Магазин
О сервисе
Услуги
Конкурсы
Новости
Акции
Помощь
8 800 500 11 67
RUB
Сменить валюту
Войти
Поиск
Все книги
Импринты
Бестселлеры
Бесплатные
Скидки
Подборки
Книги людям
18+
Все
Художественная литература
Художественная литература: общее
Оглавление - ՌՈՒՍ ՀԱՐՍԸ
ՎԵՊ
ԱԴՅԱՆ ԼԵՎՈՆ
Электронная
0 ₽
Печатная
1 044 ₽
Скачать бесплатно
Купить за свою цену
Введите сумму не менее null ₽, если хотите поддержать автора, или скачайте книгу бесплатно.
Подробнее
Объем: 498 бумажных стр.
Формат: epub, fb2, pdfRead, mobi
Подробнее
0.0
0
Оценить
О книге
отзывы
Оглавление
Читать фрагмент
Նա վերադարձավ սենյակ, Սիման արդեն անջատել էր վարսահարդարիչը: — Դե՛ ես գնամ: Արդեն ժամանակ է: — Ինչպե՞ս թե` ժամանակն է, — բացականչեց Սիման: Այս պահին նա մատիտով ընդգծում էր հոնքերը: — Ինչի՞ ժամանակն է, — նա աթոռին գցեց մետաղական շրջանակով փոքրիկ հայելին և մոտեցավ Արսենին: — Ինչ-որ բա՞ն է պատահել: Դու եկար շատ անտրամադիր: — Չէ, ոչինչ էլ չի եղել: — Բայց դու ինչ-որ բանի համար եկար, չէ՞, այն էլ այս ուշ ժամին: Ինչո՞ւ: — Պատկերացում չունեմ, երևի հենց այնպես, — արտասանեց Արսենը, այնպես նայելով նրան, ասես առաջին անգամ էր տեսնում: Մի հոնքը արդեն ընդգծված էր, մյուսը նոր էր միայն սկսել: Տարբերությունը ինչ-որ մի սանտիմետր էր, բայց այդ սանտիմետրի պատճառով ողջ դեմքը թվում էր ծիծաղելի: Ուրիշ ժամանակ դա կարող էր շարժել Արսենի ծիծաղը, իսկ հիմա նա ուզում էր միայն մի բան` հեռանալ այստեղից: — Գուցե ես քեզ նեղացրե՞լ եմ, — հարցուփորձ էր անում Սիման: — Չէ, ինչո՞վ: Ուղղի՛ր հոնքդ, թե չէ` կմոռանաս: Սիման հառաչեց և վերադարձավ հայելու մոտ: — Իսկ գուցե մնա՞ս: Շաբաթ օրը վերադառնում է ամուսինս, և մենք այլևս չենք հանդիպի: — Քո ամուսի՞նը, — տարակուսած հարցրեց Արսենը, — քո՞… — Մոռացե՞լ ես, որ ես էլ ամուսին ունեմ, — ծեքծեքուն արձագանքեց Սիման: — Նա ակնոցավոր պրոֆեսոր է: Արսենը տրորեց ճակատը` ասես ձգտելով ինչ-որ բան հիշել: — Դե՞… — հարցրեց Սիման, հայելու վրայից լարված նայելով նրան: — Թող հիշեմ… Հա՛, իսկ ինչո՞ւ երեխաներ չունես: Դու ընդհանրապես երբևէ երեխա ունեցե՞լ ես: — Իսկ ինչի՞ս է պետք, — կտրուկ հարցրեց Սիման` նկատելիորեն գունատվելով: — Թե՞ ձեր գյուղում արդեն վարժվել են, որ բոլոր կանայք պետք է ամեն տարի շրջեն տռզած փորերով: Այսօր, երբ վերադառնում էինք ծովափից, այդպիսի մեկին նկատեցի: Նա փողոցում թթու վարունգ էր գնում: Այսպես ուրեմն, ես չեմ ուզում թթու վարունգ գնել, այն էլ փողոցում դրած տակառից: Հասկացա՞ր: — Կներես, չգիտեի, որ ցավոտ տեղիդ կդիպչեմ… — Իսկ դու հանգիստ թող ինձ, հասկացա՞ր: Մարմինս դեռ կարող եմ քեզ տալ, բայց հոգիս… — նա բացասաբար շարժեց գլուխը: — Հոգիս հանգիստ թող, այնտեղ ես ամեն մեկին թույլ չեմ տա մտնել, իսկ քեզ` առավել ևս: Նրա ատամները ծիծաղելիորեն ցցվել էին: — Իսկ ինձ համար ինչո՞ւ ես նման բացառություն անում: Սիման բռնկվեց ցածրաձայն, փոքր-ինչ թատերական ծիծաղով: — Դե լավ, գնա, — ասաց, — իսկապես արդեն ուշ է: — Բարի գիշեր: Արդեն դռան մոտ՝ նրան նորից կանգնեցրեց Սիմայի ձայնը. — Ի միջի այլոց, այդ երիտասարդ կինը, որ թթու վարունգ էր գնում… — Սիման կոտրտվելով նայեց նրան: — Եվ հետո՞… — Եթե չեմ սխալվում, քո կինն էր: Մի անգամ քեզ տեսել եմ նրա հետ խանութից դուրս գալիս: Ինձ թվաց` շատ երիտասարդ է քեզ համար: Բայց դե, չգիտեմ: Ես ուշադրություն դարձրի նրա աչքերին: Զարմանալիորեն մաքուր էին, ասես երեխայի աչքեր: Դրանց մեջ երևի սարսափելի կլինի նայելը: Հատկապես այն բանից հետո, երբ ստում ես: Դու նման ոչինչ չե՞ս զգում` նայելով նրա աչքերի մեջ: Ճի՛շտն ասա: — Զգում եմ, — խուլ արտաբերեց Արսենը` զգալով իր ներսում կտրուկ գլուխ բարձրացնող կատաղությունը: — Այն օրվանից, ինչ հանդիպեցի քեզ: — Գոնե դրա համար շնորհակալություն, — արձագանքեց Սիման` ստիպողաբար ժպտալով: — Բարի գիշեր: Արսենը դուրս եկավ, կանգնեց աստիճանահարթակում, փորձելով հանդարտվել, ապա սկսեց արագորեն իջնել: ԳԼՈՒԽ ՔՍԱՆՈՒԹԵՐՈՐԴ Նա տուն վերադարձավ ուշ գիշերով, այն հույսով, որ կանայք արդեն քնած են և նշանակում է` տհաճ խոսակցությունը չի շարունակվի, ծայրահեղ դեպքում, գոնե այսօր: Իսկ վաղը… Վաղը կտեսնենք: Արսենն իհարկե հասկանում էր, որ Եկատերինա Վասիլևնան, թեև խոսքի մեջ անզուսպ էր, բայց ըստ էության, որպես մայր, ճիշտ էր: Բայց ի՞նչ անել: Նրա հետ Ելենային ուղարկե՞լ: Արսենը նույնիսկ կանգ առավ` պատկերացնելով իրեն առանց Ելենայի: Նա կարող էր դա պատկերացնել նաև առաջ, զոքանչի հետ խոսակցության ժամանակ: Սակայն Ելենային կորցնելու միտքն այնքան անհեթեթ էր, որ չէր տեղավորվում նրա գիտակցության մեջ: Այժմ մեն-մենակ մնալով այդ մտքի հետ, նա սկսել էր հասկանալ, որ նման հնարավորությունը բոլորովին բացառված չէ, որ թերևս միակ խանգարող հանգամանքը Ելենան էր, իր հանդեպ նրա զգացմունքը: Բայց դա, այդ զգացմունքը, չափազանց հաճախ էր ենթարկվում փորձությունների: Երկա՞ր կդիմանա արդյոք, հատկապես հիմա, մոր, ընդհանուր առմամբ, անհերքելի փաստարկների, առողջ դատողության և հստակ փաստերի ճնշման տակ: Ի՞նչ կարող է դրանց հակադրել Ելենան: Հղումը՝ սիրո՞ւն: Դա շատ քիչ է խուճապահար մոր համար… Արսենն ակամա արագացրեց քայլերը: Ելենան քնած չէր: Նա նստած էր դարպասի կողքի նստարանին` ուսերին տաք վերնազգեստ գցած: — Լենա՞: Կինը տեղաշարժվեց` նստարանի վրա տեղ տալով Արսենին: Նա նստեց և գրկեց կնոջ ուսերը: Ելենան հպվեց նրան` երանությամբ փակելով աչքերը: — Դու վաղուց ինձ չես գրկել… — Ինչո՞ւ քնած չես: — Մայրիկիս պառկեցրի, իսկ իմ քունը չի տանում: Ո՞ւր էիր: — Այնպես… — արձագանքեց Արսենը` փորձելով խուսափել նրա հայացքից, — թափառում էի ավանում: — Ուշքի՞ էիր գալիս: — Դատարկ բան է, մի մտածիր այդ մասին: — Դու մայրիկից մի նեղացիր, լա՞վ: — Ինչո՞ւ պիտի նեղանամ: Նա մայր է, ընդ որում, լրիվ ճիշտ է: Մեր կյանքում չի ստացվում այնպես, ինչպես պետք է: — Հիմարություն մի ասա, լսո՞ւմ ես, — նա ափը սեղմեց Արսենի շրթունքին: — Չհամարձակվես: — Ելենան հանկարծ ծիծաղեց մթության մեջ: — Լավ կլինի` մտածես սպիտակ գծի մասին: — Ի՞նչ սպիտակ գծի: — Երբ փոքր ժամանակ վատ էի զգում ինձ, դե, ասենք, մեկը նեղացնում էր կամ հիվանդ էի լինում, հայրիկն ասում էր, որ կյանքը ասֆալտի վրա քաշած սպիտակ գծերի է նման` ամբողջովին սև և սպիտակ գծեր: Միայն թե կյանքի գծերն ավելի լայն են, քան ասֆալտի վրա: Երբ մարդը հայտնվում է սև գծի վրա, պետք է միշտ հիշի, որ սևից հետո անպայման վրա կհասնի սպիտակ գիծը, այդ դեպքում ավելի հեշտ է հաղթահարել սևը: Ահա դու էլ մտածիր սպիտակ գծի մասին: –Ոչինչ, խելացի միտք է, այսինքն՝ գիշերվա խավարին հաջորդում է ցերեկվա լույսըը– դառնորեն քմծիծաղեց Արսենը, — միայն թե իմանանք, երբ է ավարտվելու այդ գիշերը և գալու է լույսը… Լենա — անսպասելիորեն հիշելով՝ դիմեց կնոջը, — սիրտս հանկարծ թթու վարունգ ուզեց: — Ունե՛նք, –ուրախաձայն արձագանքեց Ելենան, — հենց խանութի առջև, տակառից եմ առել: Առել ու մոռացել եմ դնել սեղանին: Բերե՞մ: — Չէ՛, հետո, պարզապես հանկարծ ուզեցի ու անցավ: Վաղը, — ճնշված ասաց նա: — Ավելի լավ է, ասա, ի՞նչ որոշեցիք մայրիկիդ հետ: Ելենան այտով քսվեց նրա կրծքին: — Աստվա՜ծ, ի՜նչ հիմարիկն ես: Դե՛ ո՞ւր պիտի հեռանամ ես քեզանից: Եթե միայն դու դա չուզենաս: Դու իմ ներսում ես, ինչպես անբուժելի հիվանդություն:- Այդ անսպասելի համեմատության վրա նա զսպված ծիծաղեց: Ապա, հոգոց հանելով, ցածրաձայն ասաց.- Այսօր ինձ այնպես թվաց, թե քեզ տեսել եմ… ուրիշի հետ: Բայց դա դու չէիր… Դու երբեք այդպիսի բան չես անի, ճի՞շտ է: Ես ախր կմեռնեմ, լրիվ կմեռնեմ, լսո՞ւմ ես, իսկապե՞ս չես անի: — Ի՞նչ չեմ անի: Քիչ լռելուց հետո նա ձայնը իջեցրած շշնջաց. — Չես վռնդի ինձ: Արսենը շրջեց գլուխը, որպեսզի չտեսնի նրա արտասուքները: — Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, — ասաց նա, — որ ամենամեծ թմրանյութը խելահեղ սերն է: Ինչպես թմրամոլն առանց թմրանյութի, այնպես էլ սիրող սիրտն առանց իր սիրո ապրել չի կարող, այն միշտ քեզ հետ է՝ ուր էլ, որ գնաս, ուր էլ, որ լինես: Ախր ես ո՞ւր կարող եմ վանել քեզ իմ սրտից, Լեն, դու իմ հոգին ես, իմ սիրտն ու շնչառությունն ես, ես ինչպե՞ս կարող եմ ապրել առանց քեզ, առանց սրտի ու շնչառության ապրել չի լինի, ցավդ տանեմ… Ելենան սեղմվեց նրան, ապա վերցրեց նրա ձեռքը և շուրթերով հպվեց կոշտ ափին: Երեք օրից Եկատերինա Վասիլևնան գնաց` այդպես էլ չհաշտվելով Արսենի հետ: Գնաց արցունքախառը, վստահ, որ աղջկան թողնում է դժբախտության ու անելանելության մեջ, բառերով անպատվելով նրան, հոգով խղճալով ու լալով նրա «դառն» ու «անուրախ» ճակատագիրը: Արսենն ու Ելենան ուզում էին ուղեկցել նրան, բայց նա կտրուկ հրաժարվեց, որպեսզի նրանք իր հետ գնան մինչև օդանավակայան: Նրանց համար դժվար չէր հասկանալ, որ նա հրաժարվել է ո՛չ այն բանի համար, որ չի ցանկացել նրանց ավելորդ նեղություն պատճառել… Արսենը և Ելենան նրան ուղեկցեցի մինչև տեղական ավտոկայան: Տուն վերադարձան խիստ ընկճված, ասես մտերիմ մարդու թաղումից, մինչև տուն մի բառ անգամ չարտասանելով: Միայն երեկոյան, ընթրիքի սեղանին Արսենը, գլուխը չբարձրացնելով անցողակի ասաց, որ վերջերս փողոցում պատահաբար հանդիպել է քարհանքից մի ծանոթ տղայի: — Եվ ի՞նչ ասաց, — հապճեպ հարցրեց Ելենան: — Համոզում էր ինձ վերադառնալ քարհանք: — Դա անկարելի է, Արսեն: Ես արձակուրդային կստանամ, կդիմանանաք մի կերպ մինչև քեզ համար մի թեթև գործ կճարվի: — Ասաց, որ աշխատողներ են պետք… — շարունակեց Արսենը: — Եվ ուզում ես վերադառնալ՞: Համաձայնե՞լ ես: — Դեռ ոչ, ուզում էի սկզբում քեզ հետ խորհրդակցել, բայց մայրիկդ եկավ… — Եվ հետո՞: Արսենը թոթվեց ուսերը: — Դե՛, ինքդ մտածիր, Լենա: Մի երկու ամիս կաշխատեմ: Մոտ վեց հարյուր ռուբլի կստանամ, գուցե և ավելի: Այդ գումարը մեզ չի խանգարի: — Ո՛չ: Քարհանք չեմ ուզում: Ինչպե՞ս չես հասկանում, որ ամբողջ օրը պիտի կմտածեմ միայն այն մասին, որ քեզ հետ էլ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ այն տղայի հետ: Բայց այնուամենայնիվ Արսենը վերադարձավ քարհանք: Ելենային ասաց, որ փոխարինելու է ինքնաթափ մեքենայի վարորդին, որը տեղ է գնացել ու մի երկու ամիս չի լինելու: Որպեսզի Ելենան վերջնականապես չանհանգստանա, նա մի անգամ տուն եկավ քարով բարձված ինքնաթափով: Խցիկում նրա կողքին նստել էր մի երիտասարդ, որին նա ներկայացրեց Ելենային որպես բանվոր: Բայց իրականում դա վարորդն էր: Դրանից հետո Ելենան հաշտվեց իրավիճակի հետ: Արսենը հետագայում ինքն իրեն կշտամբում էր, թե ինչու նախկինում չէր դիմել այդ խորամանկությանը: Հենց առաջին օրը նա խոստովանեց, որ «վերջապես իրեն մարդ է զգում»: Եվ ճիշտ որ, սիրով էր աշխատում: Ի ծնե գյուղացու ձեռքերը, որոնք մանկությունից սովոր էին պարապ չմնալ, կարոտ էին աշխատանքի: Գործը ը նույնն էր, ինչ առաջ՝ ծանր ու ուժաքամ: Բայց այս անգամ նա այնքան հիվանդագին չէր տանում այդ ծանրությունը: Ճիշտ է, հոգնում էր և նույնիսկ շատ, թե՛ մեջքն էր կոտրվում, թե՛ ձեռքերն էին քրքրվում, սակայն բավարարության զգացումը հաղթում էր, և ֆիզիկական անհարմարությունները այնքան սուր չէին ընկալվում: Պարզապես նա նորից իր սովորական աշխատանքային տարերքում էր: Ինչպես և առաջ, նա պատրաստի խորանարդիկները քարհատ մեքենայից վերցնում և դնում էր մի կողքի, իսկ հետո բարձում ինքնաթափ: Երբեմն, անհրաժեշտության դեպքում նստում էր վարորդի կողքին և տեղափոխում քարը հեռավոր շինարարության վայրեր: Այդ պարբերական ուղևորությունները նույնպես մտնում էին նրա պարտականությունների մեջ: Ելենայի համար նախատեսված բեռնատարով հնարքը շատ հաջող էր: Հաճախ էր նա իսկապես փոխարինում վարորդներին, որոնք տարբեր պատճառներով աշխատանքի չէին գալիս: Այդ փոխարինությունները որոշ զանազանություն էին մտցնում նրա աշխատանքային եռուզեռի մեջ: Այդպիսի օրերին նա անպայման գալիս էր տուն, որպեսզի Ելենան չմտատանջվի, չանհանգստանա իր համար: Տուն վերադառնալիս Արսենը սովորաբար ավտոբուսից իջնում էր ավանի մշակույթի պալատի մոտ, որտեղից մինչև տուն երեք րոպեի ճանապարհ էր: Հենց կանգառում, կինոազդագրերի վահանակին գեղեցիկ ձևավորված ազդագիր կար այն մասին, որ երեկոյան ցուցադրվելու է «Սենյոր Ռոբինզոն» կինոնկարը: Վերջերս աշխատանքի վայրում մեկը գովել էր այդ ֆիլմը, անվանելով այն «սքանչելի»: Արսենը մոտեցավ տոմսարկղին, երկու տոմսակ գնեց ժամը իննի սեանսի համար: Ելենան քիչ էր մնում ուրախությունից թռչկոտեր, երբ նա ցույց տվեց տոմսերը. վաղուց կինո չէր գնացել: Մինչև ֆիլմի սկիզբը մնացել էր տաս-տասնհինգ րոպե, երբ նրանք մտան սպասասրահ: Շուտ էին եկել, բայց մարդ շատ կար: Նստել էին սպսասրահի նստարաններին, շարվել պատերի տակ, հետուառաջ էին անում դահլիճում, խմբվում տաղավարների առաջ, որտեղ պաղպաղակ էին վաճառում: — Պաղպաղակ ուզո՞ւմ ես, — հարցրեց Արսենը և ավելացրեց առանց սպասելու պատասխանի: — Հիմա կբերեմ: — Չէ… — անվստահությամբ պատասխանեց Ելենան:- Պետք չէ: Ելենան պաղպաղակ շատ էր սիրում, հատկապես սերուցքային, բայց հիմա, այդ տեսքով ամաչեց երևալ մարդկանց, ուստի նրանք կանգնել էին մուտքի մոտ, կիսամութ մի անկյունում: Արսենը այնուամենայնիվ բերեց պաղպաղակը, հենց նույնից, որ սիրում էր Ելենան` սերուցքային: Ելենան դանդաղորեն վայելելում էր պաղպաղակը, նայելով սպասասրահի կողմը: — Ի՜նչ հետաքրքիր կին է, — ասաց նա` աչքերով ցույց տալով սպասասրահում դանդաղորեն առաջ ու ետ քայլող կնոջը: Արսենը վաղուց էր նկատել Սիմային, բայց ցույց չէր տալիս: — Ահա նա, բարեկազմ, փարթամ, գեղեցիկ մազերով, այն, որ քայլում է նիհար, բարձրահասակ ու ակնոցավոր տղամարդու հետ: — Կին է էլի, հետաքրքիր ի՞նչ կա նրա մեջ, — արտասանեց նա, մտածելով այն մասին, որ այդ ակնոցավորն ամենայն հավանականությամբ նրա ամուսինն է: Սիման երբեք չէր նկարագրել իր ամուսնու արտաքինը, միայն մի անգամ ասել էր, որ «ակնոցներով պրոֆեսոր» է… Եվ ուրիշ ոչինչ: Իսկ եթե պատահել էր՝ խոսել նրա մասին, ապա խոսել էր քմծիծաղով` համեմված անթաքույց արհամարհանքով: — Դու ուրիշ տեղ ես նայում երևի, այս կողմ նայիր, — ասաց Ելենան, կամենալով ցույց տալ, թե ուր է պետք նայել՝ փարթամ մազերով բարեկազմ կնոջը տեսնելու համար, բայց հանկարծ խայթվածի պես քարացավ. Նրա դեմքը քաթանի գույն ստացավ. Ելենան ճանաչեց այն կնոջը, որը քայլում էր Արսենի հետ… Իսկ գուցե նա՞ չէր: Ելենան այն ժամանակ տեսել էր նրա դեմքը մի վայրկյանից ոչ ավելի, ընդ որում` շատ հեռվից: Բայց այդ շքեղ շագանակագույն մազե՜րը, որոնք թափված էին մեջքին և ուսերին… Չթաքցնելով տարակուսանքը` Ելենան նայեց Արսենին, բայց վերջինս, շրջվելով դեպի պատը, ուշադրությամբ դիտում էր այնտեղ տեղադրված վահանակները՝ սկզբից մինչև վերջ տնտեսական ցուցանիշներով… — Խնդրում եմ, վերցրու բաժակը: Արսենը չուզենալով կտրվեց վահանակներից: — Էլի կուզե՞ս պաղպաղակ, — կողքային տեսողությամբ Արսենը նկատեց, թե ինչպես Սիման, շրջան գործելով «ակնոցավորի» հետ, հայտնվեց մի երկու քայլ իրենցից հեռու: Սիման ազատեց ձեռքը և թեթևակի դանդաղեցրեց քայլը, այնպես որ «ակնոցավորը» մի քայլ առաջ ընկավ նրանից: «Գժվե՞լ է, ինչ է», — սարսափով մտածեց Արսենը, նկատելով, որ Սիման ժպիտով նայում է իրեն: — Սպասիր այստեղ, ես սա վերադարձնեմ: Արսենը Ելենայից վերցրեց պաղպաղակի բաժակը և մոտեցավ տաղավարին, ձգտելով առաջ անցնել «ակնոցավորից», նախքան կմոտենար Սիման: Եվ նույն պահին լսեց ոչ բարձր, բայց հստակ մի ձայն. — Բարև, Արսեն… Արսենը ընթացքից գլխով արեց և մտավ տաղավարի առջև գոյացած բազմության մեջ, աչքի տակով հետևելով Սիմային, և երբ նա իր հպարտ ակնոցավորի հետ հեռացավ, նոր միայն վերադարձավ Ելենայի մոտ: Միաժամանակ բացվեցին կինոդահլիճի բարձրադիր դռները: — Գնա՞նք նստենք, — առաջարկեց Արսենը, տառապալից ջանալով գուշակել՝ լսե՞ց նա Սիմայի ողջույնը, թե՞ ոչ, արդյոք ճանաչե՞ց նրան, թե՞ չի ճանաչել: Ելենայի դեմքը անշարժ էր, հայացքը լարված, շուրթերին սառել էր մոռացված ժպիտը… Արսենը հասկացավ. ամեն ինչ գիտի, ամեն ինչ տեսել է ու լսել… — Հա, գնանք, — ասաց Ելենան ու առաջինը մտավ դահլիճ: Երբ լույսերը հանգեցին և էկրանին մակագրություններ հայտնվեցին, Արսենը թեթևացած հոգոց հանեց, մեկնվելով բազկաթոռի թիկնակին: Նա բնականաբար հասկանում էր, որ ինքը բարոյապես հանգստանալու պատճառ չունի, բայց դահլիճի մթությունը ասես պաշտպանում էր նրան նոր անակնկալներից: Սկսվեցին քաղաքակրթությամբ խեղված մարդու զվարճալի արկածները «վայրենիներով» բնակեցված կղզում: Դահլիճում մշտապես անզուսպ քրքիջ էր պայթում. կինոկատակերգությունն իսկապես ծիծաղաշարժ էր: Բայց Արսենը ոչինչ չէր նկատում: Նա տագնապով նայում էր Ելենային, և սիրտը կծկվում էր ցավից: Ելենան ոչ մի անգամ չծիծաղեց իր զրնգուն ծիծաղով: Ժպիտը, որ սառել էր նրա դեմքին դեռևս սպսասրահում, այդպես էլ մնաց նրա գիրգ շուրթերին: — Հետաքրքիր չէ՞, ԼենաԱրսենը փորձ. ց ժպտալ: Այդ անբնական ժպիտը անհետացավ Արսենի դեմքից: Ելենան լուռ գլխով արեց` հայացքը էկրանից չկտրելով: Այդ պահին Արսենը պատրաստ էր վճարել իր համար ամենաթանկ բանը, որպեսզի դեմ առ դեմ հանդիպեր Սիմային: Նա միայն հիմա հասկացավ, որ դա նրա վրեժն էր` հիշաչար, զուտ կանացիորեն հաշվարկված: — Գուցե գնանք տո՞ւն: Ելենան չզարմացավ, նա ասես սպասում էր այդ հարցին: Շարունակելով նայել էկրանին, նա լուռ, բացասական տարուբերեց գլուխը: Անսպասելիորեն Արսենի կուրծքն այնպես սեղմվեց, քիչ էր մնում շունչը կտրվեր. նա հստակ տեսավ, թե ինչպես Ելենայի աչքերից սահեցին արցունքները, թողնելով այտերին թաց ակոսներ, որոնք փայլում էին գունավոր էկրանի փոփոխական լույսերով: Արսենը հանեց թաշկինակը և մեղմորեն չորացրեց նրա արցունքները, իսկ երբ ուզում էր հետ քաշել ձեռքը, Ելենան բռնեց այն ու սեղմեց կրծքին: Ֆիլմի ավարտից րոպե առաջ, երբ դժբախտ Ռոբինզոնին ձկնորսական ցանցերով որսում էին և վերամբարձ կռունկով բարձրացնում նավի տախտակամած, կինոթատրոնի աշխատակցուհին բացեց ելքի դռները: Ելենան, որ վաղուց սպասում էր այդ պահին, հանկարծ ոտքի կանգնեց ու շտապ դուրս եկավ փողոց: Արսենը նետվեց նրա հետևից` բռնելով նրա արմունկը: Փողոցում փոթորկվում էր ծովից հանկարծակի բարձրացած քամին, ցասումնալից ու աղմկոտ, ուժգին օրորելով ծառերը: — Ի՞նչ պատահեց, Լենա, սիրելիս, — շնչահեղձ լինելով հարցրեց Արսենը, սարսափով նայելով, թե ինչպես Ելենան երկու ձեռքերով բռնել էր փորը՝ խոնարհվելով ցած, միաժամանակ փորձելով դիմադրել սոսկալի քամու պոռթկումներին, — Լենա՛: — Շուտ, տաքսի, — կամացուկ արտաբերեց Ելենան ցավից կծկվելով, — ոնց որ թե, ժամանակից շուտ… Դու մի՛ վախենա… — Լենա, սիրելիս, ի՜նչ ես ասում… — Աստծու սիրուն, տաքսի… Ոտքով չեմ կարող… — Ես հիմա… հիմա… Կոխկրտելով դեղին ակացիայի թփերը, որոնք աճել էին մշակույթի պալատի առջև, Արսենը նետվեց փողոց: Կանգնեցրեց ինչ-որ մասնավոր «Վոլգա», շրջվեց, որպեսզի գնա Ելենայի հետևից, բայց Ելենան արդեն հասել, ցնցում էր մեքենայի հետին դուռը` փորձելով բացել: Երբ Ելենան վերջին անգամ թախծաժպիտ նայեց Արսենին՝ բուժքույրերի ուղեկցությամբ դանդաղորեն մտնելով ծննդատնից ներս, երբ նա անհետացավ ծննդատան դռան հետևում, երբ նրանց ետևից դուռն անաղմուկ փակվեց և դռան բռնակը նախ իջավ ներքև, ապա նորից բարձրացավ, Արսենին գլխում հանկարծ սարսափահար մի ծայրահեղ միտք ծագեց՝ որ այլևս չի տեսնի իր Լենոչկային: Նա ցնորվածի պես վազեց դատարկ ընդունարանով, հետո հիշեց ինչ-որ բան, արագորեն մոտեցավ գրանցասենյակի պատուհանիկին: — Ասացեք, նա այլևս դուրս չի՞ գա, — հարցրեց նա ճերմակ խալաթով ու գլխարկով երիտասարդ կնոջը: — Ո՞վ: — Ելենան, իմ կինը… — Ոչ, իհարկե, — տարակուսանքով պատասխանեց կինը, — ինչ-որ բա՞ն եք ուզում փոխանցել նրան: — Ներեցեք, — ասաց Արսենը, — իսկ ես ի՞նչ անեմ: Հա, ի դեպ… — նա տրորեց ճակատը, ինչ-որ բան փորձելով մտաբերել, ապա տարուբերեց գլուխը և նստեց աթոռին, հստակ գիտակցելով, որ ուզում էր հարցնել ինչ-որ շատ կարևոր բանի մասին: Հետո նորից բարձրացավ, տառապանքով փորձելով հիշել, թե հատկապես ինչ էր ուզում հարցնել: Որոշ ժամանակ անց ծննդատան դուռը կրկին բացվեց, հայտնվեց Ելենային ուղեկցող բուժքույրերից մեկը` ձեռքին ինչ-որ շորեր: Նա ոտեցավ Արսենին, հարցրեց. — Իսկ պայուսակ կամ մի ուրիշ բան չկա՞ քեզ մոտ: — Չէ, իսկ ինչի՞ համար:: — Ահա վերցրու: — Դա ի՞նչ է, — տագնապով հարցրեց Արսենը`ակամայից ետ ընկրկելով: — Ինչպե՞ս թե` ինչ է: Նրա շորերը, տուն կտանես: — Իսկ նա՞: Նա մնո՞ւմ է: Բուժքույրը ապշած նայեց նրան, ծիծաղեց. — Այ տղա, դու նորմալ ես, թե՞ աննորմալ: — Հասկանո՞ւմ եք, — ի վերջո իրեն հավաքեց Արսենը:- Բանն այն է, որ.. ախր դեռ ժամանակը չէ: Ընդամենը յոթ ամիս է: — Դե, դա արդեն մեր խելքի բանը չէ: Երեխան ինքը գիտի` երբ ծնվի: — Բուժքույրը մոտեցավ գրանցասենյակի պատուհանին: — Մանյա, քեզ մոտ մի հին թերթ չի՞ լինի: Գոնե փաթաթենք թերթի մեջ:: — Կա: — Այ քեզ տղամարդ, ո՛չ տոպրակ ունի, ո՛չ պայուսակ ունի, մենք էլ, որ չլինենք՝ տղամարդիկ կորած են, — Ելենայի շորերը թերթի մեջ փաթաթելով քրթմնջում էր բուժքույրը: — Ահա՛, վերցրու և գնա տուն: Այստեղ այլևս անելիք չունես: Առավոտյան կգաս: — Շնորհակալություն, — հապճեպ գլխով արեց Արսենը, — շատ շնորհակալություն… Նա դուրս եկավ հիվանդանոցից` կրծքին սեղմած փաթեթը, որից Ելենայի բույրն էր առնում: Փողոցում մի քանի քայլ անցնելով` նա հետ նայեց: Երկու հարկերի պատուհաններում էլ լույս էր վառվում: Դրանցից մեկի հետևում Ելենան էր: Բայց ո՞ր մեկի հետևում: Արսենը շվարած տարուբերեց գլուխը և վազեց փողոցով, որը լուսավորված էր նեոնային լույսերով: Անկյունում քիչ էր մնում ցած ընկներ քամու պոռթկումից: Փողոցներում մարդ չկար, փոթորկածուփ քամին բոլորին ասես քշել տարել էր, շուրջը թողնելով ամայի: Ծանոթ հինգհարկանի շենքը… Ինչպե՞ս նա հայտնվեց այստեղ: Հա, դա ախր հիվանդանոցի ճանապարհին էր: Առանց մտածելու, ինքն էլ չիմանալով` ինչու է այդպես վարվում, Արսենը վազքով բարձրացավ երկրորդ հարկ, սեղմեց զանգի կոճակը և մատը զանգից հետ չքաշեց, մինչև դուռը չբացեցին: Բացվածքում երևաց Սիմայի «ակնոցավորը»: Ցուցամատով վեր հրելով նորաձև ակնոցի շրջանակը, նա հարցրեց. — Ո՞ւմ եք ուզում: Արսենը ասես հենց նոր ուշքի եկավ: — Չգիտեմ… — Չհասկացանք… — Ներեցեք… Կարծեցի երրորդ հարկն է… — մռթմռթաց Արսենը` ակամա թիկունքում թաքցնելով շորերի փաթեթը: Եվ սկսեց իջնել աստիճաններով, միաժամանակ լսելով սենյակների խորքից Սիմայի ձայնը. — Ո՞վ էր: — Չգիտեմ, նրան երրորդ հարկ էր պետք, բայց իջավ ներքև… Եվ դուռն աղմուկով փակվեց: Վերադառնալով տուն, Արսենը երկար նստեց, առանց լույսը վառելու: Վախենում էր, որ լույսը կմերկացնի իր առաջ սենյակի դատարկությունը, այն սենյակի, որը հիմա զրկվել էր Ելենայից: Իսկ պատուհանից այն կողմ դժոխային քամին ոլորում ու ջարդում էր ծառերի ճյուղերը: Նրա սուլոցների միջով լսվում էր փոթորկված ծովի ալիքների շառաչուն աղմուկը, որոնք առաջանում էին ափամերձ ժայռերի ալեբախությունից: Նման փոթորիկ Արսենը չէր հիշում. չէր եղել նման բան այս անցած ամիսների ընթացքում, ինչ այստեղ էր: Վերջապես նա վեր կացավ ու վառեց լույսը: Չէ՛, այնքան էլ սարսափելի չէր, որքան թվում էր: Սեղանին դրված էր Ելենայի լուսանկարը, Արսենը նայելով նրան ժպտաց, ապա վերցրեց, սեղմեց կրծքին ու արտասվեց: Նա հագուստով պառկել էր ծածկոցի վրա՝ ոտքերը դնելով աթոռակի վրա, և՛ քնով էր անցել: Կիսանինջ վիճակում նա ունկնդրում էր քամու ոռնոցը, և այդ ոռնոցի միջով երբեմն ասես ականջին էր հասնում Ելենայի քաղցրանուշ ձայնը: Նա բացում էր աչքերը, լարված ականջ դնում ձայներին, որոնք լսվում էին փողոցից: Հասկանալով, որ Ելենան չկա, նա նորից ընկնում էր մղձավանջային նիրհի մեջ: ԳԼՈՒԽ ՔՍԱՆԻՆՆԵՐՈՐԴ Ելենայի ձայնն այնքան հստակ հնչեց, որ Արսենը վեր թռավ և անկողնու վրա նստաած սպասեց բաբախող սրտով: Դուռն իսկապես թակում էին ցածր, հազիվ լսելի: Արսենը նետվեց դեպի դուռը և բացեց: Մթության մեջ անմիջապես ճանաչեց իր տանտիրոջը` Վագիֆ Զեյնալովին: — Վագիֆ, դո՞ւ: — Արսեն ջան, կներես, հարգելիս, ես ցածրաձայն թակեցի, չէի ցանկանում Ելենային անհանգստացնել: — Ելենան չկա, հիվանդանոցում է, — տխրամած արտաբերեց Արսենը` սեղմելով նրա ձեռքը: — Ասացիր` հիվանդանոցո՞ւմ է: Ինչո՞ւ է հիվանդացում, ի՞նչ է պատահել: — Բանալիները հիմա կբերեմ, Մեհրիբան-խանումն է՞լ է եկել: –Այո, նա էլ է եկել: Սպասիր, ի՞նչ է եղել Ելենային: — Ցավերը բռնեցին, տաքսով տարա ծննդատուն: Ծննդատանն է: — Արսենը բերեց տան բանալիները, ապա ավելացրեց մի թիթև անհարմար զգալով: — Ներիր ինձ, Վագիֆ, զոքանչս էր երեք օրով եկել, ստիպված ձեր տանն եմ գիշերել: Վագիֆը վրդովվեց. — Լսի՛ր, դու այդ ինչեր ես ասում: Ես քեզ ի՞նչ էի ասել: Չէի՞ ասել, քանի մենք գյուղում ենք, կարող եք մեր տանն ապրել: Իսկ դու, տես, ինչ ես արել՝ այս նեղվածքում ես պահել հղի կնոջը, հա՞: Է՜, բա եղա՞վ: Տեսնո՞ւմ ես, նա հիվանդացել է: Բա դա ճի՞շտ է: Գնանք մեզ մոտ, այնտեղ կպատմես, թե ինչ է եղել: Է՜, ինչ ասեմ քեզ… Արսենը օգնեց Վագիֆին բեռները տուն տանել: Մի ճամպրուկը տեղում բացեցին, սեղանին հայտնվեցին ծիրան, դեղձ, թուզ, նուռ. սենյակն անմիջապես լցվեց դրանց բույրերով: — Կեր, Արսեն ջան, ամբողջը մեր այգու միրգն է, հայրս է աճեցրել, — ասաց Մեհրիբան-խանումը` մոտեցնելով նրան մրգերի ամանը: Նա սեղանին դրեց ոսկեգույն մեղրի կտորներով կավե ամանը, թարմ կարագը, որի վրայից դեռ հոսում էր թանը (դա Արսենին անանցողիկ կարիտով հիշեցրեց հարազատ Տոնաշեն գյուղը), երկու մեծ բոքոն հաց, գինու ոչ մեծ կուժը և արմուդի՝ թեյի տանձանման բաժակները: — Կերեք, հիմա թեյը կեռա: Արսենը նայեց իր ժամացույցին: — Ի՞նչ ուտել, Մեհրիբան-խանում, առավոտյան ժամը հինգն է: — Ի՞նչ ժամը հինգը, լսիր, — վրա տվեց Վագիֆը: — Նոր տեսա, շուկան արդեն բաց է, մսավաճառ հայ Բենիկը ուրախ-ուրախ գովում է իր ապրանքը: Հորթի միսը թարմ է, ասում է, նոր են մորթել, դմակավոր գառը գրեթե նորածին է, միսը թարմ է: Իսկ հավ ունե՞ս, հարցնում եմ: Իհարկե, ունեմ, ասում է, նոր են փետրահան արել: Ճի՞շտ, հարցնում եմ, տնակա՞ն է: Պապայիս արևը, ասում է: Փող տվեցի, առա: Հարցնում եմ` իսկ տապակել կարելի՞ է: Իսկ նա ինձ` քո հավն է, ինչ ուզում ես՝ այն էլ արա: Իսկ դու ասում ես` ժամը հինգն է: — Արսեն գարդաշ*, ուտելու համար երբեք ուշ կամ շուտ չի լինում, — ուրախ եզրափակեց Մեհրիբան –խանումը:: — Լսիր, ինքդ ես ասում` առավոտ է: Եթե առավոտ է, նշանակում է` սա նախաճաշ է: — Վագիֆը ոտքի կանգնեց, բաժակները գինի լցրեց: — Դե՛ վերցրու, հարգելիս: Խմենք այն բանի համար, որ մեր Ելենան բարեհաջող ազատվի և մեզ առողջ ու ամրակազմ տղա պարգևի: Մի մտածիր, բնությունից այդպես է սահմանված, որ կինը երեխաներ ծնի՝ մենք մի քիչ օգնենք նրանց էդ գործում: Հա՜-հա՜-հա՜, — նա բարձրաձայն ծիծաղեց, ավելացրեց– առողջ լինենք, մնացածը հեշտ է: — Հա, Արսեն ջան, մի անհանգստանա, որ ժամանակից շուտ է ծնվում, — նկատեց Մեհրիբան-խանումը: — Այդպես հաճախ է լինում: Յոթամսական երեխաները ամուր են լինում ու լավ են աճում: Բոլորովին պետք չէ անհանգստանալ: — Շնորհակալ եմ, — հոգոց հանեց Արսենը: — Հուսանք… Եվ նա մի շնչով խմեց թթվաշ, բայց համեղ տնական գինին: Նրա ձեռքը մի պահ քարացավ հացի բլրակի վերևում: Նա հանկարծ հստակ պատկերացրեց. մինչ ինքն այստեղ քեֆի է նստած, Ելենան այնտեղ կուչուձիգ է եղել սատանայական ցավերի մեջ և ատամներով սեղմած բարձի եզրը` փորձում է զսպել կոկորդից դուրս նետվող ճիչը, և արցունքները լուռ գլորվում են այտերով, թողնելով խոնավ ու փայլուն ակոսներ… Նկատելով տանտերերի կարեկցանքով ու տարակուսանքով լի հայացքներն իր վրա, նա ուշքի եկավ և վերցնելով բոքոնի մի կտոր` սկսեց դանդաղորեն ծամել: — Իսկ ինչո՞ւ այդպես անսպասելի, Արսեն ջան, — նորից խոսեց Մեհրիբան-խանումը: — Գուցե ընկե՞լ է կամ ինչ-որ ծանրությո՞ւն է բարձրացրել: Կամ էլ վախեցե՞լ է ինչ-որ բանից, նյարդայնացե՞լ: Դու պատահաբար նրան հո չե՞ս նեղացրել: — Նեղացրել եմ ու շատ խիստ… — խուլ արտաբերեց Արսենը` չնայելով նրան: — Դե լավ, եկեք այդ մասին չխոսենք, — Վագիֆը խախտեց տիրած անհարմար լռությունը: — Կարիք չկա: Ընտանեկան հարց է, իսկ ընտանիքում, ինքդ էլ գիտես, տարբեր բաներ են տեղի ունենում: Իսկ դո՛ւ, կնի՛կ, լեզուդ քեզ քաշի: Նեղացրել է, չի նեղացրել` երիտասարդների գործն է: — Դե ես ի՞նչ… Ես միայն ուզում էի ասել: — Ոչինչ մի ասա ու ոչինչ մի ուզի: — Դու նախ ականջ արա, հետո նոր բղավի, — բարկացավ Մեհրիբան-խանումը: — Ես ուզում էի ասել, որ երբ Ելենան դուրս գրվի հիվանդանոցից, դուք կապրեք այս սենյակում, որտեղ հիմա մենք նստած ենք: Ահա՜ թե ինչ էի ուզում ես ասել, — և նա հաղթողի տեսքով նայեց ամուսնուն: — Երդվում եմ, ազնիվ խոսք, ես միշտ էլ գիտեի, որ դու խելացի կին ես: Իսկ քո ամենախելացի քայլն այն է եղել, որ կամավոր ամուսնացել ես հետս, — ամփոփեց Վագիֆը` չկարողանալով զսպել ծիծաղը: — Եվ ճիշտ էլ արել ես, դրա համար էլ ես միշտ քո կողքին եմ եղել իմ ողջ կյանքում ու միշտ հավատարիմ, այլ ոչ թե բոմժի նման նայել եմ — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — — * Գարդաշ- եղբայր յուրաքանչյուր աղբանոցի կողմը և ամեն պատահածին սիրելիս կոչել: Արսեն ջան, երդվում եմ իմ ու քո արևով, որ մեր գլխի վերևում է, չի լինում տարիքի տարբերություն, լինում է խելքի տարբերություն, գրեթե ամեն օր այս կինը զարմացրել է ինձ իր խելքով: Նրանից բոլորովին չես սպասում, իսկ նա տեսար մի շաստ խելոք բան ասաց: Ոնց որ հիմա: Ասա, մի՞թե նա ճիշտ չէ: Ինչո՞ւ վերադառնաք ձեր փոքրիկ խցիկը, հը՞: Ահա այս սենյակն էլ կլինի ձերը: Պարզ է, չէ՞: Ազնվորեն ասած, Արսեն, մենք կնոջս հետ վաղուց երեխայի ձայն չենք լսել մեր տան մեջ: Հիմա, փառք Ալլահին, կլսենք: — Շնորհակալ եմ ձեզ, իմ թանկագիններ: Եթե ձեզ նեղություն չենք պատճառի, ապա, իհարկե: Ելենային երեխայի հետ այստեղ շատ հարմար կլինի: — Նա ոտքի ելավ: — Դե, ես արդեն շատ նստեցի, իսկ ձեզ ճանապարհից հանգստանալ է պետք: — Ո՞ւր, — անհանգստացավ Վագիֆը` հայացք փոխանակելով կնոջ հետ: Արսենը խուսափողաբար պատասխանեց. — Արդեն լուսանում է… Գնամ տեսնեմ ինչ նորություն կա: — Ես քեզ հետ կգամ, — առաջարկեց Վագիֆը, բայց Մեհրիբան-խանումը ձեռքը հանգիստ դրեց նրա ուսին. — Պետք չէ, Վագիֆ, թող նա այսօր մենակ գնա: — Հա՞, լավ: Թող այդպես լինի, ինչպես ասում ես… Մենք քեզ հետ դեռ կհասցնենք գնալ, ժամանակ կա: Արսենը դուրս եկավ բակ: Վագիֆն ու կինը ճանապարհեցին նրան մինչև դարպաս: — Երբ նրան հիվանդանոց էիր տանում, նա ուժե՞ղ էր լալիս, — անհանգստացավ Մեհրիբան-խանումը: — Երիտասարդ կանայք առաջին անգամ շատ են վախենում… — Չէ՛, ընդհակառակը, ինձ էր սիրտ տալիս, որ չվախենամ… Այդպես էլ ասաց: — Արսենը գլուխը բարձրացրեց, նայեց վաղորդյան երկնքին: — Դե ես գնամ: — Նա շատ լավն է, — եզրափակեց Մեհրիբան խանումը: — Ե՛վ շատ գեղեցիկ է, և՛ շատ լավը: Եվ բարի է: Աստված նրան առողջություն տա: Փոքրիկին նույնպես: — Մեհրիբանը վաղը ուտելիք կտանի, — ավելացրեց Վագիֆը: — Դու մի անհանգստանա, Արսեն, ամեն ինչ լավ կլինի, որովհետև նա լավ աղջիկ է, հոգով արև է, ում հոգում արև կա, ամենամռայլ օրն էլ արև կտեսնի: Երդվում եմ, ազնիվ խոսք, միշտ լավ բաների մասին պետք է մտածես, որ միշտ լավ լինի: Արսենը դուրս եկավ դարպասից: Դանդաղորեն, ասես չուզելով, ծագում էր արևը: Ծովից փչող քամին փոթորկվում էր ահագնացող ուժով, կատաղի ծվատելով ծառերը, սառը ասֆալտի վրայով քշելով պոկված, սևացած տերևների կույտեր: Փոթորկված Կասպիցի ալիքները դղրդյունով բախվում էին ափերին: Իսկ փողոցի վերջում գվվոցով գլորվում էր քամուց քշվող դատարկ պահածոյի տուփը: Ծննդատան բակը շրջապատված էր բարձր քարե պարսպով: Արսենը բախեց: Մորուքավոր մի ծերուկ, որը վերնաշապիկի վրայից պիջակ էր կրում, նայեց ճաղավոր ցանկապատից դուրս: — Ի՞նչ է: — Հայրի՛կ, ներս թող ինձ, կինս ներսում պառկած է: — Չեմ կարող, գժվե՞լ ես, տղա: Դեռ առավոյան յոթըը չկա: Ավելի ուշ կգաս: — Ուշ չեմ կարող, աշխատանքի եմ: — Ա՛յ աշխատանքից հետո էլ կգաս: — Դե բաց արա, հայրի՛կ, խնդրում եմ: — Չի թույլատրվում, ասում եմ: Կգաս թույլատրելի ժամին: — Դե՛, ես թույլատրելի ժամին չեմ կարող, հասկացիր: Խիղճ չունե՞ս: — Խի՞ղճ: Ով գիտի, գուցե և ունեմ: Միայն թե իմ խիղճը անչափ չէ, բոլորին չի հերիքում, — արձագանքեց ծերուկն ու անհետացավ: Ծերուկի պատասխանից վհատված, Արսենը կանգ առավ, չիմանալով ինչ անել, հետո գլխի ընկավ և գրպանից փող հանեց: — Հայրիկ, գուցե այնուամենայնիվ բացե՞ս: Ա՛ռ, վերցրու: Մորուքավորը նորից հայտնվեց, նայեց փողին: — Դու ինձ կաշա՞ռք ես տալիս: — Չէ, ինչո՞ւ կաշառք: Մաքուր սրտով… — Դե որ մաքուր սրտով է… Վաղուց էր պետք: Թե չէ` խի՜ղճ: — տեղաշարժվող սողնակը զնգաց, և ցանկապատը բացվեց: — Անցիր: Միայն թե, տե՛ս, հա՜, ես քեզ ներս չեմ թողել, ինքդ ես պարիսպն անցել: Հասկացա՞ր: — Հասկացա՛, հասկացա՛: Վերցրո՛ւ փողը: — Սա շատ է… Ես ամեն մեկից մի ռուբլի եմ վերցնում: Վերցրու մնացածը: Արսենը հապճեպ դրամը խցկեց պիջակի գրպանը, հարցրեց. — Երեկոյան մեզ մեքենան բերեց, ես այդպես էլ չհասկացա, թե որտեղ է ծննդատունը: — Ահա էնտեղ է ծննդատան բաժանմունքը: Հենց թեքվեցիր դեպի վիրաբուժարան՝ դիմացի մուտքն է, ցուցանակ կա էնտեղ: Արսենը շտապեց ծառապատ ասֆալտե ճանապարհով, վազեց դեպի սանդղամուտքը և հրեց ծանոթ դուռը: Պարզվեց, բաց է: Ընդունարանում նույն բուժքույրը նստած էր գրանցասենյակին կից աթոռի վրա և աչքերին դրած մետաղական շրջանակով ակնոցը, ինչ-որ բան էր գործում: Դռան ճռռոցի վրա նա բարձրացրեց հայացքը և ակնոցի վերևից նայեց Արսենին: — Դո՞ւ ես, — ասաց նա, հակառակ Արսենի սպասման` ոչ թե բարկացած, այլ կարեկցանքով: — Ինչպե՞ս է իմ կինը… Ելենան, — հարցրեց նա` գլխով անելով ծննդատան դռան կողմը: Բուժքույրն ու գրանցասենյակի մատենավարուհին հայացքներ փոխանակեցին: — Դե՛, ինչպես ասենք, սիրելիս… — ուզում էր սկսել բուժքույրը, բայց նրան ընդհատեց մատենավարուհին. — Դու նստիր, հանգստացիր, ինչո՞ւ ես կանգնել: Ահա աթոռը: — Դե՛ խոսեք… — աղերսանքից խռպոտած ձայնով ասաց Արսենը` նստելով աթոռին: — Ի՞նչ է պատահել նրան: — Մի անհանգստացիր, տղաս, վախենալու բան չկա: Ծնունդը բարդություններ ունեցավ… Մի խոսքով, վիրահատության կարիք եղավ: — Ի՞նչ… ի՞նչ վիրահատություն… — Դե՛, հատում… կեսարյան… Մի անհանգստացիր, մեր վիրաբույժը շատ փորձառու է: Ամեն ինչ լավ կլինի, ազնիվ խոսք: Վիրահատությունն էլ բոլորովին վտանգավոր չէ: — Ահա՜… հա՛… հասկանալի է… Վաղո՞ւց են սկսել: — Այո, հիմա հավանաբար վերջացրել են կամ վերջացնում են: Զինա մորաքույր, մի հատ իմացեք: — Ես հիմա, — բուժքույրը վեր կացավ, ձեռագործը թողնելով գրանցասենյակի պատուհանի դիմավ, գնաց դռան կողմը: Արսենը ծխախոտ հանեց, բայց մատենավարուհին թույլ չտվեց ծխել. — Այստեղ չի կարելի: Դուրս եկ բակ, խնդրում եմ, այնտեղ ծխիր: — Այո, ներեցեք: Արսենը ծխախոտը խցկեց գրպանը և նայեց դռանը: Մի ողջ հավերժություն անցավ, մինչև դուռը նորից բացվեց: Ներս մտավ բուժքույրը և շեմից ուրախաձան հաղորդեց. — Ամեն ինչ բարեհաջող անցավ, փառք Աստծու: — Դե, ի՞նչ է, — հարցրեց մատենավարուհին: — Ե՛վ ինքն է ողջ, և՛ երեխան: Տղա է ծնվել: Շնորհավորում եմ: — Իսկ վիրահատությունն արդեն ավարտե՞լ են, — նորից հարցրեց մատենավարուհին: — Այո: Մնացել է միայն կարել վերքը: « Գնամ նրանց համար վարդեր առնեմ՝ լավ լուրի համար», — մտածեց Արսենը դուրս գալով փողոց: Իսկ մտքերը նրան հանգիստ չէին տալիս… Եվ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մինչ այդ պահը, Արսենին թվացել էր ինչ-որ անհավատալի բան, ասես երազում, երբ գիտես` հերիք է արթնանաս, և ամեն ինչ իր տեղը կընկնի: Բայց երկու անողոք բառ մեկ ակնթարթում ցիրուցան արին այդ երազը, և Արսենին իրականություն բերեցին: Եվ նա իր աչքերի առաջ կուրացուցիչ հստակությամբ տեսավ Ելենայի սարսափելի արնագույն սպին՝ ցավի աստիճան հարազատ, մանկան մաշկի պես քնքուշ ու ճերմակ մարմնին: Իր Ելենայի ծվատվա՜ծ, բզկտվա՜ծ մարմնի… Այդ օրը աշխատել չկարողացավ, թույլտվություն խնդրեց և տուն գնաց: Բայց տանն էլ մնալ չկարողացավ: Փոքրիկ, առանց Ելենայի դատարկությամբ լի սենյակը, ինչպես ջուրը` փայտե խցանը, դուրս նետեց նրան: Նա վեր կացավ ու գնաց Զեյնալովների մոտ: Վագիֆը տանը չէր, բայց Մեհրիբան-խանումը գրեթե ուժով նրան տարավ սենյակ և սկսեց հարց ու փորձ անել Ելենայի մասին: Եվ մինչ նա լարվածությունից ուժի զոռով իրենից բառեր էր քամում պատասխանելու հարցերին, սեղանի վրա հայտնվեց ուտելիքի ափսեն և ծանոթ կավե սափորը` գինով լի: — Փառք Ալլահին, որ ամեն ինչ լավ է ավարտվել, — ասաց Մեհրիբան-խանումը` լսելով նրա պատմածը: — Հետո ամեն ինչ արդեն շատ լավ կընթանա: Բայց դու պետք է ուտես, ուժ հավաքես: Ահա, ղավուրմա վերցրու, վարունգը թարմ է… — Շնորհակալ եմ, Մեհրիբան-խանում, ուտում եմ: — Է, չէ, դու այնպես չես ուտում, ես քեզ գիտեմ: Պետք է լավ ուտել իմանալ, տղամարդու պես: Գինի խմիր, ախորժակդ կբացվի: Արսենը թեյի բաժակով գինի խմեց, պատառաքաղով մի կտոր ոչխարի միս վերցրեց: Մի քիչ սպասելով, նա ասաց. — Մեհրիբան-խանում, ես գործով էի եկել: — Ասա ի՞նչ գործ է, մի ամաչիր: Ես օտար չեմ: — Ճիշտն ասած, ամեն ինչ այնպես անսպասելիորեն եղավ, որ ես բոլորովին շփոթվեցի: Մենք ախր դեռ պատրաստ չէինք, ո՛չ Ելենայի, ո՛չ էլ երեխայի համար: Գուցե խորհուրդ տաք, ինչ կարելի է գնել: — Ոչինչ, Արսեն ջան, — հանգստացրեց Մեհրիբան-խանումը, — ժամանակ կա, ամեն ինչ կհասցնենք, ինչ պետք է` կգնենք կամ կկարենք: Մենք հո օտա՞ր չենք, յուրային ենք… Արսենը երեկոյան գրքույկից հանեց իր բոլոր խնայողությունները և նորից այցելեց Զեյնալովներին: Այս անգամ Վագիֆը տանն էր: Արսենը սեղանին դրեց ողջ գումարը: — Ահա, Մեհրիբան-խանում, ութ հարյուր ռուբլի, ամբողջը, ինչ ունենք: Վերցրեք և գնեք այն ամենը, ինչ պետք է: Իսկ ինչ է պետք` դուք ավելի լավ կիմանաք: Սա բավարա՞ր է: Մեհրիբան-խանումը նկատելիորեն շփոթվեց, նույնիսկ կարմրեց: Արսենի վստահությունը հուզեց նրան: Հետո նայեց ամուսնուն ու ծիծաղեց: — Արսեն ջան, թանկագինս, իսկույն երևում է, որ դեռ երիտասարդ ես, փորձ չունես: Այսքան փողով ողջ ծննդատունը կարելի է գնել: — Նա վերցրեց երկու հիսունանոց: — Սա բավարար է: Մնացածը դիր գրպանդ, դեռ պետք կգա: Արսենն ասաց, որ խնայդրամարկղ չի վերադարձնի, թող դրանք մնան նրանց մոտ: Գրպանի ծախս ունի, իսկ ավելին պետք չէ, շուտով աշխատավարձ էլ կստանա: — Ծնողներիդ գրե՞լ ես թոռան ծննդյան առիթով, — հարցրեց Վագիֆը, երբ կինը պահելով ինչ-որ տեղ փողերը, սկսեց սեղան գցել: — Ծնողների՞ս: Չէ, Վագիֆ, չեմ գրել: Եթե իմանայի, որ կուրախացնի, կգրեի: — Հը՜մ… — մտահոգ ձգեց Վագիֆը: — Քեզ, իհարկե, տեսանելի է, Արսեն ջան, ես չեմ ուզում խառնվել քո ընտանեկան գործերին: Բայց կարծում եմ, որ այս աշխարհում ոչ ոք և ոչինչ չի կարող ծնողից ավելի լավը լինել: Ծնողից լավ կարող է լինել միայն ծնողը: Թող Աստված օրհնի քո ծնողներին, ողջ ու առողջ թող լինեն, երկար կյանք ունենան, իմացիր, քանի նրանք կան, մենք բոլորս երեխաներ ենք, և դրա համար չի կարելի նրանց ծուռ նայել, դա մեղք է, նրանք, միևնույն է, ավելի մոտ են Աստծուն, քան ես և դու: Դու դեռ երիտասարդ ես, չես հասկանում, մի նեղացիր Վագիֆից, բայց քեզ կասեմ, որ ես պաշտում էի ծնողներիս, ինչպես պաշտում եմ հիմա նրանց հիշատակը, տարիքդկապչունիծնողդկորցրիր՝որբեսայլևս։ Ծնողը սրբություն է: Ինչպես դու վերաբերվես քո ծնողին, նույնպես քեզ կվերաբերվեն քո երեխաները: Ծնողպիտիդառնաս՝ծնողիգիննիմանաս: — Այո, իհարկե, — գլխով արեց Արսենը: — Ծնողը մնում է ծնող: Ես էլ եմ արդեն ծնող, բայց չգիտես ինչու, դեռ չեմ զգում դա: Նույնիսկ երեխային չեմ ընկալում, չեմ զգում: — Է՜, մի ասա այդպես, սիրելիս, — Վագիֆը ժպտաց, — երբ մի անգամ նրան ձեռքդ վերցնես, ճանաչես այդ քաղցր ծանրությունը, առնես նրա փոքրիկ մարմնի բույրը, երբ նա իր փոքրիկ տաք թաթիկներով մի անգամ բռնի քո քիթը, խոնավ շուրթերով կպչի այտերիդ, ա՛յ, հենց այդ ժամանակ կզգաս: Երդվում եմ արևով, որ մեր գլխավերևում է, դա ինձնով գիտեմ: Երբ իմ աղջիկ Սևիլը ծնվեց, ես էլ էի սկզբում ասում, երեխան հեչ, միայն իմ Մեհրիբանը ողջ մնա: Հետո, երբ առաջին անգամ գիրկս առա… Է՜, ինչ ասեմ: Կհավատա՞ս, Արսեն ջան, այդ օրը ասես ինձ արև նվիրեցին և իմ տան մեջ հարյուր անգամ ավելի լուսավոր դարձավ: Երդվում եմ, ազնիվ խոսք: — – Ծնողներիս, իհարկե կգրեմ, — ասաց Արսենը: — Բայց այս պահին իմ ամենահարազատ մարդիկ դուք եք: ԳԼՈՒԽ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ Ելենան պառկեց հիվանդանոցում շուրջ չորս շաբաթ: Օրը արևոտ ու տաք էր, թեև արդեն հոկտեմբերի սկիզբն էր: Բակի հեռավոր անկյունում քարհանքի երկու աշխատողներ մեծ մանղալ էին պատրաստում խորովածի համար: Նրանց կանայք, ուրախ զրուցելով, պատրաստություն էին տեսնում, մեծ սալորենու տակ սեղան էին գցում` նախապատրաստվելով նորածնի հանդիսավոր գալուստին: Եվ վերջապես լայն բացված դարպասից դանդաղորեն ներս մտան երկու «Ժիգուլի»: Մի մեքենայից դուրս եկավ Ելենան` թարմ վարդերի փնջով, նրա հետևից` Մեհրիբան-խանումը, գուրգուրանքով կրծքին սեղմած նորածնին, որը փաթաթված էր երկնագույն մետաքսե ծածկոցի մեջ և բոլորովին չէր երևում վերջինիս կապկպված ժանյակների ու ժապավենների հետևում: Երկրորդ մեքենայից դուրս եկան չորս տղամարդ, նույնպես քարհանքի աշխատողներ: Բոլորին հրավիրել էր Վագիֆը, մտածելով, թե որքան ավելի շատ մարդ դիմավորի Ելենային, այնքան հաճելի կլինի վերջինիս: Եվ ընդհանուր առմամբ երևի ճիշտ էր: Այդ ընթացքում նիհարած, տանջված և թուլությունից մեծ դժվարությամբ ոտքի վրա մնացող Ելենան հուզվել էր արտասվելու աստիճանի` տեսնելով իր շուրջը այդքան անծանոթ, սակայն բարեհամբույր ժպտացող դեմքեր: Նա այդպես էլ չկորցրեց իր ամուր հավատը նրան, որ ժպտացող մարդը անպատճառ լավ մարդ է… Կանայք համբուրում էին նրան, ասում հաճելի խոսքեր, բարձրաձայն չափազանցված հիանում էին երեխայով, թեև փակ աչքերից ու կարմիր, կնճռոտ, անհոնք ճակատից բացի ուրիշ ոչինչ չէին տեսնում, հավատացնում էին, որ տղան, ինչպես ջրի երկու կաթիլ, նման է մորը, իսկ տղամարդիկ ոչ այնքան շնորհալի կերպով տալիս էին նրան ծաղիկների փնջեր և նույնքան վստահորեն առարկում էին. մի՞թե չեք տեսնում` քթից թռած հայրն է: Վերջապես Մեհրիբան-խանումը տիրաբար բռնեց Ելենայի ձեռքը և ուղեկցեց նրան իր համար նախապատրաստված սենյակը: Ելենան շփոթված նայեց կնոջը: — Ինչպե՞ս թե… — Ձեր սենյակի մասին մոռացի՛ր: Դա քո տեղը չէ: — Օ՛յ, Մեհրիբա՜ն մորաքույր… — Նորի՜ց արտասվում է: Լսի՛ր, ինձ բարկացնում են քո արտասուքները: — Սա թուլությունից է… — Ավելի լավ, որ թուլությունից է: — Նա երեխային դրեց անկողնու վրա և օգնեց Ելենային հանել վերարկուն: — Իսկ հիմա պառկիր և փոքր-ինչ հանգստացիր, շատ ես հոգնել: Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ես քեզ կկանչեմ… — Նա նորից մոտեցավ երեխային: — Հիմա տեսնենք հո խոնավ չէ՞: Այդպե՜ս էլ կա: Իսկակա՜ն տղամարդ է: Մեհրիբան-խանումը ճարպկորեն, իր գործը լավ իմանալով, բարուրից հանեց փոքրիկին: Երեխայի ձեռքերն ու ոտքերը պատված էին բամբակի հաստ շերտով: Նույն պահին բարձրանալով թախտից, Ելենան մոտեցավ անկողնին, նայեց իր առաջնեկին և ամուր սեղմեց շրթունքները… — Ի՞նչ է, — աշխուժորեն նրա կողմը շրջվեց Մեհրիբան-խանումը: Ելենան ստիպեց իրեն ժպտալ. — Ոչինչ, ուշադրություն մի դարձրեք, պարզապես նայում եմ: — Դե, փառք Ալլահին, նշանակում է` ինձ թվաց, թե մտքերիդ հետ կռվում ես, որ շուտ ծնվեց: Սպասիր, Լենա ջան, ինքդ կտեսնես ինչ տղա կդառնա, իսկական ջիգիթ: Դու աչքդ քիչ գցիր այդ կողմը, ավելի լավ է ինձ հավատա: Յոթամսականները հետո շատ առողջ ու ամուր են դառնում: Օհո՛: Պատրաստ է:- Բարուրը փոխելով` նա կարգադրեց. — Թող քնի, Լենա, ձեռք չտաս: Դու էլ պառկիր: Ես հիմա Արսենին կկանչեմ: Նա դուրս եկավ: Ելենան չդիմացավ և փոքրիկին գիրկն առավ, պառկեցրեց իր կողքին, այտերով թեթևակի հպվեց նրա ծածկոցի տաք ժանյակներին: — Իմ քաղցրիկս, իմ փոքրիկս, — անրջատենչ խանդաղատանքով շշնջաց նա: Ներս մտավ Արսենը, անաղմուկ հետևից ծածկելով դուռը, դանդաղորեն մոտեցավ Ելենային: Նա դեռ պառկած էր փակ աչքերով: Արսենը, խոնարհվելով, շուրթերով զգուշորեն հպվեց կնոջ այտին: Ելենան բացեց աչքերը, հառելով նրան իր կապտակապույտ աչքերը: — Կարծես ննջեցի… Այնքան հաճելի է նրա հետ: Ուզո՞ւմ ես նայել: — Ուզում եմ: Միայն թե նա քնած է, պետք չէ նրան շատ անհանգստացնել: — Նա միշտ քնած է, — ասաց Ելենան, ապա մտածեց ու ավելացրեց, — նա դեռ երկար կքնի: Ինչո՞ւ այդպես շուտ ծնվեց, ես վախենում եմ: — Իսկ ես` չէ: — Ճի՞շտ: — Չէ՞ որ ես էլ եմ այդպես ծնվել, յոթամսական էլ չկայի: — Նստիր կողքիս: Արսենը նստեց, համբուրեց նրա աչքերը, ճակատը: Ելենան ժպտալով թոթովեց. — Նույնիսկ եթե հնարում ես, միևնույն է, էլի լավ է, որ ասացիր… Օ՜յ, ինչպե՜ս եմ սիրում քեզ: Արսենը բռնեց նրա ձեռքերը և երեսով հպվեց նրա ափերին: Հետո հիմարաբար արտաբերեց. — Չգիտեմ, կներե՞ս դու ինձ երբևէ: Ելենան թեթևակի սեղմվեց նրան. — Ի՞նչը ներեմ, սիրելիս: Արսենը ցնցված նայեց նրան: Նա ինչ-որ բառեր էր սպասում, բայց ոչ բնավ դրանք: — Իմ հիմարիկ, — ասաց Ելենան ճառաքալույս դեմքով: — Ավելի լավ է լուռ նստենք: Միայն թե ձեռքերս բաց մի թող: Ինձ հիմա շատ լավ եմ զգում: Արսենը գրկեց նրան, շշնջաց. — Իմացիր, որտեղ սեր չկա` երջանկություն չկա այնտեղ, սերը տառապանք է ինքնին, սակայն միակ հնարավոր միջոցն է երջանիկ լինելու համար: Ես քեզնով եմ երջանիկ այս աշխարհում, Լեն, ու հպարտ եմ, որ այդքան գեղեցիկ ես, գեղեցկությունը և՛ մարդուն, և՛ Աստծուն է հաճելի, և չկա առավել սքանչելի բան, քան գեղեցկությունը գեղեցիկ կնոջ, երբեմն նայում եմ ու հիանում, որովհետև քո ստվերն անգամ գեղեցիկ է… Կան կանայք, — շարունակեց նա սրտի քաղցրանուշ թրթիռով, — կան կանայք, որոնց հետ միասին ապրում ես, կան կանայք, որոնց համար ապրում ես, կան և կանայք, որոնց հանդիպելուց հետո նոր միայն հասկանում ես, որ սկսում ես ապրել ինչպես պետքն է: Դու իմ լույսն ու արևն ես, Լենուլ… Ես շատ եմ ուզում, որ դու շուտ կազդուրվես: Ելենան դանդաղ, բայց վստահորեն կազդուրվում էր: Վերադարձել էր նախկին կայտառությունը, դեմքին հայտնվել էր առույգ վարդագույնը, աչքերում՝ կապտականաչ փայլը: Բակում նա այլևս դադարել էր քայլել զգուշավորությամբ` շրջանցելով յուրաքանչյուր անհարթություն՝ վախենալով ընկնել: Քայլը դարձել էր, եթե ոչ բավականին հաստատուն, ապա գոնե որոշ չափով ամուր: Սակայն նրա կազդուրման թերևս ամենահամոզիչ նշանն այն էր, որ վերադարձել էր նրա նախկին զրնգուն ու անկաշկանդ ծիծաղը, որն այնպես սիրում էր Արսենը: Նրա մատղաշ տարիքը իրենն էր անում: Բայց և որոշ բաներ նրա նախկին երիտասարդությունից արդեն անհետացել էին, ի հայտ էր եկել տարիքին անհամապատասխան, այնքան էլ աչքի չընկնող, ինչ-որ խստություն, զսպվածություն, հատկապես այն ժամանակ, երբ գիրկն էր առնում երեխային: Այդ պահերին նրա դեմքը փոխվում էր և թվում էր` նրանից ճառագում են խաղաղ, հանդարտեցնող մայրական իմաստնության և սիրո ալիքներ: Արսենը նման պահերին զգում էր, որ սիրտը նվաղում է նրա առաջ: Դա նախկին Ելենան չէր, ուրախ, կենսախինդ, արտաքնապես հանդարտ, բերկրանքով գնացող իր ճակատագրին ընդառաջ, անվախորեն ընդունելով ճակատագրի թե՛ հարվածները, թե՛ փաղաքշանքը: Եվ միևնույն ժամանակ նա նույնն էր, նույն Ելենան: Եվ դա ամենից շատ էր ուրախացնում Արսենին, թևեր տալիս նրան: Ոչ պակաս թևեր էր տալիս նաև այն հստակ զգացումը, որ ուներ ներքին համոզմամբ` որ ի վերջո վերդառնալու է հայրենի եզերք: Մեկ անգամ հանկարծակիորեն հայտնվելով նրա գիտակցությունում, հոգեկան վերելքի ազդեցությամբ, այդ միտքն այլևս չէր ուզում դուրս գալ նրա գլխից, օրեցօր ավելի ու ավելի ամրանալով ու արմատներ ձգելով: Երջանկությունը այն է, մտածում էր Արսենը, երբ քո հայրենի հողում ու հայրենի տանն ամեն առավոտ ուրախությամբ գնում ես աշխատանքի, իսկ երեկոյան նույն ուրախությամբ վերադառնում ես տուն: Հենց դա էլ մտովի տեղի էր ունենում Արսենի հետ` դառնալով նրա առօրյայի իմաստը: Այդ երանավետ մտքերով տոգորված՝ նա այստեղ ևս առավոտյան բերկրանքով մեկնում էր աշխատանքի և նույն զգացողությամբ վերադառնում, չզգալով ոչ մի հոգնություն, թեպետ ձեռքերն ու մեջքը նախկինի պես նվվում էին, բայց չկար այլևս ոչ մի սրտնեղություն, թե զբաղված է անիմաստ աշխատանքով, ու նա հաճախակի մտաբերում էր իր և Ելենայի խոսակցությունը խռովահույզ մի օր: Ելենան այն ժամանակ ասաց. «Գնանք այստեղից, գնանք մեր մոտ»: «Ձեր մո՞տ», հարցրեց Արսենը: «Չէ, — անմիջապես պատասխանեց Ելենան, — մեր մոտ՝ գյուղ: Որքան էլ տարօրինակ հնչի, ինչ էլ մեզ այնտեղ սպասի, մենք իրավունք չունենք լքել հարազատ ծերունիներին: Դրանով մեղք ենք գործում»: Արսենը, հիշում է, նայեց Ելենային և նրա նկատմամբ քնքշանքը ալիքվեց իր հոգու ներսում: Եվ հիմա, նկատելով այդ փոփոխությունն Արսենի մեջ, Ելենան երջանկություն էր ապրում, նրանք երկուստեք զգում էին, որ անհրաժեշտ է համբերությամբ լցվել, որպեսզի հաղթահարեն այն, ինչ վիճակված է նրանց այսօր: Հենց դա էլ ասում էր Ելենային, քանի որ վաղուց էր գլխի ընկել, որ Ելենան թեպետ ոչ մի անգամ, ոչ մի բառով չէր տրտնջացել, թե իրեն ինչպես է կեղեքում այն, որ նա ստիպված է ապրել հայրենի վայրերից, սովորական դարձած միջավայրից, սիրելի աշխատանքից կտրված, և մշտապես իրեն մեղավոր էր զգում ամուսնու առաջ, թեև ոչ մի մեղք չուներ: Նա ծիծաղում էր Արսենի արտակարգ ոգևորվածությամբ և ուրախանում, պարզապես ուրախանում: Իսկ նա կարողանում էր ուրախանալ… Ներքին ձայնը, եթե իսկապես այն կար, չէր խաբել Արսենին: Մի անգամ աշխատանքից վերադառնալիս նա բակում հանդիպեց Մեհրիբան-խանումին, որը լվացքն էր կախում պարանից: Բարևելով նրան, Արսենն ուզում էր տուն մտնել, բայց նա բռնեց իր արմունկը և խորհրդավոր կիսաշշնջոցով ասաց. «Գործ կա…»: Նույն հանելուկային տեսքով նա գոգնոցի տակից մի կնքված ծրար հանեց: — Առավոտյան եմ ստացել, — շշնջաց նա` աչքի պոչով նայելով տան կողմը: — Նամակ է: Քեզ: Չգիտեմ ումից է, բայց այսպես եմ մտածում. եթե վատ բան լինի գրված. Լենան առայժմ թող ոչինչ չիմանա, իսկ եթե լավ բան է, ինքդ կհաղորդես նրան: Կնոջը միշտ էլ հաճելի է լավ լուրեր լսել ամուսնուց: — Կեցցեք, Մեհրիբան-խանում, շնորհակալություն, — երախտապարտությամբ ասաց Արսենը` բացելով ծրարը: — Միայն թե Լենան, միևնույն է, ոչինչ էլ չի հասկանա, նա հայերեն կարդալ չգիտի: Նամակը Գաբրիել Բալայանից էր: Նա գրում էր այն մասին, որ անցնում է վաստակած հանգստի և իր տեղում երաշխավորել է Արսենին: «Եթե մտածես վերադառնալ քո Տոնաշեն, մենք բոլորս միայն ուրախ կլինենք, եթե համաձայնես աշխատել իմ տեղը: Երեկ, — գրում էր Բալայանը, — խոսեցի Բադունցի հետ, կուսակցության շրջկոմի առաջին քարտուղարի` Յակով Օսիպովիչի հետ, դու նրան գիտես, նա իմ առաջարկը հավանեց: Երբ քո հեռագիրը ստանամ, իսկույն ձեր հետևից մեքենա կուղարկեմ»: Արսենը դանդաղորեն նամակը խցկեց ծրարի մեջ, նայեց Մեհրիբան-խանումին: — Դե ի՞նչ, ինչպիսի՞ն է, լա՞վ նամակ է, — չդիմացավ Մեհրիբան- խանումը: — Աչքերիցդ եմ տեսնում, որ լավն է: — Մեհրիբան-խանում, թանկագինս, Վագիֆը ճիշտ է ասում, որ դուք խելացի կին եք: Անչափ երախտապարտ եմ ձեզ, հրաշալի նամակ է: — Դե, փառք Ալլահին, ինձ ավելին պետք չէ: Իսկ հիմա գնա Ելենայի մոտ, նա քեզ է սպասում: Երևի արդեն պատուհանից տեսել է: Ելենան իսկապես պատուհանից տեսել էր նրան: Եվ երբ Արսենը ներս մտավ, նա շշնջոցով, որպեսզի չարթնացնի մանկասայլակի մեջ քնած մանկանը, հարցրեց տագնապալի ձայնով. — Այդ ի՞նչ նամակ տվեց քեզ: Արսենը ժպտաց: «Իսկ գուցե նա գնում է, որպեսզի ես վերադառնա՞մ», — մտածեց նա Բալայանի մասին: — Ումի՞ց է նամակը: — Գաբրիել Հարությունովիչից, — հանգստացրեց նրան Արսենը, — իր տեղն ինձ է երաշխավորել: Ելենան մի քանի վայրկյան նրան նայեց այնպես, ասես ոչ մի կերպ չէր կարողանում որոշել, հավատա՞լ լսածին, թե չէ: Բայց Արսենը գրկեց նրա ուսերը և քաշեց դեպի իրեն: — Դա ճիշտ է, Ելենա: Ահա նամակը: Ելենան, ուրախությունից շողացող աչքերով նայեց Արսենին, երջանկավետության անհագուրդ գգվանքով սեղմվելով նրան: — Գիտե՞ս, — շշնջաց նա, — իմ կարծիքով, ես էլ եմ մի քիչ կարոտել մեր լեռները: Նրանք այնքան գեղեցիկ են` կանաչ, կապույտ, մանուշակագույն… — Ես հիմա կգամ, — ժպտալով ասաց Արսենը, ծրարը խնամքով ծալելով, դրեց գրպանը և ուղևորվեց փոստ` հեռագիր ուղարկելու: Левон Адян РУССКАЯ НЕВЕСТКА
На армянском языке