բանակից զորացրված վերադարձավ Խաչիկ Մինասյանը: Անուշը կոլխոզը հանձնել էր նրան, իսկ ինքը աշխատանքի անցել ֆերմայում: Ասել էր՝ «Կրթություն չունեցող կնոջից ի՞նչ նախագահ»: Եվ դա ճիշտ էր, նրա կրթությունը հերիքում էր միայն նրան, որ համրիչների վրա քարերը տաներ-բերեր, մեկ էլ անհրաժեշտ տեղում ստորագրեր: Աշխատանքային թղթերը նա դեռ մի կերպ կարողանում էր կարդալ, սակայն դրանք կազմելու համար ստիպված էր դիմել գյուղի դպրոցի ուսուցչուհուն:
Մեկ տարի անց Խաչիկին բանտ նստեցրին կոլտնտեսության ունեցվածքի հափշտակության համար, իսկ Անուշին վերադարձրին գրասենյակ` այս անգամ գյուղխորհրդի նախագահ: Այնտեղ նա աշխատեց երկու տարի, որից հետո ընդհանուր ժողովը նրան նորից նշանակեց կոլտնտեսության նախագահ: Դարձյալ, ինչպես առաջին անգամ, աշխատեց ընդամենը կես տարի, մինչև որ գյուղում հայտնվեց առաջին կրթված (այն ժամանակվա չափանիշներով) համագյուղացին` Մռավ Հարությունյանը, որն ավարտել էր մարզկենտրոնի գյուղտնտեսական տեխնիկումը: Անուշը զրուցել էր նրա հետ և համոզվելով, որ սիրում է հողը և կարողանում է աշխատել, թեթև սրտով նրան էր հանձնել իր տեղը, իսկ ինքը նորից գնացել ֆերմա: Աշխատում էր ուժերի գերլարումով, մինչև գլուխը պտտվեր, որպեսզի տուն վերադառնալով անմիջապես պառկեր քնելու, բայց դա էլ չէր օգնում: Հազիվ պառկում էր, մեկ էլ ստվերներ էին հայտնվում. որդին նվագում էր քամանչայի վրա, իսկ ամուսինը ծանր ճտքակոշիկներով շրջում էր սենյակում, գոհունակությամբ նայելով կնոջը, իբր տեսնո՞ւմ ես, ինչ տղա ենք մեծացրել, ապա ծխում էր թերթից կտրած թղթի մեջ հաստ փաթաթած ծխախոտը և մոխիրը թափ տալիս՝ ուր պատահեր, միայն թե ոչ մոխրամանի մեջ: Անուշը մտովի տեղից ցատկում էր, վառում կերոսինե լամպը, դուրս գալիս բակ և նայում, թե ինչպես են հայր ու որդի մինչև ծնկները հասնող ձյան մեջ սղոցում գերանները: Այդ կենդանի պատկերը հաճախակի հառնում էր հուշերի խորքից, ` կուշտ նայելուց հետո նա ժպիտով վերադառնում էր տուն, որ հանդիմանի ամուսնուն սեղանի վրայի մոխրամանը չտեսնելու համար: Ապա կանգ էր առնում սենյակի կենտրոնում և, գլուխը բռնելով, սարսափելով իր իսկ ձայնից, մրմնջում էր. «Ես երևի խելագարվում եմ…»:
Մի անգամ գիշերով նա եկել էր քրոջ մոտ ու խոստովանել, որ վախենում է գժվել: Մարիամը նրան պահել էր իր մոտ ու այլևս բաց չէր թողել: Մեկ տարի անց Անուշը վաճառել էր տունը, իսկ դրամը տվել Միսաքին, սեփական հուղարկավորության համար միայն մի քիչ գումար պահելով իրեն: Միսաքն այդ գումարով վերակառուցել էր իր տան երկրորդ հարկը, քենու համար մի սենյակ հատկացնելով վերևում, որին կից սենյակը հատկացված էր հյուրերի համար, չէ՞ որ ամռանը քաղաքներից սովորաբար բարեկամներ էին գալիս գյուղ:
Այդպես քույրերը մնացել էին ապրելու մի հարկի տակ: Եվ երկար տարիներ Անուշը տան մեջ ավագի իշխանություն ուներ: Եվ քանի որ նա չէր շահագործում իր իշխանությունը, նրա մեծությունը ընդունում էին բոլորը, սկսած Միսաքից, նրա կնոջից, աղջկանից և ավարտած Արսենով: Բայց տարիների ընթացքում վրա հասավ ծերությունը, և Անուշի իշխանությունը գնալով հալվեց, մնաց միայն Կովկասում ավանդական դարձած խոր հարգանքը՝ ալեհեր մարկանց հանդեպ, բայց դա էլ հետզհետե նորանոր ձևեր էր ընդունում՝ ավաղ, ոտնատակ տալով դարեր ի վեր գոյություն ունեցող սրբությունները: Եթե նախկինում նա կարող էր, առիթի եղած դեպքում, նախատել մեկնումեկին իր սիրած արտահայթությամբ՝ «Հավկիթը հավին խելք է սովորեցնում», ապա հիմա միայն փթփնթում էր քթի տակ՝ «Ուսյալ են դարձել, ամեն ինչ գիտեն…»: Եվ այդ փոփոխությունները տարեցտարի ավելի ու ավելի զգալի էին դարձել, իսկ դրանց համակերպվելը` դժվար: Անուշն ավելի հաճախ էր լսում, ընդհանուր առմամբ, ճշմարիտ խոսքեր՝ «Մեծ կնիկ ես, ինչի՞դ է պետք, որ խառնվում ես ամեն ինչի»:
Նա աստիճանաբար ներփակվում էր ինքն իր մեջ, զգալով իրեն միայնակ ու լքված, և չկար մեկը, որին կարողանար բողոքել, իսկ բողոքելու դեպքում էլ՝ գիտեր, հոգոց կհանեն, կձևացնեն, իբր, համակիր են իր ցավ ու հոգսին, այնինչ իրականում թքած ունեն, որովհետև ոք չի հասկանում, թե ինչ է պետք իրեն, նրանց մտքինն առանց էն էլ ինքը գիտի՝ գլխիդ վերև տանիք կա, ուտելիք ու խմելիքդ անպակաս է, կմեռնես` կթաղեն ինչպես հարկն է, էլ ինչ ես ուզում.. Դուրս է գալիս, որ ծեր մարդկանց մենակ դա է անհանգստացնում՝ որ թաղեն ինչպես հարկն է…
Երբ Արսենը, արձակուրդում եղած ժամանակ, Ռուսաստանից գրեց, թե մոտակա օրերին տուն է գալու ռուս հարսի հետ, բնականաբար, հարց առաջացավ՝ ո՞ւր տեղավորել նորապսակ զույգին, նույնքան բնականաբար որոշվեց նրանց հատկացնել վերևի հարկի երկու սենյակները: Ընդհանուր առմամբ ամեն ինչ արդարացի էր. ներքևի հարկերից մեկում կքնեն քույրերը, իսկ մյուսում` Միսաքը: Այդպես որոշեց Մարիամը, և Միսաքը նրա հետ համաձայնեց, և այդ երկու հոգուց ոչ մեկը արժան չհամարեց հարցրել Անուշի կարծիքը (դե, պարզ է, պառավին հո շատ բան պետք չի. կեր, խմիր, քնիր, փառք Աստծու, և՛ տանիք կա գլխավերևդ, և՛ մահճակալ՝ քնելու…): Անուշը ոչինչ չասաց, չնայած կարող էր հիշեցնել, որ հավելյալ այդ երկու սենյակները՝ երկրորդ հարկում, իր վաճառած տան փողերի շնորհիվ են գոյացել, և արդարացիորեն այդ սենյակներից մեկը ցմահ իրեն է պատկանում: Եվ նրա համար ամենևին էլ նույնը չէ՝ որտեղ կապրի` վերևո՞ւմ, թե ներքևում: Վերևում նա ասես իր սեփական տանը լիներ, այդ սենյակում, որն իրավամբ իրեն էր պատկանում, նա իրեն ազատ էր զգում, իսկ այ, նեքևի հարկում, ոնց որ հյուր լիներ ուրիշի տանը, թեկուզ և տան տերը իր հարազատ քույրն էր: Սակայն այդ ամենի մասին նրան չհարցրին, հարկ չհամարեցին հարցնել, ու ինքը ևս ոչինչ չասաց, լուռ ու մունջ օգնեց քրոջը՝ ցած տանել իրերը, բայց վիրավորանքի ու ցավի զգացումը սեղմում էր սիրտը: Նա մտաբերեց Արսենի խոսքն առաջին օրը, երբ իրենց ծանոթացնում էր կնոջ հետ: Իր մասին ասաց՝ «Մեզ հետ է ապրում»: Այսինքն, մեր տանն է ապրում: Ասել է թե՝ մեր կենվորն է: Մտաբերեց, շրթունքները պինդ սեղմած, տրտմագին օրորեց գլուխը: Նա մինչ այդ էլ գիտեր, դեռևս այն պահից, երբ իմացավ, որ քրոջ որդին հարսի հետ է գալիս: Հասկացավ, որ այսուհետ ինքն ընդմիշտդ կախվածության մեջ է գտնվելու այս մարդկանցից, միանգամից զգաց իր վիճակի անհաստատությունն այս տանը: Եվ աստիճանաբար վախը սողոսկեց նրա սիրտը, վախ՝ նկատմամբ անծանոթ դեռատի կնոջ, որը գալիս է այստեղ ինչպես տան տեր, ինչպես լիիրավ տանտիրուհի, կուզենա՝ կհանդուրժի, չի ուզենա՝ սովամահ կանի կամ կվռնդի տնից… Դեռևս Ելենային չտեսած՝ այդ վախը պատել էր Անուշին, իսկ որտեղ վախ՝ այնտեղ էլ ատելություն, որը երբեմն կուրացնում է մարդուն…
Երեկոյան, երբ Արսենը եկավ տուն, նրան ոչ ոք ոչինչ չասաց տեղի ունեցածի մասին: Բայց այն բանից, որ մորաքույրը չեկավ ընթրիքի, նա, այնումենայնիվ, հասկացավ, որ ինչ-որ բան է պատահել: Նա չսկսեց հարցուփորձ անել, որոշելով, որ, եթե լուրջ բան լիներ, ապա իրեն կհայտնեին: Բայց հետո, երբ Արսենը բարձրացավ վերև, չդիմացավ, հարցրեց.
— Ինչ-որ բա՞ն է պատահել:
— Ոչ, — չքմեղացավ Ելենան:- Ի՞նչ պիտի պատահի:
Բայց Արսենից չթաքնվեց կնոջ ձայնի մեջ եղած լարվածությունը:
— Լավ, Լենա, պատմիր, ի՞նչ է եղել: Ես արդեն ինչ-որ բան գիտեմ: Հայրիկն է պատմել:
— Դե չէ… ոչինչ էլ չի եղել, — ասաց Ելենան` պատուհանագոգից վերցնելով Վանկա Վստանկան: — Պարզապես առավոտյան ջրի եմ գնացել, իսկ վերադարձին Ռուբեն Գրիգորյանը ինձ տուն բերեց իր մոտոցիկլետով: Մայրիկին դա չգիտես ինչու դուր չեկավ. դե ես էլ գնացի ներողություն խնդրեցի նրանից, խոստացա, որ նման բան էլ չի կրկնվի: Ահա և ամբողջը:
— Այստեղ նման բաներին խիստ են վերաբերվում, այնպես որ…
— Այո, գիտեմ, Արսեն, ուղղակի մոռացել էի… Այստեղ երիտասարդ կանանց համար այնքան արգելքներ կան… որ ամբողջը չես հիշի:
— Հարևան Հաթերք գյուղում Տիգրան անունով մի տղամարդ, լսելով Արշալույս անունով իր կնոջ անհավատարմության մասին, որոշում է վրեժխնդիր լինել: Կինն այդ օրը Թառթառի հովտում գտնվող եգիպտացորենի դաշտում է եղել աշխատելիս: Հետևելով, Տիգրանը տեսնում է, թե ինչպես դաշտավարների բրիգադիրը, որի մասին էլ հենց լսել էր, կեսօրին մոտ եկավ եգիպտացորենի դաշտ՝ Տիգրանի կնոջ մոտ, և նրանք գրկախառնվեցին մարդաբոյ ցողունների ստվերում: Աննկատ մոտենալով թիկունքից` նա դանակով հարվածում է բրիգադիրի մեջքին, ապա ստիպում կնոջը՝ գերեզման փորել, իսկ ինքը նստած նայում է ու ծխում: Հետո կնոջն էլ է սպանում ու թաղում միասին: Վաղուցվա դեպք է, ամբողջ գյուղը երկու օր որոնում էր նրանց ու հետաքրքիր է, որ այդ Տիգրանն էլ՝ նրանց հետ: Հետագայում մեկը, ով պատահաբար թաքուն տեսել էր պատահածը, ամբողջը շարադրում է թղթի մի կտորի վրա ու գցում խանութի մի երևացող տեղ: Տիգրանին տաս տարով քշում են Սիբիր, և ոչ միայն նրան, կալանավորում են բոլոր հարազատներին` եղբորը, քրոջը, ինչքան գիտեմ՝ նաև ծնողներին նույնպես: Տես ինչ խիստ օրենք կար այն ժամանակ: Այնպես որ, մեծերից մի նեղացիր…
— Ի՜նչ սարսափելի է:
Արսենը գրկեց նրա ուսերը:
— Այո, արգելքներն այստեղ շատ են, իսկ որտե՞ղ են դրանք քիչ, — ասաց նա, վերցնելով նրանից խաղալիքը և դնելով պատուհանագոգին: — Թող սպասի քո Վանկա Վստանկան, կարիք չկա, որ ճոճվի իմ ու քո միջև: Լսի՛ր, իսկ մորաքույրը ինչո՞ւ դուրս չեկավ ընթրիքի:
— Մորաքո՞ւյրը: Չգիտեմ: Նա մայրիկի հետ էր, երբ ես մոտեցա ու ներողություն խնդրեցի: Բայց նա ոչինչ չասաց: Հայրիկն էլ այնտեղ էր: Գուցե ինձնից հետո՞ են նրանք ինչ-որ բան խոսել: Չգիտեմ:
— Պարզ է, — քմծիծաղ տվեց Արսենը:
Նա գրկից բաց թողեց կնոջը, քայլեց սենյակում, ապա կանգ առավ, մատով դիպավ խաղալիքին, այն քիչ տարուբերվեց, բայց մնաց տեղում:
— Գիտե՞ս, Լենա, իմ կարծիքով, լավ կլիներ, որ դու աշխատեիր: Ավելի հանգիստ կլինեիր:
Ելենան ուրախացավ.
— Աստվա՜ծ իմ, թեկուզ հենց հիմա: Ես առանց այդ էլ ինձ ձրիակեր եմ զգում:
— Հիմարություններ մի՛ ասա, — կտրուկ սաստեց Արսենը:
Ելենան շփոթվեց.
Бесплатный фрагмент закончился.
Купите книгу, чтобы продолжить чтение.