6+
ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԽԱՂԵՐ

Объем: 126 бумажных стр.

Формат: epub, fb2, pdfRead, mobi

Подробнее

Թանկագի՛ն ընթերցող

Մանկություն: Պատահել է այնպես, որ XXI դարում երեխաները հիմնականում խաղում են Ֆեորբի, Տամագոչի, համակարգչային խաղեր և այլն: Իսկ ինչպիսի՛ն են հետևանքները: Ներփակում սեփական վիրտուալ տարածքում: Շատերը նույնիսկ հետ են վարժվել իրենց մտքերը բանավոր շարադրելուց:

Բայց ստեղծագործությունը օգնում է իրականացնել մանկական երազանքները: Հարկավոր է հավատալ ինքն իրեն և շատ աշխատել: Աստված կօրհնի:

Եվ ահա ձեր առջև են Արևիկը և Մաքսիմը իրենց ընկերների հետ: Նրանց երևակայական խաղերը ձեզ որոշ ժամանակով կհեռացնեն վիրտուալ աշխարհից:

Հեղինակների կողմից

Գլուխ 1. Ա'խ, այդ խցանումները

Բարև՛, թանկագին ընթերցող: Ես ուզում եմ ձեզ պատմել փոքրիկ աղջկա հեքիաթային պատմությունը, որը ծնվել էր Մոսկվայում: Նրան անվանում էին Արևիկ: «Ինչ տարօրինակ անուն է», — հավանաբար, մտածում եք դուք: Գոյություն ունի՞ այդպիսի անուն, կամ կարո՞ղ են Ռուսաստանում այդպես անվանել աղջկան: Առաջին, հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է, երկրորդ, Ռուսաստանում ինչպես ուզում են, այնպես էլ անվանում են աղջկան: Ախր նա այնքան պայծառ, լուսաշող երեխա էր, որ ինքը Աստված էր պատվիրել նրան տալ այդ անունը: Ճիշտ է, ինչպես ձեզ, այնպես էլ նրա տատիկներին, պապիկներին, հորաքույր-մորաքույրներին, հորեղբայր– քեռիներին և մյուս ազգականներին դա տարօրինակ էր թվում, բայց ժամանակի ընթացքում նրանք հասկացան, որ այդ անունը որքա՜ն շատ է սազում նրան: Պետք է ասել, որ ընտանիքը շատ լուրջ էր վերաբերվում անվան ընտրությանը: Չէ՞ որ կարծիք գոյություն ունի, թե երեխայի անունը ազդեցություն է թողնում նրա ճակատագրի վրա: Դրան շատերն են հավատում, բայց ինչն ավելի կարևոր է, անհրաժեշտ էր միջազգային անուն ընտրել: Աղջկա մեջ տարբեր արյուններ էին խառնված, և արևելյան ու արևմտյան արմատների այնքան բարդ միահյուսում էր, որ ծնողները պարզապես պարտավոր էին երեխային այնպիսի անուն տալ, որ նա երկրագնդի զանազան կետերում անհարմարավետության զգացողություն չունենար: Ու այդ անունը շատ հաջող էր ընտրված:

Աղջկա բախտը բերել էր: Նա ծնվել էր, այսպես ասած, «բարեկեցիկ ընտանիքում»: Իր կյանքի առաջին օրերից նա շրջապատված էր սիրով ու հոգատարությամբ: Նրան կերակրում էին, սնուցում, դաստիարակում, կրթում և չափավոր կերպով երես տալիս: Արևիկը քնում և արթնանում էր դասական երաժշտության ներքո: Ցանկացած եղանակի (և՛ արևին, և՛ ձյանը, և՛ անձրևին) աղջիկը զբոսնում էր, հաղորդակից լինում բնությանը, զբաղվում էր ֆիզկուլտուրայով: Շատ կարդացած լինելով ամեն տեսակ իմաստալի գրքեր և ղեկավարվելով սեփական փորձով՝ այդ ամբողջ բարեբախտությունը նրա համար ապահովում էին ընտանիքը և մերձավոր ազգականները: Փորձությո՞ւնն էր լավ, թե՞ բավական խելացի գրքեր էին ձեռքն ընկել, միայն թե աղջիկն ապրում էր ինչպես հեքիաթում: Բայց, մեծանալով, Արևիկն ակսեց հասկանալ, որ իրական կյանքը տարբերվում է գրքերում նկարագրվածից: Կյանքում շատ բաների պարզապես հնարավոր չէր որևէ մեկնաբանություն տալ, դե մեծահասակներն էլ միշտ չէ, որ կարողանում էին նրան բացատրել այդ տարբերությունները:

Հավանաբար, ինչպես երեխաների մեծամասնությունը, շատ զննող երեխա էր: Նա հետևում էր մեքենաներին, մայթերով քայլող մարդկանց: Այդպես նա սովորեց ճանաչել տրոլեյբուսները, ավտոբուսները, տրամվայները, բեռնատար մեքենաները, երթուղային տաքսիները, ինչպես նաև ավտոմոբիլների մակնիշները: Նրան սովորեցրել էին փողոցում և մեքենայում վարվելաձևի կանոնները: Արևիկը աշխույժ աղջիկ էր, և նրա համար դժվար էր ամբողջ ճանապարհին մինչև վերջ հանգիստ նստել վարորդի հետևում դրված թիկնաթոռին: Նա անդադար ցանկանում էր տեղավորվել մեծերի գրկում, դեսուդեն շուռ գալ մեքենայի մեջ, թափահարել ոտքերը:

Երբ Արևիկը երկուսուկես տարեկան էր, մի անգամ հարցրեց.

— Իսկ եթե որևէ երեխա հրաժարվում է նստել թիկնաթոռին կամ կոճկվել, այդ ժամանակ ի՞նչ կլինի:

— Քեռի ավտոտեսուչը մեքենայի վարորդին կտուգանի ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, — պատասխանեց տատիկը:

— Եվ նրա մոտ փող չի մնա՞ երեխային խաղալիք գնելու համար, — շարունակեց Արևիկը:

— Շատ հնարավոր է: Համենայն դեպս, նրա փողերը կպակասեն, — բացատրեց տատիկը:

— Ու երեխան լա՞ց կլինի, — տխրեց աղջիկը:

— Գուցե նաև լաց կլինի: Բայց ի՞նչ օգուտ արցունքներից: Դա նրա համար դաս կլինի, և երեխան այնուհետև չի խախտի կանոնները, — հանգիստ պատասխանեց տատիկը:

«Մեծերը միշտ գիտեն՝ ինչ ասեն, միայն թե իրենց ուզածով անեն», — մտածեց Արևիկը: Բայց նա այդպես մտածում էր մինչև այն ժամանակ, քանի դեռ ճանապարհին վթար չէր տեսել: Բարեբախտաբար, որևէ մեկը չտուժեց, սակայն, ճանապարհի խցանումների պատճառով, ստիպված էին երկար կանգ առնել: Դրա հետևանքով, Արևիկը ուշացավ կրկեսային ներկայացումից, որը նրան ավելի շատ վշտացրեց: (Բայց կրկեսը… առանձնահատուկ պատմություն է: Եվ խոսքը հիմա այդ մասին չէ): Այդպես, ոչ անմիջապես, բայց շուտով նա հասկացավ, որ անվտանգությունը վեր է ամեն ինչից, և մեքենայի մեջ ամենաանվտանգ տեղը վարորդի հետևում է:

Արևիկը սիրում էր երթևեկության ընթացքը: Ամենավաղ մանկությունից էլ նրան դուր չէր գալիս, երբ մեքենան կանգ էր առնում լուսացույցի կարմիր լույսի տակ, էլ չասած՝ ավելի երկարատև, ինչպես, օրինակ, ամառանոցի ճանապարհին երկաթուղային գծանցից առաջ կամ խցանումների պատճառով եղած կանգառների մասին: Այդ ժամանակ նա սկսում էր նվնվալ, անգամ լաց լինել: Ամեն անգամ անհրաժեշտություն էր առաջանում ինչ–որ բան հնարել՝ նրան շեղելու համար: Ժամանակի ընթացքում Արևիկը ավտոմոբիլի մեջ սկսեց լսել «Մանկական ռադիո», սիրված հեքիաթների ու մյուզիքլների, վաղնջական լեգենդների ու առասպելների ձայնագրություններով սկավառակներ: Աղջիկն այնքան էր խորասուզվում լսածի մեջ և այնքան ուժգին էր մասնակցում սիրելի հերոսների ապրումներին, որ շրջապատողները տպավորություն էին ստանում, թե կարծես նա իր շուրջը ոչ մի այլ բան չի նկատում: Բայց դա այդպես չէր: Նրա մեջ բազմաթիվ հարցեր էին առաջանում:

Մի անգամ երեկոյան Արևիկը, նկատի ունենալով խցանումները, ասաց.

— Տատի՛կ, կարո՞ղ ես ինձ բացատրել՝ ինչո՞ւ է այսպես կատարվում: Եվ ինչպե՞ս կարելի է դա ուղղել:

Մի պահ տատիկը նույնիսկ շփոթվեց: Մի տեսակ տարօրինակ էր այդ հիմնախնդիրները քննարկել փոքրիկ աղջկա հետ: Բայց ինչ կարող ես անել, հարկադրված ես պատասխանել:

— Կարճ ասած՝ շատերն են այդ մասին մտածում, սակայն դեռևս խելքը գլխին ոչ մի բան չեն հնարել: Նկատի ունեմ՝ ինչպես կարելի է շտկել այդ իրավիճակը, — լուրջ տոնով պատասխանեց տատիկը:

— Գիտեմ, հայրիկն ինձ պատմում էր, որ բնության մեջ այնպիսի երևույթներ կան, որոնք մարդիկ դեռ չեն կարող բացատրել, — ոգևորվեց աղջիկը՝ հիշելով դեպի անցյալ իր հրապուրիչ ճանապարհորդության մասին, որն ինքը հայրիկի հետ կատարեց Դարվինի թանգարանում:

— Իսկ ճանապարհային խցանումները նույնպե՞ս այդպիսի երևույթներ են:

— Ո՛չ: Այդպիսի երևույթներ չեն: Դրանք կարելի է բացատրել, սակայն մարդիկ դեռ չեն սովորել դրանք կառավարել:

— Իսկ ինչո՞ւ:

— Դա այնքան էլ հեշտ չէ, — լրջորեն պատասխանեց տատիկը:

— Այդ ինչպե՞ս, — մեղմ ձայնով հարցրեց աղջիկը:

— Դու գիտես, որ կան հիվանդություններ, որոնք մարդիկ արդեն կարող են բացատրել, բայց դեռ չեն կարող բուժել: Ուստի դեռևս փորձում են ինչ–որ կերպ սատարել հիվանդին, թեթևացնել նրա տառապանքները: Սակայն ժամանակի ընթացքում կսովորեն բուժել այդ հիվանդությունները:

— Տատի՛կ, իսկ խցանումները հիվանդությո՞ւն են, — անմիջապես արձագանքեց աղջիկը:

— Այո՛, կարելի է և այդպես ասել: Դա մեծ քաղաքների հիվանդությունն է, — պատասխանեց տատիկը:

— Եվ դրա՞նք էլ դեռ չեն կարող բուժել, — հետաքրքրվեց Արևիկը:

— Ավա՜ղ, այո՛: Առայժմ խցանումները նվազեցնելու բոլոր փորձերը ապարդյուն են, — շարունակեց տատիկը:

— Իսկ դրանք նույնպե՞ս կսովորեն բուժել, — հարցրեց աղջիկը:

— Հավանաբար, երբևէ այդպես էլ կլինի, — պատասխանեց տատիկը:

— Իսկ ե՞րբ, — չէր հանդարտվում Արևիկը:

— Դա բարդ հարց է, — ասաց տատիկը:

— Միշտ այդպես է: Երբ դուք՝ մեծերդ, ինչ–որ բան չեք իմանում, — այդպես եք պատասխանում, — վրդովվեց աղջիկը:

— Արդեն ուշ է: Ժամանակն է քնելու, — փորձեց զրույցն ընդհատել տատիկը:

Բայց անհնար էր:

— Չեմ գնա: Ես կսպասեմ մայրիկին կամ հայրիկին, — չէր դադարում աղջիկը:

— Արևի՛կ, բալի՛կս, վախենամ՝ շատ սպասես: Տեսնո՞ւմ ես, ինչ ձյուն է դրսում: Ամեն ինչ ծածկել է: Ձնահավաք մեքենաները չեն կարողանում գործն ավարտել: Գնալ–գալ հնարավոր չէ: Գնանք քնելու, իսկ գիշերը, երբ կուզենաս կաթ խմել, քեզ մայրիկը կտա:

Արևիկին շեղելու բոլոր փորձերը անօգուտ էին: Աղջիկը շատ էր կարոտել հայրիկին, որին նա չէր տեսել ամբողջ երեք ամիս: Նա մեկնել էր գիտարշավի և այսօր տուն էր վերադառնում: Ինքնաթիռն արդեն վայրէջք էր կատարել: Հայրիկը զանգել էր օդանավակայանից: Սակայն արդեն երկու ժամ էր անցել, իսկ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել: Մայրիկը նույնպես շատ էր աշխատում: Եվ ամեն մի լրացուցիչ ժամը, որ միասին էին անցկացնում, ասես նվեր լիներ, որից այսօր աղջիկը կարծես զրկվել էր:

— Ինչո՞ւ էիր դու ինձ ասում, որ միշտ ելք կա, — հարցուփորձ էր անում Արևիկը՝ դարձյալ վերադառնալով միևնույն հարցին:

— Իսկապես, ելք միշտ կա: Պարզապես այն երբեմն շատ երկար պետք է փնտրել, — պատասխանեց տատիկը:

— Ուրեմն, շատ ջանալու դեպքում այն կարելի՞ է գտնել, — շարունակվում էր հետաքրքրվել Արևիկը:

— Այո՛, — պատասխանեց տատիկը: Բայց զգացվում էր, որ նա արդեն հոգնել էր ու հազիվ էր զսպում իր անհամբերությունը:

— Տատի՛կ, արի՛ զանգենք ԱԻՆ, — ոգևորվեց աղջիկը՝ հավանորեն, կարծելով, որ հենց դա է հիմնախնդրի լուծումը:

— Ինչո՞ւ, — զարմացավ տատիկը:

— Իսկ հիշո՞ւմ ես՝ երբ ամռանը հրդեհ էր եղել, մարդկանց փրկել էր ԱԻՆ–ը…

Տատի՛կ, բայց ի՞նչ է ԱԻՆ–ը:

— Արտակարգ իրավիճակների նախարարություն, — բացատրեց տատիկը:

— Իսկ ի՞նչ են արտակարգ իրավիճակները, — շարունակում էր հետաքրքրվել Արևիկը:

— Տարերային աղետները, օրինակ, հրդեհները և զանազան վտանգավոր իրավիճակները, որոնց մեջ հայտնվել են մարդիկ: Ենթադրենք՝ դուռը փակվել է, փոքրիկ երեխան տանը մնացել է մենակ, և նրան շտապ անհրաժեշտ է օգնություն:

— Իսկ ճանապարհների խցանումները սովորակա՞ն իրավիճակներ են:

— Այո՛, — ափսոսանքով պատասխանեց տատիկը:

Աղջիկն ապրում էր բարձրահարկ շենքի տասներեքերորդ հարկում և սիրում էր երեկոյան ժամերին, ծնողներին սպասելիս, նստել ցածր պատուհանագոգին ու լուսամուտից դուրս նայել: Այդպես էլ այս երեկո, հետևելով մեքենաների անվերջանալի շարանին, նա ուշադրություն դարձրեց հսկայական թվով սխալ կայանած մեքենաներին, որոնք չափազանց բարդացնում էին ճանապարհների՝ առանց այն էլ դժվար կացությունը: Եվ այդ հանգամանքը չէր կարող անտարբեր թողնել դիտունակ աղջկան:

— Տատի՛կ, իսկ ինչո՞ւ այդ մեքենաները սահմանված տեղում չեն կանգնում, — հարցրեց Արևիկը:

— Մեքենաների տերերը եկել են աշխատանքի և ավտոմոբիլները թողել են այստեղ, որպեսզի աշխատանքից հետո մեքենայով վերադառնան տուն:

— Բայց ինչո՞ւ մեքենաները չեն թողել այնտեղ, որտեղ կարելի է, — հարցուփորձ էր անում աղջիկը:

— Տեսնում ես՝ կայանատեղում բոլոր ցանկացողների համար տեղ չկա: Բացի այդ, կանգառները հաճախ վարձու են: Այդ պատճառով էլ շատերը մեքենաները թողնում են որտեղ պատահի, — բացատրեց տատիկը:

— Բայց դրա համար նրանց չե՞ն պատժում, — զարմացավ աղջիկը:

— Լինում է, որ պատժում են, կամ պարզապես տուգանում են, կամ նույնիսկ մեքենաները տանում են տուգանային հրապարակ, մանրակրկիտ կերպով բացատրեց տատիկը:

— Իսկ ո՞վ է պատժում, քեռի ավտոտեսո՞ւչը, — հիշեց աղջիկը:

— Այո՛, — տատիկը հաճելիորեն զարմացավ այն բանից, որ Արևիկը չի մոռացել անցյալ զրույցների բովանդակությունը:

— Բայց վարորդները, միևնույն է, չե՞ն վախենում նրանից, եթե շարունակում են մեքենաները կանգնեցնել այնտեղ, որտեղ պետք չէ, — հետաքրքրվեց Արևիկը:

— Դուրս է գալիս, որ այդպես է, — համաձայնեց տատիկը:

Լռություն տիրեց: Տատիկը, հոգնած այդ խոսք ու զրույցից, սկսեց աղջկան պատրաստել քնելու:

Այդ ժամանակ հեռախոսը զանգեց, ու տատիկը պատասխանեց: Խոսակցությունն ավարտելով՝ նա դիմեց Արևիկին.

— Մայրիկն ասաց, որ մենք չսպասենք իրեն ու գնանք քնելու:

— Ինչպես մայրիկն ասաց, մենք այնպես էլ պիտի անե՞նք, — հարցրեց Արևիկը:

— Իհարկե: Դու գիտես, որ մայրիկի խոսքը մեզ համար օրենք է, — շեշտեց տատիկը:

— Իսկ մենք նրան չենք ասի, — առարկեց աղջիկը:

— Մայրիկը միշտ պիտի իմանա ճշմարտությունը: Եվ, ընդհանրապես, Արևի՛կ, ավելի լավ է՝ քեզ պատժեն սխալ վարվելու, քան ինչ­որ բան թաքցնելու համար: Այդ դեպքում պատիժն էլ ավելի թեթև կլինի, սխալն էլ հնարավոր կլինի ժամանակին ուղղել, — ասաց տատիկը:

— Բայց դու հիմա այստեղ ինձ հետ ես: Դու կարող ես ինձ թույլ տալ չքնել, — չէր հանդարտվում Արևիկը:

— Ո՛չ, բալի՛կս, մայրիկի խոսքը կարևոր է իմից, — պնդում էր տատիկը:

— Բայց մայրիկն էլ կարող է սխալվել, — չէր հանձնվում Արևիկը:

— Շատ հնարավոր է: Սակայն նույնիսկ այն դեպքում, եթե անգամ քեզ թվում է, թե մայրիկը ճիշտ չէ, պետք է անել այն, ինչ ասել է նա: Համենայն դեպս, այնքան ժամանակ, երբ դու ինքդ պատասխան կտաս քո արարքների համար, — հանգիստ բացատրեց տատիկը:

— Նշանակում է՝ եթե ես համաձայն չեմ մայրիկի հետ, ապա երբեք չե՞մ կարող անել այն, ինչ ցանկանում եմ, — անկեղծորեն զարմացավ աղջիկը:

— Ինչո՞ւ: Կարողացի՛ր քո ճշմարտությունն ապացուցել այնպես, որ մայրիկն այն ընդունի, — պատասխանեց տատիկը: — Եվ հետո, Արևի՛կ, մայրիկը գործնականում քեզ թույլատրում է ամեն ինչ: Սահմանափակումները բացառապես վերաբերում են քո անվտանգությանն ու առողջությանը: Բոլորովին առանց սահմանափակումների էլ չի կարելի: Անարխիա ու քաոս կլինի:

— Ինչպես ճանապարհի՞ն, — հիշեց աղջիկը:

— Միանգամայն ճիշտ է, — ասաց տատիկը:

— Բոլոր ընտանիքներո՞ւմ է այդպես, — հետաքրքրվեց Արևիկը:

— Եթե նկատի ունես սահմանափակումները, դրանք ամեն մի ընտանիքում էլ կան: Այլ բան է, որ կարող է կարգ ու կանոնն ուրիշ լինել, — պարզաբանեց տատիկը:

— Դու ինձ մի փոքր խճճեցիր, տատի՛կ, — ասաց աղջիկը:

— Ճիշտ է, քանի որ պետք է գնալ քնելու, — պատասխանեց տատիկը:

— Իսկ քո մայրիկը նույնպե՞ս միշտ ճիշտ էր, — շարունակեց Արևիկը:

— Շատ բաներում՝ այո: Բայց մեր ընտանիքում մի փոքր այլ իրադրություն էր, — ասաց տատիկը:

— Պատմի՛ր, տատի՛կ, — սկսեց աղաչել աղջիկը:

— Մի ուրիշ անգամ: Այսօր բավական է: Գնանք քնելու, — տատիկը չէր համաձայնվում:

— Դե, խնդրում եմ, տատի՛կ, — ասաց Արևիկը:

— Անգամ չխնդրես: Գնա լվացվի՛ր, մաքրի՛ր ատամներդ, հագի՛ր գիշերազգեստը և մտի՛ր անկողին, — կտրուկ հայտարարեց տատիկը:

— Իսկ գիշերվա հեքիա՞թը, — ակնարկեց Արևիկը:

— Անպայման: Ընտրիր՝ ինչ ենք կարդալու, — համաձայնեց տատիկը:

— Իսկ կարելի՞ է, որ հեքիաթի փոխարեն ինձ պատմես, թե ինչպես էր քո ընտանիքում, — խորամանկորեն հարցրեց աղջիկը:

— Ա՛խ, դու, չարաճճի: Հաջորդ անգամ, — պատասխանեց տատիկը:

— Չեմ ուզում ու չեմ գնա քնելու, — աղջիկը ոչ մի կերպ չէր հանգստանում: — Եթե գնամ քնելու, դա կնշանակի, որ ես հաշտվել եմ այն բանի հետ, որ այնքան էլ շուտ չեմ տեսնի հայրիկին ու մայրիկին: Իսկ ես չեմ ուզում դրա հետ հաշտվել:

— Վախենամ՝ քեզ ուրիշ ոչինչ չի մնում անելու: Տարերքի դեմ պայքարելը մեր ուժերից վեր է: Եվ հետո, ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Ծնողներդ շուտով տուն կգան: Բայց տես, թե ինչ է կատարվում օդանավակայաններում: Մարդիկ արդեն մի քանի օր է, ինչ սպասում են առանց հաց ու ջրի և չեն կարողանում թռչել: Այնպես որ, մտածի՛ր, թե մեր բախտը շատ է բերել, — ասաց տատիկը:

— Նրանք նույնպես չեն կարող թռչել տարերքի պատճառո՞վ: Հաց ու ջուր էլ չունեն դարձյալ տարերքի՞ պատճառով:

— Այն, որ նրանք հայտնվել են այդ սարսափելի պայմաններում, չի կարելի վերագրել միայն տարերքին. դա տեղի է ունեցել համապատասխան ծառայությունների վատ աշխատանքի պատճառով, — պարզաբանեց տատիկը:

— Եվ նրա՞նք էլ են համակերպվել այն բանին, որ իրենց համար այդքան վատ է, — Արևիկը տատիկին շփոթության մեջ գցեց:

— Դժվար է դրան համակերպվել, ավելին, չի կարելի դա հանդուրժել: Քանի դեռ ինքդ չես պայքարում քո իրավունքների համար, ոչ ոք քեզ չի օգնի, — շարունակեց տատիկը:

— Իսկ նրանք ի՞նչ են անում: Ինչպե՞ս են պայքարում, — հետաքրքրվեց աղջիկը:

— Փորձում են գտնել օդանավակայանի, ավիաընկերությունների աշխատակիցներին, որպեսզի գոնե որևէ տեղեկություն իմանան ռեյսերի մասին, փորձում են, վերջապես, ընդվզել, — շատ լուրջ, անգամ որոշ չափով լարված՝ պատասխանեց տատիկը:

— Իսկ ինչո՞ւ են փորձում ընդվզել: Մի՞թե դա կարող է նրանց օգնել թռչելու, — զարմացավ աղջիկը:

— Ո՛չ, դա չի կարող օգնել թռչելու, բայց իրենց խնդրի վրա ուշադրության կհրավիրի ու նրանց կստիպի մտածել, — տատիկը փորձեց երեխայի համար ինչ– որ կերպ ավելի մատչելիորեն բացատրել:

Կարծես թե այդ թեման աղջկան խիստ հետաքրքրեց, և չնայած նրա համար ամեն ինչ չէ, որ հասկանալի էր, բայց նա զգում էր, որ տատիկի ասածը կարևոր է:

Արևիկը խելացի աղջիկ էր: Նա հիշում էր ամեն ինչ: Եվ ամենից առաջ՝ իր զգացողությունները, որոնք նրան օգնում էին կռահել այն, ինչը, իր տեսակետից, կարևոր էր, բայց որն ինքը դեռ չէր հասկանում:

Դեռ երկար ժամանակ աղջիկը վիճաբանում էր, սակայն, վերջ ի վերջո, հոգնածությունը հաղթեց, ու նա քնեց:

Ծնողները բարեհաջող վերադարձան տուն: Իսկ հաջորդ առավոտը Արևիկի համար երջանիկ էր, ինչպես չէր եղել վերջին երեք ամսում:

Գլուխ 2. Ահաբեկչությունը պատերազմ չէ

Անցավ մի քանի օր: Արևիկի համար ամեն ինչ որքան կարելի է լավ դասավորվեց: Պետք չէր գնալ մանկապարտեզ, որը գրիպի համաճարակի պատճառով փակվել էր: Դրսում սաստիկ ցուրտ էր, որը հնարավորություն չէր ընձեռում փողոցում զբոսնելու: Մի խոսքով, աղջիկն ամբողջ ժամանակն ընտանեկան շրջապատում էր անցկացնում, իր համար ամենասիրելի իրադրության մեջ: Պետք է ասել, որ Արևիկը շատ էր սիրում իրենց բնակարանը, իր սենյակը, իր գրքերը, խաղալիքները, DVD և աուդիոսկավառակները: Երբեմն թվում էր, թե շատ դժվար է նրան տնից դուրս բերել: Հաճախ ստիպված էին նրան համոզել, հետաքրքրությունը շարժել: Բայց բավական է դուրս գար, էլ չէր ուզում տուն դառնալ: Այդ օրերին այցելության ցանկալի վայրերից էր Արևելքի ժողովուրդների թանգարանը: Աղջիկը հաճույքով էր քայլում թանգարանի կիսադատարկ սրահներով և հիանում Արևելքի հին մշակույթի վեհությամբ: Նրան առանձնապես գրավում էին Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային, Իրանին հատկացված սրահների ցուցանմուշները: Եվ, իհարկե, Նիկոլայ ու Սվյատոսլավ Ռերիխների նկարները: Դրանց մեջ ինչ– որ մոգական բան կար, դրանցից բարեբեր լույս էր հորդում: Իսկ գունային գամման ցնցում էր երևակայությունը: Արևիկը կարող էր ժամերով դիտել նրանց նկարները ու չհոգնել: Եվ եթե Տրետյակովյան պատկերասրահում ներկայացված՝ Շիշկինի, Վասնեցովի, Վռուբելի, Պոլենովի, Կուինջիի, անգամ Այվազովսկու նկարները երեխային հարազատ էին իրենց թեմատիկայով և այդ պատճառով էլ՝ հասկանալի ու սիրելի, ապա Ռերիխների նկարները այնքան էին հմայում, որ փոքրիկ Արևիկը այդ աշխատանքներին նայում էր լայն բացված աչքերով ու չէր շտապում բաժանվել դրանցից: Աղջիկը ծնողների հետ հաճախ էր այստեղ գալիս:

Յուրաքանչյուր այցելություն նվիրված էր որոշակի սրահի: Ծնողները այդ կերպ դոզավորել էին ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունը՝ երեխային քայլ առ քայլ հաղորդակից դարձնելով բարձր արվեստին, որպեսզի ընկալումը չվերանա, հիշողության մեջ մնան ապրումները, և չմարի ծնունդ առած հետաքրքրությունը:

Որպես կանոն, այդ էքսկուրսիաներից հետո աղջիկը մի քանի օր շարունակ իր տատիկների հետ խաղում էր իր՝ ավելի շատ հավանած նկարների սյուժեներում կամ ցուցադրության թեմաներով հանպատրաստից սյուժեներ էր հորինում: Տեղավորվելով գորգի վրա՝ Արևիկը դասավորում էր խաղալիքները և կառուցում կոմպոզիցիաներ՝ առավել հետաքրքիր ու հիշողության մեջ պահած տեսարանների նախատիպերով, բաժանում էր դերեր և մեծահասակներին ներգրավում թատերականացված ներկայացումների մեջ: Երբեմն ահավոր տառապում էր այն բանից, որ համապատասխան դեկորացիաներ չէր ճարել: Այդ ժամանակ մեծահասակները հարկադրված էին շտապ լուծել խնդիրը՝ ցանկացած հնարավոր եղանակով՝ հյուսել, կարել, կպցնել, նկարել ներկել, գնել: Արևիկը ինքը եռանդով ներգրավվում էր դեկորացիաները անելվերջացնելու գործընթացի մեջ: Նա շատ էր ուրախանում, երբ այդ ամենը հաջողվում էր: Եվ հազիվ մեկ–երկու անգամ հնարավոր եղավ որոշել, թե հատկապես ինչն էր նրան ավելի շատ ուրախացնում՝ աշխատանքի ընթա՞ցքը, թե՞ ստացված արդյունքը:

Պապիկները ևս ներքաշվում էին խաղերի մեջ, սակայն նրանց հետ շփումը «դիստանցիոն» բնույթ ուներ, քանի որ նրանք ապրում էին «մերձավոր արտասահմանում»: Բայց Արևիկը նաև այլ ազգականներ ուներ, որոնք ճակատագրի կամքով հայտնվել էին «հեռավոր արտասահմանում»:

Երբեմն թանգարան այցելելուց հետո աղջիկը հոգնում էր և նախընտրում էր, հատակին նստած, լսել սիրելի հեքիաթների կամ պատմությունների ձայնագրությունները: Այդ դեպքում նրան մենակ էին թողնում՝ առանձին իր մտքերի ու երևակայության հետ:

Սակայն այս անգամ ամեն ինչ ուրիշ կերպ եղավ: Դեռ ճանապարհին, մեքենայի մեջ, հայտնի դարձավ «Դոմոդեդովո» օդանավակայանում կատարված պայթյունի մասին: Այդ ժամանակ Արևիկը առաջին անգամ լսեց «ահաբեկչություն» բառը: Շրջապատողների ռեակցիայից նա իսկույն հասկացավ, որ ինչ­որ սարսափելի բան է տեղի ունեցել: Բնականաբար, նա ցանկացավ իմանալ, թե ինչ է նշանակում «ահաբեկչությունը», և դիմեց ծնողներին՝ պարզաբանումների համար: Աղջիկը շատ տպավորվող էր, այդ պատճառով էլ ծնողները ամեն կերպ նրան զերծ էին պահում մանրամասնություններից՝ միայն հպանցիկ հիշատակելով այն մասին, որ հանցագործները օդանավակայանում պայթյուն են կազմակերպել, որի հետևանքով մարդիկ են զոհվել: Ամեն ինչ արվեց հանուն այն բանի, որ երևակայական պատկերը իրադարձությունների վայրից չհառներ Արևիկի աչքերի առաջ: Այնուամենայնիվ, տրամադրությունը փչացել էր, թվում էր՝ օդում առկա էր տագնապի անորոշ զգացողություն, որից բավական երկար ժամանակ չէր հաջողվում ազատվել:

Անշուշտ, ամեն ինչ վաղ թե ուշ ավարտվում է: Կյանքը կարգավորվեց և իր սովորական հունը մտավ: Սակայն ոչինչ անհետ չի կորչում:

Մի անգամ ճաշից հետո, երբ նրանց հյուր էր եկել Լարիսան՝ ընտանիքի մտերիմ բարեկամը, Արևիկը տատիկին խնդրեց մի բան պարզել՝ հարցնելով Ջեյն Էյրին՝ ճենապակե տիկնիկին, որին տատիկը վերջերս էր նվիրել թոռնուհուն, և որով պարզապես հիացած էր Արևիկը: Տատիկը տիկնիկին հարցրեց անգլերեն: Դա երեխայի համար անսպասելի էր: Աղջիկը հետաքրքրվեց, թե տատիկը ո՞ր լեզվով դիմեց Ջեյնին: Իմանալով պատասխանը՝ Արևիկը հարցրեց.

— Իսկ ինչո՞ւ անգլերեն:

— Որովհետև նա անգլուհի է, — հանգիստ բացատրեց տատիկը,

— Իսկ նա ռուսերեն խոսու՞մ է, — հետաքրքրվեց աղջիկը:

— Ոչ, — պատասխանեց տատիկը:

— Այդ դեպքում նա վատն է, — կտրուկ հայտարարեց Արևիկը՝ մի կողմ դնելով տիկնիկը:

— Բոլորը, ովքեր ռուսերեն չեն խոսում, վա՞տն են, — խիստ զարմացավ տատիկը:

— Հասկանում ես, այնպիսի լեզուներ կան, որոնցով եթե մարդիկ խոսում են, ապա նրանք վատն են, — բացատրեց աղջիկը ձայնի մեջ առանց կասկածի նշույլի:

— Իսկ ո՞ր լեզուներն են դրանք, — տատիկը փորձեց հարցնել ավելի հանգիստ տոնով:

— Աբրակալպմոլ… դյու:

— Իսկ ո՞վ է քեզ պատմել այդ մասին, — որոշեց պարզաբանել տատիկը:

— Ես զբոսայգում եմ լսել, թե ինչպես Կատյայի ու Նատաշայի տատիկները խոսում էին, որ պայթյունը կազմակերպել են այն մարդիկ, որոնք խոսում են այդպիսի լեզուներով, — լսածը վերապատմեց աղջիկը:

— Գուցե, այո՛, բալիկս՛, գուցե և՝ ո՛չ, դա դեռ ոչ մեկին հայտնի չէ: Անգամ եթե ենթադրենք, թե դա ճիշտ է, դու պիտի իմանաս, որ մարդիկ լավ կամ վատ են լինում անկախ այն բանից, թե ինչ լեզվով են խոսում, — բացատրեց տատիկը:

— Նշանակում է՝ Կատյայի ու Նատաշայի տատիկները ճիշտ չե՞ն ասում, — տարակուսանքով հարցրեց Արևիկը:

— Ո՛չ, Արևի՛կ: Նրանք պարզապես մոլորության մեջ են, — պատասխանեց տատիկը:

— Իսկ ի՞նչ է նշանակում «մոլորության մեջ», — հարցով փորձեց պարզել աղջիկը:

— Դա նշանակում է, որ նրանք սխալվում են, — բացատրեց տատիկը:

— Իսկ ինչո՞ւ են նրանք սխալվում, և ոչ թե դու, — հակազդեց Արևիկը:

— Ի՛նքդ դատիր: Ես՝ քո տատիկը, նույնպես խոսում եմ ոչ ռուսերեն: Նշանակում է՝ ես վա՞տն եմ, — շարունակեց տատիկը:

— Ո՛չ, — շփոթահար պատասխանեց աղջիկը, սակայն հետո գտավ պատասխանը, — բայց չէ՞ որ դու կարող ես ռուսերեն խոսել:

— Այսինքն՝ դու կարծում ես, թե ես վատը չեմ միայն այն պատճառով, որ կարող եմ խոսել ռուսերեն, բայց եթե չկարողանայի ռուսերեն խոսել, ապա վա՞տը կլինեի, ասաց տատիկը:

— Տատի՛կ, դու ինձ բոլորովին խճճեցիր, — հազիվ զսպելով արցունքները՝ ասաց Արևիկը: — Եվ, ընդհանրապես, տատիկները բարի են լինում, իսկ դու ինչ­որ շատ խիստ ես, — վրդովվեց աղջիկը, — դե, արի՛ արդեն խաղանք:

— Հրա՜շքս, — բացականչեց տատիկը՝ գրկելով աղջկան: — «Բարին» ու «խիստը» հականիշներ չեն, բացի այդ, ինչ–որ եզրակացություն անելուց առաջ աշխատի՛ր ամեն ինչ հասկանալ ինքդ կամ պարզաբանումների համար դիմի՛ր մտերիմներիդ, որպեսզի անշուք լույսի ներքո չհայտնվես: Իսկ հիմա, իհա՛րկե, գնանք խաղալու, — հաշտարար տոնով եզրափակեց տատիկը:

Ու միասին ուղղվեցին դեպի մանկասենյակ:

— Իսկ ի՞նչ պիտի խաղանք, — հետաքրքրվեց տատիկը:

— Այս անգամ ինքդ մտածիր, — ոգեշնչվեց աղջիկը:

— Առաջարկում եմ այս անգամ խաղալ Տրոյական պատերազմի պատմությունը, — ասաց տատիկը:

— Արի՛, — ուրախացավ աղջիկը:

— Բաշխենք դերերը: Դու գեղեցկուհի Հեղինեն կլինես, — ես այդպես եմ կարծում, — շարունակեց տատիկը:

— Իհա՛րկե: Լարիսան՝ Պարիսը, իսկ դու, տատի՛կ, կլինես Մենելաոսը, Ագամենոնը, Աքիլլեսը, Հեկտորը և մնացյալ բոլորը, — հարցին լրջորեն մոտեցավ Արևիկը:

— Մենք պիտի հոգ տանենք նաև դեկորացիաների մասին, — առաջարկեց Լարիսան:

Եվ աշխատանքը եռաց: Շալով ծածկված արդուկի սեղանիկը ակնթարթորեն վերածվեց նժույգի, սենյակը՝ ճակատամարտի դաշտի: Հայտնվեցին վահաններ, սրեր և այն ժամանակի պատերազմական գործողություններին բնորոշ մնացյալ պիտույքները: Մարմնամարզական ներքնակը դարձավ նավ, որով աքայացիների հունական ռազմի ցեղերը, Միկենեի արքա Ագամեմնոնի գլխավորությամբ, նավարկել–անցնելով Էգեյան ծովը, պաշարեցին Տրոյան: Հույները ժամանել էին գեղեցկուհի Հեղինեի ու Պարիսի՝ Տրոյայի արքա Պրիամոսի կրտսեր որդու գողացած գանձերի հետևից: Հայտնվեցին նաև ռազմիկներ երկու կողմից, Տրոյայի անառիկ պարիսպները, հենց ինքը քաղաքը՝ անմատչելի ամրոցը: Ծավալվեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով շատ քաջարի մարտիկներ զոհվեցին ճակատամարտի դաշտում: Տարիներ անց հույներին հաջողվեց խորամանկությամբ տիրել քաղաքին և կործանել այն:

Դերերը լավ էին սերտել, սակայն Արևիկին դուր էր գալիս երբեմն վերափոխել իրադարձությունները, և աղջիկն ինքն էր հնարում կամ վերաստեղծում սյուժեն՝ կախված իր տրամադրությունից: Այդ ժամանակ խաղի ընթացքում սցենարը վերափոխվում էր, և Արևիկը ինքն էր վերաբաշխում դերերը, ռեժիսորություն անում իրադարձություններում:

Իսկական ներկայացում ստացվեց, որն այնքան կլանեց բոլոր մասնակիցներին, որ նրանք կորցրեցին ժամանակի զգացողությունը՝ իրապես մտնելով իրենց հերոսների կերպարների մեջ: Շատ հետաքրքիր էր ու գրավիչ, բոլորը շատ մեծ հաճույք ստացան:

Եվ հանկարծ Արևիկը հարցրեց.

— Տատի՛կ, իսկ ահաբեկչության ժամանա՞կ էլ են մարդիկ զոհվել:

Առաջին պահին և՛ տատիկը, և՛ Լարիսան պապանձվեցին, տիրեց ճնշող լռություն: Առաջինը տատիկը ուշքի եկավ.

— Ո՛չ, բալի՛կս: Պատերազմի ու ահաբեկչության միջև մեծ տարբերություն կա:

— Ի՞նչ, — շարունակեց աղջիկը:

— Արև՛ս, հազարամյակներ են անցել Տրոյական պատերազմի ժամանակներից: Անկախ այն բանից, թե ում կողմն է ընթերցողների համակրանքը, մենք հիշում ենք դրա մասնակիցներին և հարգանքով ենք վերաբերվում նրանց խիզախությանն ու արիությանը: Նրանց մասին լեգենդներ են ստեղծվել: Նրանց մասին հիշողությունը դարեր կապրի: Մինչդեռ ահաբեկիչները անուն չունեն: Դրանք առանց տոհմի, առանց ցեղի, առանց ազգության մարդիկ են: Նրանց նզովում են բոլորը, քանի որ դրանց գործողությունները անպաշտպան, խաղաղ մարդկանց դեմ են ուղղված, — փորձեց բացատրել տատիկը:

— Նզովո՞ւմ են: Ինչպե՞ս: Կարելի՞ է՝ ես քո ականջին ասեմ: Ասում են՝ «գրողը քեզ տանի՞»: Գիտե՞ս, տատի՛կ, ես էլ ոչ մի կերպ չեմ կարողանում մոռանալ այդ բառերը: Ուզում եմ, բայց չեմ կարող:

— Իսկ դու ասա. «Աստված քեզ հետ»: Ու ամեն ինչ կմոռացվի, անու՜շս, — ասաց տատիկը՝ գրկելով ու գգվելով երեխային: — Իսկ հիմա, ավելի լավ է՝ եկեք ընթրենք: Ես կտաքացնեմ ընթրիքը, իսկ դուք Լարիսայի հետ քանդեք դեկորացիաները և վերացրեք կոտորածի հետքերը: Ծնողներդ շուտով կվերադառնան աշխատանքից, իսկ այստեղ իսկական ջարդ ու ավերածություն է:

Արևիկը դեռ երկար ժամանակ չէր կարողանում խաղից հեռանալ, իսկ քնելուց առաջ պատմում էր գեղեցկուհի Հեղինեի մասին: Աղջիկը զմայլված էր Պարիսով, գեղեցկուհի Հեղինեով՝ չնայած նրանց կերպարների երկակի բնույթին: Իսկ քնի մեջ ժպիտն էր խաղում նրա դեմքին:

Այդ ժամանակվանից Արևիկն այլևս չէր հիշում ահաբեկիչների մասին:

Գլուխ 3. Ընտրության հիմնախնդիրը

Վաղ մանկությունից մայրիկը Արևիկի կյանքում զբաղեցնում էր գլխավոր տեղը: Մայրիկի ներկայության դեպքում բոլորը նահանջում էին անգամ ոչ թե երկրորդ, այլ՝ երրորդ կամ չորրորդ պլան: Ամեն անգամ, երբ մայրիկը պիտի իր գործերով ինչ–որ տեղ մեկներ, սկսվում էին երկկողմանի բանակցություններ մայրիկի բոլոր գործերը կասեցնելու և նրա բացակայության ժամկետը կրճատելու վերաբերյալ: Գործի էին դրվում բոլոր փաստարկները՝ խնդրանքներ, համոզումներ, արցունքներ:

— Մայրի՛կ, խնդրում եմ, մի գնա: Ես այնքան վատ եմ զգում առանց քեզ, — սրտաճմլիկ աղերսում էր աղջիկը՝ ամենուրեք հետևելով մայրիկին, որը պատրաստվում էր աշխատանքի գնալու:

— Արևի՛կ, շատ գործեր են կուտակվել: Բոլոր գործերս կավարտեմ ու կվերադառնամ քեզ մոտ, — սիրալիր ձայնով պատասխանում էր մայրը՝ շոյելով նրա գլուխը և համբուրելով, — իսկ առայժմ դու կմնաս տատիկի հետ:

— Թո՛ղ տատիկը աշխատի, իսկ դու մնա ինձ հետ, — առարկում էր Արևիկը:

— Տատիկն էլ իր գործերն ունի: Նա դրանք թողել է, որ քեզ հետ մնա: Ես շուտով կվերադառնամ, ու մենք կխաղանք քեզ հետ, համբերությամբ շարունակում էր մայրիկը:

— Ո՛չ, չեմ ուզում տատիկի հետ մնալ, մի՛ գնա, խնդրում եմ, մայրի՛կ, — արդեն ամբողջովին արցունքների միջից խնդրում էր աղջիկը:

Սակայն բավական է, որ մայրն իր հետևից դուռը ծածկեր, ու ամեն ինչ իր տեղն էր ընկնում: Երեխան իսկույն փոխվում էր և անգամ այն մերձավորին, որն իր հետ էր մնացել, մինչև մոր վերադարձը մայրիկ էր անվանում: Սկզբում դա զարմանք էր հարուցում, բայց աստիճանաբար բոլորը սկսեցին դրան սովորել և ընդունել որպես խաղ, որի մեջ երեխան այդ ձևով չէր ուզում մոր բացակայության հետ հաշտվել:

Այդ մեծ, համերաշխ ընտանիքի (որին հիմնականում համախմբել էր Արևիկը) ամեն մի անդամի հետ նա տարբեր կերպ էր շփվում՝ հնարելով զանազան խաղեր, և հենց այդպես էլ երեխան օրվա ընթացքում բազմաթիվ կյանքերով էր ապրում:

Եթե Արևիկին տատիկն էր պառկեցնում քնելու, ապա աղջիկը նրան խնդրում էր պատմել պարսից Նադիր շահի կրտսեր ու ամենասիրելի դստեր՝ Լինդագուլի հեքիաթը: Չնայած Արևիկը այդ հեքիաթը անգիր գիտեր, սակայն ամեն անգամ տատիկին խնդրում էր կարդալ, իսկ հետո էլ վերապատմել: Իսկ երբ արդեն քնաթաթախ ու հոգնած տատիկը փորձում էր ինչ–որ կերպ կրճատել պատմությունը, աղջիկը, որքան էլ հոգնած ու քնի մեջ լիներ, անմիջապես առույգանում էր ու սկսում տատիկի սխալը ուղղել՝ նրան կշտամբելով մոռացկոտության մեջ.

— Ո՛չ, այդպես չէ, տատի՛կ: Դու նորից ամեն ինչ խառնեցիր: Տատի՛կ, դու այնքան «խառնաշփոթիչ ես»:

Ամենահետաքրքիրն այն էր, որ նա ուրիշ ոչ մեկին չէր խնդրում կարդալ այդ հեքիաթը: Մայրիկի կամ մյուս տատիկի հետ էլ նրանք ունեին իրենց սիրելի հեքիաթները, որոնք նույնպես ուրիշ որևէ մեկին չէր թույլատրվում կարդալ կամ վերապատմել: Ընդհանուրը միայն այն էր, որ աղջկա կյանքի բոլոր փուլերում ներկա էր հեքիաթային այս կամ այն կերպարը, որը նրա ընկերն էր, որին վստահում էր ամենանվիրականը: Արևիկը ընկերոջ հետ էր ճաշելու գնում, ընկերոջ հետ էր զբոսնում, գնում մանկապարտեզ, մարմնամարզական սրահ, սահադաշտ, դահուկներով սահում, զբաղվում երաժշտությամբ, լսում հեքիաթներ, խաղում, անգամ համերգներ տալիս, քնում: Սկզբում դա շուն էր, նապաստակ, գայլ, աղվես՝ մուլտերի, ինչ–որ հետաքրքրաշարժ պատմության առավել սիրված գործող անձինք: Ընդ որում, եթե կենդանիների՝ մտերիմ ընկերների նմանօրինակները դառնում էին համապատասխան թավշյա խաղալիքները, ապա Սամոդելկինը բավական երկար ժամանակ աղջկա անտեսանելի ընկերն էր: Երեխան այնքան էր կլանված այդ կերպարով, որ խոսում էր նրա հետ, իր հյուրերին ծանոթացնում էր նրա հետ, նրանից խորհուրդ էր հարցնում: Սամոդելկինը տանը դարձավ գլխավորը: Բոլոր խաղերը նրա մասնակցությամբ էին տեղի ունենում: Սամոդելկինի ու նրա ընկերների արկածների մասին գրքեր էին կարդում, միշտ նույն ձայնագրություններն էին լսում, անգամ իմպրովիզացիաները բացառապես «Սամոդելկինը և ընկերախումբը» թեմայով էին: Եթե ընտանիքը նստում էր ճաշելու, աղջկա սպասքի կողքին անպայման դրվում էին նաև Սամոդելկինի համար ճաշելու պարագաներ: Քնելուց առաջ Արևիկը Սամոդելկինին հրավիրում էր լոգարան՝ լվացվելու և ատամները մաքրելու: Երբ լսում էր ձայնագրություններ, խնդրում էր իրեն ու Սամոդելկինին չանհանգստացնել:

Աստիճանաբար ավելի շատ կենսական տարածք էր հատկացվում Սամոդելկինին: Դա ընտանիքի անդամների կյանքում, մեղմ ասած, դժվար շրջան էր. նրանք ստիպված էին ապրել Սամոդելկինի մշտական, անտեսանելի ներկայության պայմաններում:

Բայց, փառք Աստծու, կյանքում ամեն ինչ անցնում է, եկավ օրը, երբ Սամոդելկինը, Կարանդաշը, Նաստենկան, Կլետոչկան, Տիգրաշան, ծովահեններ Բուլբուլն ու Դիրկան և մյուս կերպարները մնացին անցյալում:

Արևիկի նոր սիրելի հերոսը դարձավ շատ խելացի առնետ Ռամին: Արևիկը շատ անգամներ էր նայել «Ռատատույ» մուլտիկը և ամեն անգամ հիանում էր առնետի խիզախությամբ, ճարպկությամբ ու հնարամտությամբ: Աղջիկը շատ ընտրողաբար էր մոտենում ուտելիքներին: Ռամին ևս շատ էր շփացած խոհարարական նրբաճաշակ ուտեստների հարցում: Արևիկը համեմատում էր իր գաստրոնոմիական հակումները Ռամիի նմանատիպ ցանկությունների հետ: Եվ անգամ ինչ­որ ընդհանուր բան էր գտնում, որ ավելի շատ էր նրան մղում դեպի առնետը: Այնինչ տատիկը պատկերացնել անգամ չէր կարող, որ առնետը կարող էր բնակվել տանը, առավել ևս խոհանոցում, որ նա կարող է մասնակցել սնունդ պատրաստելու գործին, մտնել ձավարեղենի տարաների, կաթսաների մեջ, քնել հավաքարարի գլխարկի մեջ: Եվ ամենագլխավորը՝ այդ ամենը կարող է ինչ–որ մեկի հիացմունքը առաջացնել:

«Մանկական աշխարհ» հերթական այցի ժամանակ Արևիկը և տատիկը վերցրեցին ծովի հատակին բնակվող կենդանիների խաղալիքներ՝ մեդուզա, ծովաձի, ծովաստղ, ութոտնուկ, կատվաձուկ, ծովային կրիա: Խաղալիքները վառ գույներով էին, գեղեցիկ ու անսովոր: Համաձայն հրահանգի, նրանց չափսերը մեծանում էին ամեն անգամ ջրի մեջ սուզելիս: Մանավանդ այդ պատճառով, տատիկը և Արևիկը որոշեցին ստուգել՝ իրո՞ք դա այդպես է: Եվ հանկարծ աղջիկը տեսավ մեծ, գիրուկ, ձյութի պես սև մի առնետի՝ շատ նման Ռամիին: Երեխայի աչքերը վառվեցին, և նա, «Ռամի» բացականչելով, նետվեց դեպի առնետը՝ վայր գցելով վերցրած խաղալիքները:

Առնետը կարծես կենդանի լիներ: Ուներ երկար պոչ, որը շատ բնականորեն թափահարվում էր, կիսաբաց բերան, որի մեջ երևում էին սպիտակ ատամները, մարմինը գեր ու փափուկ էր: Մի խոսքով, իսկական հրեշ: Արևիկը շատ ուրախացավ: Կպավ առնետին ու այլևս նրանից բաժանվել չէր ուզում: Նա ուշադրություն չէր դարձնում ոչ վաճառողներին, ոչ խանութի այցելուներին, որոնք միանգամից գլխի չընկան, թե ինչ է տեղի ունենում: Եվ շատ երջանիկ էր…

Бесплатный фрагмент закончился.

Купите книгу, чтобы продолжить чтение.