Գլուխ 1 Ջուլյան
2198 թվական: Թզուկ ε-գալակտիկա, ինչ-որ տեղ α, β, γ… ω-գալակտիկաների միջև: Մոգության դպրոց:
— Էլիզաբե՛թ Սմիթ: Ձեր պրակտիկան կանցկացնենք β-գալակտիկայում: Դուք կուղևորվեք վաղը: Ձեզ կուղեկցի Ստյուարտ Լարկինը:
— Մարգարե՛տ Քյոնինգ: Դուք Կուրտ Կոխի հետ կթռչեք γ-գալակտիկա:
— Բոնի՛ Ցիմերման: Ձեր պրակտիկան նշանակված է α-գալակտիկայում: Ձեզ այնտեղ կտանի Լեսլի Զիմերը:
«Իսկ իմ հե՞րթը երբ կհասնի: Ու՞ր են ուղարկում ինձ», — Ջուլյայի գլխում, տիկին Էրիկա Գրոյսմանի հատու, միալար ձայնի «նվագակցությամբ», ասես աստղիկների պես, փայլատակում էին ու անմիջապես էլ մարում հարցեր, որոնք մնում էին անպատասխան: Նրա մտապատկերով անցնում էին իր կյանքի կարևոր իրադարձությունները:
Փոքրիկ աղջիկ էր, շատ պստլիկ, երբ որբացավ: Նույն օրը մահացան ծնողները և եղբայրները: Նրան դաստիարակեցին խորթ ծնողները: Նրանք տարիքն առած, անզավակ, աղքատ մարդիկ էին: Աղջիկը գիտեր, որ Մեգին ու Ջոնը իր կենսաբանական ծնողները չեն, բայց նա միշտ իրեն զգացել էր որպես իսկական, համերաշխ ընտանիքի մի մասնիկը: Մեգին ու Ջոնը սիրում էին Ջուլյային: Եվ միշտ նրա հետ վարվում էին ընդգծված հարգանքով՝ ցուցաբերելով ուշադրության առանձնահատուկ նշաններ: Դա նրանց միջև որոշակի հեռավորություն էր ստեղծում, որը տարիքի հետ ավելի ու ավելի էր շփոթեցնում Ջուլյային:
Յոթ տարեկանում նրան տվեցին մոգության իգական փակ դպրոց-ինտերնատ, որտեղ նա սովորեց և ապրեց տասը տարի: Հենց որ Ջուլյան ոտք դրեց դպրոցի շեմին, սկսվեց անհավատալի իրադարձությունների շքերթը: Սկզբում նա հազիվ փրկվեց վառվելուց: Պարզվեց, որ իրարանցման մեջ Ջուլյան անզգուշաբար տրորել էր Ջեյնի ոտքը, որի հետ բախվել էր դասարան մտնելիս, դռների արանքում: Սա ճչաց ցավից և այնպես զայրացավ Ջուլյայի վրա, որ իր հայացքից մի ակնթարթում բոցավառվեց Ջուլյայի համազգեստը: Աղջիկը չհասցրեց անգամ վախենալ, երբ իր կողքին, կարծես գետնի տակից, դուրս եկան երկու պահնորդ և հանգցրին կրակը: Դասարան մտնելով՝ աղջիկները ականատես դարձան Քեսսիի և Լինդայի միջև ծավալվող վեճին: Կորել էին Քեսսիի դասագրքերը: Եվ նա այդ բանում մեղադրում էր Լինդային:
— Իմ ինչի՞ն են պետք քո դասագրքերը: Ես իմ սեփականն ունեմ, — պնդում էր Լինդան՝ փորձելով խելքի բերել Քեսսիին:
— Մի րոպե առաջ դրանք տեղում էին, — բղավում էր Քեսսին:
Կրքերն այն աստիճան շիկացան, որ ներկաները ստիպված էին միջամտել: Եվ հանկարծ ցուցափեղկերի վրայից սկսեցին թռչել մետաղյա բոլոր առարկաները: Դրանց, մագնիսի պես, իր կողմն էր ձգում Կարլան, որին ամբոխը տուրուդմփոցի մեջ փորձում էր դուրս գցել դռնից: Հաջորդ վայրկյանին բոլորը և ամեն ինչ կախվեցին օդում. աղջիկները և առարկաները՝ անշարժացած դիրքերով:
Ջուլյան նրանց կանգնեցրեց հայացքով: Հայտնի չէ, թե էլ ինչ կարող էր տեղի ունենալ, բայց այդ պահին հնչեց զանգը: Դասարան մտան տիկին Էրիկա Գրոյսմանը և դասղեկ Անդրեա Լիվանդովսկայան:
— Ի՞նչ է տեղի ունենում այստեղ:
Դպրոցի տնօրենի ձայնի մետաղական հնչերանգը ցուցափեղկերից ընկնող առարկաներից ավելի սարսափելի էր: Նույն պահին բոլորը քարացան, հետո սթափվեցին ու հանգստացան:
Դպրոցի վիթխարի, վեհասքանչ շենքը սարսուռ ու ակնածանք էր ներշնչում: Իսկ ղեկավարությունը առաջին իսկ դասից աշակերտներին հասկացնել տվեց, թե ով է այստեղ տերը:
Սկսվեց դպրոցական առօրյան: Առաջին երեք տարում բոլորը սովորում էին միակ և նույն ծրագրով: Դասերը, առարկաները հերթով հաջորդում էին մեկը մյուսին: Յուրաքանչյուր աշակերտուհի ի վերուստ տրված շնորհ ուներ: Դպրոցում կատարելագործում էին այն: Եվ բոլորն էլ այդ բանում հասնում էին հաջողության: Բայց ամենակարևորը, — և դա տարրական դպրոցի ուսուցման գլխավոր արդյունքն էր, — սեփական մտքերը, հույզերը և գործողությունները վերահսկելու կարողությունն էր: Դա ամենաբարդն էր: Շատերն էին լքում դպրոցի պատերը երրորդ դասարանից հետո: Ամեն մեկը չէ, որ ի վիճակի էր իրեն տիրապետել, իր շնորհը գործադրել որոշակի հանգամանքներում միայն անհրաժեշտ արդյունքը ստանալու համար: Իսկ նրանք, որ մնացին դպրոցում, սովորեցին գնահատել այն, ինչ ունեին:
Չորրորդ դասարանից սկսած՝ տեղի էր ունենում ֆակուլտետների համակարգումը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ իր մասնագիտացումը: Սակայն այստեղ էլ կային բոլորի համար ընդհանուր առարկաներ: Ինչպես, օրինակ, հեռազգացություն, հեռաշարժում, հեռափոխադրության պարզագույն ձևեր: Համընդհանուր էր նաև արդյունքը՝ մարդկանց վրա ներգործելու կարողությունը՝ ոչ միայն ի բնե տրված շնորհով, այլ նաև, որն առավել կարևոր է, բանականության օգնությամբ:
Ջուլյային դպրոցում գնահատում էին: Նա լավ էր դաստիարակված և արտասովոր ընդունակությունների տեր էր. ուներ բացառիկ հիշողություն, կարող էր արագ հաշվել, ճշտել տեղեկությունը, կողմնորոշվել անծանոթ իրադրության մեջ, ճանաչել ծածկագրերը, խորհրդանիշները, նշանները և դրանք փոխադրել ցանկացած լեզվի՝ թեկուզ հին գաղտնագրերի լեզվի, թեկուզ փոքր ժողովրդների խոսվածքների: Այդ կարողություններով, ուրիշի կամքին ներգործելու շնորհի հետ մեկտեղ, նա օժտված էր դեռ ծնված օրից: Հետո դրանք զարգացրին մոգության դպրոցում: Աղջիկների հետ դպրոցում նա ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ էր: Եվ միայն Ջեկի հետ ուներ իսկական բարեկամական կապեր: Ջեկը դպրոցի լավագույն օդաչուն էր: Նրանք հազվադեպ էին հանդիպում: Հավանաբար, նաև դա էր պատճառը, որ յուրաքանչյուր հանդիպում նրանց համար անմոռանալի իրադարձություն էր դառնում:
Ջուլյան Ջեկին Մեգիի և Ջոնի հետ ծանոթացրեց ծնողական օրերից մեկի ժամանակ: Ջուլյային թվաց, որ Ջեկը նրանց դուր է եկել: Միայն թե ծնողները ցանկացած պատրվակով խոչընդոտում էին նրանց մերձավոր շփումները: Բայց հենց Ջուլյան փորձում էր այդ մասին խոսել, Մեգին ու Ջոնը, միաբանած, հայտնում էին իրենց անհամաձայնությունը:
Սովորողները և օդաչուները միասին մասնակցում էին հանդիսավոր միջոցառումներին: Այսօր դրանցից մեկն էր: Ավարտական դասարանի աշակերտուհիների խումբը պրակտիկայի էր մեկնելու մոգության դպրոցը հիմնադրող գալակտիկաներ:
— Ջուլյա՛ Վեքսլեր, Ձեր պրակտիկայի նշանակման վայրը ω-գալակտիկան է: Իսկ Ձեզ ուղեկցում է Ջեկ Բլեքը:
Դպրոցի տնօրենի ձայնը Ջուլյային վերադարձրեց իրականություն: Նա դեռ չէր կարողացել գիտակցել իր նշանակման կարևորությունը, երբ բոլոր ընկերուհիները շրջապատեցին նրան և սկսեցին շնորհավորել: Այդ մասին կարելի էր միայն երազել: Դպրոցի գոյության ամբողջ պատմության ընթացքում ընդամենը մի շրջանավարտի էր վիճակվել այդ գալակտիկայում լինելու պատիվն ունենալ: Իսկ հիմա բախտը ժպտացել էր Ջուլյային: Զարմանալի չէր: Որևէ մեկը նրա նման ավարտական բալեր չուներ: Երեք տարվա ընթացքում դպրոցում ուսումը շարունակելու հավակնորդների ցուցակում Ջուլյայի ազգանունը նշվում էր առաջինը: Իսկ Ջեկի կողմից թռիչքն իրականացնելը ինչ-որ արտասովոր դեպքերի շարքից էր: Ջեկը՝ օդաչուների անձնակազմի ղեկավարը, մինչ այդ ոչ մեկին չէր ուղեկցել պրակտիկայի: «Գոնե շուտ գար վաղվա օրը: Համենայն դեպս, հնարավոր կլինի մի քանի ժամ առանձին մնալ Ջեկի հետ»:
Ուղևորությունը նշանակված էր առավոտյան ժամը վեցին: Ջուլյան քնել չկարողացավ: Նա տարօրինակ հուզմունք էր ապրում: Իրականում ի՞նչ կարող էր տեղի ունենալ: Գալակտիկաների մասին ամեն ինչ հայտնի է: Կամ՝ գրեթե ամեն ինչ: Մոգության դպրոցում տասը տարվա լարված պարապմունքները իզուր չեն անցել: Այո՛, ω-գալակտիկան ամենաքիչ ուսումնասիրվածն էր, բայց, ընդհանուր առմամբ, առանձնապես չէր տարբերվում մյուսներից: Պարզապես այն ավելի մեծ էր և ավելի հեռու: Այդ պարագայում ի՞նչն էր աղջկան այդպես անհանգստացնում:
«Անհայտությունը, վախ ազդող», — ինքն իրեն խոստովանեց Ջուլյան: Նա ոչ միայն երբևէ չէր լքել ε-գալակտիկան, այլև չէր հեռացել անգամ մոգության դպրոցից: Մեգին ու Ջոնը իրեն այցելում էին դպրոցում, բայց տուն չէին տանում անգամ հանգստյան օրերին, արձակուրդներին: Եվ ինչո՞ւ ինքն այդ մասին առաջ չէր մտածում:
«Արդեն գիշերվա մեկն է: Ժամը հինգին պետք է լինել թռիչքի գոտում: Անհրաժեշտ է մեկ-երկու ժամ քնել: Դե՛, Ջուլյա, ինչի՞ են պետք քո գիտելիքները, եթե չես կարող քեզ ստիպել քնել: Միայն թե նախատինքների կարիք չկա: Պարզապես հանգիստ պառկիր ու փակիր աչքերդ: Հաշվիր մինչև տասը: Ա՜յ, ապրես…»: Եվ Ջուլյան ընկղմվեց խոր քնի մեջ: Նա ահավոր արագությամբ սլանում էր դեպի անդունդը: Նրան ներս էր քաշում վիթխարի ձագարափոսը ինչ-որ տեղ՝ հեռավոր խորքում: Եվ երբ թվաց, թե իրեն կոչնչացնեն մրրկային պտտահողմերը, մեկը բռնեց ու դուրս քաշեց իրեն:
Այդ պահին զնգաց զարթուցիչը: Ժամը չորսն անց կես էր: Ջուլյան ինքն իրեն կարգի բերեց, ձեռք տվեց սենսորներին, հաղորդիչները գործի ընկան, դուռը բացվեց, և աղջիկը մտավ միջանցք: Նա դժվարությամբ էր հաղթահարում ամեն մի քայլը: «Քունդ չես առել: Ոչինչ: Թռիչքը երկար է: Դեռ կհասցնես քնել»:
Ջուլյան ուղղվեց դեպի Միջգալակտիկական թռիչքների դիսպետչերական (ՄԹԴ): Այստեղ աշխատանքը չէր ընդհատվում և ոչ մի րոպե: Նա մտավ թռիչքների սպասման մեկուսասրահ: Այնտեղ սկսել էին հավաքվել պրակտիկանտները: Ու գլխում միտք փայլատակեց. «Ինչպիսի հզոր համակարգ է ծառայում մոգության դպրոցին: Տարօրինակ է՝ ես այդ մասին առաջ չեմ մտածել»:
Պահեստի շենքը շատ մոտ էր գտնվում: Ամեն մեկը գնաց իր մեկուսասենյակը, հանդերձանք ստացավ, զգեստավորվեց հատուկ կոստյումով: Ուղիղ ժամը վեցին բոլոր խմբերը պատրաստ էին ուղևորության: Ջուլյայի թռիչքը չվացուցակով վերջինն էր: ՄԹԴ-ի ապակյա պատի միջով նա հնարավորություն ուներ մեծ էկրանին հետևելու նավերի տեղաշարժին: Դյութիչ տեսարան էր:
Հնչեց հրամանը՝ թռիչքին պատրաստվի Ջուլյան: Ջեկն արդեն ստուգել էր ամրակապերը, սարքերը, նավագնացության համակարգը: Եվս մեկ անգամ նայեց թռիչքի պարամետրերը, որ ծրարի մեջ նրան էին հանձնել անմիջապես տիեզերանավ նստելուց առաջ: Ամեն ինչ սովորականի պես էր: Միայն Ջուլյան էր անհանգիստ:
Խոսակցությունները ձայնագրվում էին: Ջեկը միացրեց եթերում խոչընդոտներ առաջացնող համակարգը: Դա նրա սեփական մշակումն էր, որ ոչ մեկին հայտնի չէր:
— Թուլացի՛ր, Ջուլյա՛: Ամեն ինչ լավ է: Փորձիր քնել: Երբ անհրաժեշտ լինի, ես քեզ կարթնացնեմ: Եվ միասին կհիանանք՝ դիտելով երկնքի գեղեցկությունները: Իսկ հիմա ես պետք է աշխատեմ:
— Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ: Մենք ձեզ չենք լսում: Կապը կտրվեց:
Ջեկը գրավեց իր տեղը, անջատեց խաթարումների սարքը և կապվեց Դիսպետչերականի հետ:
«Դա էլ է ճիշտ. միևնույն է՝ այժմ չեմ կարող շփվել Ջեկի հետ», — մտածեց Ջուլյան: Եվ, վստահելով Ջեկին, նա հարմար տեղավորվեց բազկաթոռի մեջ, փակեց աչքերը և խորասուզվեց մոռացության մեջ:
Դուրս լողալով գերտարածությունից՝ Ջեկը նայեց լուսանցույցի մեջ: Նա պաշտում էր երկինքը դիտելը, որտեղ սփռված էին պայծառ աստղերը, որոնք, թվում էր՝ շատ մոտ էին: Գեղեցիկը զննելուց առաջացած այդ զգացողությանը անհնար էր վարժվել: Բայց այսօր ինչ-որ բան նրան զգաստացնում էր: Նա մեկ անգամ նորից ստուգեց երթուղային առաջադրանքը: Ջեկը փորձառու օդաչու էր: Չէր կարող սխալվել: Դրանք ω-գալակտիկայի կոորդինատները չէին: «Ու՞ր ենք մենք թռչում»:
— Ջուլյա՛, արթնացի՛ր, — հնչեց Ջեկի ձայնը:
Մարզանքի երկարաձիգ տարիները զարգացրել էին ակնթարթային ռեակցիայի կարողություն: Եվ Ջուլյան անմիջապես բացեց աչքերը:
— Մենք խնդիրներ ունենք, — երկար վարանումից հետո ասաց Ջեկը:
— Ինչի՞ մասին ես խոսում, — նայելով Ջեկին՝ հարցրեց Ջուլյան:
— Ոչինչ չեմ հասկանում, Ջուլյա՛: Ինչ-որ մեկը փոխել է ω-գալակտիկայի կոորդինատները: Մեզ այնտեղ չեն ուղարկել:
— Ինչպե՞ս կարող է դա հնարավոր լինել, — չհավատաց Ջուլյան:
— Չգիտեմ:
— Ինչո՞ւ ՄԹԴ-ն չի արձագանքում: Չէ՞ որ նրանք մեզ լսում են, — չէր հասկանում Ջուլյան:
— Ես միացրել եմ խաթարումների սարքը:
— Ինչո՞ւ:
— Դեռ չգիտեմ:
— Ջե՛կ, մի՛ զբաղվիր ինքնագործունեությամբ: Զեկուցի՛ր քո կասկածների մասին:
— Համոզվա՞ծ ես:
— Իսկ ո՞ւր ենք մենք թռչում, — ժպիտը դեմքին՝ հետաքրքրվեց Ջուլյան:
Երկար մտորելուց հետո Ջեկը պատասխանեց.
— Կարծում եմ՝ Երկիր:
— Իսկ դու ինչպե՞ս ես հասկացել դա:
— Գնդաձև կուտակումների շնորհիվ: Ես մի հիսուն անգամ եղել եմ ω-գալակտիկայում և հինգ անգամ՝ մերձերկրային ուղեծրում և կարող եմ անսխալ հավաստել, որ թռչում ենք դեպի Երկիր: Մենք հայտնվել ենք պարուրաձև գալակտիկայի բազուկներից մեկում: Հարդագողի ճանապարհն է՝ Ծիր Կաթինը: Հեռու չէ Արեգակնային համակարգությունից, որի կազմում Երկիրը, այսօրվա օրով, միակ բնակելի մոլորակն է:
Ջուլյային համակել էր զվարթ տրամադրությունը:
Մինչդեռ Ջեկի անհանգստությունն աճում էր: Նա սովոր էր վստահել իր բնազդին:
Իսկ Ջուլյան միայն ժպտում էր:
— Ջե՛կ, իհարկե, ինձ համար հաճելի է, որ դու չես ուզում ինձնից բաժանվել, բայց դա անհաջող կատակ է: Առանց այդ էլ ես հուզված եմ: Իսկ բաժանումը… երկար չի տևի:
— Գիտեմ՝ դու ինձ չես հավատում, Ջուլյա՛: Լավ, ես վաղուց դուրս չեմ եկել կապի:
Ջեկը կապվեց ՄԹԴ-ի հետ: Իսկ Ջուլյան տարակուսանքի մեջ ընկավ. «Ջեկը չափազանց լուրջ էր: Դա կատակի նման չէ: Բայց եթե կատակ չէ, այդ դեպքում ի՞նչ է: Թեև ինչ գուշակեմ: Մի քանի ժամից ամեն ինչ կպարզվի: Գուցե, ծրարը հիմա՞ բացեմ: Ո՛չ: Ասել են՝ ժամանելիս, ուրեմն՝ ժամանելիս»:
Թռիչքից առաջ Ջուլյային էին հանձնել պրակտիկայի ընթացքում նրա առաջադրանքին վերաբերող կնքված ծրար:
Կարծես կարդալով Ջուլյայի մտքերը՝ Ջեկն ասաց.
— Գուցե, հենց հիմա՞ բացես ծրարը:
— Դու հեռազգա՞ց ես: Մի՛ պնդիր, Ջե՛կ, — արդեն պակաս վստահությամբ պատասխանեց Ջուլյան:
Ջեկը բարկացած էր. «Իրասածի»:
— Հասկանու՞մ ես՝ ամեն ինչ որքա՜ն լուրջ է: Ես պատասխանատու եմ քո անվտանգության համար: Թույլ տուր իմ գործն անեմ:
Ջեկը հուզվել էր: Ջուլյան նրան այդպիսին չէր տեսել: Եվ աղջիկը զիջեց:
Ծրարը բացելով՝ Ջուլյան հասկացավ. «Մենք թռչում ենք Երկիր: Պրակտիկայի առաջադրանքը՝ մասնակցություն մարդկանց՝ անցյալ տեղափոխելու ծրագրին»:
«Ջեկը սիրում է ապահովագրվել: Միայն խուճապ է սերմանում»: Սակայն հաջորդ րոպեին աղջիկը նրան գնահատեց ըստ արժանավույն. «Նա անմիջապես հասկացավ, որ մենք չենք թռչում ω-գալակտիկա: Բայց հանուն ինչի է այդ գաղտնիությունը: Չէ որ ծրագիրն էլ այդպիսին չէ»:
— Տարօրինակ է, Ջե՛կ: Ինչո՞ւ է հենց ինձ տրվել այդ առաջադրանքը: Ես հո անցյալ տեղափոխելու մասնագետ չեմ: Տեխնոլոգիաներին էլ չեմ տիրապետում: Այդ հիմնախնդրի վրա աշխատում էր մի ամբողջ ֆակուլտետ: Մենք միայն այբուբենն ենք յուրացրել: Այդ թեմայով ընդամենը մի քանի պարապմունք ենք ունեցել:
— Ջուլյա՛, փորձիր հիշել՝ այդ ծրագրից քեզ ի՞նչ է հայտնի, — ասաց Ջեկը:
Եվ Ջուլյայի հիշողության մեջ «վեր հառնեց» անցած կուրսը:
— Գալակտիկաների տիրակալները նպատակ էին հետապնդում, որ երկրացիները բնակվեն միայն Երկիր մոլորակի սահմաններում: Եթե հնարավոր լինի հասնել դրան, լավ: Իսկ եթե ոչ՝ երկրացիներին անցյալ տեղափոխելու ծրագիր է մշակված: Եվ քանի որ կամավորները մոգեր չեն, իսկ գործնականում միմյանցից չտարբերվող զուգահեռ աշխարհները շատ են, այդ թվում նաև անցյալում, ապա, ամենայն հավանականությամբ, կարելի է ասել, որ անցյալ վերադառնալով՝ նրանք կհայտնվեն զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկում, և, այսպես թե այնպես, հնարավոր կլինի փոխել Երկրի ապագան՝ ընդհուպ մինչև ոչնչացումը:
— Իսկ եթե նրանց անգամ հաջողվի վերադառնալ անցյալի իրենց աշխարհը, ապա միշտ հակասություն կառաջանա իրենց աշխարհի և այն աշխարհի միջև, ուր նրանք վերադարձել են: Քանի որ շատ դժվար է սխալ թույլ չտալը, բայց կարելի է նաև այնպես հրահրել նրանց սխալ գործելու, որ իրենց հայեցողությամբ փոխվի Երկրագնդի ապագան: Եվ ամբողջ պատասխանատվությունը դրա համար կընկնի քեզ վրա: Հրաշալի է մտածված: Խոսք չկա, — հիացավ Ջեկը:
— Գիտես, Ջե՛կ, դեռ այն ժամանակ իմ մեջ բազմաթիվ հարցեր էին առաջացել: Մասնավորապես, անցյալը փոխելու օգնությամբ ինչպե՞ս վերահսկել այսօրվա վիճակը: Համենայն դեպս, ինձ թվում էր, ոչ մի կերպ: Բացի այդ, զուգահեռ աշխարհի միջոցով հնարավո՞ր է վերահսկել իրականը: Ակնհայտորեն՝ ոչ, եթե դու հրաշագործ չես: Դե, հենց հետազոտություններն էլ դեռ սաղմնային վիճակում էին:
— Իսկ դու էլ չզլացար այդ մասին արտահայտվել:
— Իհարկե: Դատի՛ր ինքդ: Տեղափոխության բնագավառի հետազոտությունները իրականացվում էին պլուտոնիումի ինչ-որ հազվագյուտ իզոտոպով, կարծեմ՝ 239m1Pu: Եվ հենց այդ՝ արհեստականորեն սինթեզված, նվազ կենսունակ, այդ պատճառով էլ՝ փոքրաքանակ առկայությամբ ռադիոակտիվ տարրը ժամանակի մեքենայի մեջ կիրառվում է որպես վառելանյութ: Դրա օգնությամբ կարելի է տեղափոխվել ժամանակի մեջ այն զանգվածի համամասնությամբ, որն առկա է:
Անցյալ տեղափոխվելու վերաբերյալ հետազոտությունները իրականացել են երկու ուղղություններով. զուտ տեխնիկական՝ ենթադրելով հենց այդ պլուտոնիում իզոտոպի կուտակումը, որի միջոցով աշխատում է ժամանակի մեքենան, և մյուսը՝ անձնակազմի ուսուցման՝ ինչպես իրեն պահել: Գլխավորը՝ չփչացնել: Երբ տեղափոխությունը իրագործվում է մեկ, երկու օրում …մեկ ամսում: Ոչ մի սարսափելի բան չկա: Սակայն ժամկետի երկարացումը մեծացնում է անցյալ տեղափոխվելու ազդեցությունը ներկայի և ապագայի վրա՝ երկրաչափական պրոգրեսիայով: Եվ շատ կարևոր է աշակերտներին սովորեցնել՝ իրենց ինչպես պահեն ապագան փոխելու անհրաժեշտության առաջացման դեպքում:
Հասկանալի է, որ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը: Պատկերացնում ես՝ տեղափոխվում ես անհայտություն: Շուրջ բոլորը դատարկություն է: Դու պաշտպանված ես միայն մեքենայի բրոնյայով: Բացի այդ, նվազագույն մի սխալ, և հայտնի չէ՝ ուր կվերադառնաս, ինչ ներկա, եթե ընդհանրապես կվերադառնաս:
— Եվ այդ ամենը դու մեկ ուրիշի հետ էլ ես քննարկե՞լ, — հետաքրքրվեց Ջեկը:
— Բնականաբար: Ինչո՞ւ ես հարցնում:
— Աստվա՛ծ իմ, Ջուլյա՛, կարելի՞ է այդքան միամիտ լինել: Դու բոլորից խելացի՞ ես: Քեզանից բացի, ինչ-որ մեկին այդ հարցերը հետաքրքրե՞լ են:
— Չգիտեմ: Կարծես թե՝ ոչ: Հա՜, այնտեղ կա նաև ուսուցման այսպիսի առարկա՝ «Պաշտպանական դաշտի ստեղծում», որն անտեսանելի է ուրիշների համար: Դա նույնպես անհրաժեշտ է անցյալ տեղափոխվելու համար, որպեսզի չվախեցնես շրջապատողներին և ինքդ հանգիստ դիտես, թե ինչ է եղել այնտեղ մեկ ամիս կամ մի տարի առաջ: Ընդ որում, տեղափոխվող մոգը հնարավորություն ունի, իր ցանկությամբ, շրջապատի համար լինել ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի: Վերջին դեպքում նա պետք է օգտագործի ինչ-որ պաշտպանական էկրան, անանցանելի թաղանթ, որի ստեղծման տեխնոլոգիան ընդգրկված է ուսուցման այլ առարկայի մեջ: Ահա այդպես:
— Ուզում ես ասել, որ այդ ամենը հասկացել ես մի-երկու դասի ընթացքու՞մ:
— Ես լավ հիշողություն ունեմ:
— Ու դու կարող ես ստեղծել այդ էկրանը…
— Բանն էլ այն է, որ՝ ո՛չ: Դա իմ մասնագիտությունը չէ: Մենք միայն տեսական դասընթաց ենք անցել: Ավելին, ես որևէ մեկին չեմ ճանաչում, որն անցյալ տեղափոխված լինի ժամանակի՝ որոշ չափով նշանակալից հատվածում: Ես ուզում էի հաճախել այդ դասընթացի ֆակուլտատիվ պարապմունքներին, բայց ֆակուլտետի ղեկավարության կողմից այնպիսի հակառակության բախվեցի, որ որոշեցի այդ հարցը ապագային թողնել: Եվ, գիտես, ես անգամ շնորհակալ եմ նրանցից: Քանի որ այժմ որևէ կասկած չունեմ այն բանում, որ ուսուցման հաջորդ երեք տարիներին պիտի պարապեմ մոգության դպրոցում:
— Ոչ մի լավ բան: Դու գոնե հասկանո՞ւմ ես, թե ինչի մեջ ես խրվել: Հասկանո՞ւմ ես, թե խոսքն ի՜նչ փողերի մասին է:
— Հասկանում եմ, որ այդ ամենը շատ տարօրինակ է, — պատասխանեց Ջուլյան:
— Ու դա միակ տարօրինակությունը չէ:
Ջեկը խորասուզվեց իր մտքերի մեջ:
— Եթե ամեն ինչ վաղուց էր հայտնի, ինչո՞ւ այդ մասին մեզ չեն տեղեկացրել: ε-գալակտիկայից Երկիր հասնելու համար անհրաժեշտ է հաջորդաբար լինել մի քանի միջակա ուղեծրային կայաններում, որտեղ վառելիքի, պարենի, թթվածնի պաշարներ կան: Այդպիսով, գերտարածությունների միջով Երկրի ուղեծրային կայան կարելի է հասնել քսանչորս ժամում: Այնտեղից կանոնավոր հաղորդակցություն կա Երկրագնդի հետ: Երկու-երեք ժամը մեկ իրականացվում են տիեզերանավի առևտրական երթերը, որը գիտնականներին, տիեզերական զբոսաշրջիկներին, նաև բեռներ է հասցնում Երկիր, իսկ այնտեղից՝ հակառակ ուղղությամբ: Անհրաժեշտ է տեղը նավում նախապես ապահովագրել: Ես հիմա քեզ համար տեղ եմ ամրագրում: Բայց դու այնտեղ չես հայտնվի: Դու նավ չես նստի:
— Իսկ ես ինչպե՞ս կհասնեմ Երկիր:
— Վայրէջքային մոդուլով, սև անցքի միջոցով կընկնես զուգահեռ, այնտեղից էլ՝ իրական աշխարհ: Դու մոգ ես, կարող ես: Եվ հիշիր՝ չես կարող երկար ժամանակ գտնվել զուգահեռ աշխարհի այլ չափման մեջ, քանի որ այդ տարածությունը լավ է վերահսկում մոգության դպրոցը: Երկրի վրա՝ իրական աշխարհում, հսկողությունը պակաս կլինի: Այնտեղ հիմնականում գործում են երկրային տեխնոլոգիաները: Ուստի դու նրանց մեջ առավելություն կունենաս:
— Բայց ես չեմ կարող կառավարել վայրէջքային մոդուլը:
— Իսկ դա քեզ պետք էլ չէ: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է, ես հենց հիմա կբացատրեմ: Սև անցքը քեզ դուրս կհրի ինչ-որ տեղ: Դու կհայտնվես զուգահեռ աշխարհներից ինչ-որ մեկի այլ չափման մեջ, ազատ թռիչքի վիճակում: Այնտեղ էլ կհասկանաս անելիքդ:
— Հուսադրեցիր, բան չունեմ ասելու: Ինչի՞ համար է այդ զգուշությունը, Ջե՛կ: Ոչինչ պետք չէ հորինել:
— Վերցրու շարժական Աստրոիդը: Դրան հնարավոր չէ մինչև վերջ հետևել: Այն ոչ մեկը չի գրանցել: Դրա վրա միայն մի համար կա՝ իմը: Ես այդպիսի մի համար ևս ունեմ՝ քոնը: Եվ հիշի՛ր ծածկագրերը: Աստրոիդ մուտք գործելու ծածկագիրը՝ 2198MSch, միջգալակտիկական WiFi մտնելու թույլտվության ծածկագիրը՝ 17ε-GJV: Աստրոիդը գործում է իրական ու զուգահեռ՝ ինչպես ներկա, այնպես էլ անցյալ աշխարհներում: Չպահպանես ծածկագրերը: Յուրաքանչյուր սեանսից հետո անջատիր Աստրոիդը: Բոլոր պարագաներում անջատի՛ր սնուցման բլոկը: Առնվազն հիսուն տարի լիցքավորման կարիք չի լինի: Բայց զգո՛ւյշ եղիր: Մի՛ վնասիր միջուկային մարտկոցների պատիճները: Դա թշնամիների դավերից ավելի սարսափելի է:
— Ջե՛կ, գուցե դու տեղյակ չես, սակայն բարդագույն ձևերի հեռափոխադրության ուսումնասիրությունը իմ մասնագիտացումն է: Եվ բարձրագույն ձևի դեպքում անձի փոխադրումն իրականացվում է նրա թվային ծածկագրի փոխանցման հաշվին:
— Դե, այո՛, իհարկե, ամեն ինչ կախված է ազդանշանի հաղորդումից: Պրինտերը տպում է այն, ինչ իրեն տալիս է ազդանշանը: Տպվում են տեքստը, բանաձևը: Նշանակում է՝ մարդուն էլ կարելի է տպել:
— Մի՛ ծաղրիր, խնդրում եմ: Իսկապես, ելակետային օբյեկտին հանձնելու համար կարելի է օգտագործել հոլոգրաֆիկ եռաչափ պրինտերը: Իսկ որպես կապի միջոց է ծառայում միջգալակտիկական WiFi-ը:
— Հրաշալի է: Պետք է ենթադրել՝ դու կարող ես օգտվել Աստրոիդից:
Բայց Ջուլյան այլևս չէր լսում Ջեկին:
— Պատկերացնու՞մ ես, Ջե՛կ, դու կարող ես ծածկագիրը փոխանցել գալակտիկաներին, ճամփորդել գալակտիկաներում: Թռիչքի անհրաժեշտությունն էլ կվերանա: Պարզապես կարելի է միջգալակտիկական WiFi-ով ուղարկել տեղեկությունը: Ինչպիսի՜ ազատ տարածություն երևակայության համար: Դա դեռ ամենաչնչին բանն է: Եվ դա իրականություն կդառնա: Միայն ծածկագրի հետ կապված որոշ բարդություններ են մնացել: Ջուլյան միշտ զարմացնում էր Ջեկին: Որոշակիորեն, նրանք ապրում էին տարբեր չափումներում: Խոսքն աղջկա անվտանգության մասին էր, գուցե՝ կյանքի, իսկ նա ռոմանտիկ երազանքների գիրկն էր ընկել:
Бесплатный фрагмент закончился.
Купите книгу, чтобы продолжить чтение.